Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մարգարտի լույսով պոեզիա . Հովհաննես Ղազարյան

20:17, çarşamba, 26 temmuz, 2017
Մարգարտի լույսով պոեզիա . Հովհաննես Ղազարյան

Անդրադառնալով Հայաստանի Գրողների միության անդամ, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի բանաստեղծական արվեստի նրբերանգներին, ‎Մարի Բարսեղյան-Խանջյանը ֆեյսբուքյան էջում գրառել է.՛՛Այս դիմատետրը, այս կախարդական, հեքիաթային աշխարհը մի կոճակի սեղմումով քեզ մի քանի ակնթարում միացնում է երկրագնդի ամենահեռավոր քաղաքում ապրող քո սրտակից հարազատի ու բարեկամի, հոգեհարազատ ընկերոջ ու նոր ծանոթացած ֆբ օգտատիրոջ հետ:
     Դու կարդում ես նրանց` սեր ու կարոտ, թախիծ ու վիշտ, ուրախություն ու բերկրանք, բողոք ու զայրույթ արտահայտող բանաստեղծություններն ու պատմվածքները, խոհերն ու խոկումները...և նրանց հետ հավասար հուզվում ես և բերկրում, տխրում, բայց չես հուսահատվում, նրանց մեջ դու գտնում ես քեզ հոգեհարազատ մեկին, ում գրառումներին` բանաստեղծություն, պատմվածք, խոհ-մեկնաբանություն, սպասում ես անհամաբեր:
     Եվ այդ ընկերները դառնում են ամենօրյա քո հյուրը քո համակարգչային Օջախում: Մենք` հայերս, մեր հոգու ջերմությամբ ու անմիջականությամբ երևի շատ ենք տարբերվում ուրիշ ազգերից: Դա ապացուցելու կարիք էլ չունի:
     Մենք, այս լայն ու նեղ եթերային աշխարհում պարփակվելու փոխարեն, իջնում ենք դիմատետրի էջերից և ստեղծում ենք իրական` միս ու արունուվ զգայուն, հարգանք-համակրանքով լեցուն ընկերություն` հաճախակի հանդիպելով մեզնից որևէ մեկի գրքի շնորհանդեսների ժամանակ, կամ հանդիպում ենք պարզապես նստել- զրուցելու գրականությունից, արվեստից, մեր երկրից ու ժողովրդից:
     Ահա ՖԲ-ն ինձ հիշեցրել է, որ երկու տարի առաջ ընկերացել եմ Եթերային այս կախարդական աշխարհում մեր տաղանդավոր և բոլորի սիրելի պոետի` Հովհաննես Ղազարյանի հետ: Նրա բանաստեղծությունները ծովի լույսն իր մեջ առած սադափ են ու մարգարիտ` ուլունքաշարում առկայծող շողակնի փայլով:
     Հովհաննես Ղազարյանը նուրբ զգացմունքների բանաստեղծ է: Նրա պեոզիան մեր այս բիրտ ժամանակներում, փողի ու ճղճիմ վայելքների մութ բավիղներում մոլորված մարդու համար իսկական փրկության փարոս է...Հովհաննես Ղազարյանի բանաստղծությունները հղկում են մարդկային զգացմունքները...՛՛
     ՛
     Ներկայացնում ենք Հովհաննես Ղազարյանի վերջին բանաստեղծություններից .

***
     Ամեն իրիկուն կալանում է ինձ մի թանձր թախիծ
     Ու պաշարում է մի հեգ հոգնություն,
     Այնպե՜ս, որ նույնիսկ հրաժարվում եմ իրիկնահացից
     Ու ներսուզվում եմ խորխորատները փրկարար գինուս:
    
    

Է՛հ, որովհետև դու ես ինձ մղել խորշը մենության,
     Կամ՝ անհնար է թուլությանս դեմ մի բան հնարել,
     Քո քմայքները այնքա՜ն նման են ստույգ բռնության

Եվ սերդ այնքան հմտորեն է ինձ... ինձնից վտարել:
    
     Այստեղ եմ հիմա ես մեն ու մենակ,
     Ու երկու գավաթ՝ դատարկությամբ լի,
     Աղետիս առաջ կանգնած... անհենակ-
     Քո արցունքներն եմ խմում... անալի:
    
    

Ես ցնորքներիդ մեջ եմ նավարկում,
     Օտար ջրերում աննավարկելի,
     Դու իմ կարոտին ջուր ես ներարկում,
     Ի՜նչ լավն ես դու ինձ քեզնից... զրկելիս...


