Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ամենածանր օրը

11:22, Четверг, 12 Июля, 2018 года
Ամենածանր օրը
    
    

Մի քիչ նախաբան

Իմ Վիճակագրական վարչությունում աշխատած տարիները, որոնք ինձնից խլեցին լավագույն տարիներիցս երկուսը, իրենց ուրույն տեղն են զբաղեցնում իմ կենսագրության մեջ:
     Ես սովորեցի կյանքին նայել թվերի աչքերով, թվերը վերածել դեպքերի, գտնել համաչափություններ ու կարողանալ համադրել կյանքի այս կամ այն ոլորտին:

Մի քիչ լիրիկա

Իմ Վիճակագրական վարչությունում աշխատած տարիներին, ես գտա աֆորիզմներին շատ մոտիկ արտահայտություններ, անհասկանալի երևույթների համաչափություն, որոնք էլ հետագայում ինձ մտածելու բավականին առիթ տվեցին:
     Ես գտա, որ.
     Աչքերն ունեն իրենց տիեզերքը:
     Ծովի ջուրը աղի չէ, այլ մի քիչ թթվաշ:
     Ամենաերկար ճանապարհը դա դեպի սիրելի մարդը գնացող վերջին քայլն է:
     Որ Երևան քաղաքում կան հարուստ մարդիկ և փող ունեցող մարդիկ:
     Որ կանանց գեղեցիկ նկարներով արտասահմանյան ամսագրերը նայող Երևանյան կանայք իրենց համարում են նվաստացած:
     Որ Երևանի համարյա բոլոր քաղաքացիները հաճախ պարում են մենակ, բայց անպայման հայելու առաջ:
     Տղաներ ծնվում են հիմնականում երկուշաբթի օրը:
     Աղջիկներ՝ ուրբաթ:
     Զույգեր ծնվում են հիմնականում հինգշաբթի գիշերը:
     … Պարզել եմ, որ քեզ նվիրված մարդիկ նրանք չեն ովքեր ամեն կիրակի աղոթում են քեզ համար այլ նրանք ովքեր գիտեն թե քո սուրճի բաժակում որքան պետք է սուրճ կամ շաքարավազ լցնել, որ ժամին մատուցել:
     Երեքշաբթին ամենածանր օրն է:
     Չորեքշաբթին ամենաթեթևը…

Մի քիչ մենախոսություն

Ոչ մեկի մտքով չի անցել գտնել թե, որ օրն է ամենածանրը ու թվում է բոլորին, որ նման օր գոյություն չունի, բայց դա այդպես չէ:
     Իմ վիճակագրական վարչությունում աշխատելու ժամանակ պատահմամբ հայտնաբերեցի, որ Երևան քաղաքի բնակչության հիմնական մասը՝ 87.4 % մահանում է երեքշաբթի օրը:
     Ապշեցուցիչ է, բայց փաստ:
     Չորեքշաբթի արթնանում ես ու մտածում.
     «Մի հնարավորություն ևս մեկ շաբաթ ապրելու համար, հիանալի նվեր է Բարձրյալի կողմից…»

Մի քիչ իրականություն

Երեքշաբթի է:
     Նման հիմար կամ գուցե ինձ խելացի թվացող մտքերով, առանց ուշադրություն դարձնելու արագաչափին, վառելիքը վերջանալու ազդանշան տվող դեղին լույսին, գրպանումս ընդամենը հազար դրամ, առանց բարդույթների իմ բնավորության հետ միասին, վստահ, որ դեռ այս փողոցում տեսախցիկ տեղադրված չէ սլանում էի Բուռնազյան փողոցով դեպի Բաղյան փողոց, սրտի կաթված ստացած, հիվանդանոցում պառկած ընկերոջս մոտ, , երբ լսեցի կարծես հարվածի ձայն:
     Անմիջապես արգելակեցի:
     Երևի անվադողս էր պայթել:
     Իջա մեքենայից ու պտտվելով շուրջը տեսա, որ անվադողերը կարգին են:
     Մայթին կանգնած էր տոնածառի աչք չշոյող խաղալիքի նման ժպտացող մի մանկահասակ տղա:
     - Ե՛ս էի, լավ խփեցի չէ՞, չեմ վնասել ոչինչ, բայց այսօրվա հացիս կտորն էր, պանիրով:
     Ցույց է տալիս մեքենայիս մոտ ընկած հացի կտորին:
     Մոտեցա, չփախավ:
     - Ինչո՞ւ խփեցիր, եթե հանկա՜րծ…
     Ձեռքով ցույց տվեց ոտքերը մի կերպ քարշ տալով փողոցը դանդաղ անցնող մի հղի շան:
     - Մե՜ղք է, բալիկ է ունենալու, չէ՞:
     Լուռ մեկնեցի ունեցածս միակ հազար դրամանոց թղթադրամը:
     - Հաց ու երշիկ կառնես, կամ ինչ ուզում ես, ապրե՛ս:

Մեքենայիս շարժիչը ոչ մի կերպ չենթարկվեց:
     Մտքովս անցավ ընկերս, որ սպասում էր ինձ հիվանդանոցում, աչքերիս առաջ պտտվեց ու անհայտացավ վերջին հազար դրամանոցս, արդեն տեսադաշտից անհայտացած փոքրիկը…
     Հիմար կամ գուցե ինձ խելացի թվացող մտքերով, որ Բարձրյալը հաճախ շշնջում է մեր ականջին այս կամ այն վտանգի մասին ու մենք չենք կարողանում լսել, ստիպված հարվածում է որ ուշքի գանք… Փակեցի մեքենայի դռներն ու ձեռքերս գրպաններս դրած ճանապարհս շարունակեցի ոտքով:

Երեքշաբթի էր…

Ս.Ումառ-Հարությունյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4121 | 0 | 0
Facebook