Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

226 տարի առաջ այս օրը առաջին անգամ գործածվել է մահապատժի նոր գործիք-զենքը՝ գիլյոտինը

21:20, Среда, 25 Апреля, 2018 года
226 տարի առաջ այս օրը առաջին անգամ գործածվել է մահապատժի նոր գործիք-զենքը՝ գիլյոտինը

Բժիշկ Ժոզեֆ Գիլյոտինի գյուտարարական մտքի այս արգասիքը փորձարկվեց Փարիզի Գրևյան հրապարակում:


     Գողության ու ճանապարհներին ավազակային հարձակումների համար մահվան դատապարտված Ժան Նիկոլա Պելետիեն դարձավ առաջին հանցագործը, որի մահապատիժը գիլիոտինով ի կատար ածվեց: Ականատեսների վկայությամբ՝ «ամենը տեղի ունեցավ մեծագույն կարգապահությամբ ու լիակատար հանդարտության մթնոլորտում՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակում մարդկանց մեծ բազմություն կար ու բոլորը գրգռված էին: Փորձն ավելի քան լավ ստացվեց. ամբոխը չհասցրեց նույնից «ախ» անել», երբ սուր սայրով հատված Պելետիեի գլուխը զամբյուղի մեջ գլորվեց»:

Շատ շուտով հեղափոխական ալիքը գիլյոտինը վերածեց արդյունաբերական մասշտաբի սպանության գործիքի: Հեղափոխական ամենաթունդ տեռորի ժամանակաշրջանում եղել են օրեր, երբ միանգամից 60 և ավելի մարդու են մահապատժի ենթարկել, և ամեն մի դատապարտվածի գլխատման համար ծախսվել է ամենաշատը երկու րոպե: Այնպես որ, եթե այդքան մարդու գլխատումը հանձնարարվեր կացնով աշխատող դահճին, ապա նա ուժասպառ կլիներ:

Ի դեպ, գիլյոտինով գլխատելիս պատահել է, որ դանակի շեղբը միանգամից չի կարողացել կտրել դատապարտյալի պարանոցը, և այդժամ «գործը դանակով են ավարտին հասցրել»: Մահապատժից հետո, մանավանդ, եթե մահվան դատապարտվածը նշանավոր մեկն է եղել, դահիճը բռնել է հատված գլխի մազերից ու ցույց տվել ժողովրդին: Դա արվել է նրա համար, որպեսզի բոլորը համոզվեն, որ մահապատիժը հաստատ ի կատար է ածվել: Եթե մահապարտը ճաղատ է եղել, ապա դահիճը նրա գլուխը ցուցադրել է՝ դրա ականջներից բռնած:

Գիլյոտինը մարդասիրական գյուտարարություն է համարվել. այն նախ խորհրդանշել է հավասարությունը մահապատժի ի կատար ածման համակարգում, քանի որ առաջներում գլխատվելը միայն ազնվազարմ հանցագործների «մենաշնորհն է եղել», իսկ հասարակ խավերի հանցագործներին կա՛մ կախաղան են բարձրացրել, կա՛մ ջրահեղձ են արել, կա՛մ այլ եղանակներով են սպանել: Բանտապահներին ու դահիճներին արգելվել է մահապարտների հետ վատ վերաբերվել, տանջել, ծաղրել ու զանազան կտտանքների ենթարկել:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության 718 օրերի ընթացքում միայն Փարիզում 2742 մարդ է գլխատվել: Գլխատվածներից 344-ը կանայք են եղել, 41-ը՝ երեխաներ, 102՝ յոթանասունն անց ծերեր, 11-ը ութսունն անց մարդիկ, և մեկը՝ 93 տարեկան զառամյալ անձ:

1793 – 1794 թվականներին ամբողջ Ֆրանսիայում գիլյոտիններով 18 հազար մարդ է գլխատվել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4420 | 0 | 0
Facebook