Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ի՞նչ է իրականում կատարվում Ամուլսարում. Հեղափոխություն չենք արել նոր գեներալ-մանվելներ ստեղծելու համար

17:48, Пятница, 13 Июля, 2018 года
Ի՞նչ է իրականում կատարվում Ամուլսարում. Հեղափոխություն չենք արել նոր գեներալ-մանվելներ ստեղծելու համար

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ջերմուկում ծավալված բուռն քննարկումները և իրադարձությունները ունեն շատ հակասական և կասկածելի բնույթ: Իսկ ի՞նչ է իրականում կատարվում: Սկսեմ ամենասկզբից…
    
    

Երբ ամբողջ Հայաստանում թևածում էր հեղախոխությունը և բոլոր քաղաքներում դուրս էին եկել ցույցերի, Ջերմուկում տիեզերական քար լռություն էր: Այս քաղաքում մարդիկ ապրել և ապրում են ստրկացած՝ վախենալով տիրոջից՝ Աշոտ Արսենյանից, ով պատրաստվում էր իր որդուն դարձնել քաղաքապետ, և դրա մասին խոսում էին բոլորը ու վստահ էին, որ նա է լինելու: Չէ՞ որ տարիներ շարունակ այս փոքր քաղաքում մարդկանց դրդել են արտագաղթի և, այսպես ասած, չեն թողել այստեղ դեմքեր ու կերպարներ երևան:
    
     Խոսում են, թե ինչպես օրինակ տարիներ առաջ ջերմուկցի դուխով Ռուստամին Արսենյանը կարողացավ ուրիշների ձեռքով ֆիզիկապես վերացնել, քանի որ հոգեպես ընկճել չէր հաջողվում: Խոսում են նաև, որ հեղափոխության օրերին ով փորձել է դուրս գալ և միանալ հեղափոխականներին, ենթարկվել է տարատեսակ շանտաժների և սպառնալիքների: Այս քաղաքում մինչև հիմա բոլորը վախի մեջ են ու նույնիսկ չեն հավատում, որ հեղափոխություն է եղել, որովհետև այստեղ դեռ մի «ասող» կա, ով այսօր քաղաքը խառնել է իրար ու մարդկանց հանել միմյանց դեմ, նույնիսկ ընդդեմ նոր իշխանության, իսկ ինքը մնացել ստվերում:
    
    

Ամուլսարի դեմ պայքարը սկսվեց հեղափոխությունից հետո, երբ մի քանի միամիտ դուխով երիտասարդներ, հեղափոխության ոգևորվածության ներքո դուրս եկան պայքարի: Չկարողանալով ու չհամարձակվելով դուրս գալ իրական վտանգավոր մարդու դեմ ՝ ընտրեցին չեզոք Ամուլսարը, որին դեմ է Ջերմուկի գրեթե ողջ ժողովուրդը: Գնալով սկսեցին այդ խմբին միանալ այնպիսի մարդիկ, ովքեր հրահրեցին ու շարժումը հասցրեցին սաբոտաժի, ինչպես վարչապետն ասաց: Եվ քանի որ այս երիտասրդները կարող է ապագայում դառնային վտանգ ու մրցակից Ա. Արսենյանի որդու համար, ապա այս երիտասարդներին սկսեցին ուղղակիորեն խաղացնել: Սկսենք այդ «պայքար» կոչվածի դեմքերից:
    
    

Վազգեն Գալստյանը այն մարդն է Ջերմուկում, որին բոլորը գիտեն որպես փողով խոսացող մարդ: Ըստ իր խոսքերի, որոնք գլուխ է գովել տարբեր մարդկանց մոտ, 2008թ. շաբաթը երկու անգամ նա հանդիպել է Ա. Արսենյանին Ամուլսարի թեմաներով: Իսկ հիմա նրանց կարող ենք տեսնել ամեն առավոտ Ջերմուկի ըմպելասրահում զբոսնելիս ու զրուցելիս, իսկ, թե ինչի մասին են խոսում՝ դա արդեն կարող ենք ենթադրել: Վազգենի ղեկավարած հասարակական կազմակերպությունը բացվել է 6 տարի առաջ քաղաքապետարանի կողմից այն ժամանակ, երբ սկսվեցին ավելի ակտիվ շրջանառվել Ամուլսարի թեմաները: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Ջերմուկի զարգացման հիմնադրամը» հիմնադրվեցին հենց այս շրջանում՝ քաղաքապետարանին «օգնելու» համար:
    
