Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ / ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

15:32, pazartesi, 21 ağustos, 2017
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ / ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Այսօր կյանքից հեռացել է ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Եգիպտոսում, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։ 1948 թվականին Զեյթունցյանը հայրենադարձել է։

1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, այնուհետև եղել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի առաջին նախարարը: Նրա առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։

Զեյթունցյանը հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։
    
    
    

ՎԵՐՋԻՆ ԱՐԵՎԱԳԱԼԸ

Զոհրապը շշմած էր հատկապես այն փաստից, որ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա որոշ անձինք պատահաբար տանը չեն եղել և, փոխանակ օգտվելու երջանիկ այդ պատահականությունից ու փախչելու, կամավոր ներկայացել են ոստիկանատուն: Ի՞նչ անուն տալ այս օրինապահությանը կամ իրենց ազգակիցների ճակատագիրը կիսելու այս ներքին հրամայական պահանջին, դարձյա՞լ բարոյականություն: Զոհրապը երկար տանջվեց այդ հանելուկի վրա և ի վերջո համոզվեց, որ որքան էլ այսօր հասկացությունները խեղաթյուրված լինեն, որքան էլ այդ մի քանի հայերի արարքը կարճամտություն ու կարճատեսություն թվար, միևնույն է, հիմքը դարձյալ մնում է բարոյականությունը: Որովհետեև այդ ե՞րբ է բարոյականությունը հենց գործադրման պահին ընկալվել իր բուն անունով, ընդհակառակը՝ միշտ էլ թվացել է հիմարություն: Միայն հետո, շատ հետո այդ չակերտավոր հիմարությունները իմաստավորվել են եւ ընկալվել որպես բարձր բարոյականության օրինակներ:
     Բարոյականություն չէր, հապա ի՞նչ էր, որ Վանի հերոսական ինքնապաշտպանության երջանիկ ավարտից հետո, երբ ռուսական զորքերը մտան քաղաք եւ հայերը ազատ շունչ քաշեցին, հայ զինվորները թուրք կանանց, տղաներին ու աղջիկներին առաջնորդում էին ամերիկյան դպրոցի շենքը և ասում. «Մի լաք, ձեզի համար ոչ մէկ վտանգ կայ, մեր գործը միայն Ջեւդեթի հետ է, որ թէ՛ մեր, թէ՛ ձեր տուները քանդեց»: Այն դեպքում, երբ Վանի վալին, այդ նույն Ջեվդեթ բեյը՝ Էնվեր փաշայի աներորդին, որ հայերի մեջ հռչակված էր «բաշկալեցի պայտագործ» անունով, հայտնագործել էր մի բան, որն, իհարկե, կատարելությո՜ւն էր, լավագո՜յնն էր այն ամենից, ինչ հայտնի է եղել մարդկությանը. այդ նա էր, որ ձիու պայտեր էր մեխում իր հայ զոհերի ոտնաթաթերին...
     Իսկ մինչ ա՞յդ: Բարոյականություն չէ՞ր միթե, որ ինքնապաշտպանության դիմաց վանեցիները ոչ միայն ձեռք չէին տալիս քաղաքի թուրք բնակչությանը, այլև հորդորում նրանց. «Թուրքե՜ր, մենք դրացի ժողովուրդներ ենք, ձեր դեմ թշնամություն չունինք: Յիշեցէք, թէ քանի մը ամիս առաջ, երբ ռուսերը մինչեւ Սարայ հասան, ի՞նչ վիճակի մէջ էիք, մենք բարեկամական վերաբերմունք ցուցուցինք ձեզի, կրնայինք շատ բան ընել, բայց չըրինք՝ երբ կառավարութիւնը մէկ քանի ոստիկան ունէր միայն: Յիշեցէք, որ այն օրերուն մենք իրարու խոսք տվինք խաղաղությամբ ապրելու: Ականջ մի՛ դնեք Ջևդեթի հայրենադավ խոսքերուն»:
     Բայց ի՞նչ, ի՞նչ պիտի պատասխանի ինքը, եթե որևէ մի հայորդի հարցնի իրեն, թե հապա ինչո՞ւ Էնվեր փաշան, որի կյանքը փրկեց Արշակ անունով մի հայ զինվոր, իր խորին երախտիքը հայտնեց՝ Սեբաստիայի ու Կեսարիայի միջև գտնվող Կեմերեկ գյուղաքաղաքի տասը հազար հայերին կոտորելով:
     Եվ Զոհրապի նմանները չե՞ն արդեոք, որ բարոյականություն քարոզելով՝ բթացրել են ժողովրդին, նրան դաստիարակել մարդասիրության և այլասիրության վեհ սկզբունքներով: Այս ամենը թղթի վրա են միայն գեղեցիկ, իսկ հենց որ բախվում են դաժան իրականությանը, անմիջապես ի հայտ է գալիս դրանց սնանկությունը և թուրքի անբարոյականության հսկայական առավելությունները:
     Թուրքերը մեծ հաղթանակ տարան Հասան Թամրանում, մանուկներին խլելով մայրերի գրկից, գետին նետելով եւ նրանց բերաններին փայտեր խցելով: Նեյլ փաշան հավերժացրեց իր անունը, նորակառւյց իր դղյակի պատերի մեջ դնել տալով խողխողված հայ մարդկանց դիակները: Տէր Զօրի անապատում, որը բախտի չար ծաղրով արաբերեն նշանակում է անտառի դղյակ, ծարավից մեռնող աքսորյալների աչքի առաջ վագոն-ցիստեռնների ջուրը դիտմամբ բաց էին թողնում ավազների մեջ եւ զենքի սպառնալիքներով նրանց արգելում էին մոտենալ թաց ավազին: Խարբերդցի մի իթթիհադական պարծեցել էր, ինչպե՞ս չպարծենար, ինչպե՞ս եւ ինչո՞ւ պարծանքի առարկա չդառնար իր հայրենիքում, որ ինքը բռնաբարել է 72 աքսորական հայ աղջիկների: Երզնկայում ամբողջ գետինը ծածկված էր կտրված գլուխներով, մարդկանց վերջավորություններով, կանացի մազերով: Միւթեսառըֆ Մեհմեդ բեյը իրավունք ուներ արհամարհելու հիգիենայից գաղափար չունեցող իր հայրենակիցներին, որոնք վարակի բոյն էին ստեղծել, իսկ ինքը, ի տարբերություն այդ տգետների, հրամայել էր հսկայական մի փոս փորել եւ ողջ-ողջ թաղել 450 հայ մանուկների: Օրդուում եւ Գիրեսունում եղան դեպքեր, երբ հայ ամուսինը սպանեց կնոջը, որդին՝ հորը, եղբայրը՝ քրոջը, հայրը՝ զավակներին, որպեսզի խույս տային անպատովությունից: Թուրքերը զարմացել էին այդ վայրագությունից, որովհետև իրենք այդ նույն բանը կարող էին անել ավելի մարդավարի և անհավատներին փրկել հարազատների այդ անասելի դաժանությունից: Մեջլիսի դեպուտատ Ալետ բեյը ավտոմեքենայով Կեմախից վերադառնալիս, ճանապարհին տեսել էր աղիողորմ լացող հարյուրավոր որբացած երեխաների, խղճացել էր նրանց, սիրտը չէր դիմացել այդ ցնցող տեսարանին, հրամայել էր բոլորին գետը նետել և խեղդամահ անել: Ապա, ժողովրդի ընտրյալը իր գործը կատարած, խիղճը հանգիստ շարունակել էր ճանապարհը:
     Զոհրապն ու իր նմանները ի՞նչ պատասխան պիտի տան այն քաջարի մարդկանց, որոնք Տէր Զօրի անապատում, մահվան անդունդի եզրին անգամ, իրենց երեխաներին ավազի վրա հայոց այբուբենն էին սովորեցնում... Ի՞նչ պատասխան պիտի տան այն կանանց, որոնք փախուստի պահին ոչ թե թանկարժեք իրեր էին փրկում, այլ գրքեր էին տանում իրենց հետ... Եվ ի՞նչ, ի՞նչ պիտի պատասխանեն այն կնոջը, որը Երիզայի դաշտում, Եփրատի ափին, իր արգանդից նոր ազատված մանկան շորերն էր լվանում գետում ու երգում.
     Ես քու շորերդ, իմ տղաս,
     Հօրդ արիւնով ներկուած,
     Եփրատին մեջ լուացի...
     Իսկ Բիթլիսի մերձակա անտառում ոտքերից կախված հայ կնո՞ջը, իսկ այդ նույն ծառի տակ նետված նրա մեկ տարեկան երեխայի՞ն... Չէ՞ որ մայրը ողջ էր դեռ և գլխիվայր վիճակում ձեռքերը ձգում էր դեպի զավակը... Երեխան էլ էր իր անզոր թևիկները պարզել մորը... Բայց նրանց ձեռքերը չէին հասնում իրար... Հասկանո՞ւմ էք, չէի՜ն հասնում... Հապա կմա՞խքը այն անթաղ կնոջ, որն իր ոսկրե ձեռքերով չորս ամսական մանկիկին սեղմել էր կրծքին... Երբ ամիսներ անց թաղեցին նրանց, մանկիկի կմախքը պոկվեց մոր գրկից եւ փշուր-փշուր եղավ... Իսկ Կորտուն գյուղից մի քանի վերստ հեռու մինչև մեջքը հողի մեջ թաղված վեցից ութ տարեկան տղաների՞ն... Իսկ նրանց հազարաւոր ընկերների՞ն, որոնց աճուրդի էին հանել՝ մեկ ամբողջ քսանհինգ հարյուրերորդական լիրայով... Իսկ հայ կանանց ու աղջիկների՞ն, որոնց շուկաներում վաճառում էին իբրև ստրուկների...
     Այրան Պունարի շրջակայքում երկու ավազակ թուրք եղբայրներ վիճել էին կողոպուտը բաժանելիս, եւ նրանցից կրտսերը իր իրավունքը պաշտպանելու համար բերել էր անվիճելի մի փաստարկ. «Այս չորս կապոցի համար, - ասել էր նա, - ես սպաննել եմ 40 կին» ։
     Ամենամարդասիրական մասնագիտութեան տեր մարդիկ՝ թուրք բժիշկները, կենդանիների փոխարեն մահաբեր փորձեր էին անում հայերի վրա, օգուտ տալով թե՛ գիտութեանը, թե՛ հայրենիքին։ Նրանք ոչնչացրին 211 հայ գործընկեր-բժիշկների, որոնցից շատերը ժամանակին եղել էին իրենց ուսուցիչները։
     Անգլիագիր մի թերթ գրել էր, որ ի տարբերություն հայկական անհարմար և անպտուղ շրջանների, Տէր Զօրը հիանալի ու բարեբեր երկրամաս է Սիրիայում, և կլիման նման է Ֆլորիդային եւ Կալիֆոռնիային, ուր Նիւ Յորքի միլիոնատերները ճամբորդում են առողջանալու ու հանգստանալու համար։
     Իսկ ամերիկացի ծովակալ Քոլբի Չեստերը շուտով կը գրի նաև, որ տեղահանվածները Տէր Զօրից վերադարձան բոլորն էլ ողջ ու առողջ։ Գիրցած ու բարգաւաճած վիճակով...
     Ինչպէ՞ս կրկին ու կրկին չյիշել կարապանման էակին, աքսորի փշոտ ճամբան բռնած Սիամանթոյին եւ չբացագանչել նրա շրթներով. «Ով մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ» ...
     Ի՞նչ գործ ուներ Զոհրապը այստեղ, իր ընդարձակ և հարմարավետ տանը, իր սիրասուն ընտանիքի հետ, այս փափկենցաղ պայմաններում, ուր տառապում էր ընդամենը հողով ու մտքով, երբ իր հազարավոր արյունակիցները տառապում էին Յիսուսի չարչարանքներով։ Բայց նրանցից ոչ ոք հարություն չի առնի։ Հրաշք չի պատահի։ Ինչո՞ւ ծաղր դարձրիր Զյոհրապի կյանքը, Աստված։ Ինչո՞ւ նրան էլ չտվիր իր բաժին տառապանքը, որպեսզի, սեփական ցավից խելագարված, ժամանակ ու հնարաւորություն չունենա հազարավոր մարդկանց տառապանքները կիսելու։ Չէ՞ որ սա ավելի մեծ չարչարանք է, այն մեկին մի կերպ կարելի է դիմանալ, իսկ սրան՝ անհնա՜ր է, վե՜ր է մարդկային ուժերից։
     Երանի, հազա՜ր երանի ղարաբաղցի Փարամազին, որը երբ հունիսի 11-ին իր քսան հնչակ ընկերների հետ կախաղան բարձրացավ Պոլսոյ Բայազեդի հրապարակում, ռազմական նախարարության շենքի առաջ, գոնե կարողացավ իր վերջին խոսքն ասել, մարդկային կյանքի ամենավերջին խոսքը, տառապանքների, սիրոյ, ատելության և էլի հազար ու մի բաների վերջին ճիչը.
