Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տիգրան 2-րդին վերաբերող մի քանի «անհաճո», «անցանկալի» տեղեկություն

00:18, pazar, 23 temmuz, 2017
Տիգրան 2-րդին վերաբերող մի քանի «անհաճո», «անցանկալի» տեղեկություն

«Պատմությունը շարանն է այն ստերի, որոնց մենք համաձայն ենք»:

Նապոլեոն Առաջին

*****
     Հայ պատմագրությունը, ցավոք, ընտրողաբար է ներկայացնում հայոց պատմությանն առնչվող ցանկացած փաստ կամ շատ ու շատ փաստեր ուղղակի թաքցնում է: Հատկապես անկախության տարիներին մեր պատմաբանները բացարձակ անտեսում են այն փաստերը, տեղեկություններն ու վկայությունները, որոնք կարող են «վնասել» մեր հեղինակությանը, ազգային արժանապատվությանը: Հստակ միտում կա մեր պատմությունից դուրս մղել այն ամենը, ինչը չի պատշաճում հերոսականության, ազնվության, բարու, արդարի և մարդկային ու հասարակական բարձ որակների մասին պատկերացումներին: Օրինակ` Տիգրան 2-րդը ներկայացվում է որպես հերոսականության ու բարձր առաքինության տիպար, շատ իմաստուն ու շրջահայաց մի անձնավորություն, որը կա՛մ ոչ մի արատ չունի, կա՛մ այնքան աննշմար են այդ արատները, որ դրանց նույնիսկ չարժե անդրադառնալ: Երբ հարկավոր է նրան «դրական լույսի» ներքո ներկայացնել, մեջբերվում են անտիկ հեղինակների աշխատությունների այն հատվածները, որոնցում դրական խոսք է ասվում Տիգրանի մասին, բայց լրիվ անտեսվում են Տիգրանին «վարկաբեկող» վկայությունները:

Այժմ ներկայացնում են Պլուտարքոսի «Զուգահեռ վարքագրություններ» -ի՝ Լուկուլլոսի մասին պատմող գրքից մի հատված, որին Տիգրանի պատմությանը նույնիսկ բավականին քաջատեղյակը մասամբ է ծանոթ, որովհետև մեր «հայրենասեր» պատմաբանները, «խոսքները մեկ արած», իրենց մենագրություններում կամ հոդվածներում չեն ընդգրկել «անցանկալի վկայությունները»: Նույնը վերաբերում է դասագրքերին ու նույնիսկ ակադեմիական հրատարարակություններին:

Տիգրանի մասին պատմող գրեթե ցանկացած հրապարակում, վկայակոչելով Պլուտարքոսին, ձեզ կտեղեկացնի, որ Տիգրանակերտում ապաստան էր գտել հույն հռետոր Ամփիկրատեսը, որն աքսորվել էր Աթենքից ու մերժել էր Սելևկյանների հրավերը` հաստատվելու Անտիոքում: Տիգրանի գործունեությունը ներկայացնող գրեթե ցանկացած` թեկուզ մակերեսային ուսումնասիրություն հպարտորեն տեղեկացնում է, որ Տիգրանի արքունիքում է ապրել նաև մեկ այլ հույն հռետոր ու փիլիսոփա` Մեթրոդորոս Սկեպսիացին: Բայց ոչ մեկը չի անդրադառնում այդ փիլիսոփաների վախճանին, որովհետև դա կարատավորի Տիգրանի «պայծառ» կերպարը:

Արդ, տեղեկացեք, թե ինչ վախճան են ունեցել այդ անձինք:


     «Մինչ այդ Տիգրանը ոչ մի անգամ չցանկացավ ո'չ տեսնել, ո'չ խոսել Միհրդատի` այնքան մեծ ինքնիշխանություն ունեցող իր նվաստացած դաշնակցի հետ: Նա նրան արհամարհանքով ու ամբարտավանությամբ էր վերաբերվում ու նրան պահում էր, ասես բանտարկյալ, իրենից հեռու` ճահճոտ ու անառողջ վայրերում: Բայց հիմա նա նրան պալատ կանչեց` ցուցադրելով հարգանքի ու սիրո նշաններ. թագավորները գաղտնի խորհրդակցություն անցկացրին` աշխատելով վերացնել փոխադարձ անվստահության պատճառները` ի դժբախտություն իրենց մերձավորների, քանի որ նրանք նրանց վրա բարդեցին մեղքը: Վերջինների թվում հայտնվեց Մետրոդորոս Սկեպսիացին, որը պերճախոս էր ու շատ գիտուն: Նա այնքան էր Միհրդատի համակրանքին արժանացել, որ նրան «թագավորահայր» էին անվանում: Պատմում են` երբ Միհրդատը նրան ուղարկում է Տիգրանի մոտ` հռոմեացիների դեմ օգնության խնդրանքով, արքայից արքան նրան ասում է. «Իսկ դու ինքդ, Մետրոդորոս, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվեմ այս գործում»: Կա'մ Տիգրանի շահի համար, կա'մ Միհրդատին փրկության համար անտարբեր լինելով՝ Մետրոդորոսը պատասխանում է, թե որպես դեսպան ինքն իր թագավորի ուզածն է խնդրում, բայց որպես խորհրդատու` խորհուրդ է տալիս մերժել նրան: Եվ Տիգրանն ամեն ինչ պատմում է Միհրդատին (մեզանում այդպիսի արարքը «ծախել» է անվանվում, իսկ այդ արարքը կատարածը` «ծախող»)` մտածելով, թե նա Մետրոդորոսին շատ խստորեն չի պատժի: Բայց նրան անմիջապես սպանում են, և Տիգրանը զղջում է իր անկեղծության համար: Իմիջիայլոց, Մետրոդորոսի կործանման միակ պատճառը Տիգրանի անկեղծությունը չէր, այն միայն վերջին ազդակն հաղորդեց Միհրդատի չար մտադրություններին, որն արդեն վաղուց թաքուն ատում էր իր մերձավորին: Դա լիովին ակներև դարձավ, երբ բռնագրավվեցին թագավորի գաղտնի թղթերը, որոնց մեջ կար նաև Մետրոդորոսի մահապատժի մասին հրամանը: Տիգրանը կազմակերպեց Մետրոդորոսի փառահեղ թաղումը` ծախսը չխնայելով, որպեսզի մահվանից հետո հարգանք մատուցի նրան, որին նա կենդանության օրոք մատնեց:

Տիգրանի պալատում իր վախճանը գտավ նաև հռետոր Ամփիկրատեսը, եթե միայն արժե նաև նրան հիշատակել` հանուն նրա աթենական ծագման: Համաձայն պատմածների` նա որպես վտարանդի գալիս է Տիգրիսի Սելևկիա, և երբ այնտեղի բնակիչների նրան խնդրում են ճարտասանության դասեր տալ, նա մեծամտորեն ու արհամարհաբար պատասխանում է. «Ավազանում դելֆինը չի տեղավորվի»: Հետո նա մեկնում է Կլեոպատրայի` Տիգրանի կնոջ ու Միհրդատի աղջկա պալատ, բայց շուտով նա վարկաբեկվում է. նրան արգելում են ցանկացած առնչություն հույների հետ, ու նա իրեն սովամահության է մատնում: Նա նույնպես պատիվներով թաղվում է Կլեոպատրայի կողմից, և նրա գերեզմանը գտնվում է Սաֆա անվամբ մի վայրում:


     Plutarque, Vie de Caton Lucullus, chapitre 22

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
11600 | 0 | 0
Facebook