Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«National Interest». Լեռնային Ղարաբաղը պատրաստ է եւս մեկ պատերազմի

18:19, pazar, 09 ekim, 2016
«National Interest». Լեռնային Ղարաբաղը պատրաստ է եւս մեկ պատերազմի

Հազիվ թե կարելի է ինչ-որ բանով զարմացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներին, սակայն մի քանի ամիս առաջ դա տեղի ունեցավ: Այս մասին «National Interest» -ում հրապարակված հոդվածում գրում է Միկախ Սփանգլերը:

Նա վկայակոչում է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, որը լրագրողի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմը բացարձակ անակնկալ էր:

Հեղինակի խոսքով՝ սխալ է ենթադրել, որ դա չի կարող նորից տեղի ունենալ, սակայն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը «զգալի քայլեր են ձեռնարկել՝ երաշխավորելու համար, որ Ադրբեջանը կրկին հանկարծակիի չբերի իրենց»:

«Մենք ակտիվորեն, շատ ինտենսիվ ամրապնդում ենք շփման գիծը», - նշել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Ապրիլին մենք բավականաչափ տեսախցիկներ չունեինք առաջնագծում: Հիմա C4ISR ժամանակակից համակարգ ենք տեղադրում, որը թույլ է տալիս որոշակի խորությամբ հետեւել ամբողջ շփման գծին», - ասել է նա:

«Օգտագործելով այս նոր, կատարելագործված համակարգը՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հավաստում է, որ իրենք ի վիճակի կլինեն «զգալիորեն նվազեցնել Ադրբեջանի անսպասելի հարձակման հավանականությունը, քանի որ խորքում՝ Ադրբեջանում, ցանկացած շարժում» տեսախցիկները կհայտնաբերեն՝ ղարաբաղյան բանակին հնարավորություն ընձեռելով պատրաստվել ուժեղ պաշտպանության եւ հակահարձակման, ինչպես նաեւ նախապես պատրաստել եւ զինել իրենց զորամասերը», - գրում է հեղինակը:

Նա նշում է, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Մոսկվան համաձայնել է Երեւանին 200 մլն դոլար տրամադրել՝ նվազեցված գներով արդիականացված ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Գործարքը, ըստ նրա, մշակվել է ապրիլյան պատերազմից շատ առաջ: Միաժամանակ, Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ներդրել ռուսական արտադրության զենք գնելու համար:

«Մինչ Լեռնային Ղարաբաղը համեստորեն է խոսում այն մասին, արդյո՞ք նոր զենքն անմիջական օգուտ կբերի իր զինված ուժերին, տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ ռազմական տեխնիկան ինչ-որ պահի կճանապարհվի դեպի դե-ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», - գրում է հեղինակը:

Լրագրողի հետ զրույցում Արտակ Բեգլարյանը նաեւ ընդգծել է, որ ապրիլյան պատերազմը սկսվեց մի շարք պատճառներով՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: «Դա ամենահարմար պահն էր Ադրբեջանի համար՝ հայկական կողմերի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական անհավասարակշռությունն օգտագործելու փորձ կատարելու նպատակով: Այդ պահին Ադրբեջանն ավելի շատ զենք էր ձեռք բերում, իսկ Հայաստանը նոր սպառազինություն չէր ստանում: Ադրբեջանը գիտեր դա եւ փորձեց օգտագործել այդ հնարավորությունը», - կարծում է Բեգլարյանը:

Հեղինակի կարծիքով՝ ռազմավարական անհավասարակշռություն դեռեւս կա, եւ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի լիազորություններն ընդլայնող վիճելի սահմանադրական հանրաքվեից հետո աճող լարվածության, ինչպես նաեւ կտրուկ անկում ապրող տնտեսության պայմաններում «Լեռնային Ղարաբաղը, իհարկե, կարծում է, որ եւս մեկ հարձակում է սպասվում»:

Բեգլարյանի կարծիքով՝ եւս մեկ պատերազմ հնարավոր է «մինչեւ ընթացիկ տարեվերջ»: Նրա հետ համակարծիք է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ քանի դեռ հակամարտության քաղաքական բաղադրիչը չլուծվի, Ադրբեջանը միշտ կձգվի դրա ռազմական լուծման:

«Եթե դա տեղի չունենա, կարծում եմ այն պահին, երբ Ադրբեջանում տնտեսական կամ քաղաքական ճգնաժամ սկսվի, նրանք հակամարտության սրումը որպես գործիք կօգտագործեն՝ Բաքվում, այսպես կոչված, «կայունությունը» կաառավարելու համար: Տեղեկությունների համաձայն՝ հաջորդ հարձակումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին», - ասել է Պողոսյանը:

Հեղինակն ընդգծում է, որ եթե դա տեղի ունենա, ապա տասն ամսվա ընթացքում երկրորդ բախումը կդառնա Լեռնային Ղարաբաղի համար եւ, հնարավոր է, դա աշխարհին կրկին կհիշեցնի, որ այդքան երկար անտեսված սառեցված հակամարտությունը սկսել է թեժանալ:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3003 | 0 | 0
Facebook