Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԱՄՍՏԵՐԴԱՄ. ՏԵՂԻ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
16:11, Вторник, 20 Марта, 2018 года
ԱՄՍՏԵՐԴԱՄ. ՏԵՂԻ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ
    

ՄԱՄՈՒԼ

  • Mar. 9th, 2018 at 5: 02 PM
06.03.2018թ. 16: 20: 45

Ամստերդամի միակ հայկական՝ Սուրբ Հոգի եկեղեցու պատմությունը ձգվում է մինչև 1714 թվականը: Եկեղեցու հիմնման մասին երկու վարկած է շրջանառվում՝ կա’մ հայերը հող են գնել ու կառուցել եկեղեցին, կա’մ տարածքում պահեստի շենք է եղել, որը գնել և վերածել են եկեղեցու:

1714-ին շենքն արդեն որպես եկեղեցի է ծառայել, սակայն երբ Եվրոպայում պատերազմներ են սկսվել, տեղի հայերի թիվն էլ գնալով նվազել է, և 1806-ին արդեն ոչ մի արարողություն չի արվել եկեղեցում, թեև շենքը խնամվել ու հսկվել է: Ի վերջո, վաճառել են շինությունը, և կաթոլիկներն են այն գնել ու հանձնել մայրապետներին, ովքեր էլ շենքը դարձրել են դպրոց: Ի դեպ, կառույցի առքուվաճառքի պայմանագրում նշված է եղել, որ եթե որևէ մեկը գնի այն, ապա կառույցի վրայի հայկական գրվածքները պետք է պահպանվեն:

Հարյուրամյակ անց, երբ հայկական երկրորդ համայնքը /1950-60-ականներին/, ովքեր հիմնականում Թուրքիայից եկողներն են եղել, շինության կողքով անցնելիս տեսել են հայկական գրություն, հետո` իմացել, որ կաթոլիկներին է տրվել շենքը, 1985-ին գաղտնի սկսել են աշխատել շենքը հետ վերադարձնելու ուղղությամբ: Եկեղեցին ձեռք բերելու և այն վերականգնելու համար կարճ ժամանակ է անհրաժեշտ եղել. ժողովուրդն է գումար հատկացրել, Մայր Աթոռը նվիրել է գումարի 1/3 մասը, 1/3-ն էլ` Հայ բարեգործական միությունը, և վերականգնել են եկեղեցին ու 1989-ին վերաօծել այն: Այդ օրվանից սկսած՝ ամեն կիրակի եկեղեցում պատարագ է մատուցվում:

Եկեղեցու հոգևոր հովիվը՝ տեր Տարոն քահանա Թադևոսյանը, 6 տարի է, ինչ Հայաստանում ձեռնադրվել է որպես քահանա ու տեղափոխվել Ամստերդամ՝ եկեղեցում ծառայելու: Yerkir.am-ի հետ զրույցում Տարոն քահանան նշեց, որ քահանա է ձեռնադրվել և իր գործունեությունը սկսել Ամստերդամից:

«Ամստերդամ գալու ընտրությունն իմը չէ, հոգևորականները չեն ընտրում՝ որտեղ պետք է ծառայեն: Ամեն մարդու մոտ հավատքից է սկսվում ամեն ինչ, և յուրաքանչյուրն իր պատճառն ունի, թե ինչը խթան հանդիսացավ, որ այս ճանապարհն ընտրի: Մենք ապրել ենք Խոր Վիրապ եկեղեցու կողքին, և անգամ կոմունիստների ժամանակ չեն կարողացել մեզ ճնշել ու արգելել եկեղեցու հետ կապը պահպանել:

Ընտանիքս էլ հավատով էր, և ես ճեմարան ընդունվեցի ուղղակի կրթություն ստանալու նպատակով: Մտածում էի՝ գուցե ճեմարանն ավարտեմ և մեկ այլ մասնագիտություն ընտրեմ, սակայն երբ ընդունվեցի ճեմարան, միտքս փոխվեց, որովհետև մեկ բան է՝ հավատք ունենաս, մեկ ուրիշ՝ գիտակցված հավատք ունենաս, մեկ ուրիշ՝ հավատալ Աստծուն, մեկ այլ բան՝ ճանաչել Աստծուն: Որքան ծանոթությունդ մտքի առումով մեծանում է, այնքան աշխարհայացքդ էլ է փոխվում, մտքի վերածնունդ է տեղի ունենում: Ինձ համար այդ վերածնունդը տեղի ունեցավ ճեմարանի տարիներին», - ասում է հայր Տարոնը՝ հավելելով, որ երբ մարդ հոգևորականի ուղին է ընտրում և անցնում աշխատանքի, ասես վերածնվում է:

Ինչ վերաբերում է Ամստերդամի հայկական եկեղեցու՝ «ոչ հայկական» տեսքին, ապա, քահանայի խոսքով, եկեղեցու արտաքին տեսքը հարմարեցված է տեղի ճարտարապետությանը, քանի որ այն ժամանակ հավատաքննությունն ավելի խիստ է եղել, կաթոլիկները թույլ չեն տվել, որ, բացի իրենց եկեղեցուց, այլ քրիստոնեական համայնք լինի: Եթե որևէ եկեղեցի գոյություն ունենալու համաձայնություն է ստացել, ապա այն պետք է այնպիսի տեսք ունենար, որ չտարբերվեր մնացած շենքերից: Հիմա, քահանայի խոսքով, շատ բան է փոխվել, այժմ եկեղեցիներն իրար նկատմամբ ավելի հանդուրժող են:

Հայապահպանությունը, ինչպես մյուս գաղութներում, այնպես էլ Ամստերդամում, համայնքի կարևորագույն խնդիրներից մեկն է: Հոգևոր հովվի խոսքով՝ հայապահպանության համար պայքարում են հայ մշակույթի տարածմամբ, երգչախումբ, պարի խմբակ ստեղծելով, կիրակնօրյա դպրոցում դասեր անցկացնելով, որոնց ժամանակ, բացի հայերենից, սովորեցնում են նաև հայ մշակույթի, հայոց ժողովրդի, կրոնի պատմություն:

«Եկեղեցում էլ տարբեր դասախոսություններ ու միջոցառումներ ենք կազմակերպում՝ գրական, մշակութային, կրոնական թեմաներով: Այստեղ ոչ բոլորն են հայերեն խոսում, քանի որ հայկական դպրոցներ չեն եղել: Տարիներ առաջ մարդիկ եկել են ու փորձել իրենց գոյությունը պահպանել, հետո նոր սկսել հայապահպանության խնդրով էլ զբաղվել: Հայերն, ովքեր այստեղ են եկել 50-60-ականներին, փոքր խումբ են եղել, մեծ կարողություններ չեն ունեցել՝ դպրոց բացելու: Ամստերդամում ապրող հայերի մեծ մասը եկել է 1990-ականներից հետո, և նրանք նոր-նոր են ինտեգրվում ու անձնական հոգսերը կարողանում թոթափել՝ անձնագիր, ուսում ստանալ, աշխատանք գտնել: Եվ այս դեպքում մեծ ծրագրեր իրագործելը մի քիչ դժվար է», - ասում է քահանան ու հավելում՝ 4 տարի է, ինչ Ամստերդամում հայկական դպրոց է բացվել, դպրոցում 70 աշակերտ է սովորում:

Ըստ հայր Տարոնի` ամենացավալին այն է, որ հայ երիտասարդներն օտարերկրացու հետ են ամուսնանում: Պատահում է՝ աղջիկը կամ տղան ամուսնանում է օտարերկրացու հետ, հայկական եկեղեցում են պսակադրության արարողությունը կատարում, սակայն դա այնքան էլ չի գոհացնում: «Եթե ամուսնանան մեր եկեղեցում, հաջորդ կիրակի նրանց մեր եկեղեցում տեսնենք, նրանց զավակները մեր դպրոցները հաճախեն՝ այլ հարց կլինի, սակայն միայն եկեղեցով ամուսնանալը «գեղագիտական» բան է», - ասաց նա:

Հայոց պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, քահանայի հավաստմամբ, իրենք էլ են տոնելու Ամստերդամում: Նախատեսում են երիտասարդական տարբեր ծրագրերով Հայաստան ուխտագնացություն կազմակերպել: «Վեհափառ հայրապետն էլ հատուկ շեշտել էր, որ 2018-ը երիտասարդների տարի է: Մենք զանազան ճանապարհներով փորձում ենք Հայաստան ուղարկել երիտասարդներին, օրինակ` հուլիս ամսին Ծաղկաձորում 4-օրյա հավաք պետք է լինի, և ամբողջ աշխարհից երիտասարդներ են ներկա լինելու դրան: Մայր Աթոռի հետ միշտ կապի մեջ ենք հոգևոր առումով, մշակութային առումով էլ Հայաստանն աջակցում է մեզ` գրքեր ուղարկում: Ինչի կարիք ունեցել ենք, դիմել ենք, միշտ օգնել են, բայց այնպես չէ, որ մեր աչքերն, օգնության առումով, հառված են մեր երկրի վրա, ընդհակառակը` մենք ենք փորձում օգնել մեր երկրին», - ասաց նա:

1500-2000 հայ համայնք ունեցող Ամստերդամում երեք հայկական երիտասարդական խմբեր կան՝ եկեղեցու երիտասարդների խումբը, ՀԲԸՄ-ի, «Գլաձոր» ուսանողների և Դաշնակցական «Գարեգին Նժդեհ» խումբը: Յուրաքանչյուրն իր հերթին տարբեր միջոցառում է իրականացնում, սակայն, հայր Տարոնի խոսքով, հայ համայնքը որքան էլ տարբեր, միաժամանակ նաև համախմբված է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3065 | 0 | 0
Facebook