Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 25 Июня, 2018 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.50%

Статьи

«...Նոր գիրք հրատարակալու մտադրություն ունեմ, գիրքը կկոչվի «Էմիլի...»

10:22, Пятница, 09 Марта, 2018 года
«...Նոր գիրք հրատարակալու մտադրություն ունեմ, գիրքը կկոչվի «Էմիլի...»
     Նրա գիրքը մի պահ դարձավ ամենաընթերցվող գրքերից մեկը: Նա հայտնի է թե՛ որպես գրող, և թե՛ որպես լուսանկարիչ: Զրուցակիցս «Չգտնված երիցուկները» և «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»
     գրքերի հեղինակ՝ Էդգար Հարությունյանն է:
    
     -Դուք, զբաղվելով թե՛ լուսանկարչությամբ և թե՛ գրականությամբ, ինչպե՞ս եք համատեղում, շատերի կարծիքով, արվեստում իրարից շատ տարբեր այդ ճյուղերը:
    
-Ասեմ, որ լուսանկարչությունն ու գրականությունն ամենևին էլ իրարից տարբեր ճյուղեր չեն, գոնե ինձ համար: Ի սկզբանե զբաղվել եմ լուսանկարչությամբ, հետո նոր անցում եմ կատարել դեպի գրականություն, և խոստովանեմ, որ իմ ստեղծագործություններում առանցքային դեր ունեն հենց այն դեպքերը և այն իրողությունները, որոնց առնչվել եմ լուսանկարչական գործունեությամբ զբաղվելու ժամանակ: Եթե իմ երկու գրքերը կարդացել եք, ապա կհիշեք, որ երկուսն էլ սիրո մասին են, կնոջ հանդեպ սիրո, իսկ այդ ամենին առնչվել եմ, առավելապես լուսանկարչությամբ զբաղվելու ժամանակ:
    
Բացի այդ, լուսանկարչությունը ծանր աշխատանք է, և գրականությունն ինձ համար նաև մի միջոց էր աշխատանքից հետո տուն վերադառնալիս, երբ որ ուզում եմ մի քիչ հանգստանալ, նստում եմ համակարգչի դիմաց և օրվա ընթացքում կամ վերջին շրջանում իմ ուղեղում «կուտակված» մտքերը, հույզերն ու զգացմունքները հանձնում եմ էլեկտրոնային թղթին: Գրեթե բոլոր գործերս գրել եմ գիշերը, աշխատանքից հետո: Հենց այսպես եմ կարողացել համատեղել լուսանկարչությունն ու գրականությունը:
    
     -Ինչու՞ հենց գրականություն: Գուցե կային ոգեշնչման աշբյուրնե՞ր:
    
- Նախ ասեմ, որ փոքրուց երազել եմ գրող դառնալ: Դպրոցական տարիքում շատ էի կարդում: Իրականում ես դպրոցում չեմ սիրել սովորել մինչև 10-րդ դասարան, չնայած բոլոր առարկաներից տարեկանս միշտ 5 է եղել (ծիծաղում է): Իհարկե, երազել եմ գրող դառնալ, բայց լուրջ քայլեր չեմ կատարել: Երբ սկսեցի լուսանկարչությամբ ավելի ակտիվ զբաղվել, լուսանկարչությունը դարձավ ինձ համար աշխատանք, ու այդ ժամանակ ես հիշեցի իմ մանկության երազանքի մասին: Եվ քանի որ էդ շրջանը ինձ համար սիրահարվածության շրջան էր (ծիծաղում է), իմ հույզերը հենց գրականության միջոցով սկսեցի արտահայտել: Իհարկե, այդ ամեն ինչում մեծ դեր խաղաց նաև այն, որ փոքրուց սիրել և շատ եմ կարդացել գրքեր: Եվ անգամ հիմա, երբ ունենում եմ ազատ ժամանակ, կարդում եմ: Իհարկե կուզեի, էն աստվածային շնորքը ունենալ, որ զգացմունքներս արտահայտեի նաև նկարչության միջոցով, ոչ թե լուսանկարչության, այլ հենց նկարչության, բայց դրա համար դեռևս ժամանակ չեմ ունենում: Այլապես արվեստի գրեթե բոլոր ճյուղերն էլ ինձ համար հարազատ են, սիրելի են, հետաքրքրվում եմ և փորձում եմ հետևել ընդհանրապես Հայաստանի մշակույթի զարգացմանը, եթե չմասնակցել, ապա գոնե անմասն չմնալ և լինել ինֆորմացված:
    