     ՍԻՐՈ ԴԱՍ
    
    
    
     Թավշե գիշեր է: Բուրավետ անուրջ:
     Ու... քո մասին եմ պատմում թոռնիկիս,
     Գուցե մեկն եմ ես երիցս... անլուրջ,
     Բայց սերը պիտի մանկուց... բռնկվի:
    
    

Եվ նա լուսեղեն աչքերը չռած-
     Ո՜նց է թալկանում իմ ամեն խոսքից,
     Նա չի՜ ընկալույմ սիրո վերքը... բաց,
     Բայց սփոփում է վերքը պապիկի:
    
    

Ինչպե՞ս, չգիտենք, ոչ՝ ես, ոչ էլ՝ նա,
     Բայց ինչ-որ հույզ կա լուսե աչքերում,
     Լոկ շատ եմ ուզում սիրով մեծանա
     Եվ սիրով լցվի սիրտը... երկնաթույր...
    
    

Որ սիրով լցվի տակավին մանկուց,
     Որ անդարձ սուզվի սիրո բույրերում,
     Ընդունի սիրո տագնապները ցուրտ-
     Որպես Արևի արբեցում ու... հուր...
    
    

Ճի՞շտ եմ, թե՞ սխալ, Աստված իմանա,
     Բայց չե՛մ զգացել կյանքում ես ոչինչ,
     Որ լինի սիրուց առավել... անմահ
     Եվ քաղցր լինի սիրո... տանջանքից...


     ***
     Ես ցնդել էի կարծես, վերստին,
     Հեծկլտում էին աստղերը լճում,
     Կոհակների խայտ, կաթնաթույր լուսին,
     Եվ մի հրաշեկ, երգեցիկ թռչուն:
    
    

Ես, որ դրախտում չե՛մ եղել երբեք,
     Հիմա այնտեղ եմ, հույզի բևեռում,
     Ու գիտե՞ս, ո՜նց եմ սպասում ես քեզ,
     Որ ամբողջանա... հրաշքի հեռուն...


     ***
     Քո մերկությունից... ես չեմ ամաչում,
     Շողա՛, ցոլցլա՛ իմ դեմ մորեմերկ,
     Որպես եթերի անորս առնչում,
     Որպես գիշերվա աստղային սիրերգ:
    
    

Ծուփը ծածանիր հյութեղ կրծքերիդ,
     Զիստերիդ դողը հաղորդիր իմ մեջ,
     Որ ես խոյանամ տարթփանքիդ երկինք,
     Որ ընդարմանամ, փշրվեմ, հալվեմ:
    
    

Մեկնի՜ր շուրթերդ ալ ու վարդացոլ,
     Որ արբեմ նրանց գրգաեռ գինուց,
     Սիրահողմեր կան իմ մեջ մերկացող,
     Քո սերն իմ ներսում դառնում է... նժո՛ւյգ:
    
    

Ու չե՜մ հանդարտվի, մինչև չմեռնեմ
     Ալեբախության ցնորքում քո բիրտ,
     Չկա՛ ինձ համար ոչինչ առավել,
     Քան մաքրությո՛ւնը... մեղանչումներիդ:
    
    

Ու ոչի՛նչ, որ դու ինձ չես հասկանա,
     Կամ՝ կհասկանաս ուշ ափսոսանքով,
     Ճամփորդությո՛ւն էր սերդ ինձ համար-
     Կյանքս ջարդելու... պարտադրանքով...
    
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6289 | 0 | 0
Facebook