Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Դիվահարված լինելու նշաններն ըստ միջնադարյան աստվածաբանների

09:53, Понедельник, 18 Июня, 2018 года
Դիվահարված լինելու նշաններն ըստ միջնադարյան աստվածաբանների

Ընթերցողներիս ներկայացնում եմ առավել մանրամասն տեղեկություններ քրիստոնեական եկեղեցու «հեղինակության ուժով» հասարակությանը պարտադրված այն սնոտի դրսևորումների մասին, որի արմատներն Աստվածաշնչում են ծլարձակել: Ով այն կարդացել է, անշուշտ տեղյակ է դևերին մարդու միջից վտարելու այն անհեթեթ պատմությանը, այն «հրաշք» -ին, որը կատարել է Հիսուսը: Եվ պատահական չէ, որ քրիստոնեական եկեղեցին իր տոտալ իշխանության ժամանակաշրջանում Աստվածաշնչում ընդգրկված այս ստի վրա է կառուցել դևերին մարդկանց միջից արտաքսելու «սուրբ առաքելությունը» ՝ հարյուրամյակներ շարունակ մոլորեցնելով ու սարսափեցնելով միամիտ հավատացյալներին:


     Աստվածաբան կոչեցյալները նունիսկ դևաբանական հատուկ տեսություն էին հորինել, որի համաձայն, նախ՝ պետք է դիվահարվածությունը տարբերակել սատանային կամ դևերին հանձնվելուց:

Ըստ այս տեսության՝ դիվահարները սատանայի այն զոհերն են, որոնք լիովին անմեղ են: Սատանան նրանց տիրել է այդ մարդկանց կամքից անկախ:

Երկրորդները նրանք են, ովքեր կամավոր կերպով սատանայի հետ դաշինք են կնքում, իրենք են սատանային կանչում և պարտավորվում կատարել վերջինիս հանձնարարությունները:

Առաջիններին հոգևորականները միշտ աջակցել են ու հատուկ ծեսերի ու աղոթքների միջոցով նրանց միջից «վտարել են» դևերին:

Երկրորդները, ընդհակառակը, ամեն կերպ թաքնվել են հոգևոր պահապանների զգոն աչքից, իսկ երբ բացահայտվել են, ապա դատվել են՝ որպես հավատի թշնամիներ, հերձվածողներ ու աստվածուրացներ և դաժան դատաստանի են ենթարկվել:

Բայց քանի որ երկու դեպքում էլ սատանան նրանց վրա «իր կնիքն է դրել», այդ իսկ պատճառով կարևոր է եղել իմանալ, թե ինչ նշաններով պետք է ճանաչել դիվահարվածին: Միջնադարի ամբողջ ընթացքում ճանաչման այս արվեստը չափազանց մեծ խնամքով ու ջանադրությամբ մշակվել է:

Մելանթոն ազգանունով մի դիվաբանի կարծիքով թեկուզև գոյություն ունեն կատաղության ու խելագարության բնական պատճառներ, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ սատանան որոշ մարդկանց մեջ բնակվում ու սարսափելի տառապանքներ է պատճառում, նրանց կատաղության դուռն է հասցնում: Ընդ որում, ասում է նա, այդ երևույթների բնական պատճառները կարող են և՛ ակնառու լինել, և՛ բացակայել: Այս կանխակալ համոզմամբ էլ բացատրվել ու մեկնաբանվել են «դիվահարության ցայտուն դրսևորումները» (կատաղություն, ջղաձգություն, դողէրոցք, կարկամ, անհեթեթ շարժումներ, աստվածանարգ ճիչեր և այլն): Բայց մարդուն նրա համար է տրված գիտակցությունը, որպեսզի ամեն ինչ հասկանա, բացատրի ու համակարգի: Եվ միջնադարյան աստվածաբանները, գիտնականները, բժիշկները, փիլիսոփաները ջանք չեն խնայել այդ աստվածահաճո խնդիրը լուծելու համար, իսկ թե ինչի են նրանք հասել, կարելի է դատել հոլանդացի բժշկագիտության դոկտոր Էսեի «Դատողություններ դիվահարության նշանների մասին» գրքի օրինակով: Այն տպագրվել է 1664 թվականին: Հեղինակն ուղղակի թվարկում է դիվահարության բոլոր էական նշանները: Ահա դրանք:

Ըստ նրա՝ մարդը կարող է դիվահարված համարվել՝

1.եթե ինքն անձամբ պնդում է, որ դիվահարված է,

2.եթե այլանդակ կյանքով է ապրում,

3.եթե մարդկանից ինքն իրեն օտարացնում է ու կյանքը միայնության մեջ է անցկացնում,

4.եթե տառապում է արտասովոր նշաններով դրսևորվող երկարատև հիվանդությամբ, եթե չի կարողանում քնել, եթե փսխելիս բերանից սննդի բաղադրիչ չհանդիսացող տարբեր առարկաներ են թափվում,

5.եթե հայհոյում է Աստծուն և հաճախ սատանային է հիշում,

6.եթե սատանայի հետ պայմանագիր է կնքում,

7.եթե նրա դեմքին մարդկանց վախեցնող սարսափազդու արտահայտություն է հայտնվում,

8.եթե նա տրտնջում է ձանձրույթից ու կյանքն ունայն է համարում, եթե նրան համակում է հուսալքությունը,

9.եթե նրան տիրում է կատաղությունը, եթե սկսում է սրա-նրա հետ կռվել,

10.եթե նրան տանջում են չարքերը,

11.եթե նա ճչում է կամ վայրի գազանների ու թռչունների ձայներ արձակում:

17-րդ հարյուրամյակի 30-ական թվականներին տեղի է ունենում դիվահարության գործով ամենանշանավոր դատավարություններից մեկը: Ֆրանսիայի ներկայիս Վիեն դեպարտամենտում գտնվող Լուդեն բնակավայրի Ուրսուլյան կուսանոցի բոլոր միանձնուհիները նդրսևորում են դիվահարության ակնառու նշաններ: Այս դատավարության մասին հետագայում գրվել է բազմաթիվ աստվածաբանական ու գիտական գրքերում: Երբ կուսանոցի ղեկավարությունը սկսում է քննության առնել այս գործը, նրանց առջև «հառնում է» մի շատ դժվարին ու նուրբ հարց՝ ինչպե՞ս վերաբերվել այն բոլոր անհեթեթություններին ու կատակներին, որ դուրս էին տալիս միանձնուհիները: Հանձն չառնելով այդ պատասխանատու խնդրի լուծումը՝ հոգևոր ղեկավարությունը դիմում է Մոնպելյե քաղաքի համալսարանի օգնությանը՝ խնդրելով այդ հաստատության գիտնական այրերին լուծում տալ ծագած հարցերին: Համալսարանի պրոֆեսորների պատասխանները չափազանց բնութագրական են: Դրանցում ամենահետաքրքրականը կասկածի, քննադատության ու նույնիսկ ծաղրի այն ոգին է, որով այն ժամանակվա գիտնականները վերաբերվել են դիվահարության մասին շրջանառվող կարծիքներին: Արժե մի քիչ հանգամանորեն անդրադառնալ հարցերին համալսարանականների տված պատասխաններին:

Առաջին հարցին, թե կարո՞ղ են արդյոք մարմնի ուժգին կծկումները, ջղաձգությունները (օրինակ՝ գլխի հակումը ոտնաթաթերին, ցնցումները, մարմնի անսովոր դիրքերը) դիվահարության նշան հանդիսանալ, համալսարանը հետևյալ պատասխանն է տալիս.

«Ակրոբատները, մարմնամարզիկները և այլ կարգի աճպարարները կարող են կատարել ամենատարբեր անսովոր շարժումներ, նրանք իրենց մարմինը տարբեր եղանակներով ծռմռում են ու պտտում, և կարելի է հաստատել, որ գոյություն չունեն մարմնի այնպիսի շարժումներ կամ այնպիսի կեցվածքներ, որոնք տղամարդիկ կամ կանայք չկարողանան վարժանքների միջոցով անել, քանի որ մարդու մարմնի ջլերը, մկաններն ու ջղերը, երկարատև վարժանքների շնորհիվ, կարելի է ցանկացած ձևով ճկել»:

Այն հարցին, թե կարելի՞ է արդյոք գլխի ուժգին ու կտրուկ տարուբերումները հետ ու առաջ դիվահարության նշան համարել, համալսարանը պատասխանում է.

«Այդ շարժումներըը նույնքան պարզ ու սովորական են, որքան այն շարժումները, որոնց մասին խոսվեց»:

Երրորդ հարց. արդյո՞ք դիվահար են համարվում նրանք, որոնց լեզուն, կոկորդն ու դեմքը ուռած են, նրանք, որոնց դեմքը հանկարծակի կարմրում է ու գունատվում:

Պատասխան. «Կրծքի ընդլայնվելն ու դողդոջալը պայմանավորված է ներշնչումով և արտաշնչումով, իսկ այդպիսի շարժումները լիովին բնական են, և այս դեպքում դիվահարության մասին խոսք լինել չի կարող: Կոկորդի ուռչում կարելի հարուցել շնչառությունը կանգնեցնելով, որը դարձյալ շատ բնական երևույթ է»:

Հաջորդ հացը. կարելի՞ է դիվահարություն համարել զգացողությունների լիակատար բացակայությունը և ցավի հանդեպ լիակատար անզգայությունը:

Այս հարցին համալսարանը պատասխանել է.

«Աղվեսին իր ուսապարկում թաքցրած երիտասարդ սպարտացու օրինակը ցույց է տալիս, որ կարող է այդպես լինել: Աղվեսն սկսել էր կրծել երիտասարդի կողը՝ անասելի ցավ պատճառելով նրան, բայց երիտասարդը, կամքի մեծ ուժ գործադրելով, դիմացել է անասելի ցավին՝ աչքն իսկ չթարթելով: Դա ցույց է տալիս, որ մարդը, մեծ կամք դրսևորելով, կարող է ինքն իրեն ստիպել դիմանալ ցավին՝ ցույց չտալով զգացած ցավի աննշան դրսևորում՝ նույնիսկ ամենատանջալի ցավի դեպքում, էլ ինչ մնաց, որ չդիմանա ասեղի չնչին ծակոցներին կամ թեթևակի այրոցներին: Ընդ որում հայտնի է, որ որոշ մարդկանց մարմնի որոշակի հատվածներ բացարձակ անզգա են ցավի հանդեպ, այն դեպքում, երբ ցավազուրկ մասի շրջակա հատվածները զգայուն են ցավի նկատմամբ: Այսպիսով, այս նշանը ևս չի կարող դիվահարության մասին վկայել»:

Հաջորդ հարցը. արդյո՞ք պետք է դիվահարություն համարել այն դեպքերը, երբ սարսափազդու ջղակծկումների ենթարկված մարդը դիվահալածի հրամանից հետո հանկարծ միանգամից հանդարտվում է:

Համալսարանը պատասխանել է.

«Քանի որ մեր մարմնի շարժումները կատարելապես կամածին են, ապա յուրաքանչյոր ոք կարող է, իր ցանկությամբ, շարժումներ անել կամ չանել: Այդ իսկ պատճառով շարժումների դադարումը, եթե այն համակցված չէ մարդու լիակատար անզգայության հետ, չպիտի համարվի դիվահարություն»:

Հետևել է հաջորդ հարցը. «Պե՞տք է արդյոք մարդուն դիվահար համարել, եթե նա շան նման հաչում է կամ այլ կենդանական ձայներ է արձակում, հատկապես այն դեպքերում, երբ այդ ձայները ելնում են ոչ թե կոկորդից, այլ կրծքի խորքերից»:

Համալսարանը պատասխանել է.

«Մարդու կոկորդն այնպիսի ճարտարությամբ է կառուցված, որ կարող է ցանկացած ձայնն արտաբերել, այդ իսկ պատճառով մարդը կարող է մեծ հմտությամբ կենդանական ցանկացած ձայնն արտաբերել: Ի հավելումն ասվածի, լինում են վարժված մարդիկ, որոնք կարողանում են ձայներն այնպես հնչեցնել, որ թվում է, թե այդ ձայները որովայնից ու նույնիսկ գետնի տակից են հնչում: Այսպիսի մարդկանց «էնգաստրիմներ» («որովայնախոս») են անվանում: Բայց այս բոլոր աճպարարությունները շատ բնական եղնակով են կատարվում»:

Էլի մեկ հարց. Դիվահարության դրսևորում համարվո՞ւմ է արդյոք կատարելապես անշարժ հայացքը:

Այս հարցին համալսարանը պատասխանել է, թե մարդու աչքը նման է նրա մարմնի մյուս մասերին ու շարժվում է նրա կամքի թելադրանքով, և որ ցանկացած մարդ կարող է աչքերը շարժել կամ անշարժացնել:

Հաջորդ հարցը հետևյալն է.

«Եթե լատիներեն չիմացող մարդուն լատիներենով հարց տրվի, իսկ նա խելամիտ պատասխան տա ֆրանսերենով, ապա կարելի՞ է եզրակացնել, որ նա դիվահար է»:

Այս նենգ հարցը մի քիչ շփոթեցրել է համալսարանի ինքնավստահ գիտնականներին, և նրանք խուսափողական պատասխան են տվել.

Պատասխանի սկզբում «իհարկե՝ այո՛» է ասվում, ու պատճառաբանվում է, թե քանի որ օտար լեզու չսովորած մարդը, եթե հանկարծ սկսում է այդ լեզվով խոսել, ապա թույլատրելի է դրանից եզրակացնել, որ այդպիսի հանկարծահաս տաղանդի համար մարդը պարտական է չար ուժերին, բայց եթե մարդն ընդամենը մի քանի հարցի է պատասխանում, ապա դա կարող է պայմանավորված լինել բնական պատճառներով: Մարդիկ կարող են պատահականորեն մի քանի լատիներեն բառ իմանալ, բացի այդ, այդ բառերը կարող են շատ նման լինել ֆրանսերեն բառերին: Այդ երևույթն անպատճառ մարդու մեջ նստած սատանային վերագրելու ոչ մի հիմք չկա:

Հաջորդ հարցը. արդյո՞ք դիվահար են համարվում այն մարդիկ, որոնց փսխածի մեջ հայտնված նյութերն այն նույն տեսքն ունեն, ինչպիսի տեսք ունեցել են կլանելու ժամանակ:

Այս հարցին պատասխանելու համար համալսարանը հղում է կատարել ժամանակի հայտնի դևաբաններ Բոդենին ու Դելռիոյին ու պատասխանել է, թե երբեմն վհուկները, կախարդանքի միջոցով, տարբեր առարկաներ (օրինակ՝ մեխեր, քորոցներ և այլն) են կուլ տվել ու փսխել և որ այդպիսի երևույթը կարելի է, իհարկե, սատանային վերագրել, քանի որ կախարդները, անկասկած, իրենց գործերում օգտվում են նրա գործակցությունից:

Սրանից կարելի է եզրակացնել, որ այդ նույն բանը կարող է տեղի ունենալ նաև դիվահարների հետ: Իսկ ինչ վերաբերում փսխելուց առաջ մարդու բերանից առարկաների ժայթքմանը՝ այն նույն տեսքով, ինչ տեսքով դրանք կուլ են գնացել, ապա դրանում ոչ մի գերբնական բան չկա, քանի որ քիչ չեն այն մարդիկ, որոնք կուլ են տվել մի որևէ առարկա, և այն երկար ժամանակ մնացել է նրանց ստամոքսում, չի մարսվել և կարող է նրա օրգանիզմից դուրս գալ չտարրալուծված տեսքով:

Եվ վերջին հարցը. կարելի՞ է արդյոք դիվահարության հետևանք համարել, եթե ասեղի ծակած տեղից կամ նշտարի կտրվածքից հետո արյուն չի ծորում:

Համալսարանականները պատասխանել են, թե արնահոսության բացակայությունը պետք է բացատրել առանձին մարդկանց յուրահատկությամբ: Դրանք այն մարդիկ են, որոնք տառապում են մելամաղձությամբ: Այդպիսի մարդկանց արյունը սովորաբար շատ թանձր է լինում, և այն մազանոթներից դուրս չի գալիս: Լինում են դեպքեր, երբ այդպիսի մարդկանց արյունը չի արտահոսում նույնիսկ կտրված երակներից, որն ապացուցվել է վիրաբույժների բազմաթիվ փորձերով ու դիտարկումներով: Ահա այդ պատճառով այս համգամանքը չի կարող գերբնական երևույթ համարվել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8941 | 0 | 0
Facebook