Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Մայր Աթոռում ընդունեցին «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթի մասնակիցներին

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
12:02, Суббота, 19 Мая, 2018 года
Մայր Աթոռում ընդունեցին «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթի մասնակիցներին

Օրերս մենք հրապարակեցինք մի հայտարարություն՝ մայիսի 17-ին տեղի ունեցած «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթի առնչությամբ, ինչը սպասվածից ավելի իրարանցում է առաջացրել եկեղեցական վերնախավում:

Տեսնելով, որ համացանցում արդեն իսկ հայտնվել են դրա վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտանք պարունակող գրություններ, ստիպված եղանք հարցը դնել լուսարձակի տակ: Մասնավորապես՝ մայիսի 18-ին «Իրավունք» թերթը, կոպտորեն խախտելով մարդու իրավունքները, հրապարակեց երկու հերյուրալից և ստահոդ հոդվածներ, որոնց կանդրադառնանք քիչ հետո:

Դեռևս 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» -ի կայքում հրապարակված մի հոդվածի առնչությամբ ՀՀ 16 քաղաքացիներ միասնական դատական հայց են ներկայացրել «Իրավունք» թերթի դեմ` իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Նրանք «Իրավունք» -ից պահանջել են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` տեքստը տեղադրելով լրատվամիջոցի կայքում, ինչպես նաեւ 5 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար, ինչպես տեղեկանում ենք մամուլի հրապարակումներից:

Առանձին դատական հայցեր են ներկայացրել նաև «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության աշխատակիցները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Վերջինս պաշտպանում էր իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Նա հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` ընդդեմ «Իրավունք» թերթի, որը հոդված էր հրապարակել՝ ներկայացնելով Դանիել Իոաննիսյանի հարաբերությունները հարազատների հետ:

Կարծես թե «Իրավունք» թերթը չի խրատվել իր դեմ բացված նախկին դատերից և նույն վճռականությամբ, համագործակցելով Էջմիածնի հետ, շարունակում է քիթը խոթել տարբեր մարդկանց անձնական կյանքը ու դրանց վերաբերյալ շինծու և անիրավունք հրապարակումներ կատարել: Դրանք այս անգամ վերաբերում են Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Եղիա աբեղա Խաչատրյանին, ով 2013 թվականին զոհ գնաց Մայր Աթոռի անարդարություններին, և նրա հետ անձնական հաշվեհարդարի արդյունքում՝ Գարեգին Բ-ն կարգալույծ հռչակեց նրան:

Թե ինչպիսի հոգևորական էր Հայր Եղիան, բոլորս քաջ գիտենք: «Իրավունք» թերթի միջոցով չէ, որ պիտի ճանաչենք նրան կամ փոխենք մեր կարծիքը: Նրա հետ շփվել են բազում հավատացյալներ, այսօր էլ նրանցից շատերը տարբեր առիթներով իր հետ ուխտագնացությունների են մասնակցում: Բավական է այդ մարդու հետ հինգ րոպե շփվել, որպեսզի կարողանալ կարծիք կազմել նրա մասին: Նրա նման բարեկիրթ ու մարդամոտ, ազնիվ ու անմիջական հոգևորականներ շատ քիչ են Մայր Աթոռում: Էլ չենք խոսում նրա խորը գիտելիքների պաշարի մասին, որը թույլ է տալիս հաճելիորեն զրույցի բռնվել իր հետ ամենատարբեր թեմաներով: Փոխարենը շատ ու շատ հոգևորականներ այնպիսի մի բետոնե պատ են կառուցել իրենց շուրջը, որ եթե խաչհամբույր չտաս, թույլ չեն տալիս մոտենալու իրենց:

Ըստ երևույթին հոդվածագիրների մտածելակերպով՝ եթե տղամարդը չի հայհոյում, անբարոյական ու հարբեցող չէ, ապա դա չի տեղավորվում ոմանց «առնական» պատկերացումների մեջ: Նա այն եզակիներից է, որ ո՛չ իր ուսանողության, ո՛չ էլ ծառայության տարիներին մականուն չի ունեցել՝ ի տարբերություն շատ հոգևորականների, որոնք ճեմարանում ուսանելու տարիներից ունեցել են մականուններ, ինչպես՝ «Մարիամիկ», «կեշ», «օձ», «մախ», «բրդուճ», «ձվիկ» և այլն, և այլն: Այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել նախկին իշխանական կլանի մականունավոր մի շարք պաշտոնյաների հետ, ինչպես՝ «լիսկա», «կարիճ», «շմայս», «դհոլ», «լֆիկ», և այլն, և այլն:

