Խիզախում, որ մարտիկի կյանքն արժեցավ. Գուրգեն Բարեղամյան . «Հայորդի» ամսաթերթ
Երբ գնացել էի Գուրգենի հայրական տուն` ակնարկի համար նյութեր հավաքելու, ազատամարտիկի քույրը դարակների փոշուց դուրս բերեց ու սկսեց ինձ հերթով ցույց տալ հերոսի մասին թերթերում և գրքերում տպագրված բազում հոդվածները: Մի կերպ զսպելով հուզմունքն ու հպարտությունը` նա անգամ ժամանակ չէր տալիս, որ կարդամ. պատմում էր եղբոր կյանքից դրվագներ, որոնք ցույց էին տալիս նրա մարդասիրությունը, բարությունը, ազնվությունն ու հայրենասիրությունը: Գուրգեն Բարեղամյան: Ծնվել է 1962թ մարտի 17-ին Արտաշատի շրջանի Ներքին Դվին գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Քույրը` Գոհարը, հիշում է, որ դպրոցական տարիքից փայլել է հայոց պատմության իմացությամբ: Ծառայությունն ավարտելով Խորհրդային բանակում` վերադառնում է տուն և աշխատանքի անցնում Արտաշատի փորձագործիքաշինական գործարանում: Ամուսնանում է Սեդա Աթոյանի հետ և ունենում երկու երեխա` Սերգեյը և Անին: Կինը հիշում է 1988-ի դեկտեմբերի 7-ը, երբ ամուսինը, տեղեկանալով երկրաշարժի մասին, ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Սպասում է լույսը բացվելուն և առավոտյան գնում Սպիտակ, որտեղ մնում է 7 օր: Երբ վերադառնում է, նկատում են, որ թանկարժեք մուշտակը հագին չէ: Տանեցիների հարցին տալիս է կարճ պատասխան. -Մի փոքր երեխա մրսում էր, տվեցի, որ հագնի: Աղետի գոտուց վերադառնալուց հետո էլ գործարանի աշխատակիցներից խումբ է կազմում և միջոցներ հավաքելով` մեկնում Երևանի թիվ 2 մանկատուն: Փորձում է գոնե մրգերով և խաղալիքներով փոքր-ինչ լուսավորել ծնողազուրկ երեխաների տխուր առօրյան: Մի քանի այցելությունից հետո փոքրիկները նրան այնքան էին սիրել, որ տեսնելիս բացականչում էին. «Ուռա՜, խաղալիք ձյաձյան եկավ»: Երեխաներին հեծանիվ էր խոստացել, բայց... չհասցրեց խոստումը կատարել: Հայրենիքն էր կանչում: Պատերազմի արհավիրքը օրհասական էր դարձել: Առանց երկմտելու` միանում է Երկրապահ կամավորականների «Ալաշկերտ» ջոկատին և Լաերտ Սաղաթելյանի ղեկավարությամբ մեկնում Երասխավան, Կոռնիձոր: Մասնակցում նաև է Վայքի և Շահումյանի պաշտպանությանը: Հերթական անգամ, երբ նորից Արցախ պիտի մեկներ, մահանում է տատիկը: Սակայն անգամ այս հանգամանքը ետ չպահեց Գուրգենին անհապաղ ռազմաճակատ մեկնելու մտադրությունից: -Ես տանը նստեմ, թողնեմ, որ թշնամին ընտանիքս կոտորի՞: Չէ՛, պիտի գնամ, փոխարինեմ ընկերներիս, - այսպես էր պատասխանում Գուրգենը հարազատների հորդորին` մի քիչ էլ մնալ: ...Ու հրաժեշտ տվեց կնոջը, համբուրեց երեքամյա որդուն և մեկամյա դստերը: Սեդայի սիրտն արդեն վատ բան էր կանխազգում: Սակայն արդեն ուշ էր... ...Գուրգենն արդեն Բուզլուխում էր, պաշտպանում էր գյուղի սահմանը, որն այնպես հարուստ էր ընկուզենիներով: Պտուղը հասել էր, սակայն ոչ ոք չէր համարձակվում ծառ բարձրանալ, քանի որ թշնամին մշտական կրակի տակ էր պահում գյուղը: Գուրգենը խիզախեց, սակայն այդ խիզախումը իր կյանքն արժեցավ: Երբ հերթական ծառն էր թափ տալիս, թշնամու դիպուկահարի գնդակը գտավ Գուրգենին և ընդհատեց զինվորի կյանքի թելը: 1990 թ. հոկտեմբերի 13-ը սև եղավ Բարեղամյանների ընտանիքի համար: Արտաշատի շրջանից գնացած կամավորներից առաջին զոհն էր: Առաջինն էր նաև իրենց ջոկատում: 2001 թ. Սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության 10-րդ տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Ռազմիկի Բարեղամյանը հետմահու պարգևատրվում է ՀՀ «Արիության» մեդալով: 2002 թ. ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով պարգևատրվել է ԼՂՀ «Արիության» մեդալով: Վարդան ԳԵՂԱՄՅԱՆ «Հայորդի» լրագրողական ակումբ -Ճիշտ է, ես չեմ տեսել հորեղբորս, բայց շատ եմ լսել նրա մասին իմ ծնողներից, բարեկամներից, համագյուղացիներից, որ նա հայ ազգի անմահ մարտիկն է, և ես հպարտությամբ ու պատվով եմ կրում Գուրգեն անունը: Ու եթե հարկ լինի, ես պատրաստ եմ կյանքս դնել զոհասեղանին, որովհետև իմ երակներում հերոսի արյուն է հոսում: Գուրգեն ԲԱՐԵՂԱՄՅԱՆ Եղբորորդին Արցախը հրե օղակի մեջ է, արթնացե՛ք, հայ քաջորդիներ: Արցախում թափվում է արյուն, Արցախը պահպանել է պետք: Մի՞թե քրիստոնեական աշխարհին ծանոթ մարդասիրության վառ օրինակ չէ փրկելը, օգնելը, կարեկցելը: Հայաստանի լեռներն անգամ ինքնապաշտպանության անցան: Օգնության պատրաստ` ոտքի ելան նաև Արտաշատի երկրապահ ջոկատի տղաները: Նրանց շարքում էր նաև Գուրգենը: «Արտաշատ» թերթ, 1999 թ., մարտի 2 Բուզլուխ լեռան մոտ ընկար, զոհվեցիր, Ջահել հասակում կյանքից զրկվեցիր, Զինվորիդ սրբազան պարտքը կատարեցիր Եվ մեր սրտերում անմահ մնացիր: Արցունքոտ աչքերով, լացով գրեցի, Մորմոքված սիրտս քիչ հանգստացրի, Մեր սիրելի Գուրգեն` կորյուն առյուծի, Աննկուն զինվոր Մայր Հայաստանի: Վարդան ԳԵՂԱՄՅԱՆ Գանձն ես եղել դու մեր երկրի, Ու սարսափը մեր ոսոխի, Րոպե-րոպե պայքարելով, Գնդակներով ու սրերով, Եղել ես դու ալմաստ վահան, Նոր աշխարհում մեր հայկական։ Ռաֆայել ԵՓՐԵՄՅԱՆ Մրգավանի միջն. դպրոց, 11-րդ դաս. «Հայորդի» երտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ: Թիվ 2, փետր 2017թ. |
Abone ol ve malalelerin yayınla: