Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռոզա Նալթակյան . Զգայությունների պատկերավոր գործածությունը .մաս 1

14:30, çarşamba, 26 temmuz, 2017
Ռոզա Նալթակյան . Զգայությունների պատկերավոր գործածությունը .մաս 1
     20-րդ դարի արտասահմանյան գրականության մեջ նկատելի է մարդու, նրա ներաշխարհի, հոգեբանության, կյանքի ճանաչողության նկատմամբ մեծ ուշադրություն: Մոդեռնիզմը 20-րդ դարի գրականության մեջ մտավ մի շարք նորարարական գեղարվեստական հնարքներով` միֆ, հոգեվերլուծություն, կառուցվածքային շեղում դասական արձակից և այլն. այս շարքին կարելի է դասել նաև զգայական ընկալումների (համ, հոտ, ձայն, տեսողության զգայություն և այլն) պատկերավոր ներմուծումը գեղարվեստական տեքստի մեջ: Ստացվում է, որ, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, շեշտը դրվում է ոչ այնքան պատումի, սյուժեի, կերպարաստեղծման վրա, որքան տպավորիչ պատկերների, ներաշխարհի, հոգեբանության, զգացմունքների, մարդու և աշխարհի ճանաչողության վրա: Այս տեսանկյունից հատկապես հոտի զգայական ընկալման պատկերումը գրականության մեջ ինքնանպատակ չէ. այն շատ հաճախ կարևորագույն նկարագրությունների, հույզերի արտահայտման միջոց է, երբեմն էլ առանձին գրողների դեպքում կարելի է համարել ոճական առանձնահատկություն, որը լայնորեն կիրառվեց նաև անկախության շրջանի հայ արձակում:
     Ռուս փիլիսոփա Լեոնիդ Կարասևը գեղարվեստական այս հնարքի առկայությունը նկատելով ռուս գրողների (Պուշկին, Լերմոնտով, Տուրգենև, Գոնչարով, Դոստոևսկի և այլք) ստեղծագործություններում, առանձնացնում է հատկապես Չեխովին: Իր "Запахи и звуки у Чехова: власть приема" (Հոտերը և ձայները Չեխովի մոտ. իշխող հնարք) հոդվածում Կարասևը գրում է. «Չեխովի մոտ որևէ հոտի կամ ձայնի պատկերումը այնքան տարածված է, եթե չասենք կերպարաստեղծման նման, որ տպավորություն է ստեղծվում, թե դա անում է որևէ անհաղթահարելի ուժի ճնշմամբ: » 1: Նա նույնիսկ նկատում է, որ Չեխովի ստեղծագործություններում այս պատկերները ստեղծվում են որոշակի օրինաչափությամբ. «Մեծամասամբ Չեխովի մոտ նկատելի է երկու տարբեր հոտերի առկայությունը` "Пахнет светильным газом и солдатами."- "Анна на шее" (գազի և զորքի հոտ էր տարածվել), "Пахло салом и кухнным дымом"- "Жена" (ճարպի և ծխի հոտ էր գալիս), "Пахло сеном, да от старого Никандра шел неприятный селедочный запах"- "В сарае" (չոր խոտի հոտ էր գալիս ու Նիկանդրայից՝ տհաճ ծովատառեխի հոտ), "Носы почувствовали запах пирога и жареного гуся"- "На гвоздя" (զգացվում էր թխվածքի և տապակած սագի հոտ), "Пахло духами и вином"-"На подводе" (օծանելիքի և գինու հոտ էր գալիս), "Сильно пахло эфирными маслами и глицериновым мылом" (եթերային յուղերի և գլիցերինի օճառի ուժեղ հոտ էր գալիս), " От нее шел влажный, прохладный запах купальни и миндалного мыла." "Володя" (նրա վրայից գալիս էր հոտը խոնավ, զով լողավազանի և նուշի օճառի) - "Пахнет медем и сеном" "Именины" (մեղրի և չոր խոտի հոտ էր գալիս) և այլն»:
     Ժամանակակից հայ արձակում այս երևույթը ևս նկատելի է մի շարք գրողների մոտ` Ն. Ադալյան՝ «Ապոկալիպսիս», Հովհ. Թեքգյոզյան՝ «Փախչող քաղաքը», որտեղ բազմաթիվ են հոտերի նկարագրությունը, հատկապես հետաքրքրական է դեղատան հոտը որպես վերհուշ, այն հիշեցնում է հերոսի մանկությունը, մորը: Հոտի պատկերումը նկատելի է Վ. Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպում, որտեղ տարբեր ժամանակներում հայի նկատմամբ դրսևորվող անարդարությունների, ոճրագործությունների կրկնությունը պատկերվում է որպես բոլոր ժամանակներում գարշահոտության տարածում և այլն. «…Ժամանակի գետի ափերին էլ հազար ու մի բան կարող է մնացած լինել. վերջ ի վերջո մեր հիշողությունը հավի հիշողություն չէ, բայց հիշողությունը հոտ չունի, իսկ ամեն ժամանակ, անկախ այն բանից, սրտովդ է թե չէ, իր ուրույն հոտն ունի, ճահճից խոսողներն էլ հենց հոտի խնդիրն էին մեր աչքը խոթում: Անփոփոխ հոտի: » 2:
     Տեքստի մեջ զգայության նկատմամբ հետաքրքրական մոտեցմամբ, զգայական ընկալումների և զուգահեռ հերոսների հոգեվիճակի պատկերմամբ առանձնահատուկ են Լ. Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի պատմվածքները: «Սպասում» պատմվածքում հաճախ խոսվում է ծխի հոտի տարածման մասին, որը և՛ ծխախոտի, և՛ վրացիների վառած լաթերի հոտ է. «Գյուղի վրա տարածվել էր վառված լաթերի մրմռացնող սուր խանձահոտը… «Վառվածի հոտ եմ առնում, չլինի՞ բան է վառվում»: Հարցումից ուրախացած դահլիճը դատավորին պատմեց, որ «վրացիների կանայք, երբ երեխա են ունենում, չարին նրանից քշելու համար չուլ են վառում» » 3: Պատմվածքի այս և մյուս հատվածներում, երբ խոսվում է ծխի հոտի տարածման մասին, անմիջապես հաջորդում է հերոսի և Աղաբեկ տացուի այն միտքը, որ նրանք սպասում են հորը և կցանկանային, որ նա գար. «Դահլիճը ծիծաղում էր… Դատավորը մեզ` ինձ ու Աղաբեկ տացուիս չէ, դահլիճին դիմեց. «Էս ինչ սուր է գալիս վառվածի հոտը, ծխողները թող մի քիչ քիչ ծխեն, իրար չվառեք»: Մենք երկուսով նայեցինք դռանը, ուզում էինք, որ հայրս գար»: Աստիճանաբար ընդգծվում է սպասումը, մեծանում է հերոսի ցանկությունը, որ հայրը գար, և միևնույն ժամանակ ավելի է տարածվում և ուժգնանում ծխի հոտը, ծխում էր Աղաբեկ տացուն և դահլիճը: Պատմվածքի մեջ մի քանի անգամ կրկնվում է ծխի ուժգնացող հոտի տարածման և դրան զուգահեռ հերոսների սպասման, անհանգստության մասին պատկերը, այդ նույն պատկերով էլ Խեչոյանը ավարտում է պատմվածքը. «Տացուս նայեց աչքերիս, դահլիճում ծուխը շատ էր, նրա ծխախոտի դառը ծուխը հասավ քթիս, հետո նայեցինք ակումբի դռանը, մենք ուզում էինք, որ հայրս գար…»:
    
     Շարունակելի
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4656 | 0 | 0
Facebook