     - Դուք մեր մարմինը միայն կրնաք յօշոտել, բայց գաղափարը՝ երբեք, - գոռում էր նա՝ գլուխն արդէն պարանի մեջ, վերջին անգամ տեսնելով այս խենթ ու գեղեցիկ աշխարհը, վերջին անգամ լսելով սեփական ձայնը և գուցե արդեն, այս անպատեհ ակնթարթին, հասկացած կյանքի իմաստը։ Եթե ոչ ընդհանրապես, ապա գոնե ապրած օրերի իմաստը։ - Ան պիտի երևար վաղը, Արեւելքի հորիզոնին վրայ... հայութիւնը պիտի ողջունէ սոցիալիստ Հայաստանը... Հոն, ուր կախաղաններն են ճոճվում՝ ազատությունն է ման գալիս... Հոն, ուր մեռելներն են ննջում՝ հարությունն է մոտալուտ...
     Ոտքերի տակի աթոռը պոկվեց տեղից, պարանը սեղմվեց կոկորդին... Սուր դեմքն ու ցցված այտոսկրները դարձան է՛լ ավելի սուր ու ցից... Բայց ուշ պոկվեց աթոռը, ուշ սեղմվեց պարանը... Փարամազը իր խոսքն ասել էր արդեն... Տարեգիրներն արդեն գրի էին առել բառ առ բառ... Զոհրապը փախցրեց հայացքը... Նայեց դեպի նախարարության պատշգամբը, որտեղից իր հաղթանակն էր դիտում մենակ-մենակ կանգնած սիրունիկ Էնվերը։ Նա, որ սովորաբար անթերի էր հագնվում, այդ օրը հագնված էր չափից ավելի գեղեցիկ, բոլոր շքանշանները կրծքին շարած, երևի անուշահոտություններով շաղված, մի բան, որից հատկապես խորշում էր Թալեաթը եւ նրա ներկայությամբ հազիվ էր զսպում զզվանքից քիթը բռնելու բուռն ցանկությունը։
     Զոհրապը ճեղքեց լուռ բազմությունը, դուրս եկավ ու գլխիկոր հեռացավ։ Ե՞րբ պիտի ասի իր վերջին խոսքը եւ պիտի ասի՞ արդյոք։ Իսկ իր նորավեպե՞րը, իսկ իր պայքարնե՞րը, հոդվածնե՞րը, ճառե՞րը, իր ամբողջ փոթորկալից կյա՞նքը... Այդ բոլորը միասին պարզապես նախաբան էին և ուրիշ ոչինչ։ Վերջին խոսք էր հարկավոր։ Հասել է այն պահը, երբ հենց այդ խոսքն էր անհրաժեշտ։ Այդ խոսքը եկել, դեմ էր առել կոկորդին, իսկ Թալեաթը ծաղրում էր նրան, ձեռ էր առնում, իր արջի թաթով փակել էր նրա բերանը ու թույլ չէր տալիս։
     Իսկ թե ինչ կլինի Զոհրապի խոսքը, դեռևս ինքն էլ չգիտեր։ Կ՚իմանա վերջին, ամենավերջին պահին, երբ արժանահիշատակ մի օր հանկարծ կհնչի իր բերանից, ու ինքը կլսի սեփական ականջներով...
     Եւվմի՞թէ հայերի վերջին խոսքը չէին Շապին Գարահիսարը, Վանը, Մուսա լեռը, Սասունը, Շատախը, Ուրֆան, որոնք առյուծի քաջությամբ ելել էին անհավասար մարտի և հերոսաբար, հերոսաբար էին կռվում կանոնավոր բանակների դեմ։
     Վերջին խոսքը։ Կյանքի մեծագույն երջանկությունը։
    
     ___________
    
    
    
    

ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ


    

դրամա երկու գործողությամբ


    

Բեմադրությունը` ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի:

Նկարչական ձևավորումը՝ Վահագն Թևանյանի:

Ռեժիսորի օգնական՝ Սամվել Հարությունյան

Կոմպոզիտոր՝ ՀՀ Վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր՝Տիգրան Մանսուրյան

Դերերում՝ Արտաշես Մխիթարյան, Նարինե Պետրոսյան, Բաբկենն Չոբանյան, ՀՀ Վաստակավոր Ռոբերտ Հարությունյան, ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյան, Արմեն Բարսեղյան, Արա Գևորգյան, Նարեկ Քթոյան, Վահան Մալխասյան:

ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ դրամա երկու գործողությամբ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
14741 | 0 | 0
Facebook