Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ողջ եղելությունը կաթողիկոսին պաշտպանող մոլագար ֆեյքերի մասին

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
14:27, Пятница, 15 Июня, 2018 года
Ողջ եղելությունը կաթողիկոսին պաշտպանող մոլագար ֆեյքերի մասին

Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ լրատվական դաշտում և սովորական քաղաքացիների առօրյայում թոփ թեմա է դարձել Գարեգին Բ կաթողիկոսին հայրապետական գահից հեռացնելու պահանջը, եթե նա ինքնակամ հրաժարական չտա: Կաթողիկոսին մոտիկից և անձամբ ճանաչողները կարող են հաստատել, որ Գարեգին Բ-ն չունի այնքան վեհանձնություն, ինքնասիրություն, բարոյականություն և պարկեշտություն, որպեսզի ինքնակամ թողնի և հեռանա Մայր Աթոռից՝ տեսնելով, որ իրեն մի ամբողջ ժողովուրդ չի ընդունում: Մայր Աթոռի միաբաններից մեկի վկայությամբ, երբ Գարեգին Բ-ն Փարիզ գտնվելիս է եղել, այնտեղ խորհուրդ է տվել իր միաբաններին չընկրկել դժվարությունների առաջ, այլ իր օրինակով անտեսել բոլոր քննադատությունները, քանի որ ինքը, իր իսկ խոսքերով, բոլորին արհամարհելով է, որ հասել է կաթողիկոսի պաշտոնին:

Գարեգին Բ կաթողիկոսն իր կեղծված և կաշառված ընտրությունների օրից չարիք և պատուհաս դարձավ ողջ հայ ազգի գլխին: Նա եկեղեցին վերածեց կլանի, որտեղ գործում են բացառապես կաթողիկոսի քմահաճույքներն ու բռնապետական օրենքները: Նա աճեցրեց ու շփացրեց «բիզնես» հոգեբանությամբ անկառավարելի եկեղեցականներ, որոնք նոր պատուհաս եղան Հայ եկեղեցու ու հայ ժողովրդի համար: Գարեգին Բ կաթողիկոսը փողով կարողացավ գնել համարյա բոլոր խավերին՝ մտավորական, գիտնական, մշակութային ու հասարակական գործիչներ, բայց առաջին հերթին՝ նա «իրենով արեց» եկեղեցական դասի ներկայացուցիչներին:

Գարեգին Բ կաթողիկոսը բոլորին սպառնացել է կարգալույծ անել և ողջ թերթերով խայտառակել, եթե հանկարծ որևէ մեկը կփորձի իր դեմ դուրս գալ և հրապարակային քննադատել: Նա սովետական ԿԳԲ-ի ոճով կոմպրոմատներ է հավաքել բոլոր եկեղեցականների դեմ՝ գործի դնելով իր ԿԳԲ-ական հմտություններն ու մեթոդները: Եկեղեցականներից շատերին դարձրեց «գործ տվողներ» ՝ մի «գործ տվողին» վերահսկելով մյուս «գործ տվողով»: Շատերի ներկայությամբ է Գարեգին Բ-ն ասել. «Եթե որևէ բան գիտեք այսինչ մարդու մասին, ընդամենը երկու տող գրեք ինձ այդ մասին»: Նա արդարացնում է իր այս վարքագիծը, որ ինքը պետք է իմանա ամեն ինչ, որպեսզի կարգ ու կանոն հաստատի: Մինչդեռ իրականում իր շրջապատի եկեղեցականներին դարձնելով մատնիչներ և սուտ վկայություն տվողներ՝ նա իր կոմպրոմատներն է հավաքում, որ հարկ եղած դեպքում իր դեմ դուրս եկող եկեղեցականների մեջքը կոտրի:

Ամեն անգամ, երբ Մայր Աթոռի սխալ քաղաքականության և անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ քննադատություններ են բարձրանում, կաթողիկոսն ու իր շրջապատը հոգեվարքի մեջ են հայտնվում՝ բարձրացնելով մի խայտառակ վայնասուն: Բավական չէ, որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը՝ ի դեմս Վահրամ քահանա Մելիքյանի, հաճախակիորեն ստահոդ և շինծու ապատեղեկատվություն է տարածում՝ շփոթության մեջ գցելով մարդկանց, դեռ մի բան էլ Մայր Աթոռը գործի է դնում իր եկեղեցականների և սաների ձեռքով էժանագին մի քարոզչական հնարք՝ ֆեյսբուքյան կեղծ (ֆեյք) օգտանունների հրապարակած գրառումների և կեղծանուններով հանդես եկող հոդվածագրերի տարածմամբ: Այդպիսի մի «ծախու» հոդվածագիր է Մայր Աթոռի նախկին միաբան գյումրեցի Հակոբ աբեղա Գրիգորյանը, ով համացանցում նախքան կարգալույծ լինելը հանդես էր գալիս Արմ Հակ կամ Արմհակ կեղծանվամբ: Սա իր կեղծանունը կազմելիս վերցրել էր իր ավազանի անվան (Արման) առաջին վանկը և միացրել իր քահանայական անվան (Հակոբ) առաջին վանկին:

Հակոբ աբեղան կամ Արմհակը իր ճեմարանական տարիներին ուներ առողջական խնդիրներ, որի պատճառով ուսումն ընդհատել էր և ապա վերականգնել: Բայց ըստ երևույթին նա ուղեղի և հոգեկանի հետ կապված խնդիրներ էլ ուներ, որ կարողացել է դիմել ստոր քայլերի՝ պատվերով հոդվածներ գրել ու սևացնել տարբեր անհատների, որոնք արդարացի կերպով քննադատել են Մայր Աթոռի և հենց կաթողիկոսի սխալները: Ճեմարանում իր գյումրեցի կուրսեցիները մականունը դրել էին «կաթոլիկ», քանի որ ինքը հարում էր քաղկեդոնականությանը և իր ասելով՝ մորաքրոջ տղան Հռոմի Բենեդիկտոս 16-րդի գավազանակիրն էր: Բայց այս «կաթոլիկը» նաև տառապում էր սեռագարությամբ և իր հետ զրույցների ու նաև կեղծանվամբ հրապարակած նյութերի հիմնական թեման սեքսն էր և սեռականությունը: Անընդհատ խոսում էր լիբիդոներից, կլիմաքսից ու սեռական բավարարությունից: Նույնիսկ գյումրեցի ճեմարանական տղաներից մեկը, ով այժմ քահանա է Արթիկի թեմում, այս Արման Հակոբին համարում էր «բիսեքսուալ», այսինքն՝ երկսեռական:

Այս ողորմելին որոշ ժամանակ անց ձեռնադրվեց կուսակրոն եկեղեցական, ապա Գարեգին Բ կաթողիկոսի «օրհնությամբ» մեկնեց ԱՄՆ՝ ուսումը շարունակելու: Կարճ ժամանակ անց այնտեղ նույնպես խայտառակվեց: Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած և համացանցում տարածված լուսանկարներից երևում էին, որ նախկին հայր Հակոբը մահմեդական ուսանողների հետ մասնակցել էր ինչ-որ երեկոյի (բնականաբար, քաղաքացիական հագուստով), ծնկել բոլորի առաջ և դհոլ նվագել: Երբ այդ նկարները հայտնվեցին նաև այդ ժամանակվա Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուշադրության կենտրոնում, նրան Մայր Աթոռից ետ կանչեցին, որի պատճառով նա ուսումը կիսատ թողեց: Ապա մի որոշ ժամանակով, որպես պատիժ, աշխատեց Մայր Աթոռի Դիվանատանը՝ Արշակ եպս. Խաչատրյանի հսկողության ներքո:

Պարզվում է, որ Արման Հակոբ միայն սեռական քաղցով չէ, որ տանջվում էր: Նա եկեղեցականների շարքերը եղած տարիներին զբաղվում էր նաև դրամաշորթությամբ: Շատ-շատերից՝ մոմավաճառից մինչև տարբեր եկեղեցականներ, պարտքով դրամ էր վերցնում, ապա խաբում և չէր վերադարձնում: Իր այս քստմնելի արարքը ունեցավ արժանի հարվածը «Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժման հիմնադիր Սևակ Հովհաննիսյանի համառ և հետևողական պայքարից հետո: Վերջինս այս հարցը քանիցս բարձրացրել էր նաև Դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանի մոտ, սակայն նա սովորաբար պաշտպանում էր իր աշխատողի պախարակելի վարքագիծը: Հակոբ աբեղայի հարցը քանիցս շոշափվել է նաև Կարգապահական հանձնաժողովի՝ այդ օրերի ատենապետ Արսեն արք. Բերբերյանի կողմից, սակայն ստացել է Արշակ եպս. Խաչատրյանի հովանավորությունը: Արսեն Սրբազանը նույնիսկ կատակով ասում էր, որ երևի Արշակն էլ աչք ունի Հակոբի վրա, որ շարունակ պաշտպանում է նրան:

Դիվանապետի կողմից նրա պաշտպանությունը այլ բովանդակություն ուներ: Արշակ եպիսկոպոսը պարզապես մի գործիք էր դարձրել Հակոբ աբեղային, որ իրենց քննադատների հասցեին աջ ու ձախ վարկաբեկիչ նյութեր տարածի համացանցում՝ իհարկե, թաքցնելով իր եկեղեցական և Մայր Աթոռի միաբան լինելու հանգամանքը: Քողարկվելով Արմհակ կեղծանվան տակ՝ նա կատաղի պայքար էր մղում թատերագետ Լևոն Մութաֆյանի և ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի, այդ թվում՝ Սևակ Հովհաննիսյանի դեմ՝ օգտագործելով եկեղեցականին ու առհասարակ՝ քրիստոնյանին ոչ վայել ցինիկ պահվածք և վուլգար բառամթերք: Մինչև անգամ սպառնացել էր Սևակ Հովհաննիսյանին, թե՝ «իմ պոչը շեստոյի տակն ա» (նկատի ունենալով իր կապը Ոստիականության վեցերորդ վարչության հետ): Նման շանտաժի լեզվով նա փորձում է վախի մթնոլորտ ստեղծել և հոգեբանական ճնշում կիրառել իր հակառակորդների վրա:

Լևոն Մութաֆյանը ի վերջո իր ֆեյսբուքում հրապարակում է մի գրառում այն մասին, որ Մայր Աթոռում՝ կաթողիկոսի քթի տակ, կա համասեռամոլ աբեղա՝ Հակոբ Արման Գրիգորյան անունով: Ավելի ուշ Սևակ Հովհաննիսյանը, հիմք ընդունելով Լևոն Մութաֆյանի պնդումը, մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակում է Հակոբ աբեղայի լուսանկարները ոմն համասեռամոլ Դավիթի հետ՝ նրան պաղպաղակ կերակրելու ընթացքում տարբեր դիրքերով և վավաշոտ հայացքով նրա հետ նկարված: Լևոն Մութաֆյանն անմիջապես ճանաչում է համասեռամոլ Դավիթին և հայր Հակոբին՝ ասելով, որ իր տան մոտից հաճախ է տեսնում նրանց երկուսին կոմայգում: Այսքանից հետո համասեռամոլության մեջ կասկածվող եկեղեցականը դեռ շարունակում էր պաշտոնավարել Մայր Աթոռում, մինչև որ հանրային ճնշմամբ Մայր Աթոռին ստիպեցին դիմում գրել տալ և հեռացնել եկեղեցական ասպարեզից:

Սակայն Հակոբ աբեղան, Դիվանապետի հրահանգով, զրպարտություններ է գրել և վարկաբեկիչ նյութերով ցեխ շպրտել նաև Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի ու Երուսաղեմի հայոց սրբավայրերի վրա՝ «Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը քեբաբխանա՞» այլանդակ գրությամբ: Երբ այս մասին իմանում է Արսեն արք. Բերբերյանը, նա կապվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հայտնում իր վրդովմունքը: Միաժամանակ նա այդ հոդվածի ներքո իր ֆեյսբուքյան էջից գրառում է թողնում՝ պատռելով հոդվածագրի՝ Հակոբ աբեղա Գրիգորյանի դեմքը: Սա զայրացնում է Արշակ եպս. Խաչատրյանին, ով մի քանի եկեղեցականների հետ գալիս է Արսեն Սրբազանի միաբանական սենյակը՝ հաշվեհարդարի: Այդ հոդվածին անդրադառնում է նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող դոկտ., պրոֆ. Հասմիկ Ստեփանյանը՝ դատապարտելով Հակոբ աբեղայի պահվածքը և տարակուսանք հայտնելով, որ նման եկեղեցականներ են պատրաստվում Մայր Աթոռում: Այս մասին ինքն անձամբ հայտնել է Դիվանատնից իրեն հեռաձայնած Շահե վրդ. Անանյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Այս խեղկատակ հոդվածագիր-զրպարտագրի համար հաջորդ թիրախը դարձավ Եղիա աբեղա Խաչատրյանը, ով բաց նամակով հրաժարվեց Մայր Աթոռի միաբանության անդամությունից և հեռացավ Էջմիածնից: Հայր Եղիայի կամավոր հեռանալու պատճառը լայնորեն մեկնաբանվել է այդ օրերին տարբեր լրատվամիջոցներով, սակայն Մայր Աթոռը այնքան ոխակալ գտնվեց, որ նրա հասցեին սուտ մեղադրանքներ և անհիմն զրպարտություններ տարածեց՝ ջանալով մրոտել նրա բարի անունն ու համբավը: Հակոբ աբեղան գործի դրեց փորձված մեթոդը՝ վստահաբար, վերևների հրահանգով: Նա մի խղճուկ և հերյուրալից հոդված հրապարակեց՝ «Հայր Եղիան դասալի՞ք» վերնագրով, որին հետևեց համարժեք արձագանքը: Երբ բացահայտվեց Արմհակի դեմքը, գյումրեցու թասիբից ու նախանձախնդրությունից մղված՝ Գյումրիի երիտասարդներից Կարեն Պետրոսյանը այս մասին հարցազրույց հրապարակեց՝ «Պե՞տք է արդյոք մականուն հայ հոգևորականին» վերնագրով: Տեսնելով, որ արդեն իր անունը բացահայտվեց՝ Հակոբ աբեղան Արմհակ կեղծանունը փոխարինեց տարբեր այլ կեղծանուններով:

Կարգալույծ լինելուց հետո Արման Հակոբը շարունակեց վճարովի հոդվածներ գրել այս կամ այն թերթի համար: Նա մտերիմ հարաբերություններ ուներ և հիմա էլ ունի մի շարք թղթակիցների, այդ թվում՝ «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի հետ: Ի, դեպ, այս սկանդալային «Իրավունք» թերթը հայտնի է իր բազմաթիվ զրպարտիչ հոդվածներով և ակնհայտ կաթողիկոսամետ դիրքորոշմամբ՝ անցյալում հաճախակի հայտնվելով դատերի ու դատարանների մեջ: Էջմիածնից հեռանալուց հետո էլ Արման Հակոբը մշտական կապի մեջ է եղել Մայր Աթոռի հետ, որին պատեհ-անպատեհ առիթներով օգտագործում են իրենց համար անցանկալի մարդկանց, անկախ նրանից՝ եկեղեցական թե աշխարհական, վարկաբեկելու, վիրավորական պիտակներ փակցնելու, անձնական կյանքի դրվագները բացելու և խեղաթյուրված ներկայացնելու համար: Այս անմարդկային և հակաքրիստոնեական գործելակերպը շատ բնորոշ է ներկա կաթողիկոսին և իր անմիջական ենթականերին, որով փորձ է արվում ի գին վարկաբեկումների՝ ճնշել խոսքի ազատությունը և լռեցնել եկեղեցական խնդիրները բարձրաձայնողներին: Բայց քանի որ չեն համարձակվում իրենց անուններով հանդես գալ, քանի որ սուտ ու կեղծ տեղեկատվություն պիտի տարածեն, որոշում են մի «անուղեղ» գտնել, մի երկու գրոշ էլ դիմացը նետել ու վարկաբեկիչ հոդվածներ գրել տալ: Դե հոդվածագիրն էլ իրեն ապահովագրելու համար իր սեփական անունով չի ուզում հանդես գալ, որ հետո զրպարտանքի ու անձի արժանապատվությունը վիրավորող հերյուրանքների համար պատասխանատվությունից ազատ մնա:

Եվ ահա նույն այդ Հակոբ աբեղան, ի ցույց հանելով իր մտքի անհաս «փայլատակումները» և ծածուկ թելադրված լինելով Մայր Աթոռի Դիվանատնից, ամենուրեք համացանցում փորձում է սևացնել ու պիտակավորել Գարեգին Բ կաթողիկոսի դեմ կատարվող ակցիաների կազմակերպիչներին: Նա իր ողջ թույնը առավելաբար թափում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանի և հոգևոր առաջնորդ Կորյուն աբեղա Առաքելյանի վրա: Այս կիսագրագետ նախկին աբեղան մի քանի կեղծ պռոֆիլներ է բացել ֆեյսբուքում (Karen Shaxverdyan, Gevorg Vardanov, Aram Araqelyan, Gevorg Sargsyan, Kamo Martirosyan և այլն), տեղադրել իր թիրախի տակ վերցրած անձանց մակագրված լուսանկարները, իր «բարեմասնությունները» ուրիշներին վերագրելու մարմաջով ցանկանալով մուր ցանել նրանց վրա, պիտակավորել և ժողովրդի մեջ խառնակչություն անել: Այնքան տգետ և ճղճիմ է, որ կարծում է, թե այդկերպ Գարեգին Բ կաթողիկոսի անունը կբարձրանա: Ճիշտ հակառակը՝ եթե կաթողիկոսը մնացել է այս ողորմելի տխմարի պաշտպանության հույսին՝ ի գին ընդդիմախոսներին հնարավոր բոլոր ձևերով անվանարկելու, ապա դա առաջին հերթին անպատվություն և անարգանք է հենց Մայր Աթոռի հեղինակությանը: Նման դատարկախոս հերետիկոսներո՞վ է փորձում Դիվանապետը կամ Մայր Աթոռի այլ պաշտոնյա չքմեղանալ: Այս ապուշի գրած փնթի և գարշահոտ հերյուրանքերը դեռ մի բան էլ տեղադրվում են «Իրավունք» թերթի և էլի մի քանի կայքերում, որպեսզի Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի, անհատ հոգևորականների և կաթողիկոսի համակիրների կողմից ֆեյսբուքյան «կիսումների» կամ «հավանումների» միջոցով հասարակության մեջ թյուր կարծիք ձևավորվի, թե տեսեք՝ ո՛նց ենք սևացնում կաթողիկոսին քննադատողներին, իսկ իրենք «Վեհափառի» նվիրյալներն ու զինվորներն են, մինչդեռ իրականում օգտագործված խամաճիկներ են:

Այս ֆեյքի՝ տարբեր կեղծանուններով գրած բոլոր հոդվածները կողքի կողքի դնելով՝ տեսնում ենք միևնույն ոճը, մտածելակերպը, բառապաշարը, որոնք ամբողջովին սուտ են, կեղծիք ու զրպարտություն, բայց այնքան նենգաբար է հարձակվում իր նշանառուների վրա, որ չարժե անգամ մեկ առ մեկ պատասխանել: Նա պարզապես երես չունի իր անուն-ազգանունով հանդես գալու, քանի որ այդկերպ չի կարողանա ի ցույց դնել իր մտքի ողջ տհասությունը, «գարշապար լիզելու» ունակությունը և աղբանոցի նմանվող լկտի արտահայտությունները: Նաև ահավոր վախկոտ է և չի պատրաստվում պատասխանատվություն վերցնել իր զրպարտությունների համար: Արման Հակոբը թերևս կարող է թաքնվել մարդկանցից, բայց ո՞ւր պիտի փախչի Աստծու ամենատես աչքից...


    

«Հայ եկեղեցու բարեկարգում» նախաձեռնություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
10311 | 0 | 0
Facebook