Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կոռուպցիա» հորջորջմամբ հայտնի այն քայքայիչ ախտի մասին, որի հայերեն անունն «ապականություն» է (նախորդի շարունակությունը)

19:19, cumartesi, 12 ağustos, 2017
«Կոռուպցիա» հորջորջմամբ հայտնի այն քայքայիչ ախտի մասին, որի հայերեն անունն «ապականություն» է (նախորդի շարունակությունը)

Ամերիկացի քաղաքագետ-տեսաբան Կարլ Ֆրիդրիխը կոռուպցիան համարել է քաղաքական ոլորտում գերիշխող նորմերից վարքագծային շեղում, որը պայմանավորված է հասարակության հաշվին անձնական շահ ստանալու մղումով: Կ. Ֆրիդրիխը իշխանության կոռումպացվածության աստիճանը կապել է հասարակությունում հաստատված կոնսենսուսի հետ, իսկ կոռուպցիան զսպող գործոններ է համարել իշխանությանն ընդդիմադիր շարժումներն ու ազատ մամուլը: Կ.Ֆրիդրիխը կոռուպցիան միանշանակորեն «հիվանդագին երևույթ» է համարում, որի պայմաններում ապականության մեջ թաթախվում են նաև պետական պաշտոնյաներն ու իշխանական կառույցները: Կ. Ֆրիդրիխի կարծիքով կոռուպցիան քաղաքականության անխուսափելի ուղեկիցներից մեկն է, և կոռուպցիայի նկատմամբ վերջնական հաղթանակը ուտոպիական գաղափար է: Բայց և այնպես կոռուպցիային պետք է վճռական հակահարված տալ, որպեսզի ապականության ծիլերը չտարածվեն և չավերեն ամբողջ քաղաքական համակարգը:

Կոռուպցիայի՝ որպես ընտրախավերի այլասերվածության դրսևորումներից մեկի վերլուծությունը շարունակել են ամերիկացի տնտեսագետներ Դ. Սայմոնը և Դ. Էյթցեն: Նրանց համոզմամբ «ճերմակօձիքային հանցավորություն» եզրը համարժեք չէ երևույթի էությանը՝ այն բարոյազրկությանը, որը թաքնված է համակարգում (ստորին խավերի հանցավորները, մաֆիան, կոռումպացված հանրային սեկտորը և հանցագործ խմբավորումները միավորվում են հանուն շահի և իշխանության): Դա նշանակում է, որ որոշակի սոցիոլոգիական գործոններ պայմանավորում են հանցագործությունների կատարումն ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների կողմից:

Կոռուպցիայի վերլուծության «ռևիզիոնիստական դպրոց» -ի ներկայացուցիչ քաղաքագետների ու սոցիոլոգների մեծ մասը կոռուպցիան համարում է կիսատ թողնված արդիականացման ու աղքատության արդյունք: Այս դպրոցի ներկայացուցիչները հանդես են գալիս կոռուպցիայի՝ որպես հասարակական հիվանդության նկատմամբ միակողմանի բացասական մոտեցման դեմ: Նրանք պնդում են, թե կոռուպցիան կարող է դրական գործառույթներ կատարել «երրորդ աշխարհ» -ի հասարակությունների արդիականացման, ինտեգրման ու զարգացման գործում:

Հիրավի, շուկայական հարաբերությունների ծավալումը մի կողմից, և իշխանության ու կառավարման բյուրոկրատացումը մյուս կողմից, քայքայում ու ավերում են նահապետական տիրապետության կապերը, խմբային համերաշխության ավանդական ձևերը, որոնք բնորոշ են նախաարդյունաբերական հասարակություններին:

Տնտեսական գործընթացներին պետության չափից ավելի միջամտության պայմաններում կոռուպցիան կարող է նույնիսկ տնտեսական կյանքն աշխուժացնող ազդակ լինել, քանի որ ավելորդ բյուրոկրատացմանը հակակշիռ է հանդիսանում: Այն հանդես է գալիս որպես կառավարչական որոշումների ընդունման գործընթացներն արագացնող գործիք ու նպաստում է արդյունավետ տնտեսվարմանը: Սակայն այս տեսակետը չի օգնում հասկանալուն ու բացատրելուն, թե ինչու տնտեսության մեջ պետության բավականին բարձր մասնակցություն ունեցող որոշ երկրներում կոռուպցիայի մակարդակը բարձր չէ (օրինակ՝ Դանիայում):

