Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

10:16, pazar, 23 temmuz, 2017
ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ
    

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ
     _________ _________

…………………ՁԻՆ………………

Հին Հայաստանի Լոռվա գավառի լեռնահովիտներից մեկում ապրում էր Ավան անունով մի գյուղացի
     ՝ գեղեցիկ, զվարթ դեմքով, խնձորի պես կարմիր թշերով։ Ամբողջ գյուղը նրան համարում էր երջանիկ մարդ, որովհետև ինքն էլ էր իրեն համարում այդպիսին. «Եթե քո գյուղի մի անկյունում ունես փոքրիկ մի տուն, եթե ունես փոքրիկ մի ագարակ և թխակարմիր մի ձի, մի՞թե այդքանը քիչ է երջանիկ լինելու համար… Ափսո՜ս, միայն, – ասում էր նա, – որ դուռն ու պատուհանները հնացել են մի քիչ, իսկ ցանկապատն էլ ծռմռվել, տեղ–տեղ թաղվել է խոտի թփերի մեջ։ Բայց իրականում դրանք դատարկ բաներ են և չեն կարող քո երջանկությունը խլել քեզանից…» ։ Առանց օրնիբուն աշխատանքի Ավանը գոյություն չուներ. ոսկերիչի պես հմուտ մշակում էր իր փոքրիկ ագարակը՝ հոգեբույր սիրով ողողելով ծառ ու ծաղիկ, խոտ էր հնձում գյուղամերձ հանդերում, փայտ էր կրում անտառից, իր թխակարմիր զամբիկի հետ շրջելով գյուղից–գյուղ, քաղաքից–քաղաք՝ յուղ, պանիր, մածուն էր վաճառում։ «Եթե ապրում ես այս լույս աշխարհում, դա արդեն երջանկություն է, համաձա՞յն ես ինձ հետ, – հարցնում էր գյուղաշխարհի այդ ասպետն իր սիրելի ձիուն, – այո’, այո’, – գլուխը սահուն ետ ու առաջ տանելով՝ հաստատում էր զամբիկը։ Այդպես կամովին ու ինքնամոռաց տեղավորվելով գոյության գեղեցիկ հրաշքի մեջ՝ Ավանն ու իր թխակարմիր զամբիկն ապրում էին անհոգ ու անբասիր, ինչպես աստղերն ու մոլորակները։ Երբ գալիս էր ձմեռը, Ավանը, վառելով ճտճտան վառարանը, կարտոֆիլ էր եփում և խորովում, կաթ էր տաքացնում, ուրցի թեյ էր պատրաստում և պատուհանից նայում ձյունաճերմակ լեռներին ու հովիտներին, կուսական ձյուներով փաթաթված գաղտնախորհուրդ անտառներին։ Չէր մոռանում նաև իր սիրելի զամբիկին. առատորեն խոտ ու վարսակ էր տալիս։ «Ձմեռը կյանք չունի, նայիր՝ արդեն գալիս է գարունը, – փարվելով ձիու պարանոցին՝ ասում էր նա և չէր սխալվում։ Ձնհալից հետո երջանիկ գարունը մտնում էր գյուղ, և Ավանը շուտափույթ սկսում էր վարուցանքը, սպասելու ժամանակ չկար, որովհետև նրան կանչում էին հանդերն ու անտառները, գյուղերն ու քաղաքները։ Տերն ու ձին ժրաջան մեղվի պես ապրուստ էին ստեղծում, որ վայելեն ձմռանը։ Այդպես հերթագայելով գալիս էին ու գնում նրանց կյանքի տարիները, մի բան՝ բերում, մի բան՝ տանում։ Գուցեև երջանկությունն, իրոք, անմահ է, բայց Լուսնի տակ, ավա՜ղ, հավերժական ոչինչ չկա։ Ժամանակը երևի թե բացառապես նրա համար է, որ խառնի