Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ճակատագրից չես խուսանավի (նախորդի շարունակությունը)

10:17, pazartesi, 07 ağustos, 2017
Ճակատագրից չես խուսանավի (նախորդի շարունակությունը)

«Մարդն իր ճակատագրին հաճախ հանդիպում է այն ճանապարհին, որը նա ընտրել էր` դրանից խուսափելու համար»:

Ժան դը Լա Ֆոնտեն, ֆրանսիացի հռչակավոր առակագիր, բանաստեղծ


     Սոլոնի մեկնելուց հետո աստվածային զայրույթն ընկնում է Կրեսոսի վրա: Ժամանակակիցների կարծիքով` պատճառն այն էր, որ նա իրեն համարել է երջանկագույնը բոլորից: Շուտով Կրեսոսը մի երազ է տեսնում, որով ճշտությամբ կանխագուշակվում էր նրա որդուն հասանելիք աղետը: Կրեսոսը երկու որդի է ունեցել: Նրանցից մեկը խուլ ու համր է եղել, իսկ մյուսը, որի անունը Ատուս էր, ամեն ինչով էականորեն գերազանցել է իր հասակակիցներին: Եվ, ահա, երազը հայտնում է Կրեսոսին, թե այս Ատյուսը պետք է մեռնի երկաթե նիզակի հարվածից: Վատ երազից արթնացած Կրեսոսը որոշում է տղային ամուսնացնել ու այլևս արշավանքի չուղարկել, թեպետ սա սովոր էր արշավանքների ժամանակ առաջնորդել լյուդիացիներին: Կրեսոսը կարգադրում է տղամարդկանց սենյակներից հանել բոլոր տեգերը, նիզակներն ու դրանց նման զենքերը ու կուտակել կանանց սենյակներում, որպեսզի կախված տեղից ոչ մի զենք պատահականորեն չընկնի որդու վրա:

Մինչ Կրեսոսը զբաղված էր որդու հարսանիքի պատրաստությամբ, թագավորական տոհմի պատկանող մի ոմն փռյուգիացի, որին աղետն էր հալածում և որն ուներ պղծված ձեռքեր, ժամանում է Սարդես: Սա լյուդիացիներին խնդրում է, որ իրեն մաքրեն պղծությունից: Մաքրման ծեսից հետո Կրեսոսը հարցուփորձ է անում օտարականին: Եվ սա պատասխանում է. «Ով թագավոր, ես Միդրասի որդի Գորդիասի որդին եմ, անունս Ադրեստոս է: Ակամա սպանել եմ եղբորս, և հայրս ինձ արտաքսել է»: Կրեսոսը նրան ասում է. «Դու բարեկամ մարդկանց հետնորդն ես, ուստի մնա մեզ մոտ»:

Հենց այդ ժամանակներում Մյուսիայի Օլիմպոսում մի խոշոր վարազ էր հայտնվել, որն ավերում էր մարդկանց արտերը: Մյուսիացիները ելել էին գազանի դեմ, բայց ոչ միայն ոչինչ չէին կարողացել անել, այլև մեծ վնասներ էին կրել: Տեսնելով, որ ճար չկա, նրանք պատվիրակություն են ուղարկում Կրեսոսի մոտ` խնդրելով, որ նա իր քաջակորով որդուն` ընտրյալ երիտասարդների ու շների հետ իրենց մոտ ուղարկի վարազին սպանելու: Բայց Կրեսոսը, հիշելով երազը, պատգամավորներին պատասխանում է. «Ես որդուս ձեզ հետ չեմ ուղարկի, քանզի նա նորապսակ է և այժմ դրանով է զբաղված: Բայց ես ձեզ հետ ընտիր լյուդիացիների կուղարկեմ` շներով հանդերձ, և նրանք ձեր երկիրը կազատեն այդ գազանից»:

Բայց գահասրահ է մտնում Կրեսոսի որդին ու ասում է նրան. «Ով հայր, նախկինում մեզ համար գերագույնը և ազնվագույնը այն էր, որ պատերազմներին և որսորդության մասնակցելով, աչքի ընկնեինք: Մինչդեռ այժմ դու ինձ զրկում ես այդ ամենից, թեև դու երբեք իմ մեջ վախկոտություն չես նկատել: Այժմ մարդիկ ինձ ինչպե՞ս կնայեն, երբ ժողովրդական հավաքի գնամ կամ այնտեղից վերադառնամ: Ի՞նչ կմտածեն իմ մասի մեր քաղաքացիները, իմ նորապսակ կինը, որի հետ ես պետք է ապրեմ: Ուստի կամ թույլ տուր, որ գնամ որսի, կամ էլ խոսքով համոզիր ինձ, որ այդպես ավելի լավ է ինձ համար»:

Կրեսոսը նրան այսպես է պատասխանում. «Որդի՛ս, այս ամենը ես անում եմ ոչ այն պատճառով, որ քո մեջ երկչոտություն կամ որևէ ապաշնորհ բան եմ նկատել, այլ որովհետև երազում ինձ հայտնվեց, թե դու սակավակյաց պիտի լինես ու պիտի կործանվես երկաթե տեգից: Այդ երազի պատճառով է, որ շտապեցրի քո ամուսնությունը և այժմ էլ թույլ չեմ տալիս քեզ մասնակցելու այս ձեռնարկմանը, որպեսզի, քանի դեռ կենդանի եմ, պահպանեմ քեզ այդ վտանգից: Չէ՞ որ դու իմ միակ որդին ես, քանզի մյուսին, որ զրկված է լսելիքից, ես չեմ հաշվում»:

Իսկ պատանին այսպես պատասխանեց. «Հա՛յր իմ, դու ճիշտ չես հասկացել երազը, և ես պարտավոր եմ այն բացատրել քեզ: Դու ասում ես, թե երազը քեզ պատգամել է, որ ես կմեռնեմ երկաթե տեգից: Իսկ այդ վարազը մի՞թե ձեռքեր ունի, մի՞թե երկաթե տեգ ունի, որ դու վախենում ես: Երազի համաձայն, ես պետք է մեռնեմ երկաթե տեգից: Եվ քանի որ այժմ մենք չենք կռվելու մարդկանց դեմ, ապա թույլ տուր ինձ գնալ»:

Կրեսոսին համոզում է որդու մեկնաբանությունը, և նա իր մոտ է կանչում փռյուգ Ադրեստոսին, որին նա, ինչպես վերն ասվեց, ապաստան էր տվել, և ասում է. «Ադրեստո՛ս, երբ ծանր աղետն էր քեզ հարվածել, որի համար ես քեզ չեմ հանդիմանում, ես մաքրագործեցի քեզ և, ընդունելով իմ տունը, ապահովեցի բոլոր միջոցներով: Ահա այժմ, քանի որ իմ արած բարիքը դու պետք է բարությամբ հատուցես, ես խնդրում եմ որսի գնացող իմ որդուն պահապան լինես, որպեսզի ճանապարհին չարագործ ավազակներ չհարձակվեն ձեզ վրա ու չվնասեն:

Ադրեստոսը պատասխանում է. «Ո՛վ թագավոր, : քո որդին, որին դու պատվիրում ես պահպանել, անվնաս կվերադառնա քեզ մոտ, քանի ես կլինեմ նրա պահապանը»:

Եվ նրանք մեկնում են՝ ընտրյալ երիտասարդների և շների ուղեկցությամբ: Հասնելով Օլիմպոս լեռը՝ նրանք սկսում են փնտրել գազանին. հայտնաբերելով՝ նրանք շրջապատում են գազանին և սկսում են նիզակահարել: Բայց Ադրեստոսը վրիպում է, և հարվածը դիպչում է Կրեսոսի որդուն: Պատանին խոցվում է նիզակից, որով և իրականանում է երազի պատգամը: Իսկույն մեկը վազում է հաղորդելու Կրեսոսին դիպվածը:

Կրեսոսը մեծապես ցնցվում է որդու մահից և ողբում հատկապես այն պատճառով, որ նրան սպանել է այն մարդը, որին ինքն էր մաքրել պղծությունից:

Այնուհետև գալիս են լյուդիացիները՝ բերելով սպանվածին, իսկ նրանց ետևից գալիս էր նրան սպանողը: Նա Կրեսոսին խնդրում է սպանել իրեն և զոհաբերել դիակի առաջ՝ ասելով, որ իր առաջին պատուհասից հետո, երբ այժմ էլ կործանել է իրեն մաքրողին, այսուհետև կյանքն իրեն պետք չէ: Կրեսոսը խղճում է Ադրեստոսին և ասում է նրան. «Ես, օտարական, լիովին վարձատրված եմ, քանի որ ինքդ քեզ մահվան ես դատապարտում: Դու չես մեղավոր իմ այս դժբախտության համար, քանի որ այդ կատարել ես ակամայից, այլ պատճառն աստվածներից մեկն է, որը դեռ շատ առաջ ինձ կանխահայտնել էր կատարվելիք դեպքերի մասին»: Այնուհետև, ընդունված սովորության համաձայն, Կրեսոսը թաղում է իր որդուն: Իսկ Ադրեստոսը, երբ շիրիմի մոտ մարդիկ հանդարտվել էին, իրեն համարելով ամենադժբախտն իր բոլոր ճանաչած մարդկանցից, ինքնասպան է լինում հենց գերեզմանի վրա:

(շարունակելի)


     Նկարում`
Դելփյան պատգամախոսը կամ պյութիան (հեղինակն է անգլիացի գրող և նկարիչ Ջոն Քոլիեն):

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7771 | 0 | 0
Facebook