     Տարիներ շարունակ և հատկապես վերջին օրերին, Վ, Գալստյանին կարող էիք տեսնել քաղաքապետարանից դուրս գալուց, այսինքն ամեն օր այս մարդը հանդիպել է քաղաքապետին, իսկ թե ինչու՝ դատեք ինքներդ: Շատ ջերմուկցիներ խոսում են, որ նա բնակարան է գնել Երևանում (այս մասին մարդկանց ասել է նրա հայրը, ըստ որի, այդ գումարը նրան տվել են իր մատուցած «ծառայությունների համար»), ունի թանկարժեք մեքենա, և վերջերս մեծ տարածք է գնել Ջերմուկում: Այս ամենը ճշտելու հարցով կարծում եմ պիտի աշխատեն իրավապահները, թե որտեղից խոտաբույսեր ծախողին այսքան գումար: Նշեմ նաև, որ նրա դեմ էին նաև բնապահպանները, ովքեր ապացուցում էին, որ Վ. Գալստյանը Լիդիան Արմենիայից գումար է ստացել կամ ստանալու՝ լինելով նրա դեմ «պայքարող ակտիվիստ»: Այսպիսով այս երիտասարդին, ում չեն ընդունում ու վստահում տեղացիները, աճեցրել է Ա. Արսենյանը, որպեսզի տարբեր լարերի վրա խաղացնի, իսկ այս դեպքում նաև պառակտի երիտասարդներին, որպեսզի Ջերմուկում նոր առողջ ուժեր չձևավորվեն ու միակ ու անկրկնելի թեկնածուն լինի իր որդին:


    

Նարեկ Միրզոյանը, ում Ջերմուկում բոլորը գիտեն որպես երևակայական խնդիրներ ունեցող, գործ տվող Արսենյանների մանկլավիկ ու Ֆեյսբուքի «անկապ» ստատուսագիր, այսօր դարձել է լրագրող: Այս մարդը տարիներ շարունակ քծնել է Արսենյաններին և իր ֆեյսբուքյան էջից, ենթադրելով նաև, որ ինքը Ջերմուկ Գրուպի մամուլի քարտուղարն է, ակտիվ մասնակցություն է ունեցել Արսենյանի նախընտրական քարոզարշավին:


    

Գագիկ Ստեփանյանը ավագանու անդամ է, Վայոց Ձորի նախկին ՀՀԿ մարզպետ Հարություն Սարգսյանի փեսան է, իսկ հայրը՝ Ստեփան Ստեփանյանը, Կեչուտի դպրոցի տնօրենը, ով տարիներ շարունակ կեղծել է ընտրությունները՝ լինելով ընտրական հանձնաժողովի նախագահ և ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ: Ըստ որոշ տեղեկությունների, այս մարդն ունի կեղծ դիպլոմ և տարիներ շարունակ իր ազգականներին գրանցելով աշխատանքի դպրոցում ՝ պետությունից գրպանել է մեծ գումարներ: Իսկ հիմա ցանկանում է իր տղային դարձնել քաղաքի դեմք:
    
     Շրջանառվում է, որ ցանկություն ունի քաղաքապետ դարձնելու (Կրության և Գիտության նախարարությունը այս հարցով պիտի լուրջ զբաղվի ու ազատագրի դպրոցը կուսակցական հին կաշառակերից): Գագիկի հորեղբայրը՝ Կորյուն Ստեփանյանը, տարիներ շարունակ եղել է Աշոտ Արսենյանի զինվորն ու շինարարական կազմակերպությամբ փողեր լվացողը: Այս մարդկանց տեղացիները ասում են չեչեն, քանի որ ունեցել են բռնաբարության և մարդասպանության հոդվածներ (այս մասին հաստատ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ինֆորմացիա կունենան): Բացի դա, սրանց տղաները մի քանի տարի առաջ Ոստիկանության դիմաց ծեծել էին ոստիկանին, իսկ Կորյունի մեծ որդին, որը HYatt Place հյուրանոցի սեփականատեր, Սերժ Սարգսյանի ամենամոտ մարդկանցից մեկի՝ միլիոնատեր Սամվել Սարգսյանի փեսան է, բանակում մահամերձության աստիճանի ծեծել էր զինվորի: Իսկ այսօր կուլիսներից ու նաև ցույցի բեմից հանդես են գալիս ու ֆինանսավորում ցուցարարներին:


    

Արթուր Գրիգորյանը, ով Ջերմուկում հայտնի է, որպես «խելառ» մականվամբ, որը ձեռք է բերել իր անադեկվատ պահվածքի և տարիներ շարունակ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եղել՝ խուլիգանական պահվածքի և արարքների համար: Ասում են նաև, որ հարբած աշխատանքի է գնացել, աշխատելով Լիդիանի կապալառու կազմակերպություններից մեկում, որի պատճառով հեռացրել են աշխատանքից: Նա էլ, հավաքելով իր նման թաղային խուլիգաններին, փորձել է հարձակվել Լիդիանի աշխատակցի վրա, ասելով, որ Ջերմուկը իրենցն է, ինչ ուզեն կանեն, ու ոչ մի արտասահմանցի իրավունք չունի «իրենց հողում» փորձի կանոններ թելադրել (Այդ մասին ճշգրիտ տեղեկություն կարող է տալ ՀՀ Ոստիկանությունը):
    
