Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՃԱՆԱՉԻ՛Ր ԻՆՔԴ ՔԵԶ․ «Ծանեայ զքեզ»․ ԳՊՀ Ռուզաննա Հակոբյան

info
Yazar:
info
00:03, pazartesi, 19 haziran, 2017
ՃԱՆԱՉԻ՛Ր ԻՆՔԴ ՔԵԶ․ «Ծանեայ զքեզ»․ ԳՊՀ Ռուզաննա Հակոբյան

Գավառի պետական համալսարանի «Վերնատուն» ակումբի շրջանակներում «Իմ անկեղծ «ես» -ը» խորագրի ներքո Ձեզ ենք ներկայացնում ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ անցկացրած հարցազրույցը։
    
    
    

ՃԱՆԱՉԻ՛Ր ԻՆՔԴ ՔԵԶ

«Ծանեայ զքեզ»


    
     - Տիկի'ն Հակոբյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ է ինքնաճանաչողությունը։
    
     - Ինքնաճանաչողությունը ներհայեցողական ինքնաքննությունն է, սեփական էությանը հաղորդ լինելը, անձի կողմից իր հոգու և նրա գործառույթների վերլուծությունը, իր մարդկային «Ես» -ի որակների բացահայտումը։ Մարդը կարող է ճանաչել ինքն իրեն՝ անընդհատ հոգևոր աշխատանք կատարելով, մշտական մտավոր, բարոյական աճ ու զարգացում ապահովելով։ Ինքնաճանաչողությունը արվեստ է, հատուկ շնորհ, կարողություն, բարդ ու դժվարին գիտություն։ Այն անձի ու ինքն իր ապրած կյանքի իմաստավորման անվերջ ընթացքն է, անձի կողմից իր մեջ մարդու և մարդկայինի փնտրտուքը։ Մարդիկ ոչ միայն գոյատևում են Երկիր մոլորակի վրա, այլև գոյակցում։ Մարդիկ ապրում են հասարակության մեջ, ուստի պետք է պահպանեն սոցիալական համակեցության կանոնները։ Եվ որպեսզի ցանկալի հաշվեկշիռ ապահովեն իրենց «Ես» -ի և հասարակական պահանջների միջև, պետք է ճանաչեն իրենք իրենց ու կարողանան ինքնաճանաչման ու հասարակական պահանջները գնահատելու ճանապարհով ստեղծել արժեքների ճիշտ հաշվեկշիռ։ Կարծում եմ, երջանիկ կյանքը անձի կողմից իր «Ես» -ի և «Մենք» -ի միջև ձևավորած ներդաշնակությունն է, բոլորի կողմից ընդունելի սահմանը գտնելը։


     – Որքանո՞վ է կարևոր այսօրվա երիտասարդի համար թափանցել իր ներաշխարհը և ճանաչել սեփական «ԵՍ» -ը։
    
    
- Դելփյան տաճարի վրա փորագրված էր՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ» ։ Աշխարհաճանաչողությունը սկսվում է ինքնաճանաչողությունից։ Մենք չենք կարող մարդկանց հասկանալ, ընկալել և աշխարհի ու մարդկանց հետ արդյունավետ հարաբերություններ կառուցել այնքան ժամանակ, քանի դեռ չենք ճանաչում ինքներս մեզ։ Ինքնաճանաչողությունն անընդհատ գործընթաց է։ Մարդը մշտապես ինքն իր հետ երկխոսության մեջ է։ Ներհայեցողության շնորհիվ, իր հետ ներքին, ներդաշնակ հարաբերությունների ձևավորման ընթացքում անձն անընդհատ պեղում ու իր մեջ հայտնաբերում է նոր որակներ և այդպիսով կարողանում է ավելի լավ հասկանալ իր միջավայրը, աշխարհը, մարդկանց։ Այսօրվա երիտասարդի համար ինքնաճանաչողությունը շատ կարևոր է։ Անհրաժեշտ է անկեղծ ներքին երկխոսություն, իր անձնական որակների, ներուժի բացահայտում։ Մարդը ներկայանում է տարբեր սոցիալական դերերով. դա օբյեկտիվ երևույթ է։ Անձը հանդես է գալիս որպես հայր, մայր, ընկեր, բարեկամ, գործընկեր, քաղաքացի։ Կան բազում սոցիալական դերեր, և այդ դերերում հանդես է գալիս մեր «Ես» -ը՝ իր տարբեր դրսևորումներով: Օրինակ, բուհում բոլորս համալսարանական ենք, ընտանիքում մենք այլ սոցիալական դերակատարություն ունենք՝ մեր համապատասխան գործառույթներով։ Այսինքն՝ կամենանք, թե ոչ՝ մեր սոցիալական դերերը շատ են... Սակայն, երբ խոսքը վերաբերում է անձի էությանը, կա մեկ «Ես» ։ Մարդը, իմ կարծիքով, ինքն իր հետ ներդաշնակ ու խաղաղ է ապրում, եթե իր իրական «Ես» -ն է ճանաչում և իր անպաճույճ «Ես» -ով հանդես գալիս ամեն օր և ամենուր։ Մարդը պետք է միշտ ազնիվ ու անկեղծ լինի, որպեսզի կարիք չունենա կեղծելու կամ ինքն իրեն այլ կերպ ներկայացնելու։ Մարդու անկեղծ «Ես» -ը անձի էությունն է, այն է, ինչը կա իրականում։


