Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին (նախորդի շարունակությունը)

09:12, Воскресенье, 19 Августа, 2018 года
Վհուկների գիշերաժողովի կամ նրանց շվայտ խրախճանքի մասին (նախորդի շարունակությունը)

Նույն Կրեպեն պատմում է Ժնևի դատարանում քննված գործի մասին: Դատել են մի կնոջ, որը խղճի խայթ զգալով, հրապարակայնորեն խոստովանել է, որ ինքը վաղուց մասնակցում է գիշերահավաքների, որոնց ժամանակ սատանայի երկրպագություն է տեղի ունենում: Այդ հավաքների ժամանակ սատանան շեկ աղվեսի կերպարանք է առել, և բոլորը նրան «Մորգե» են անվանել: Հավաքի բոլոր մասնակիցները պետք է շրթունքներով հպվեին այդ աղվեսին, ընդ որում աղվեսի մարմնի այն մասը, որին հպվել են ժողովականները, սառցի նման սառն է եղել ու անտանելի գարշահոտություն է արձակել: Մի անգամ վհուկների մեջ մի երիտասարդ աղջիկ է հայտնվել, որը կտրականապես հրաժարվել է գարշելի ծեսը կատարել: Այդժամ սատանան մարդու կերպարանք է առել ու աղջկան ստիպել է իր ոտքերի առաջ պառկել, որոնք նույնպես սառն են եղել, մատներով հպվել է նրա ճակատին՝ սարսափելի ցավ պատճառելով: Նա նաև պատմել է, թե գիշերահավաքին մեկնելու համար ինքն օգտագործել է մի առանձնահատուկ մահակ, որն սպիտակ գույնի է եղել՝ ծածկված կարմիր բծերով: Նա այդ մահակին հետևյալն է հրամայել. «Կարմրասպիտակ մահա՛կ, տա՛ր ինձ այնտեղ, ուր սատանան կկարգադրի»: Դրանից հետո նա հեծնել է մահակին ու սլացել սատանայական հավաքատեղի:

Այս նույն գրքում պատմվում է Վենետիկում տեղի ունեցած մի դեպքի մասին: Կեսգիշերին արթնացած մի երիտասարդ աղջիկ տեսնում է, թե ինչպես է իր մայրն անկողնուց ելնում, շապիկն հագնում, մարմնին ինչ-որ յուղ քսում, հետո հեծնում է մի ձողի, բարձրանում է օդ, պատուհանից դուրս է գալիս ու աչքից կորչում է: Աղջիկն ինքն էլ է նույն գործողությունները կատարում. նրան մի անտեսանելի ուժ է համակում, ու նա մոր հետևից սլանում է: Բայց երբ գիշերահավաքի վայր է հասնում ու տեսնում է սատանաներին, սարսափով է համակվում: Նա անմիջապես խաչակնքվում է ու սկսում է աղոթել: Այդժամ սատանայական հավաքը ցնդում է, և աղջիկը մենակ է մնում անմարդաբնակ դաշտի կենտրոնում:

Պատումներն այն մասին, թե ինչպես է պատահական վկան տեսել վհուկների հավաքույթն ու ինքն էլ ձգտել է դրան մասնակցել, բազմաթիվ են: Այս ֆանտաստիկ թեմային անդրադարձել է նաև ռուս բանաստեղծ Պուշկինը իր «Հուսարական բալլադ» -ում:

Ներկայացնեմ այդպիսի պատմություններից մեկը: Այս դեպքում էլ մի ձիապան նկատում է, թե ինչպես իր այրիացած տիրուհին մի անգամ գիշերը խորդանոց է մտնում, ափլփելով գտնում է եղանը, հեծնում այն ու անհետանում: Ձիապանը նրա հետևից մտնում է խորդանոց, մեկ ուրիշ եղան է վերցնում, հեծնում է այն և սլանում: Մի քանի վայրկյան անց նա հայտնվում է դիվային հավաքույթում: Տեսնելով նրան՝ տիրուհին շատ է անհանգստանում ու սատանաներին հավատացնում է, թե իր ձիապանը շատ վտանգավոր մարդ է, կարող է բոլորին մատնել ու բոլորին կործանել: Սատանաները թափվում են տարաբախտ ձիապանի վրա՝ մտադրություն ունենալով նրան սպանել, բայց վերջինս սկսում է նրանց դժոխային բոլոր ուժերի անունով երդվել, թե ոչ մեկին ոչինչ չի ասի և որ ինքն անձամբ պատրաստ է դառնալ այդ ընկերակցության անդամ ու միշտ մասնակցել գիշերահավաքներին: Երկարատև քննարկումներից հետո սատանաները որոշում են նրան հավատալ ու թույլ են տալիս, որ նա մասնակցի իրենց դիվական խրախճանքներին: Հետաքրքիրն այն է, որ այս պատնությունը ներկայացնող հեղինակը հպանցիկորեն այս բոլոր հավաքները «սինագոգ» է անվանում: Այս բառով նա ուզում է իր ընթերցողների մեջ թշնամանք հարուցել հրեաների նկատմամբ՝ ցանկանալով նույնացնել սատանայակ ահավաքներն ու հրեությունը:

Հետո, երբ խրախճանքն ավարտին է մոտենում, ձիապանի տիրուհին նորից սկսում է տագնապել ու սատանաների հետ փսփսալ այն մասին, թե ինչպես պետք է վարվել նրա հետ՝ խեղդամա՞հ անել, թե անվնաս տուն հասցնել: Քննարկում են, քննարկում, և հանգում են հետևյալ եզրակացությանը. «Քանի որ ձիապանը երդվել է, պետք է այդ երդմանը հավատալ»: Այրի տիրուհին հանձն է առնում նրան տուն հասցնել: Նա նրան նստեցնում է իր ուսերին ու ճանապարհ է ընկնում: Բայց ճանապարհին եղեգնապատ ճահիճ է հանդիպում, և տիրուհին դարձյալ սկսում է մտածել, թե ձիապանը կարող է մատնել ու որոշում է նրան ճահիճը նետել: Այդպես էլ անում է՝ հույս ունենալով, թե նա այնտեղ կխեղդվի: Բայց տիրուհին նրան խիտ աճած եղեգների հատվածում էր ճահիճը նետել, որոնք էլ թույլ չեն տալիս, որ նա խեղդվի: Ամբողջ գիշեր նա ճահճում է մնում, իսկ առավոտյան անցորդները, լսելով նրա աղաղակը, փրկում են նրան: Գործը հասնում է բնակավայրի ղեկավարությանը, վհուկին ձերբակալում են, և նա կամավոր, առանց կտտանքների «օգնության» խոստովանում է իր բոլոր չարագործությունները: Բայց դա նրան չի փրկում, և նրան խարույկ են բարձրացնում:

Եղել են նաև դատավորներ ու ինկվիզիտորներ, որոնք համակվել են դիվական խաղերն անձամբ տեսնելու ցանկությամբ: «Դիվամոլություն» գրքում աստվածաբան Բոդենը պատմում է, թե իտալական քաղաքներից մեկում, որտեղ գոյություն է ունեցել ինկվիզիցիոն դատարան, երկու ինկվիզիտոր, լսելով կախարդների ու վհուկների ցուցմունքներն այն մասին, թե ինչեր են տեղի ունենում վհուկական գիշերահավաքներում, սարսափել են այդ պատմություններից ու գրեթե հրաժարվել են դրանց հավատալ: Եվ, ահա, առաջնորդվելով «բարի» հետաքրքրասիրությամբ, նրանք խնդրել են իրենց ձեռքն ընկած կախարդուհիներից մեկին, որ նա իրենց տանի գիշերահավաքի, բնականաբար, խոստանալով, որ կմեղմվի նրա պատիժը: Ինկվիզիտորները միշտ էլ այդպիսի խոստումներ տվել են, նախապես իմանալով, որ այդ խոստումները չեն կատարելու, որովհետև հերձվածողին տրված խոստումը ոչ մի դեպքում ոչինչ չի պարտավորեցնում: Խոստմանը հավատացած կախարդուհին բարեխղճորեն կատարում է նրանց խնդրանքը: Նա նրանց հասցնում է գիշերային խրախճավայր- «սինագոգ» ու այնտեղ նրանց նստեցնում է մի այնպիսի ծածուկ տեղ, որտեղից նրանք ամեն ինչ կարող էին տեսնել՝ մնալով աննկատ: Ինկվիզիտորները տեսնում են և՛ սատանային երկրպագելը, և՛ նրան տրված ծիսական համբույրը, և՛ դևերի հետ վհուկների անպատկառ հարաբերությունները, և՛ մեջք մեջքի պարերը, և՛ ճաշկերույթը, և՛ կաթոլիկ սրբությունների անարգումը: Միայն թե բարեպաշտ հոգևորականներն իզուր են հույս տածել, թե աննկատ կմանան: Սատանաները նրանց շատ լավ տեսել են, բայց ձևացրել են, թե չեն նկատում: Երբ դժոխային պարահանդեսն ավարտին է մոտեցել, սատանաները թափվել են նրանց վրա ու այնպես են սղկել, որ երկու շաբաթ անց նրանք մահացել են:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5888 | 0 | 0
Facebook