Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Պուշկինը, Թումանյանը և այլք…

10:05, Пятница, 15 Июня, 2018 года
Պուշկինը, Թումանյանը և այլք…
    
    

- Պապի՜կ, հատվելն ի՞նչ է:

- Հատվե՞լը, երբ խաչվում են ու շարունակվում իրենց ուղղություններով, կամ չեն շարունակվում, հասկացա՞ր:

- Չէ՜, իսկ մարդիկ հատվո՞ւմ են:

- Ո՛չ, մարդիկ հանդիպում են:

- Ճիշտ չի՛, ես լսեցի, երբ դասի ժամանակ ընկեր Անահիտը բջջայինով ասաց, կսպասես Պուշկինի ու Աբովյանի հատման կետում:

- Դրանք փողոցներ են, դասի ժամանա՞կ էր խոսում:

- Փողոցնե՞ր, մարդկանց անունով փողոցնե՞ր, իսկ իմ ու քո անունով փողոց կա՞:

- Ո՜չ, չկա:

- Ճիշտ չի՛, պետք է բոլորի անունով էլ լինի:


    

Լռո՜ւմ է, գիտեմ հիմա կսկսվեն հարվածները, որոնց պատասխանելը դժվար է լինելու:

- Պապի՜կ, Պուշկինը գրել է պուշկինացիների համար:

Աբովյանը՝ աբովյանցիների համար:


    

Ծիծաղում եմ:

- Դա ո՞վ է քեզ ասել, ընկեր Անահի՞տը:

- Այո՜, ես եմ այդպես հասկացել, ա՜յ, տե՜ս, չի ասել, բայց ես հասկացել եմ, Նոյեմբերյանը գրել է նոյեմբերյանցիների համար, Հոկտեմբերյանը՝ հոկտեմբերյանցիների համար:

- Ոչի՜նչ, կմեծանա՜ս կհասկանաս:


    

Լռում է վտանգավոր լռությամբ, հիմա կամ ե՛ս եմ պայթելու զսպելով ծիծաղս կամ ինքը կպայթեցնի ու հետևանքների համար պատասխանատուն ես կլինեմ:

- Պապի՜կ, դիլիջանցիները մե՜ղք են, բա իրենց համար ո՞վ է գրելու:

Դու կգրե՞ս իրենց համար:

- Իհարկե կգրեմ, կփորձե՜մ, ա՜յ, նայիր հիմա մենք Կոմիտասի անվան փողոցում ենք, գիտե՞ս…

- Այո գիտե՜մ, մի հատ չաղ ձյաձյա է, տերտե՜ր է, Վարդան պապիկի թաղման ժամանակ տեսա, խոսում էր անընդհատ:


    

Լավ է չգիտի լրիվ անունը՝ Հոգեշնորհ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյան,

Թե չէ հարցախեղդ էր անելու,

Ի՞նչ է Հոգեշնորհ,

Ի՞նչ է Տեր,

Ի՞նչ է վարդապետ…


    

Կգրե՜մ, կփորձեմ գրել այն մեղք սերնդի համար, որ ընկեր Անահիտի նման ուսուցչուհի ունեն, որ դասի ժամանակ ժամադրվում է, որ չգիտի Թբիլիսի քաղաքը դա Հայաստանում չի, որ ռուսներին պուշկինացի չեն ասում, որ Տիգրան Մեծը դա Տիգրան Պետրոսյանը չի, որ Դավիթ Անհաղթն ու Սասունցի Դավիթը նույն մարդիկ չեն, որ…


    

Մտքերս ընդհատեցին երկու ուսանողուհի, որ դիմացից մոտեցան.

- Կներե՜ք, չէի՞ք ասի, Արամ Խաչատրյան ո՞նց գնանք:

- Արամ Խաչատրյա՞ն թե՞ Արամ Խաչատրյանի անվան փողոց, դա ո՞վ է, այդ Արամ Խաչատրյանը:

- Չգիտե՜նք, փողո՜ց է էլի…


    

Ծիծաղում են, չգիտեմ ի՞նչի կամ ո՞ւմ վրա…

Ես էլ եմ ծիծաղում, ի՞նչու, չգիտե՜մ…


    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3625 | 0 | 0
Facebook