Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ՛՛Կոտայք Կրթություն Մշակույթ՛՛ ֆեյսբուքյան էջը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ և մարզի դպրոցների ծնողներին, ուսուցիչներին և աշակերտներին հրավիրում է լայն քննարկումների: Խոսքը վերաբերում է միասնական համազգեստի գաղափարին: ՛՛Մեր մարզում կան դպրոցներ, որոնք մի քանի տարի է, անցել են միասնական համազգեստի: Քննարկումները ցույց են տալիս, որ արդարացվել է գաղափարը՛՛, -գրառել է ՛՛Կոտայք Կրթություն Մշակույթ՛՛ ֆեյսբուքյան էջը և հետո հավելել. ՛՛ Նախ գեղեցիկ է, աշակերտներն առավել կարգապահ են համազգեստի մեջ, լուծվում է սոցիալական խնդիրը, ուսուցիչը չունի մտավախություն իր հագուստի հետ կապված, հագուստն ըստ սեզոնների է, աշակերտը կրում է մի քանի տարի, տնօրինությունը պայմանվորվում է հագուստի վերաձևման համար, ինչու չէ` խթանում ենք տեղական արտադրողին: Սոցիալապես անապահով ընտանիքի աշակերտի հագուստի հարցը լուծվում է համայնքի, բարերարների կամ դպրոցի միջոցով:
Հագուստն առավել գեղեցիկ է լինում դպրոցի լոգոտիպով` ազգային մոտիվներով՛՛:
Այնուհետև առաջարկվում է, որ դպրոցները պետք է ճիշտ ներկայացնեն գաղափարը, քննարկումներ կազմակերպեն դպրոցների խորհուրդների, մասնավորապես ծնողական խորհուրդերի հետ, ֆինանսական տեղեկատվությունը դարձնեն հասանելի յուրաքանչյուրի համար, իսկ անցումը միասնական հագուստի իրականցանել ցածր դասարաններից` չընդգրկելով ավագ դպրոցը:
Այս հետաքրքիր գաղափարի համար ՛՛Կոտայք Կրթություն Մշակույթ՛՛ ֆեյսբուքյան էջը հրավիրում է լայն քննարկումների՝ կարևորելով հանրային կարծիքը: