Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Թիֆլիսի գրավումն ու ավերումը, մելիք Մեժլումի ակտիվ դերակատարումն այդ գործում, Ռուսաստանի երկդիմի խաղի շարունակությունը

15:18, Понедельник, 26 Марта, 2018 года
Թիֆլիսի գրավումն ու ավերումը, մելիք Մեժլումի ակտիվ դերակատարումն այդ գործում, Ռուսաստանի երկդիմի խաղի շարունակությունը

Դառնանք Աղա Մահմեդ խանին, որը նորից է պատգամավոր ուղարկում Հերակլի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Գիորգիևյան պայմանագիրը և հնազանդվել պարսից գահին: Հերակլը նորից է մերժում այս պահանջը և սկսում է նախապատրաստվել պատերազմի: Այդ ժամանակ շահը զորքերը շարժում է Թիֆլիսի վրա: Շահի բանակն առաջնորդում էին Ջավադ խանն ու մելիք Մեժլումը: Վերջինս Թիֆլիսի դիրքին քաջածանոթ էր ու շահին հուշում էր, թե որ կողմից պետք է քաղաքը գրոհել, որպեսզի հեշտ լինի տիրելը: Պարսից բանակի առաջապահ զորամասերը դրված էին նրա հրամանատարության ներքո, և դրանք նրա հրամանների համաձայն էին տեղաշարժվում:

Մելիք Մեժլումի այս ստոր արարքը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Թիֆլիսի բնակչության մեծամասնությունն այն ժամանակ հայեր են եղել, խստորեն դատապարտել են հենց իր ժամանակակիցները: Աղա Մահմեդ խանի նման մի դաժան բռնավորին մելիք Մեժլումի միանալու հանգամանքը ժամանակակիցներից շատերը բացատրել են անձնական թշնամության ու վրեժխնդրության զգացմունքով: Նա և մելիք Աբովը Թիֆլիսից հեռացել էին Հերակլի ու վրաց ազնվականության նկատմամբ ատելությամբ համակված, և, ասում են, այդ ատելությունն է մելիք Մեժլումին մղել, որ պարսիկներին առաջնորդի Թիֆլիսն ավերելուն: : Բայց, անշուշտ, միայն դա չի եղել պատճառը: Այդ ժամանակաշրջանում նա Գանձակի խանի շվաքի տակ ապրող մի շարքային իշխանավոր էր, որը եթե նույնիսկ ուզենար, չէր կարող չեզոք դիրք գրավել այն դեպքում, երբ իր հովանավոր խանը որոշել էր ծառայել պարսից շահին: : Մելիք Մեժլումին հատկացված Շամքորը պարսից բանակի ճանապարհի վրա էր գտնվում, և նա խստորեն կպատժվեր, եթե չմիանար պարսիկներին: Հովսեփ Արղությանը փորձել է Ռուսաստանի կառավարությանը հավատացնել, թե մելիք Մեժլումն ակամա է միացել պարսիկներին: Բայց եթե ակամա միացած լիներ, ապա այդքան մեծ եռանդ չէր ցուցաբերի, այդքան նվիրվածությամբ չէր ծառայի պարսիկներին: Մելիք Մեժլումը Շուշին պաշարած պարսից զորքի կազմում է եղել, ու նա է Ջավադ խանի հետ միասին շահին խորհուրդ տվել դադարեցնել Շուշու պաշարումն ու արշավել Թիֆլիսի վրա:

