Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Արարչագործության մասին հոմերոսական և Օրփեոսական առասպելները

09:18, Четверг, 28 Июня, 2018 года
Արարչագործության մասին հոմերոսական և Օրփեոսական առասպելները

Ըստ Հոմերոսի «Իլիական» -ի` բոլոր աստվածներն ու բոլոր կենդանի արարածները գոյացել են ամբողջ աշխարհը ողողած Օվկիանոսի (հին հույներն Օվկիանոսն համարել են արական նախասկիզբ, կամ, այլ կերպ ասած, բոլոր արարածների հայր) հոսանքում, և որ Օվկիանոսի բոլոր զավակների մայրը եղել է Տեթիսը: Հին հույները կարծել են, թե երկիրը շրջապատված է մի վիթխարի գետով (օվկիանոսով), որից սկիզբ են առնում ծովային բոլոր հոսանքները, գետերը և աղբյուրները, օվկիանոսից են ծագում և օվկիանոսում են մայր մտնում արևը, լուսինը և աստղերը` բացի Մեծ արջ համաստեղությունից, որը երբեք չի սուզվում օվկիանոսի մեջ:

Իսկ օրփեոսականները պնդել են, թե սևաթև Գիշերը` այն աստվածուհին, որի առաջ դողացել է նույնիսկ Զևսը, ի վերջո զիջում է իրեն շարունակ հետամտող Քամուն, բեղմնավորվում է ու Մթության արգանդի մեջ արծաթյա ձու է ածում: Ձվից ելնում է Էրոսը և շարժման մեջ է դնում համայն Տիեզերքը: Էրոսը, որին երբեմն նաև Փանես են անվանել, երկսեռ է եղել, նա ոսկե թևեր ու չորս գլուխ է ունեցել: Փանեսի բերաններից ժամանակ առ ժամանակ ցուլի մնչյուն, առյուծի մռնչյուն, օձի ֆշշոց ուոչխարի բառաչ է հնչել: Գիշեր դիցուհին նրա հետ բնակություն է հաստատում քարանձավում` դրսևորվելով որպես երրորդություն` Գիշեր, Կարգ և Արդարություն: Քարանձավի մուտքի մոտ մշտապես հաստատվում է մայր Ռեան ու հարվածում է բրոնզե դափին` մարդկանց ուշադրությունը սևեռելով աստվածուհու պատգամախոսի վրա: Փանեսն արարում է երկիրը, երկինքը, արևն ու լուսինը, բայց Տիեզերքը շարունակում է կառավարել աստվածուհիների եռյակը` այնքան ժամանակ, մինչև որ կառավարման գայիսոնն անցնում է Ուրանոսին:

Հին Հունաստանի ու Թրակիայի խորհրդապաշտական ուսմունքը` «օրփեոսականություն» -ը, կապված է առասպելական բանաստեղծ ու երգիչ Օրփեոսի անվան հետ: Այն ծնունդ է առել մ.թ.ա. մոտավորապես 6-րդ դարում: Հենց այդ ժամանակաշրջանում են գրվել առաջին օրփեոսական հիմները:

Այս ուսմունքն ընդգծված էզոթերիկական (գաղտնագիտական) բնույթ է ունեցել, այսինքն այն ընդգրկել է այնպիսի գիտելիքներ, իրականության ընկալման այնպիսի առանձնահատուկ եղանակներ, որոնք հասու չեն եղել հասարակության լայն շերտերին: Քանի որ էզոթերիկ փորձի հենքի վրա ստացված գիտելիքները չափազանց սուբյեկտիվ են, այդ իսկ պատճառով մեկ միասնական էզոթերիկ ուսմունք գոյություն չունի: Այն հաճախ կեղծ գիտություն է համարվում: Մեր ժամանակներում Էզոթերիկայի շարքին են դասվում մոգությունը, ալքիմիան, աստղաբաշխությունը, գնոստիզմը, կաբալան սուֆիզմը, յոգան, մասոնականությունը:

Քանի որ ներկայում էզոթերիկ ուսմունքները համատարած քարոզվում են, այդ իսկ պատճառով դրանք այլևս չի կարելի գաղտնի ուսմունք համարել դասական իմաստով, դրանք հիմա պարզապես հավակնում են, թե իրենց հասանելի են այն գաղտնիքները, որոնք հասանելի չեն անհաղորդներին, անտեղյակներին:

Բայց վերադառնանք օրփեոսականությանը: Այն որոշ չափով նմանվել է պյութագորասականությանն ու քրիստոնեության նախակարապետն է հանդիսացել:

Օրփեոսականները հավատացել են մահվանից հետո հատուցմանը, մարմնի «զնդանում» գտնվող հոգու անմահությանը, մարյդկային բնության երկատվածությանը չարի ու բարու միջև:

Օրփեոսականության հավատքի հիմնական կորիզը հետևյալն է.

1.Մարդու մեջ ժամանակավորապես բնակվում է աստվածային սկիզբը` դևը (հոգին), որը մարդու մարմնում է հայտնվել նախնական մեղքի պատճառով:

2.Այդ դևը մարմնի հետ չի մեռնում. նա դատապարտված է վերամարմնավորման հետագայի մարմիններում, ու մի շարք վերածնունդներից հետո պետք է փրկագնի նախնական մեղքը:

3. «Օրփեոսական կյանք» -ը մեկուսացած կյանքն է, որի նպատակն է վերջ դնել վերամարմնավորումներին ու հոգին ազատագրել մարմնի կապանքներից:

4.Մաքրվածին (օրփեոսական գաղտնագիտությանը հաղորդակցվածին) մեկ ուրիշ աշխարհում պարգև է խոստացված, իսկ օրփեոսականությանը չհաղորդակցվածներին` պատիժ:

Հոմերոսականն առասպելն արարչագործության մասին պելասգական առասպելի տարատեսակն է (Էվրինոմեի նման, Տեթիսը հառնում է ծովից, իսկ Օվկիանոսը, Օփիոնի նման, ողողում է տիեզերքը):

Օրփեոսական առասպելը մեկ ուրիշ տարբերակ է իրենից ներկայացնում, որի վրա ազդեցություն են ունեցել առավել ուշ շրջանի խորհրդապաշտական ուսմունքը սիրո (Էրոս) մասին և սեռերի միջև իրական հարաբերություններին վերաբերող տեսությունը: Գիշերվա արծաթյա ձուն լուսինն է, քանի որ արծաթը լուսնի մետաղն է համարվել: Ինչպես Էրոտը, այնպես էլ սիրո աստված Ֆանետը բարձրաձայն բզզացող երկնային մեղուն է` Մեծ աստվածուհու որդին: Մեղվանոցն իդեալական հանրապետություն է համարվել. այն նաև հաստատում է Ոսկե դարի մասին առասպելը, երբ մեղրն ուղղակի ծառերից է ծորել: Ռեյան խփել է բրոնզե դափը, որպեսզի մեղուները բույն չդնեն արգելված տեղում ու որպեսզի չար ուժերը վախենան ու մոտ չգան: Միստերիաներում չար ուժերին վախեցնելու տարբերակ է եղել նաև ցուլի մնչյունը: Փաետոն-Նախածնի նման, Փանեսը եղել է արևը, որին օրփեոսականները դարձրել են լույսի խորհրդանիշ, իսկ նրա չորս գլուխները համապատասխանել են այն արարածներին, որոնք խորհրդանշել են տարվա չորս եղանակները: Ըստ Մակրոբիոսի` կոլոֆոնյան պատգամախոսը Փանեսին նույնականացրել է տրանսցենդենտ աստված Յաոյի հետ. Զևսը (խոյ)` Գարուն, Հելիոսը (առյուծ)` Ամառ, Հադեսը (օձ)` Ձմեռ, Դիոնիսոսը (ցուլ)` Նոր տարի:

Հայրիշխանության հաստատման հետ Գիշերվա գայիսոնն անցնում է Ուրանոսին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5084 | 0 | 0
Facebook