Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՏԵՍԵՔ ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿԸ կամ ՄԻ ՔԻՉ ԺՊԻՏ

09:50, Пятница, 15 Июня, 2018 года
ՏԵՍԵՔ ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿԸ կամ ՄԻ ՔԻՉ ԺՊԻՏ
    
    
    

Ի՞նչու ենք ամեն ինչի մեջ անպայման վա՜տը, տգե՜ղը տեսնում, չէ՞ որ այնքա՜ն գեղեցիկ բաներ են մեզ շրջապատում, որ անտարբեր նրանց կողքով անցնելը հավասարվում է հանցագործության:

Չէ՜, ես լավատե՜ս եմ, գեղեցկատե՜ս եմ (տարօրինակ բառ ստացվեց, ուզում էի ասել գեղեցիկը տեսնող):

Բայց ոչի՜նչ, գեղեցիկ է չէ՞:


    

Ուրեմն այսպես, ԿԳ կողմից ստացված գծագրի ուսուցչի ուղեգիրը ձեռքիս քաղաքում փնտրում էի N 999 դպրոցը և Երևանի գեղեցկատեսիլ, (տեսա՞ք, որ նորից գեղեցիկ բառն է) վայրերից մեկում տեսա բաղձալի ցուցանակը:

N 999 դպրոց:

Թվում էր դասերը ավարտվել էին, բայց դպրոցում աղմուկ էր,

Գեղեցի՜կ է, երբ դպրոցում աղմուկ կա, հավատացե՜ք:


    

Մուտքի մոտ մի կին էր, չգիտեմ ի՞նչու ավելը ձեռքին, դե եկե՜ք ու ինձ բացատրե՜ք, որ կինն առանց ավելի գեղեցիկ է, չե՛ք կարող:

Մոտեցա.

- Մայրի՛կ, դիրեկտո՞րը…

- Ձեռքդ ընկնեի մայրիկ չէիր ասի, աջո՛վ բարձրացիր:

- Շնորհակալ եմ աղջիկ ջան:

- Ի՜, ա՛յ մարդ, հիշողություն արթնացնո՞ղ ես, գնա՜, գնա՜:

Սկիզբը կարծես խոստումնալից էր ու գեղեցիկ տրամադրությամբ շարունակեցի:


    

Աստիճաններից քաղաքացիական հագուստով ոստիկան էր իջնում:

- Պարո՜ն ոստիկան…

- Ես պատմության դասատուն եմ, ի՞նչ ոստիկան:

Ասում եմ.

- Բա ռետինե մահա՞կը ձեր ձեռքին, դա՜…

- Եղբա՜յր, փորձի՛ր առանց սրա հիմիկվա սերունդին բա՜ն հասկացնել:

Մահակն այնպիսի գեղեցիկ շարժումով պտտեցրեց, որ կշարժեր ամենաանխիղճ պահակա-պարեկային ոստիկանի նախանձը…

Առնակա՜ն էր:

Գեղեցի՜կ էր, մոգակա՜ն:


    

Երկրորդ հարկում տեսա ռուսական мягкий знак-ի նման կառուցվածքով մի կնոջ ու հասկացա, որ ռուսերենի ուսուցչուհին է:

Մոտեցա.

- Извините,

- Бог Вам судья.

«Մեզ երկուսիս էլ կույր ճակատագրի
     Եվ մարդկանց ոխն էր արդեն սպասում,
     Երբ դեռ նոր էինք մեր կյանքը սկսում: »


    

Հը, ինչպես էր, դո՞ւր եկավ:

- Այո, գեղեցի՜կ է:

«Իմ հորեղբայրը ազնվաբարո

Տկար է անհույս և ինձնից հիմա…»


    

Հիմա ինձ դիրեկտորի տեղը կասե՞ք:

Ձեռքերը տարածեց, ուզում էր էլի ինչ-որ բան արտասանել:

Շարունակելն ավելորդ էր:


    

Դիմացից դեպի ինձ էր վազում կրծքին ամրացված բեյջի վրա «Անուշ Մնացականյան» անուն-ազգանունով կարծես «Անուշ» օպերայից փախած, , խելագարված հերոսուհին՝ մազերը գզգզված, բղավելով:


    

-Համբարձում յա´յլա,
     Յայլա´ ջան, յա´յլա,


    

Գեղեցիկին սովոր աչքս անմիջապես նկատեց, որ նա աշխարհագրության ուսուցչուհին է, որ աշխարհամասերի տեղերը իր գլխի վրա է բացատրել մեր հանճարեղ սերնդին, սերունդն էլ նրան իր տեղն էր դրել՝ բացատրելով.


    

- Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
     Սևաբա´խտ քուրիկ, նազելի Անուշ.


    

Իսկ մենք ամեն ինչի մեջ անպայման վա՜տը, տգե՜ղն ենք տեսնում:


    

Արդեն մի կերպ բարձրանում եմ հաջորդ հարկ ու մոտենում առաջին պատահած դռանը:

Բացում եմ:

Դասասենյակում վաղուց իր երբեմնի կարմիր գույնը կորցրած սպորտային հագուստով անցյալի մի մնացուկ է նստած՝ երևի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, դիմացը շախմատի բաց խաղատուփի մեջ երեք կտոր հաց ու մի կոտլետ:

- Բարի ախորժակ, ես դիրեկտորի…

- Ե՛ս էլ:

Պարզ, հակիրճ ու գեղեցիկ պատասխան, որը ստիպեց ինձ դուռը փակել ու չխանգարել մարդու նախաճաշը:


    

Ինձ մոտենում էր մի այլ գեղեցկություն, դա անզեն աչքով էլ էր երևում, որ օտալ լեզվի ուսուցչուհին է,

Ձի՜գ, հրձի՜գ (չէ կներեք, հրձիգը տեղին չէր, մի պահ մասնագիտական գնաց) ու այնքան կանչող մարմին ու քայլվածք ուներ, որ ինձ թվաց թե պարի է հրավիրում:

Լո՜ւռ, գեղեցիկ քայլվածքով մոտեցա ու ձեռքերս դրեցի գոտկատեղին:

Հաստափոր «Հայ-անգլերեն բառարան» -ի հարվածը չուշացավ, իջավ ուղիղ գլխիս:


    

Երբ աչքերս բացեցի ինձ թվաց Աֆրիկայում եմ ու աֆրիկյան մի գունավոր ահռելի տգեղ թռչուն ինձ գեղեցիկ հայերենով հարցնում է.

- Հը՜, ուշքի եկա՞ր տղա ջան:

Վարդագույն ժակետով, կանաչ շրջազգեստով սև բիկինիյով կամ բրիջիով, կամ ստրինգով (ես այդ երեքը միշտ խառնում եմ, թե որը որն է), սպիտակ կիսագուլպաներով ու դեղին կոշիկներով դիրեկտորն էր:

Ասում եմ.

- Տիկի՜ն, ինձ N 999 դպրոցն է պետք:

- Թարս ես եկել տղա ջան, սա N 666 դպրոցն է, պահակ Վազգենը թվի ցուցանակը հակառակ է կպցրել:


    

N 666 դպրոցի գեղեցիկ մանրահատակին պառկած մտածում եմ, թե ի՞նչ գեղեցիկ բաներ կան մեր շուրջը, իսկ մենք չենք նկատում…

…ու մեկ էլ տեսնես թե ի՞նչ գեղեցիկ տղամարդ է այդ պահակ Վազգենը…ես իրա ցավը տանեմ:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4608 | 0 | 0
Facebook