երջանկության խաղաթղթերը և անխտիր բզկտի ամեն տեսակ վեհ ու գեղեցիկ բան։ Տիեզերական ամենակարող այդ վերակացուի մոլեռանդ գործակալներից մեկն էլ անիծյալ ծերությունն է, որ աչքը կիսախուփ ճամփա ընկած գալիս է։ Մագլցելով մեծ ու փոքր ցանկապատերի վրայով, ներս թափանցելով ամեն տեսակ փակ դռներից ու պատուհաններից՝ սև մորմի պես ճանկում է մարմինդ և գիշեր–ցերեկ քամում։ Թվում էր, թե, ի վերջո, կարելի է մի բացառություն անել՝ ի սեր Ավանի ու Զամբիկի, բայց, ավա՜ղ ընդմիշտ մեռած է գթությունը։ Գյուղաշխարհի ասպետն ու իր Ռոսինանտը նախանձելի հաջողությամբ համառում էին, ախար, հեշտ չէր բաժանվել կյանքի ոսկե ճամփաներից, սիրով և հուշերով պսակված հանդերից ու անտառներից, բայց, ի վերջո, հանդը մնաց հանդում, անտառը մնաց անտառում, իսկ Ավանն ու Զամբիկն իրենց խղճուկ ագարակում։ Էլի ապրեցին, էլի համառեցին մինչև որ ծերունազարդ Ավանի ցորեն դեմքը գութանավարի ցելերի պես ծածկվեց խոր կնճիռներով, թեթևաքայլ գյուղացին արդեն հազիվ էր «ոտը դնում ոտին» ։ Միայն փարթամ մազերն էին, ի հեճուկս ծերության, էլ ավելի առատորեն աճում։ Եթե զամբիկը փոքր ինչ գինովցած լիներ, պիտի կարծեր, թե Տիրոջ գլխին ոչ թե մազ է, այլ՝ խոտի դեզ։ Թխակարմիր Զամբիկն էլ էր անդառնալիորեն փոխվել. դունչը նիհարել էր ու սրվել, ցամաքած ու թորշոմած պռոշների տակից ցցվել էին չեչոտ ատամները։ Դա դեռ ոչինչ. ոտքերն էին կտրած ծառի ճյուղերի պես չորացել, իսկ սմբակները, որ օր ծերության մնացել էին առանց պայտելու, մաշվել, ծռմռվել ու ճմրթվել էին հին չարուխների պես։ –Զամբիկս, – շշնջում էր Ավանը, – էլ չեմ կարող ծառայել քեզ, – խոտն ինքդ վերցրու դեզի վրայից, զամբիկս, էլ չեմ կարող ջուր բերել քեզ համար, ինքդ գնա խմիր աղբյուրից։ Սակայն խոտի դեզն էլ հատնում, ձմռանն աղբյուրն էլ էր ցամաքում։ Էլի գարուն էր, կանաչել էին հանդերն ու դաշտերը։ Բայց դա Ավանի գարունը չէր։ Նա դեդևելով մոտեցավ իր հավատարիմ ձիուն. «Սիրելիս, – ասաց նա, – ես իրավունք չունեմ խաբելու քեզ. եկող ձմռանը դու կարող ես քաղցից մահանալ։ Իհարկե, կան մարդիկ, որ ուզում են երկու պարկ ալյուրի դիմաց քեզ վերցնել ինձանից։ Բայց նրանք մոծակ կթող մարդիկ են, խնայել չունեն, այնքան կբարձեն, որ կողոսկրներդ փշրվեն, – Ավանը քնքշությամբ շոյեց ձիու դունչը և փարվեց պարանոցին, – սիրելիս, մենք քեզ հետ շրջել ենք ամբողջ Լոռին։ Դու տեսել ես շատ ու շատ արևոտ ձորեր ու հանդեր, ուր կլոր տարին կանաչը չի հատնում։ Ընտրիր դրանցից լավագույնը և գնա այնտեղ։ Գնա վաղ առավոտյան, լույսը դեռ չբացված, այլապես, եթե անտեր ձի տեսնեն, թոկը կգցեն վիզդ և կտանեն» ։ Ձին երկար միտք արեց և հիշեց, որ Քոբայր կայարանից ոչ հեռու, Շեկ քարափի մոտ՝ Դեբեդ գետի ափին գեղեցիկ ու խոտառատ մի հովիտ կա, այնտեղ ծերության մեջ անգամ կարելի է ապրել անդարդ։ Հրաժեշտ տալով տիրոջը՝ թխակարմիր զամբիկը վաղ առավոտյան՝ Լուսաստղի լույսով ճանապարհ ընկավ և, օրը դեռ չբացված, կանգնեց Դեբեդ գետի ափին՝ Շեկ քարափի դիմաց.