Փորձենք հերթով պարզաբանել «Իրավունք» թերթի հիշյալ հրապարակումներում տեղ գտած ստերն ու հերյուրանքները, որոնք ակնհայտ միտում ունեն հանրության ուշադրությունը շեղել բուն թեմայից՝ նախկին միաբանին ամեն հնարավոր եղանակներով սևացնելու գնով: Հարգելինե՛րս, դրանից ո՛չ կաթողիկոսն է սրբադասվում, ո՛չ եկեղեցու հարյուրավոր խնդիրներն են լուծվում, ո՛չ էլ քայլերթի նպատակն է փոխվում:

«Իրավունք» թերթի հոդվածագիրը նշում է, թե կաթողիկոսի դեմ ուղղված քայլերթի մասնակիցների շարքում հրապարակված լուսանկարների մեջ նկատել է նախկին Եղիա աբեղա Խաչատրյանին: Սուտ համար առաջին: Հայր Եղիան ոչ միայն չի մասնակցել քայլերթին, այլ ընդամենը հանդիպել է Հանրապետության հրապարակում հավաքված քայլերթի մասնակիցներին: Արդեն նշել ենք, որ այնտեղ կային սադրիչներ, որոնցից մեկն էլ ավանդական կրոնական կազմակերպություններից իբր տուժած անձանց աջակցող «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանն էր: Ի դեպ, շուտով մի հասարակական կազմակերպություն էլ պետք է բացել Գարեգին Բ-ի ու նրա աջակիցների կողմից տուժածների համար:

Ալմաստ Մուրադյանը, առանց ներկայանալու իր ով լինելը, տարբեր հարցազրույցներ էր վերցնում երթի համար հրապարակում հավաքվածներից, որոնց գաղտնի ձայնագրում էր իր հեռախոսով, ինչը առնվազն էթիկայի խախտում է, եթե ոչ՝ մարդու իրավունքների ոտնահարում: Երբ նա դիտողություն ստացավ Հայր Եղիայից, որ չի կարելի մարդկանց գաղտնի ձայնագրել, այդ պահից իր ողջ սևեռումը դարձավ Հայր Եղիան, որի հասցեին քիչ անց ապատեղեկատվություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես նշում էր, թե իբր Հայր Եղիան է կանգնած կաթողիկոսի դեմ բողոքի քայլերթի ետևում, իբր ինքն է կազմակերպել այդ բողոքի երթը: Մինչդեռ վերջինս հրապարակ էր եկել, որպեսզի հավաստիանար քայլերթի իրական լինելու մեջ:

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» քայլերթը կազմակերպել և համակարգել է Հայ եկեղեցու խոնարհ սպասավոր Դանիել դպիր Մարտիրոսյանը, ով ավելի ուշ պարզաբանեց, որ քայլերթի նախաձեռնողը ոչ թե Կորյուն աբեղա Առաքելյանն է, ինչպես նշված էր մեր հայտարարության մեջ, այլ անձամբ ինքն է՝ Դանիելը, ավելին՝ Հայր Եղիան և Հայր Կորյունը որևէ առնչություն չունեն քայլերթի հետ, սակայն թյուրիմացաբար շրջանառվել են նրանց անունները: Այս մասին վերջիններս նույնպես հաստատեցին իրենց խոսքում: Դանիել Մարտիրոսյանը նաև ֆեյսբուքում մի խումբ է բացել՝ «Մերժիր Գարեգինին» վերնագրով, որտեղ նա պարբերաբար իրազեկում էր քայլերթի մասին:

Ալմաստ Մուրադյանի ֆեյսբուքյան ապատեղեկատվությունը ոչ միայն առիթ տվեց իրենց քրիստոնյա հորջորջող օգտատերերի անկիրթ ու գռեհիկ մեկնաբանություններին, այլև ոմն լրագրող Հրանտ Սարաֆյանի կողմից այն պատճենվեց «Իրավունք» թերթի կայքէջում: Լրագրողական էթիկան հարգող թղթակիցը գոնե պետք է իրեն հասած լուրերը ճշտեր անձամբ Հայր Եղիայից, ապա նոր նման վերագրումներ աներ: Սա ցույց է տալիս, որ հատուկ միտում կար վերարծարծել Հայր Եղիայի դեմ եղած անցյալի ամբաստանությունները, որպեսզի դրանցով մարդկանց ուշադրությունը շեղեն Գարեգին Բ կաթողիկոսից և քայլերթի բուն ուղղությունից:

Մենք ասում ենք Գարեգին Բ-ն խախտել է Հայ եկեղեցու կանոնները, իրենք ասում են Հայր Եղիան վատն է, մենք ասում ենք Գարեգին Բ-ն հեղինակազրկել է Հայ եկեղեցին, իրենք ասում են Հայր Եղիան մտերիմներ չունի... Սա միայն ծիծաղ է հարուցում գիտակից մարդկանց մոտ: Ստացվում է, որ Հայ եկեղեցուն պատահած բոլոր ձախորդությունների ու դժբախտությունների մեղավորը Հայր Եղիան է: Իսկ գուցե մյուս մի քանի տասնյակ կարգալուծությունների հարցում է՞լ է Հայր Եղիան մեղավոր: Ինչո՞ւ եք այդքան վառված նրանից, պարոնա՛յք քննադատներ: Որ նախանձախնդիր է եղել Հայ եկեղեցու նկատմամբ և ճի՞շտ է խոսել՝ իրերն ու երևույթներն անվանելով իրենց անուններով: Այստեղ անձնական հարցեր չենք քննարկում, դա թողեք Աստծուն:

Գաղտնիք չէ, որ Մայր Աթոռը բոլոր այլախոհներին հալածում է, իրենից մերժում, հեռացնում: Հոգևորականն իրավունք չունի իր սեփական կարծիքն ու դատողությունն ունենալու, նա զրկված պիտի լինի իր անհատականությունից, որ համարվի հնազանդ և հարիր եկեղեցական: Հոգևորականներին ստիպում են դիմում գրել և թողնել եկեղեցական ծառայությունը, ինչպես դա պատահեց, օրինակ, Գառնիկ աբեղա Մխիթարյանի դեպքում: Հակառակ պարագային կաթողիկոսը սպառնում է, թե եթե հոգևորականը դիմում չգրի ու չհեռանա, ինքը կհեռացնի ու այնպես կխայտառակի նրան, որ ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն: Գարեգին Բ-ն ընդունակ է մինչև անգամ իր կարգալույծ հռչակած «ըմբոստ» եկեղեցականին մատնել Ոստիկանության վեցերորդ վարչությանը: Ահա սա՛ է Գարեգին Բ-ի «քրիստոնեական», «մարդկային» և «հանդուրժող» մոտեցումը իր ենթակաների ու «հիվանդ գառների» նկատմամբ:

Սա գալիս է նրանից, որ երբևէ չի եղել մի վերահսկող մարմին, մի ուժ, որը զսպեր կաթողիկոսի սանձարձակ քմահաճույքները և որին նա հաշվետու լիներ: Ինչպես ասում են, «беспредел» վիճակ է, երբ թուրը ոնց ուզում, կտրում է: Այս ամենաթողությունը նա ժառանգել է սերժական ռեժիմից, քանի որ մի գրչի հարվածով հարցեր է լուծել, մարդկային ճակատագրեր խորտակել՝ իրեն վեր դասելով օրենքից: Այնպիսի ռեժիմ է ստեղծել, որ երբ մարդիկ ասեն եկեղեցի, հասկանան Գարեգին Բ, ասեն Էջմիածին, հասկանան Գարեգին Բ, ասեն հավատք, հասկանան Գարեգին Բ, ասեն կանոն, հասկանան Գարեգին Բ, ասեն ավետարան, հասկանան Գարեգին Բ, ասեն Աստված, հասկանան Գարեգին Բ... Մինչև ե՞րբ...