     -Գեղարվեստական աշխարհի գրական ոլորտից ունե՞ք սիրելի գրողներ, ում գործերը Ձեր գրածների հիմքում կան:
    
-Գիտեք, եթե դպրոցական կամ ուսանողական տարիներին այդ հարցը տային, գուցե ես բազմաթիվ անուններ թվարկեի, բայց երբ տարիքի հետ համընթաց սկսում ես շատ կարդալ, արդեն դժվարանում ես նշել սիրելի գրողներ կամ սիրելի ստեղծագործություններ, որովհետև թե՛ հայ գրականության մեջ, և թե՛ համաշխարհային գրականության մեջ սիրելի գործերն այնքան շատ են, որ առանձնացնելն ուղղակի շատ դժվար կլինի: Ամեն դեպքում փորձում եմ գոնե հայ գրականությունից առանձնացնել ինձ համար մի քանի սիրելի հեղինակների, Թումանյանից զատ, նրան համարելով ամենայն հայոց բանաստեղծ և հայ գրականության բացարձակ արժեք, Վարդգես Պետրոսյանն է և Շահեն Թաթիկյանը: Նրանք իմ ամենասիրելի արձակագիրներն են, կարդացել եմ նրանց բոլոր գործերը, և անգամ, երբ ինձ հարցնում են, թե ինչ կարդալ, առաջինը նշում եմ հենց այս հեղինակներին, հետո նոր անցում կատարում համաշխարհային գրականություն: Կոնկրետ գործեր չեմ առանձնացնի, որովհետև իմ նշած հեղինակների բոլոր գործերն էլ պարտադիր ընթերցանության շարքից են:
    

     - Ձեր հեղինակային գիրքը՝ «Չգտնված երիցուկները» ընթերցողները հաճախ ասում են, որ կարծես իրական պատմություն լինի հիմքում: Մի՞թե Ձեր ընթերցողներն իրավացի են:
     -Ես երբեք չեմ թաքցրել, որ իմ երկու գրքերն էլ հիմնված են իրական դեպքերի վրա: Ոչինչ հորինված չի, բացի անուններից, իհարկե, հասկանալի պատճառներով: Ինձ շատ են այդ հարցը տվել, շատ նամակներ եմ ստացել այդ հարցի վերաբերյալ: Աղջիկներ կան, որ գրում են, թե իրենց կյանքի պատմությունը որտեղից է ինձ հայտնի: Այն ամենն ինչ նկարագրված է իմ գրքերում ամբողջովին իրականություն է, և բոլորի հետ կարող են պատահել կյանքի ինչ-որ շրջանում: Պարզապես ոչ բոլորն են, որ ցանկություն ունեն կամ կարող են այդ ամենը հանձնել թղթին:
    
     - Լավ, անցնենք Ձեր երկրորդ մասնագիտությանը. լուսանկարչություն: Ձեր լուսանկարներին հետևելով պարզ է դառնում, որ դուք բազմաժանր լուսանկարիչ եք: Երևի թե կա ժանր, որն ավելի հարազատ եք համարում: Ո՞րն է դա:
     -Իրականում, լուսանկարչությունը ոչ թե իմ երկրորդ, այլ իմ հիմնական մասնագիտությունն է, որով ես վաստակում եմ: Առհասարակ որևէ բնագավառում մասնագետ համարվում է այն մարդը, ով իր եկամուտի գոնե 51%-ը վաստակում է տվյալ մասնագիտությամբ: Դա չգրված օրենք է, բայց շատ հիմնավոր:
     Այո, ես ինձ համարում եմ բազմաժանր լուսանկարիչ, բայց առավելապես հայտնի եմ որպես բնության և մանկական ֆոտոշարքերի վարպետ: Այդ երկու ճյուղերն էլ իմ ամենասիրելի ճյուղերն են: Բնության հանդեպ սերը առաջացել է շատ վաղուց, ուսանողական առաջին տարիներից, երբ ես շատ ակտիվ մասնակցում էի տարբեր արշավների: Հետագայում ես ինքս արշավական ակումբ հիմնադրեցի և 7-8 տարի շատ ակտիվ արշավներ եմ կազմակերպել, գրեթե ամեն շաբաթ, չորս հազարից ավելի մարդ էր գալիս ինձ հետ տարբեր արշավների: Իսկ երեխաների հանդեպ իմ սերը միշտ է եղել, կոնկրետ ինչ-որ մի բանից չի առաջացել:

    
     -Ձեր կարծիքով, ի՞նչ է հարկավոր ներդաշնակ լուսանկար ստանալու համար:
     -Ներդաշնակ լուսանկար ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է սեր լուսանկարչության հանդեպ: Ինչպես բոլոր մնացած մասնագիտությունների դեպքում, այնպես էլ լուսանկարչության մեջ առաջին հերթին կարևոր է սերը գործի հանդեպ: Իսկ սերն արդեն առաջ է բերում թե՛ գունային, թե՛ լուսային և թե՛ տեխնիկական ներդաշնակություն:
    
     -Իսկ ունե՞ք սիրելի լուսանկարիչներ:
     -Մի փոքր հարաբերական հարց եք տալիս: Կան լուսանկարիչներ, որոնց կերտած այս կամ այն ճյուղը ես շատ եմ հավանում: Կնշեմ Անդրանիկ ՔԵշիշյանի աշխատանքները, ու հատկապես բնության լուսանկարները, կնշեմ նաև իմ ավագ ընկերոջը՝ Սարգիս Վիրաբյանին, ով առավելապես հայտնի է «նյու» ժանրում իր ստեղծագործություններով: Եվ իհարկե հետևում եմ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր արտասահմանյան լուսանկարիչների, տարբեր ժանրերի: Բնականաբար փորձում եմ արտասահմանյան լուսանկարիչներից ինչ որ բան սովորել, հասկանալ թե ինչ կարելի է առհասարակ նրանցից քաղել և համադրել Հայաստանյան իրականության հետ, որովհետև մեծ երկրագնդի վրա հազարավոր գեղեցիկ վայրեր կան ու այդ նկարներին նայելով շունչդ կտրվում է, ուզում ես հայտնվել այդտեղ, բայց հասկանում ես, որ դու ապրում ես Հայաստանում ու հնարավորություն չունես անընդհատ շրջագայելու մյուսների նման և դրա պակասը փորձում եմ լրացնել հենց Հայաստանում (Հայաստան ասելով Արցախն էլ հետը նկատի ունեմ) անընդհատ ճամփորդությունների միջոցով, իսկ ճամփորդելը լուսանկարչության անսպառ ու հավերժական աղբյուրն է:
    
     -Ձեր խորհուրդը սկսնակ լուսանկարիչներին:
     -Եթե ցանկանում եք հասնել հաջողության, ապա աշխատեք ամեն օր, անդադար, քրտնաջան: Ուրիշ ոչ մի բան, դա եմ խորհուրդ տալիս:
    
     -Ապագայում ունե՞ք նոր գիրք հրատարակելու պլաններ:
    
-Այո, նոր գիրք հրատարակալու մտադրություն ունեմ, աշխատում եմ գրքիս վրա: Գիրքը կոչվում է «Էմիլի»: ԴԵռ չեմ ավարտել, հուսով եմ, որ մոտ ժամանակներս կավարտեմ և կհանձնեմ իմ ընթերցողների դատին: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հետևորդներին, ովքեր մշտապես հետևում և գնահատում են աշխատանքս, շատ հաճելի է: Ես անընդհատ ոգևորվում եմ բազմահազար մեկնաբանություններից, նամակներից, և դրանք ինձ ուժ են տալիս ստեղծագործելու:
    
    
Շնորհակալություն Պարոն Հարությունյանին ևս մեկ անգամ: Մենք անհամբեր կսպասենք Ձեր նոր գրքին: Իսկ եթե դեռ չեք կարդացել, ապա բաց մի թողեք նրա գրքերը կարդալու հաճույքը, մանավանդ այն բանից հետո, երբ իմացանք, որ գրքերի հիմքում ընկած են իրական պատմություններ:
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1524 | 0 | 0
loading...
Facebook
Пресс-секретарь