    

Շատ կասկածելի է Ջերմուկի որոշ հյուրանոցների տերերի ակտիվությունն այս գործում: Լինելով անկախ բիզնես և միշտ իմանալով հանքի մասին՝ լռել են: Ի՞նչու: Չէ որ ոչ աշխատանքից էին հեռացնելու, ոչ էլ բան ունեին կորցնելու: Իսկ ի՞նչու էին այսօր իրենց բիզնեսի մասին անհանգստացողները տարիներ շարունակ լռում: Հենց նո՞ր հասկացան, որ դա վնաս է: Եթե Ամուլսարն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ վարչապետին մի քանի օր ժամանակ չեն տալիս, ապա ինչու էին այդքան լուռ: Թե՞ իրավիճակ է փոխվել, կամ միգուցե մի օրում այդ ծրագիրը լավից փոխվեց վատի: Կամ էլ միգուցե քաղաքական ֆոնի վրա է, չգիտեմ: Դա պարզ կլինի հետագայում, երբ սկսեն քաղաքապետի աթոռի կռիվ տալ: Կամ միգուցե չեն ուզում կորցնել էժան աշխատուժը, չէ որ մարդիկ 10 ժամից ավելի աշխատում են ու ստանում առավելագույնը 100000դրամ:
    
    

Հիմա խոսենք մի փոքր այլ հարցի շուրջ։ Ջերմուկում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ով փորձում է մի փոքր այլ կարծիք հայտնել, ենթարկվում է լկտի և սանձարձակ հարձակման: Օրինակ, ցուցարարները ահաբեկել են մի տեղացի աղջկա, ով փոխվարչապետի հայտարարության տակ կարծիք էր գրել։ Նրան սպառնացել են, որ «կփչացնեն» նրա եղբորը: Նշեմ նաև, որ քանզի Ջերմուկում բոլորն իրար ճանաչում են, այդ պատճառով շատ հաճախ մարդիկ չեն կարողանում դուրս գալ ու խոսել, բարձրաձայնել այս ամենի մասին: Այս առումով, կարծում եմ՝ մենք հեղափոխություն չենք արել նոր գեներալ-մանվելներ ստեղծելու համար, այլ արել ենք իրավական երկիր կառուցելու:
    
    

Այս ցույցի մասնակիցների մեծ մասը հենց Արսենյանի հարազատներն են, որոնք չգիտես ինչու հենց նոր հիշեցին Ամուլսարի մասին, որի դեմ միշտ խոսում էր ժողովուրդը, իսկ վերջինիս ձայնը տեղ չէր հասնում: Եվ ավելին՝ նրանք ովքեր տարիներ առաջ խոսում էին հանքի դեմ, խնդիրներ էին ունենում տեղական իշխանության հետ: Ինչո՞ւ այս խնդրի մասին նրա հարազատները հիշեցին հենց հիմա ու սկսեցին ուլտիմատում ներկայացնել կառավարությանը, որը այդ խնդրով արդեն իսկ զբաղվում է:
    
    

Ցավոք այս ամենի մասին գիտեն տեղացիները, չնայած Ջերմուկի մասին ապատեղեկատվությունն այս օրերին ավելի շատ է: Քաղաքում շատերն են դեմ հանքարդյունաբերությանը, սակայն այս միջադեպը անհանգստացնում է բոլորին, որովհետև վարչապետի վերջին ելույթից պարզ դարձավ, որ իրականությունը շատ ավելի ողբերգական է: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանի ամենամոտ մարդիկ՝ տարածաշրջանի տերերը, հրահրում են մարդկանց դուրս գալ նոր կառավարության դեմ, որը կունենա թե ներքին, թե արտաքին մեծ խնդիրներ:
    
     Սա պայքար չէ, այլ դավաճանություն է պետության դեմ, որից տուժում ենք բոլորս, իսկ ամենաշատ այն մի քանի միամիտ տղաները, ովքեր ինչ-ինչ գաղափարների համար են դուրս եկել, բայց գործում են թշնամու դաշտում: Որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, ջերմուկցիները վստահում են վարչապետին ու խնդրում այս հարցով զբաղվեն նաև ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Ու, քանի որ Վայոց Ձորում ոչ ոք ու ոչինչ չի փոխվել հեղափոխությունից հետո, հուսանք, որ վերոնշյալ պատկան մարմինները դեռ չեն ենթարկվում նախկին իշխանությանն ու կոնկրետ քայլեր կձեռնարկեն այս փաստերի ուսումնասիրման և բացահայտման ուղղությամբ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13949 | 0 | 0
Facebook