նայեց և համոզվեց, որ տեղը ճիշտ է ընտրված։ Խոտառատ հովիտը գտնվում էր գետի մյուս ափին, աչքից հեռու, պատսպարված Շեկ քարափի շեկ թիկնոցի շեկ փեշերով։ Պետք էր անցնել գետը, բայց զամբիկը վախենում էր հորդառատ ջրերի փրփուր ալիքներից։ Ի՞նչ անել. ձին մտահոգ քայլում էր ետ ու առաջ։ Սակայն նա հիշեց, որ ամեն տեսակ կյանքում էլ հարկ է լինում խիզախել, և, քաջություն հավաքելով, մտավ գետը։ Ա՜յ քեզ հրաշք, աշխարհի չափ ուրախացավ, որ ինքը լողալ է իմացել, բայց մինչ այդ չգիտեր։ Դոշ տալով խշշացող ալիքներին՝ զամբիկը դուրս եկավ գետի մյուս ափին և փառավորվեց՝ տեսնելով, որ հովիտն սպասածից էլ գեղեցիկ է և հյուրնկալ, որ Շեկ քարափի տակ հուսալի թաքստոց կա, ուր կարելի է գիշերը քնել ապահով։ Բնության այդ գողտրիկ աշխարհում ամեն ինչ կար, բացի ձիուց, որի գալուց ուրախացան Շեկ քարափն ու քարափի քիվին նվագող քնքուշ զեփյուռը, կանաչ հովիտն ու գետափնյա ջրերը։ Նախշազարդ թևերով մեծ ու գեղեցիկ մի թիթեռ, որ կարծես վաղուց սպասում էր զամբիկին, թռնելով ցողոտ–շաղոտ ծաղկի վրայից՝ եկավ և իջավ ձիու աջ ականջին։ Զամբիկն աչքերը պտտեց դեպի աջ և ժպտերես ողջունեց թիթեռին։ Մոտակա ծառից նայող կեռնեխը, որ հայտնի է իր հմայիչ ձայնով, շատ գեղեցիկ մի սիրերգ նվիրեց զամբիկին։ Ամառվա գալու հետ օրերը երկարում էին և տաքանում։ Զամբիկն արածում էր խոտառատ դաշտում, զբոսնում էր Շեկ քարափի ծառապատ լանջերին և լողանում Դեբեդի զովասուն ջրերում։ Իսկ երբ իջնում էր երեկոն, անուշ քուն էր մտնում Շեկ քարափի թաքստոցում։ Երջանիկ զամբիկը հաճախ էր հիշում իր սիրելի տիրոջը և քթի տակ երգում. –Շատ սիրելի, տեր իմ, Ավան, Իմ նոր կյանքից շատ եմ հավան, Արածում եմ ինչքան ուզեմ, Ջուր եմ խմում ինչքան ուզեմ։ Ջահելություն է իջել վրաս, Կզարմանաս՝ թե մոտս գաս։ Արքայական տեր իմ, Ավան, Սպասում եմ ես քո այցին, Քեզնից բացի ոչ–ոք չունեմ Քո զամբիկին մի մոռացիր… Շեկ քարափը, քարափի քիվին նվագող քնքուշ զեփյուռը, կանաչ հովիտն ու գետափնյա ջրերը հրճվում էին՝ տեսնելով, թե ինչքան երջանիկ է թխակարմիր զամբիկը և նույնպես երգում էին միաձայն. –Գետի ափին ապրում է ձին, Գետի ափին ապրում է ձին, Դունչը՝ ուրախ, կոշիկը՝ հին, Դունչը՝ ուրախ, կոշիկը՝ հին։ Շատ է ուզում, շատ է ուզում, Որ Ավանը հյուր գա իրեն, Շատ է ուզում, շատ է ուզում ՈՒրախ սրտով փարվի իրեն։ Գետի ափին ապրում է ձին, Գետի ափին ապրում է ձին, Դունչը՝ ուրախ, կոշիկը՝հին, Դունչը՝ ուրախ, կոշիկը՝ հին։ Մայր բնությունը երախտապարտ զամբիկի երազած աշխարհն էր. «Շնորհակալություն ձեզ հպարտ քարափ, սեր ու սիրտ շոյող քնքուշ զեփյուռ, գեղեցկուհի կանաչ հովիտ, Դեբեդ գետի զովասուն ջրեր, նախշուն թևերով թիթեռ և զվարթաձայն կեռնեխ, ես սիրում եմ ձեզ», –ամեն առավոտ՝ լուսաբացին, շշնջում էր թխակարմիր զամբիկը։ « «» » Ծեր Ավանը, որ վաղուց արդեն մոռացել էր, թե ինչ բան է երջանկությունը, նստած իր ագարակի ճյուղատարած խնձորենու տակ, ուրցի թեյ էր խմում և միտք անում. տեսնես՝ հիմա որտե՞ղ է իր սիրելի ձին։ Փորձանքն ու շառը շատ են աշխարհում, տեսնես՝ գտա՞վ հարմար մի տեղ, թե՞ դեգերում է անարդյունք՝վտանգելով իրեն։ «Հե՜յ վախ, – թառանչում էր նա, – բա ջահել չլինեի, որ ոտքի տակ տայի ամբողջ Լոռին և գտնեի իմ զամբիկին…Հե՜յ վախ…Հե՜յ վախ…» ։ Ավանը, չգիտես թե ինչու, մոռացել էր, որ աշխարհն առանց հրաշքի չի լինում։ Բա հրաշքն էլ ինչի՞ համար է, եթե օգնության չի հասնելու դարդից շվարած մարդուն։ Հրաշքը պարտավոր էր կատարել իր սուրբ գործը, և հենց հրաշքի հորդորով Լոռվա ձորից եկող քնքուշ զեփյուռը Ավանին հասցրեց թխակարմիր զամբիկի սրտառուչ երգը… Ավանը թնդաց ուրախությունից. «Փա՜ռք Տիրոջը, իմ սիրելի ձին գտել է իր տեղը. ապրում է Դեբեդ գետի ափին, Շեկ քարափի դիմաց, խոտառատ դաշտում և երջանիկ է… Փա՜ռք Տիրոջը, որ ես նորից հիշեցի երջանկությունը, հիմա ես էլ երջանիկ եմ… Գեղեցկուհի զամբիկս միայն մի դարդ ունի՝ կարոտում է ինձ։ Թխակարմիր իմ ձի, իմ հավատարիմ ընկեր, բա ես չեմ կարոտու՞մ քեզ։ Մի ամբողջ կյանք ապրել ենք միասին, բա իմ սիրտը չի մղկտու՞մ քեզ համար։ Հիմա ես ի՞նչ անեմ, ես ո՞նց ճչամ, որ ձայնս հասնի իմ զամբիկին…»: Ավանը նորից մոռացել էր հրաշքի մասին, բայց հրաշքը չէր մոռացել նրան։ Հրաշքը Ավանին հուշեց, որ եթե Լոռվա ձորի քնքուշ զեփյուռը զամբիկի ձայնը բերել–հասցրել է իրեն, ուրեմն, իր ձայնն էլ կարող է հասցնել նրան։Ավանի դեմքը ճառագեց ուրախությունից.Դե, Ավան ծերունի, ասելիքդ շուտ ասա, քանի դեռ զեփյուռն այստեղ է» ։ Եվ նրա շուրթերը բարբառեցին. –Իշխանազուն իմ քաջ զամբիկ, Հովը բերեց երգդ անուշ, Քո խեղճ տիրոջ շվար սրտում Հովը խառնեց հուշ ու վերհուշ։ Մի ամբողջ կյանք ապրում էինք Իրարու հետ՝ մենք անբաժան, Քեզ ինձանից պոկեց, տարավ Ծերությունը նենգ ու դաժան։ Ի՜նչ լավ է, որ իմ սիրուն ձի, Շատ գեղեցիկ տեղ ես ընտրել, Շեկ քարափի հովիտը այդ Ինքս էլ եմ շատ հավանել։ Թխակարմիր իմ քաջ զամբիկ, Հոգ չէ, որ ես ծեր եմ կարկամ, Վստահ եղիր՝ մինչև աշուն Քեզ անպայման այցի կգամ։ Սիրտս լցվեց, սիրտս ցնծաց Էդ քո համով բառ ու բանից։ Ջերմ բարևներ, ջերմ բարևներ!!!


    

    

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5430 | 0 | 0
Facebook