Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է

00:31, Вторник, 19 Июня, 2018 года
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է
    

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը Վաղարշապատում՝ Երևանից 20 կմ արևմուտք:


    
Սուրբ Էջմիածինը Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայր է հաստատել Սբ Գրիգոր Լուսավորիչը 303 թ-ին, 484 թ-ին պատմական հանգամանքների բերումով կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Դվին: Ավելի ուշ աթոռանիստը հաստատվել է Կիլիկիայում և հանգրվանել Սսում (1293–1441 թթ.):
1441 թ-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Մայր աթոռը վերահաստատել է Սբ Էջմիածնում: Սկզբնական շրջանում, Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության պայմաններում, Մայր աթոռը հայտնվել է ծանր կացության մեջ և միայն XVII դարում է վերստացել իր ազգային հոգևոր-մշակութային կենտրոնի կարևոր դերը:
Մայր աթոռի հետ են կապված Հայաստանում տեղի ունեցած մի շարք պատմական իրադարձություններ. այստեղ, Սբ Սահակ Պարթևի (388–439 թթ.) կաթողիկոսության օրոք, բացվել է առաջին հայալեզու դպրոցը: Էջմիածնի Մայր տաճարի սպասավոր Ղազար Փարպեցին այստեղ է հիմնել 1-ին մատենադարանը` ձեռագրերի պահոցը: Այդ շրջանում Սբ Էջմիածինը վերածվել է ծաղկող ձեռագրատան, որտեղ ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ու բազմատեսակ ձեռագրեր, ստեղծվել մանրանկարներ: 1771 թ-ին Սիմեոն Երևանցին (1763–80 թթ.) այստեղ է հիմնել Հայաստանում 1-ին տպարանը, իսկ 1860–70-ական թթ-ին Գևորգ Դ կաթողիկոսը՝ գանձատունն ու Գևորգյան ճեմարանը:
1914–16 թթ-ին Սբ Էջմիածինը դարձել է Մեծ եղեռնից փրկվածների ապաստան: 1921–41 թթ. Սբ Էջմիածնի պատմության ամենամռայլ ժամանակներն են. խորհրդային իշխանություններն ազգայնացրել են եկեղեցու սեփականությունը, փակել եկեղեցիներն ու հալածել հոգևորականներին: Միայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45 թթ.) ֆաշիզմի դեմ Հայ եկեղեցու վարած քաղաքականության շնորհիվ մեղմվել է իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. վերադարձվել է եկեղեցու ունեցվածքը, բացվել են գրադարաններն ու ճեմարանը:
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք (1955–94 թթ.) Մայր աթոռը վերազարթոնք է ապրել, իսկ ներկայիս՝ 132-րդ կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնարկել է նոր շինարարական աշխատանքներ:
Մայր աթոռն իրականացնում է նաև Հայորդաց տների, համալսարանների և բանակի հոգևոր հովվությունը, ունի բարեգործական ճաշարաններ ու հիվանդանոցներ:
Մայր աթոռում գործում են Քրիստոնեության դաստիարակության, Միջեկեղեցական հարաբերությունների, հրատարակչական և աստվածաբանական-հայագիտական կենտրոնները, գանձատունը, թանգարաններ և այլն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4550 | 0 | 0
Facebook