Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Մի հետաքրքիր ու զվարճալի դեպք իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի կյանքից

18:17, Суббота, 24 Февраля, 2018 года
Մի հետաքրքիր ու զվարճալի դեպք իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի կյանքից

Այս տաղանդավոր կոմպոզիտորի ստեղծագործությունների գլխավոր թեման սերն է եղել: Նա հաճախ է ասել, թե այս դաժան աշխարհում մեզ միայն սերը կարող է փրկել: Ահա թե ինչու է հափշտակվել Մանոն Լեսկոյի ու ասպետ դը Գրիեի դժբախտ սիրո պատմությամբ, այնքան է հափշտակվել, որ թեպետ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեն արդեն «Մանոն» օպերան հանդիասատեսի դատին էր հանձնել, այնուամենայնիվ դա նրան չի անհանգստացրել, ու նա ձեռնամուխ է եղել իր «Մանոն Լեսկո» օպերայի ստեղծմանը` ասելով, թե իր ու Մասնեի ստեղծագործությունները «իրարից բացարձակապես տարբերվող քույրեր են լինելու: Մասնեի երաժշտությունը ֆրանսիական է` դիմափոշուց զերծ կեղծամներով ու մենուետներով, իսկ իմ երաժշտությունը իտալական է լինելու` լի հուսահատությամբ ու կրքով»: Եվ, հիրավի, 1893 թվականի փետրվարի 1-ի առաջնախաղից հետո Պուչինիի «Մանոն Լեսկո» -ն հաղթարշավով քայլում է բոլոր բեմերով:

Սիրո թեմատիկայով նրա հաջորդ ստեղծագործությունը «Բոհեմ» օպերան էր, հետո` «Տոսկա» -ն և, ի վերջո, «Մադամ Բատերֆլայ» -ը:

1984 թվականին անգլիացի ռեժիսոր Քեն Ռասելը բեմադրում է Պուչինիի «Չիո-Չիո-սան» -ի նոր տարբերակը: Գործողությունը տեղի է ունենում Երկրորդ աշխարհամարտի վերջում, Նագասակիում: Գործողության վայրը անառականոցն է: Պարերը` մոդեռն, եղել է նաև ստրիպտիզ: Թեյի փոխարեն հերոսները վիսկի ու «Կոլա» են խմել: Ներկայացման եզրափակիչ մասում գեյշան իրեն հարակիրիի է ենթարկել, իսկ հետո քաղաքի վրա պայթել է ատոմային ռումբը: Հեղինակին արդյո՞ք կգոհացներ այս ներկայացումը…ենթադրություն չանեմ ու ներկայացնեմ խոստացածս հետաքրքիր դեպքը մեծ կոմպոզիտորի կյանքից:


     Միլան է գալիս բոլորին անհայտ, շատ երիտասարդ ու նաև աղքատ մի կոմպոզիտոր: Ինչ խոսք, բարեհոգի Պուչինին չէր կարող նրան անուշադրության մատնել ու օգնություն չցուցաբերել: Եվ նա գնում է երիտասարդի իջևանած հյուրանոց` մտածելով, թե բոլոր տաղանդավոր երիտասարդներն անպայման համեստ են լինում, այդ իսկ պատճառով անհարմար են զգում մեկի հովանավորությունը խնդրել:

Բայց Պուչինիի այցելության պահին նրա երիտասարդ կոլեգան հյուրանոցում չի լիում և, որպեսզի ստիպված չլինի երկրորդ անգամ այցելել հյուրանոց, Պուչինին նրա սենյակի դռանը հետևյալ գրությունն է փակցնում.

«Պարո'ն երաժիշտ և հարգելի' կոլեգա, ես` Ջակոմո Պուչինիս, խոնարհաբար խնդրում եմ ընդունել հրավերս ու վաղն անպայման գալ ինձ հետ ճաշելու»:

Կարդալով այդ գրությունը` երիտասարդ կոմպոզիտորը շատ է զարմանում, բայց, ինքնին հասկանալի է, գնում է մաեստրոյի հետ ճաշելու: Հանդիպումը շատ լավ է անցնում, կոլեգաների միջև շատ բովանդակալի զրույց է տեղի ունենում: Պուչինին անհրաժեշտ մարդկանց անհրաժեշտ նամակներ է գրում ու հանձնում խոստումնալի երիտասարդին, որպեսզի անհրաժեշտ աջակցություն ստանա: Բայց հաջորդ օրը երիտասարդը նորից հայտնվում է կոմպոզիտորի տանը` ճաշի ժամին: Պուչինին զարմանում է, բայց զարմանքը թաքցնում է ու երիտասարդին հրավիրում է ճաշելու: Ճաշից հետո մոտ երկու ժամ զրուցում են, ու երիտասարդը մեկնում է: Երիտասարդը շուրջ մեկ շաբաթ շարունակում է հենց ճաշի ժամին այցելել Պուչինիին: Ո՞վ կարող էր այս անպատկառությանը դիմանալ: Պուչինին էլ չի դիմանում և, ի վերջո, որոշում է երիտասարդին կարգի հրավիրել:

-Սիրելի' բարեկամ, ձեր այցելությունները, ինչ խոսք, ինձ համար չափազանց հաճելի են, բայց և այնպես դրանք ինձ զարմացնում են: Ինչպե՞ս չզարմանամ, երբ դուք ամեն օր գալիս եք իմ տուն, ճաշում եք, ժամանակս խլում եք…և այդ ամենը` առանց իմ հրավերի:

-Հարգելի' մաեստրո, չեք պատկերացնի, թե որքան շատ եմ ձեզ երախտապարտ, - ասում է երիտասարդը:

-Չեմ հասկանում… Փորձեք բացատրել, թե ինչու եք ինձ երախտապարտ և ինչ է տեղի ունենում:

-Պատկերացնո՞ւմ եք, ուսուցիչ, երբ ես հյուրանոց եմ վերադառնում, ամեն անգամ սենյակիս դռանը ձեր փակցրած հրավիրատոմսն եմ տեսնում: Ես չեմ կարող այն ջնջել, չէ՞ որ այն անգին է: Ինձ համար դուք ոչ միայն չափանիշ եք երաժշտության ոլորտում, այլև երիտասարդ երաժիշտներին հովանավորելու հիասքանչ օրինակ եք: Եվ ես չեմ կարող անտեսել ձեր կամքը: Ահա թե ինչու եմ ամեն օր գալիս ճաշելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6988 | 0 | 0
Facebook