Կոլեկտիվ բարիքների մասին հանրահայտ տեսության հեղինակ Մ. Օլսոնի համոզմամբ` «ցանկացած օրենսդրություն կամ սահմանափակում, որը «շուկան գլխիվայր շուռ է տալիս», բոլոր մասնակիցների մեջ օրենքը խախտելու մղում է ծնում և ավելի շուտ հանգեցնում է հանցավորության ու պետական պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի աճի: Այսպիսով, պատճառներից մեկը, որի հենքի վրա շատ հանրույթներ վարակված են պետական ապարատի կոռուպցիայով, կայանում է նրանում, որ գրեթե բոլոր մասնավոր ձեռնարկատերերը օրենքը խախտելու պատճառներ ունեն, ընդ որում ոչ մեկը որևէ կերպ շահագրգռված չէ, որպեսզի խախտումների մասին տեղեկացնի իշխանություններին: Ոչ միայն համախումբ հրահրիչ դրդապատճառն է մասնավոր սեկտորին մղում շրջանցել օրենքը, այլև մասնավոր սեկտորին բնորոշ բոլոր հրահրիչ դրդապատճառները դառնում են նրանց «դաշնակիցները», ովքեր խախտում են կանոններն ու որոշումները: Երբ այդպիսի կանոններն ու սահմանափակումները չափից ավելի են դառնում, վաղ, թե ուշ մասնավոր սեկտորը կառավարությանը դարձնում է կոռումպացված ու անարդյունավետ, քանի որ նրա բոլոր կամ գրեթե բոլոր ներկայացուցիչները հակաշուկայական սահմանումները խախտելու կամ պաշտոնյաներին կաշառելու պատճառներ ունեն»:

Մարքսիստական տեսությունը կոռուպցիան համարել է զուտ կապիտալիստական արատ: Բայց այժմ ակնառու է, որ նախկինում սոցիալիզմ կառուցող բոլոր երկրներում կոռուպցիան լայնորեն տարածված է եղել: Ներկայում բավականին հայտնի են այն սկզբունքները, որոնք, ընդհակառակը, հիմնավորում են, որ կոռուպցիան հանդիսացել է սոցիալիստական երկրների առօրյա կյանքի կարևոր բնութագրերից մեկը, դրանց տնտեսական ու քաղաքական համակարգի կառուցվածքային բաղադրիչը:

Կոռուպցիան որպես սոցիալական հարաբերություն

Կոռուպցիան, առաջին հերթին, հարաբերություն է, որում կողմերից մեկն անպայման իշխանության ներկայացուցիչ է հանդիսանում, և նրա դիմաց սուբյեկտ է, որը որոշ ծառայություններ (բարիքներ և այլն) ստանալու շահագրգռություն ունի, հետևաբար, դա փոխանակման հարաբերություն է: Փոխանակման հարաբերության տեսանկյունից տրամաբանական է ենթադրել, որ կոռուպցիայի մոդելները կարող են հետևյալ տեսքն ունենալ.

- «իշխանության ներկայացուցիչ – բիզնեսի սուբյեկտ»,

- «իշխանության ներկայացուցիչ – իրենց մասնավոր խնդիրները լուծող անհատներ»:

Սակայն բյուրոկրատական ապարատի ներքին փոխգործողությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգել այն եզրակացությանը, որ իրականում այդ մոդելները եռանդամ («շեֆ – գործակալ - հաճախորդ») կառուցվածք ունեն: Կոռուպցիան առաջիններից մեկն այդպես սահմանող վերլուծաբան Է. Կ. Բենֆիլդն այն կարծիքին է եղել, որ «Կոռուպցիան հնարավոր է դառնում, երբ գոյություն ունի տնտեսական գործակալների երեք տիպ` լիազորված, լիազորություններ տվող և երրորդ անձ, որի եկամուտներն ու կորուստները կախված են լիազորվածից: Լիազորվածը կոռուպցիայի ենթակա է այն չափով, որ չափով ինքը կարող է կոռուպցիան թաքցնել լիազորողից: Նա կոռումպացված է դառնում, երբ լիազորություններ տվողի կամ լիազորողի շահերը զոհաբերում է սեփական շահերին` ընդ որում խախտելով օրենքը»:

Միկրոմակարդակում վարքի վերլուծությունն ու դրա պատճառաբանումը թույլ են տալիս շատ բան հասկանալ, բայց հնարավորություն չեն ընձեռում պատասխանել այն հարցին, թե ինչու կոռուպցիոն վարքի մոդելները զանգվածային բնույթ են ձեռք բերում ու սովորական-տիպական են դառնում հետխորհրդային երկրների մեծ մասի համար:

Քաղաքական ու տնտեսական բարեփոխումների արդյունքում խորհրդային նախկին քաղաքացիների ինքնուրույն գործողությունները սահմանափակող շատ արգելքներ հանվեցին: Սոցիալական սուբյեկտների ինքնուրույնությունը վերադարձնելու գործընթացում, երբ ամենաթողությունը դարձել էր կյանքի նորմ, տեղի ունեցավ ոչ իրավական ազատության ինստիտուցիոնալիզացիա:

Սոցիալական փոխգործակցության համատեքստում կոռուպցիան համերաշխության բնույթ կրող երկկողմանի ոչ իրավական փոխհարաբերություն է: Իշխանական աստիճանակարգության բարձրագույն մակարդակներում այդ համերաշխությունն արտահայտվում է բյուջեի միջոցների անօրինական ծախսումով, պետական գանձարանի համար կորուստային պայմանագրերի կնքումով, պետության համար անշահավետ մասնավորեցումով, առանձին խմբերի շահերն ապահովող օրենքների ընդունումով:

Գոյություն ունի կոռուպցիայի երեք մոդել.

-մենաշնորհային, երբ հանրային բարիքների տրամադրումը մեկի կամ մեկ խմբի ձեռքում է ու գտնվում է մեկ միասնական բյուրոկրատական վերահսկողության ներքո,

-չկարգավորվող, երբ բյուրոկրատական կառույցներն իրենց ենթակա ոլորտներում գործում են իրարից հարաբերականորեն անկախ,

-մրցակցային, երբ հասարակական յուրաքանչյուր բարիք ապահովվում է մեկից ավելի բյուրոկրատական կառույցի կողմից:

Խորհրդային խշխանության տարիներին գործել է կաշառքի միասնական համակարգը:

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա կցորդ հանդիսացող Հայաստանում կոռուպցիային բնորոշ դրսևորումներ են հանդիսանում պետական պաշտոնատարների պաշտոնի համատեղումը առևտրային կառույցներում, պաշտոնատար անձանց կողմից առևտրային կառույցների կազմակերպումը, ընդ որում այս դեպքում պաշտոնատար անձն օգտագործում է իր կարգավիճակը` այդ ձեռնարկություններին արտոնյալ վիճակ ապահովելու համար: Բարձր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն օգտագործում են իրենց ծառայողական դիրքը պետական ձեռնարկությունները սեփականաշնորհելու ժամանակ` դրանց մի մասը որպես մասնավոր սեփականություն ստանալու համար: Պետական ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխումը նույնպես հանդիսանում է կոռուպցիոն գործարքների առարկա: Կոռուպցիոներների հնարագիտությունը սահմաններ չի ճանաչում, այդ իսկ պատճառով ծառայությունների ու նյութական արժեքների ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Կոռուպցիայի գլխավոր պատճառներից մեկը հասարակության գործերին պետության չափից ավելի միջամտությունն է, բայց դեմոկրատիան և շուկայական հարաբերությունը կոռուպցիայի անհետացման չեն հանգեցնում: Ավելին, այս երկուսում են թաքնված կոռուպցիայի պատճառները:

Կոռուպցիայի հետևանքները

Որոշ մասնագետների համոզմամբ տնտեսական գործունեությանը պետության ավելորդ միջամտության պայմաններում կոռուպցիան դրական դեր է խաղում որոշումների ընդունումն արագացնելու, տնտեսական գործունեությունն ու գործարարությունն աշխուժացնելու առումով: Ամերիկացի հանրահայտ վերլուծաբան Ն. Լեֆթն այն կարծիքին է, որ կաշառքը հնարավորություն է ընձեռում հաղթահարել զարգացող երկրների իշխանությունների սահմանած բազմաթիվ կոշտ կանոններով հարուցվող խոչընդոտները: Ու թեպետ կաշառքը մտնում է ոչ թե պետության, այլ պաշտոնատարի գրպանը, այնուամենայնիվ ռեսուրսների բաշխման արդյունավետությունն այս դեպքում աճում է:

Տնտեսության վրա կոռուպցիայի դրական ազդեցության կողմնակիցները վկայակոչում են Հարավարևելյան Ասիայի օրինակը: Կոռուպցիայի բարձր մակարդակի պայմաններում այս տարածաշրջանի մի շարք երկրներ 1960-ականի կեսերին տնտեսական զգալի աճ ապահովեցին: Բայց տնտեսական աճը արդյունք է մի շարք գործոնների, և այս դեպքում կոռուպցիայի դրական դերը պարզ չէ: Եթե երկրի տնտեսությունն ի սկզբանե արդյունավետ չէ, ապա կոռուպցիան կարող է խթանել տնտեսության աճը, իսկ եթե տնտեսությունը բավականաչափ արդյունավետ է, ապա կոռուպցիան կարող է աճը խաթարել, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա: Եթե առանձին սուբյեկտի (կլիենտի) համար մրցակցային պայքարում կոռուպցիան որպես գործիք օգտագործելով կարելի է որոշակի նպատակների հասնել, ապա երկրի համար դա նշանակում է մրցակցության սահմանափակում, հարկերի թերի հավաքում, տնտեսության ստվերային մասի աճ և ներդրումների կրճատում: Ի վերջո, կոռուպցիան խորացնում է տնտեսական միջավայրի անվստահությունն ու անորոշությունը, քանի որ այս դեպքում սկսում է գործել տնտեսական աճի կողմնորոշիչները խաթարող «բազմապատկման էֆեկտ» -ը, որն արդյունք է բազմաթիվ առանձին կոռուպցիոն սխեմաների ստեղծման:

Կոռուպցիան գնահատելիս անհրաժեշտ է նկատի առնել կառավարման ռեժիմի առանձնահատկությունները: Խոսքը վերաբերում է քաղաքական կենտրոնացվածությանն ու դեմոկրատական թափանցիկությանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կառույցների հետ նրա փոխգործակցության բնույթին, որոնց միջոցով ապահովվում է քաղաքական վերահսկողություն և ազդեցություն: Այն երկրները, որոնք իրականացնում են երկիրն արդիականացնող բարեփոխումներ, բայց որոնցում կառավարությանը պատասխանատվության կանչող ներկայացուցչական ինստիտուտների գործունեությունը թույլ է կամ ընդհանրապես բացակայում է, մեծ հնարավորություններ են բացվում կոռուպցիայի համար, որովհետև այդ երկրներում չկան քաղաքական այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր լինի փոխել կոռուպցիան խրախուսող կամ այդ կոռուպցիայի մեջ թաղված կառավարությունը: Կոռուպցիայի վտանգն արմատավորվում է այն քաղաքական ազդեցության մեջ, որը կարող են ունենալ քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները բյուրոկրատական ինստիտուտների, դատական ու իրավապահ համակարգերի վրա: Երբ չկան բյուրոկրատական ինստիտուտների վրա քաղաքական գործիչների ազդեցությունը սահմանափակող հստակ կանոններ, ինչպես նաև երբ անբավարար է լիազորությունների բաժանումը կառավարող վարչակազմի ու դատական համակարգի միջև, կոռուպցիան աճելու մեծ հնարավորություն է ձեռք բերում: Քաղաքացիական հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցներն ի վիճակի են կոռուպցիայի նկատմամբ մշտադիտարկողի դեր խաղալ, բայց նրանց հնարավորություններն ավտորիտար վարչակարգերի պայմաններում խիստ սահմանափակ են, իսկ եթե քաղաքական ու դատական համակարգերի շահերը համընկնում են, քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները մնում են միակ գործիքները, որոնց միջոցով հնարավոր է գոնե մի քիչ զսպել կոռուպցիան:

Հասարակության վրա կոռուպցիայի բացասական ազդեցության տեսանկյունից շատ կարևոր դեր ունի նրա կազմակերպվածության ու կանխատեսելիության աստիճանը: Բյորոկրատական կառույցների, քաղաքական գործիչների համագործակցությունը կաշառքների չափերի սահմանումն ու կոռուպցիոներների կողմից ստանձնած պարտավորությունների կտարումը կարող են էականորեն նվազեցնել դրա բացասական ներգործությունը: Կաշառակերության ոլորտում համագործակության դասական օրինակ է եղել ԽՍՀՄ-ը, որտեղ տարբեր աստիճանի բյուրոկրատները պայմանավորվածություն ունեին կաշառքների չափի վերաբերյալ, և ՊԱԿ-ը հետևում էր, որ դրանից շեղումներ չլինեն:

Ի վերջո, խոշոր կաշառքներ ստանալու հնարավորությունը կարող է և՛ կառավարող էլիտար խմբերի, և' ընդդիմության համար իշխանությունը պահելու կամ նվաճելու լուրջ խթան հանդիսանալ: Այդ իսկ պատճառով էլ այն կարող է էլիտար խմբերի միջև հարաբերությունների սրման գործոն դառնալ և հանգեցնել քաղաքական ապակայունացման: Արտոնությունները պահպանելու և կոռուպցիոն վճարումներն ստանալու ցանկությամբ պայմանավորված իշխանության հաստատումն աղավաղում է տնտեսական ու սոցիալական քաղաքականության առաջնահերթությունները, և հռչակված նպատակներն ու ռազմավարությունը շատ քիչ են համապատասխանում երկրի շահերին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
11163 | 0 | 0
Facebook