Եթե ըստ «Իրավունք» թերթի պատվիրված հոդվածի՝ Հայր Եղիան խնդիրներ է ունեցել իր համալսարանական տարիներին, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Աստվածաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Վարդանյանը փայլուն բնութագիր-երաշխավորագիր է ներկայացնում Մայր Աթոռ, որպեսզի Հայր Եղիան ուսումը շարունակի ճեմարանում: Եթե վերջինս խնդրահարույց անձ է եղել Էջմիածնում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Գևորգյան ճեմարանի տեսուչ, մեր շատ սիրելի Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ևս փայլուն բնութագիր է տալիս Հայր Եղիային, որի հիման վրա նա անմիջապես աշխատանքի է անցնում կաթողիկոսարանի դիվանատանը: Եթե Հայր Եղիան արժանիքներ չուներ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Մայր Աթոռից երկու եպիսկոպոսի և մեկ քահանայի երաշխավորական նամակներով ու Կաթոլիկ եկեղեցու տրամադրած դրամաշնորհով նա ուսման է մեկնում արտերկիր: Հենց այդ միջոցին էլ նրան լուրջ ֆինանսական հարվածներ են հասցնում տվյալ թեմի եկեղեցական և աշխարհիկ պաշտոնյաները, խաբելով սննկացնում ուսանող Հայր Եղիային: Նա երբևէ փող չի մուրացել որևէ մեկից, քանի որ իր արժանապատվությունն ավելի բարձր է գնահատել, քան փողը, որը Հայ եկեղեցում «անհատի պաշտամունք» ձևավորած անհատի պաշտամունքն է: Գարեգին Բ-ն, տեղեկանալով կատարվածի մասին, ինքն է իր կողմից փոխհատուցել տուժող միաբանի ֆինանսական սնանկացումը:

Մենք վստահ ենք և համոզված, որ որևէ եկեղեցականի համար, նախկին կամ ներկա, Մայր Աթոռը լեգենդներ ունի հնարած, որպեսզի ցանկացած մեկը, ով կհամարձակվի քննադատել Գարեգին Բ-ին ու նրա ստեղծած համակարգը, ապա կարժանանա խստագույն վարկաբեկումների: Մեկի համար կասեն գող է՝ առանց նվազագույն փաստերի, մյուսի համար կասեն հոգեկան հիվանդ է՝ առանց որևէ հիմքի, երրորդի համար կասեն անբարոյական է՝ զուրկ որևէ ապացույցներից, չորրորդի համար կասեն աղանդավոր է՝ չունենալով հիմնավորումներ... Մենք լավ ենք ճանաչում Մայր Աթոռի կեղտոտ ձեռագիրը և գործիքակազմը: Իսկ այն կուսակրոն եկեղեցականները, որոնք ապօրինի կին-զավակներ ունեն և որոնց կանայք շարունակ բողոքում են ալիմենտ չստանալու համար, Գարեգին Բ-ն մատով չի դիպչում նրանց, այլ թույլ է տալիս, որ բոլոր իր շուրջինները ամեն օրինախախտումներ ու կարգազանցություններ անեն, որ հետո նրանց նկատմամբ կոմպրոմատներ հավաքի և այդկերպ բոլորին երկաթե բռունցքի մեջ պահի:

Գարեգին Բ-ի ուժը պատում է բոլոր սիրված և նվիրված եկեղեցականների վրա: Օրինակները շատ են: Հիշենք միայն Ֆրանսիայի թեմում ծառայած Մյուռոն ծայրագույն վարդապետ Գըվըգյանին, որին անմեղ տեղը այնքան ստորացրեց Գարեգին Բ-ն, որ Հայր Մյուռոնը հոգեկան սթրեսի ենթարկվեց ու հիվանդություններ ձեռք բերեց: Նա դեռ ողջ է և ապրում է Փարիզի արվարձաններից մեկում, ու նրան ճանաչողները լավ գիտեն այդ պատմությունները: Քանի անգամ նրան փորձում էր պաշտպանել հանգուցյալ Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը, սակայն Արսեն Սրբազանն էլ դարձավ Գարեգին Բ-ի աչքի փուշը: Վերջինիս գերեզմանաքարը մահվանից երկու տարի անց նոր միայն բարեհաճեցին տեղադրել Միաբանական գերեզմանատանը՝ այն էլ բարերարներից մեկի միջամտությամբ:

Տաթևի վանքի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը սրբակենցաղ հոգևորական է, որի շնորհիվ այսօր շատ ու շատ հավատացյալներ չեն լքում Հայ եկեղեցին ու չեն դառնում աղանդավոր: Բայց եթե հանկարծ մի օր Հայր Միքայելն էլ համարձակություն ունենա քննադատել Գարեգին Բ-ի հակաեկեղեցական գործունեությունը, ապա Մայր Աթոռը գործի կդնի իր հին, բայց փորձված մեթոդը: Աշխարհի տարատեսակ հայտնի ու անհայտ մեղքերը կվերագրվեն Հայր Միքայելին, նրան կմեղադրեն ինքն իրեն սուրբ հռչակելու մեջ, կսկսվի կազմակերպված արշավ, թերթերը մեկը մյուսի ետևից կտպեն Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի շաբլոն մեղադրանքները, զրպարտագրերն ու պարզաբանումները: Սա նույնպես սերժական ռեժիմի գործելաոճն է, որը ցավոք սրտի որդեգրել է Գարեգին Բ-ն:

Հիմա ո՛ր եկեղեցականը կամ անհատը կաթողիկոսի դեմ է խոսում, դառնում է աղանդավո՞ր: Սա ի՞նչ պարզունակ մտածելակերպ է: Ինչու՝ Հայ եկեղեցին չափվում է Գարեգին Բ-ի անձո՞վ: Բա եթե մի օր ինքը չլինի, ի՞նչ է լինելու մեր վիճակը: Կարո՞ղ է դավանափոխ էլ լինենք: Գարեգին Բ-ի դեմ Հայր Եղիայից առաջ խոսել են նաև այլ եկեղեցականներ նույպես, որոնց մասին շատ բան չի գրվում: Թվարկենք նրանցից երկուսի անունները՝ Քաշաթաղի եւ Կովսականի հանգստյան կոչված հոգևոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը, որին Գարեգին Բ-ն վաղուց մեկուսացրել է, և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության Կալվածոց տեսուչ Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, որին կաթողիկոսը քինախնդրաբար մերժեց եպիսկոպոս ձեռնադրել: Գնացե՛ք Երուսաղեմ և ականջալուր եղեք, թե ինչե՛ր են խոսում Գարեգին Բ-ի մասին: Հիմա եկել փոշի՞ եք ցանում մեր աչքերին:

Պատերի տակ տարբեր բարձրաստիճան և ցածրաստիճան եկեղեցականներ գիշեր-ցերեկ բամբասում են կաթողիկոսից, բայց չունեն այնքան տղամարդկություն, որ կանգնեն երեսին ասեն իրենց բողոքն ու դժգոհությունը: Մենք շատ բաներից ենք տեղյակ, և թույլ մի տվեք, որ հերթով պատռենք յուրաքանչյուրի դիմակները: Պարզապես չենք ուզում ավելի խայտառակված տեսնել առանց այն էլ հեղինակազրկված մեր եկեղեցին: Նորից ենք պնդում, որ օր առաջ պետք է ազատագրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը՝ այն պատանդ վերցրած կաթողիկոսից: Նրա հրաժարականի պահանջն անփոփոխ է և անբեկանելի: Դա Հայ եկեղեցու աշխարհասփյուռ զավակների արդար իրավունքն է:

Վերջապես, ովքեր անլուրջ կամ քմծիծաղով էին վերաբերվում «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթին, արձանագրենք, որ կարևորը ոչ այնքան քանակն է, որքան երևույթը, որն ինքնին ահազանգ է: Հիշյալ քայլերթի մասնակիցները մայիսի 17-ի երեկոյան հասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց դիմավորեցին Գարեգին Բ-ի պատվիրակները՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և Վահրամ քահանա Մելիքյանը՝ փորձելով մի նոր փափուկ բարձ դնել պահանջատերների գլխի տակ: Սակայն Հայ եկեղեցու առողջ ու գիտակից հավատացյալներն արթուն են և թույլ չեն տա որևէ զիջում այս հարցում:


    

Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալներ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9714 | 0 | 0
Facebook