Իսկ Հերակլն այս ամբողջ ընթացքում շարունակ արհամարհանքով է վերաբերվել պարսիկներին ու լրջորեն չի նախապատրաստվել պաշտպանության: Նա նույնիսկ իր ամբողջ բանակը չի կենտրոնացնում, ավելին, զորքի մի մասը երկրի այլ շրջան է ուղարկում՝ պատվիրելով օգնության գալ միայն այն ժամանակ, երբ ինքն անհրաժեշտ կհամարի: Արևմտյան Վրաստանից Հերակլին օգնության են գալիս 10 հազար իմերեթցիներ, , որոնք, սակայն, օգնելու փոխարեն, կողոպտում են Թիֆլիսը և փախչում են նախքան պարսիկների մոտենալը: Հերակլին օգնության չեն գալիս նույնիսկ նրա որդիները, և նա պարսկական բանակի դեմ մենակ է մնում: Որոշ դիմադրությունից հետո Հերակլը փախչում է իր մայրաքաղաքից՝ թողնելով նրա բնակչությանը անգութ շահի ու նրա զինվորների ձեռքը: Թիֆլիսն այդ ժամանակ հիմնականում հայաբնակ էր, և Աղա-Մահմադ խանի սանձազերծած ավերումն ու ավարառությունը հիմնականում հայությանը վնասեց: Ի դեպ, Թիֆլիսի գրավման ժամանակ է զոհվել նաև Սայաթ Նովան: Ծաղկուն քաղաքը ավերակների կույտի է վերածվում: Անհուն հարստություններ կողոպտած և տասնյակ հազարավոր գերիներով ծանրաբեռնված պարսկական բանակը հեռանում է Թիֆլիսից ու բանակում է Մուղանի դաշտում: Աղա Մահմեդ խանը որոշել էր այստեղ ձմեռել, իսկ գարնանը նորից պաշարել Շուշին: Մինչ այդ նա փորձում է հնազանդեցնել Շամախու և Նուխու խաներին, բայց նրա ուղարկած զորքերը պարտություն են կրում: Կատաղած շահը պարտության վրեժը թափում է Թիֆլիսից բերված գերիների վրա: Դրանցից վեց հարյուրին (գլխավորապես ծերեր և տկարներ) ձիերի ոտքերի տակ տրորելով սպանում են: Շահն ավելի բարբարոսական պատիժ պատրաստել էր վերն հիշատակված այն 52 գյուղապետերի համար, որոնք ձերբակալվել էին Շուշվա պաշարման ժամանակ: : Շահի հրամանով 52 նեղլիկ անցքեր ունեցող մի պատ է կառուցվում, և այդ անցքերի մեջ մտցվում են գյուղապետերի գլուխները: Դրանից հետո պատի մյուս կողմից թշվառների պարանոցներին հաստ պարաններ են գցվում, այդ պարանների ծայրերը կապվում են ջորիների գավակներին, ու գրաստներին այնքան են քշում, մինչև որ բոլորի գլուխները պոկվում են:

Բայց Աղա Մահմեդ խանի՝ Շուշին պաշարելու ծրագիրը խափանվում է, որովհետև նա տեղեկություն է ստանում, թե Պարսկաստանում ապստամբություններ են ծագել, և նա իր բանակը շարժում է դեպի Պարսկաստան՝ այդ ապստամբությունները ճնշելու:

Ղարաբաղի տերը՝ Իբրահիմ խանը, անմիջապես օգտվում է այդ բարենապաստ հանգամանքից: Միանալով Ավարիայի Օմար խանի հետ՝ նա արշավում է Գանձակի վրա՝ Ջավադ խանին պատժելու համար: Նա այս արշավանքին միանալու հրավեր է անում նաև Հերակլին: Որոշակի ավար ձեռք գցելու ակնկալիքով՝ Հերակլնի իր որդու գլխավորությամբ մի զորախումբ է ուղարկում Իբրահիմ խանին օգնության: Գանձակի դեմ ռազմական գործողություններն սկսվում են 1796-ի հունվարին և տևում են երեք ամիս: Մարտական գործողությունների հենց սկզբում վրացիները փախչում են մարտադաշտից, բայց մինչ Հերակլը կսկսեր նոր զորք հավաքել, Իբրահիմ խանը շտապում է Ջավադ խանի հետ հաշիվներն արագ մաքրել: Ջավադն իր բերդի պաշտպանությունը հանձնում է մելիք Մեժլումին: Պաշարումը տևում է 50 օր: Արյունահեղ մարտերի ընթացքում սպանվում են մելիք Մեժլումն ու իր երկու զինակիցները՝ Դալի Մահարասան և Թյուլի Արզումանը:

Թիֆլիսի գրավումն ու ավերումը այսրկովկասյան իշխողների ու նաև հասարակ ժողովրդի աչքում մեծապես հեղինակազրկում է Ռուսաստանին, ուստի ռուսական կառավարությունը շտապում է վերականգնել կորսված հեղինակությունն ու երբեմնի ազդեցությունը: Սկզբում մի փոքրիկ զորախումբ է ուղարկվում Դաղստան: Բայց դա այնքան չնչին ուժ էր, որ Հերակլն սկսում է խորհել Պարսկաստանին հնազանդություն հայտնելու մասին: Բայց այդ մտադրությունից նրան ետ է պահում Հովհաննես Արղությանը: Նա Հերակլին հուսադրում է՝ ասելով, թե ինքը ինչ որ պետք է, ասել է ռուսական զորքերի հրամանատար Պլատոն Զուբովին:

Այս անգամ ռուսական արշավանքը հաստատապես վճռված էր: Այն սկսվում է 1796 թվականի ապրիլի 18-ին, Ղզլարից: Զորքերի գլխավոր հրամանատար էր նշանակված Զուբովի եղբայրը՝ կոմս Վալերիան Զուբովը, որին Այսրկովկասում «Ղըզըլ այաղ» («ոսկի ոտ») մականունն է տրվել, որովհետև նրա մի ոտը կտրված էր, և նա ոսկուց շինված արհեստական ոտ է կրել: Նկատի առնելով նախորդ պատերազմներում ռուսական բանակին Արղությանի մատուցած մեծարժեք ծառայությունները՝ Եկատերինա 2-րդը ցանկություն է հայտնում, որ այս պատերազմում էլ նա մասնակցություն ունենա: Ահա թե ինչու կոմս Պլատոն Զուբովը նամակ է գրում Արղությանին՝ խնդրելով գնալ Ղզլար ու խորհուրդներով աջակցել իր եղբորը: Արղությանը, բնականաբար, ենթարկվում է այդ խնդրանք-հրամանին:

1796 թ. մայիսի 10-ին ռուսները գրավում են Դերբենդը: Ոգևորված Արղությանը հատուկ ուղերձով դիմում է Դերբենդի հայերին.
     «…Հանձնարարում եմ բոլոր քաղաքացիներին և գյուղացիներին, քահանաներին և աշխարհականներին լինել զգույշ և մոռացության տալով ձեր կրած բոլոր հարստահարությունները, անձնվիրաբար վերաբերվել կայսերական գահին և ձեզ ազատող կոմսի հրամաններին:

Քաղաքացինե՛ր, ձեր ջանացողությամբ ապացուցեք, որ կարող եք լինել արժանավոր քաղաքացիներ… դուք, որ ունեք քաջ և պատերազմական ոգի, կարող եք ձեր քաջությամբ ապացուցել ձեր հավատարմությունն ու անձնվիրությունը և այդպիսով արժանանալ կոմսի վստահությանը, որպեսզի նա, գոհ մնալով ձեր վարմունքից, այդ մասին զեկուցի նորին կայսերական մեծությանը: Եվ այսպես, դուք, որ ամբողջ հայ ազգից առաջինն եք, որ տեսաք փրկությունը և վայելում եք այն, աշխատեցեք լինել միաբան և գործով ապացուցեք ձեր անձնվիրությունն առաջին հրամանատարին և ձեր հավատարմության գործերը թող օրինակ լինեն մեր ազգի այն անդամների համար, որոնք նմանօրինակ ջերմեռանդությամբ սպասում են ցանկալի փրկությանը…Եվ գուցե, եթե հաճելի լինի Աստծուն, տեսնեմ իմ որդիներին, և այն Աստվածը, որ փրկել և ուրախացրել է ձեզ, կփրկի և կուրախացնի մեր ազգի մնացած մասը և ձեզ այլևս չի մատնի ձեր նեղիչների ձեռքը: Թող ձեզ համար բացվեն երջանկության դռները և թող ամենաբարձրյալն ավելի և ավելի ամրացնի ձեր զորավարի բազուկը, և ինչպես բացված են Դերբենդի դռները, այնպես էլ բացվեն ձեր Հայաստանի դռները»:

Բայց ցարական գեներալները շուտով Արղությանի գիտակցությանն են հասցնում, որ նա չափից ավելի է ոգևորվում: Կարծելով, թե հայոց «փրկությունը» կատարյալ է, և որ այդ «փրկության» գործը իր լրումին հասցնելու համար ռուսական զորքը պիտի անտեսի իր շահերը, նա սկսում է խառնվել ռուսական հրամանատարության գործերին: Կոմս Զուբովը Դերբենդի բերդապահ գեներալ Սավելիևից գանգատ է ստանում այն մասին, թե այս հայ արքեպիսկոպոսն աշխատում է հայերի առջև ստորացնել մահմեդականներին: Եվ Զուբովն իսկույն հրաման է ուղարկում գեներալին, թե նա, որպես կառավարության ներկայացուցիչ, պատասխանատու է բոլոր անկարգությունների համար, որ նա պիտի թույլ չտա որևէ կողմնակի ազդեցություն, որևէ առիթ, որը բնակչությանն անհանգստություն կպատճառի: Արղությանը «խելքի է գալիս» ու Դերբենդից հեռանում է:

Ռուսաստանի կառավարությունն անդրկովկասյան այս արշավանքը քրիստոնյաներին ազատագրելու նպատակով չէր սկսել: Դերբենդի գրավումից հետո Եկատերինան մի ընդարձակ հրովարտակով դիմում է Պարսկաստանի ժողովուրդներին` աներկբայորեն հավաստիացնելով, թե Ռուսաստանը պատերազմ է մղում միայն Աղա-Մահմեդ խանի դեմ: Հրովարտակը բոլորին հավատացնում էր, թե Ռուսաստանի դիտավորությունները միայն խաղաղասիրական ու բարեկամական են, որ ոչ ոք ռուսական արշավանքից չպիտի վնասվի, եթե, իհարկե, ռուսների նկատմամբ թշնամություն չցուցաբերի: Այս հրովարտակը նշանակում էր, որ մահմեդական իշխողները ռուսական արշավանքից չէին վնասվելու: Բայց քանի որ միայն այդ հանգամանքի վրա հույս դնել չէր կարելի, ուստի ռուսական իշխանություններն արշավանքի հաջողությունը, բարենապաստ ելքը պիտի ապահովեին քրիստոնյա բնակչության համակարանքով ու աջակցությամբ: Այդ համակրանքն անշեջ պահելու համար պետք էր հուսադրել քրիստոնյաներին, թե նրանք կստանան իրենց տենչած փրկությունը մուսուլմանների լծից: Դեռ արշավանքի սկզբում հայտարարված էր, թե այս արշավանքի գլխավոր նպատակն է «վերականգնել Հերակլի իշխանությունն իր կալվածքներում, հայ մելիքներին և նրանց հպատակ Ղարաբաղի բնակիչներին դնել միայն Ռուսաստանից կախյալ դրության մեջ, Ռուսաստանի կողմը գրավել Արարատի կաթողիկոսին, որը շատ զորեղ ազդեցություն ունի ամբողջ հայ ազգի վրա: Այս բանը շատ մեծ հնարավորություններ կտար քրիստոնյաների դրությունն ամրացնելու և մեր բարձր տիրապետությունն ու ազդեցությունն ապահովելու համար»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4592 | 0 | 0
Facebook