     – Որքանո՞վ են այսօրվա երիտասարդները շփվում իրենց «Ես» -ի հետ։
    
     – Մենք ունենք խելացի և խոստումնալից երիտասարդություն, որոնց հետաքրքրում են թե՛ սեփական ինքնության, թե՛ ազգային ինքնության շերտերի բացահայտման հարցերը։ Յուրաքանչյուր երիտասարդ յուրովի է անցնում ինքնաճանաչողության, ինչպես նաև մեկմեկու ճանաչելու և աշխարհաճանաչողության իր ճանապարհը։
     Պետք է նկատել, որ մեր օրերում երիտասարդները միմյանց հետ հաճախ շփվում են համացանցի, սոցկայքերի միջոցով։ Այդուհանդերձ, կարծում եմ, չպետք է տուժեն միջանձնային կենդանի կապերը, որպեսզի անձի սոցիալականացումը ընթանա ոչ թե վիրտուալ, այլ իրական կյանքի թելադրած կանոններով։ Մենք այսօր ապրում ենք շատ լարված, տեխնոլոգիական դարաշրջանում։ Այս պայմաններում կա մտավախություն, որ երիտասարդը կարող է օտարվել իր «Ես» -ից, անգամ լավ չճանաչել իր մարդկային էությունը։ Ուստի, խնդիր ունենք խրախուսելու երիտասարդներին՝ ջանադիր սովորելու, ընթերցելու, ծանոթանալու հայ և համաշխարհային գրականությանը, արվեստին, բացահայտելու բնության գեղեցկությունը, ճանաչելու իր կարողությունները, սովորելու խորհել և հանդես գալու անկեղծ «Ես» -ով։ Այն ուսանողները, ովքեր գրիչը վերցրին ու գրեցին էսսե՝ «Իմ անկեղծ «Ես» -ը» թեմայով, արդեն իսկ քայլ կատարեցին դեպի իրենք իրենց։ Ինչպես արդեն նշեցի, իմ խորին համոզմամբ, անհնար է ճանաչել աշխարհը, տիեզերքը, մարդկանց, առանց ճանաչելու սեփական «Ես» -ը։ Բնության հրաշք ստեղծագործությունը, արարչագործության պսակը Մարդն է։ Մարդու համար էլ ամենամեծ առեղծվածը հենց ինքն է։ Ուստի, մարդու ինքնաբացահայտումը անընդհատ գործընթաց է։ Երիտասարդները պետք է ճանաչեն իրենց անձը, որպեսզի կարողանան արժանապատիվ ապրել կյանքը, ի զորու լինեն կերտելու իրենք իրենց, տիրապետեն ինքնակառավարման և մշտապես անձնային աճ ապահովելու արվեստին։ Եթե անձին հաջողվում է ճանաչել ինքն իրեն, նա կկարողանա քայլել սեփական կարողությունների բարելավման ու ինքնակատարելագործման ճանապարհով։
     Այսպիսով, մաղթում եմ երիտասարդներին, որ ճանաչեն իրենց «անկեղծ ես-ը», սեփական էությունը հնարավորինս ճիշտ ընկալեն և գնահատեն։ Միայն ինքնաճանաչման բավիղներով անցած երիտասարդը կարող է դառնալ պայծառ մտքով, հզոր ոգով, ամուր կամքով, կայացած ու հայրենասեր անհատ։
    
    

Հարցազրույցը վարեցին ԳՊՀ ուսանողներ
     Սիրուշ Սարգսյանը և Հովհաննես Օհանյանը

Kaynak: 15.06.2017
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4160 | 0 | 0
Facebook