Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Անդրադարձ սատանայի կողմից մարդկանց առևանգելու մասին միջնադարյան հորինվածքներին

19:16, Среда, 21 Февраля, 2018 года
Անդրադարձ սատանայի կողմից մարդկանց առևանգելու մասին միջնադարյան հորինվածքներին

«Գրողը տանի», «գրողի տարած» և նմանատիպ այլ արտահայտություններն առ այսօր գործածական են ոչ միայն մեզանում, այլև քրիստոնյա այլ ժողովուրդների մեջ: Մեզանում «գրողը տանի» -ն նախաքրիստոնեական արմատներ ունի և կապվում է հեթանոսական Տիր աստծու հետ, իսկ եվրոպական երկրներում այս տիպի արտահայտություններին ծնունդ են տվել սատանայի կողմից մարդկանց առևանգման մասին «վկայող» անհամար պատմությունները:


     1551 թվականին, Սուրբ Երրորդության տոնի օրը, գերմանական քաղաքներից մեկում հետևյալ պատահարն է «տեղի ունենում»: Ժողովուրդը զվարճացել է, խմել ու զբոսնել: Քեֆչիների մեջ հատկապես մի կին է աչքի ընկել, որը, երբ անզուշաբար սատանային է հիշատակել, հանկարծ աներևույթ ուժը նրան պանդոկից դուրս է հանել և օդ է բարձրացրել: Բոլորը դուրս են թափվել ու տեսել են, թե ինչպես է չար ուժը դժբախտ կնոջը ծառերից վեր քշում-տանում ու ինչպես է դաշտում գետնին նետում: Մինչ մոտենում են, կինն արդեն շունչը փչած է լինում: Այս պատմությունը ներկայացված է կախարդների, սատանաների ու վհուկների մասին պատմող այն գրքում, որ 16-րդ դարի վերջում հրատարակել է գերմանացի աստվածաբան Յոհան Վիրը:

Այդ ժամանակաշրջանի մեկ այլ աստվածաբան-դիվաբան, որի անունը Գուլար է, պատմում է մի հարբեցողի գլխին եկածը: Ուրեմն այս հարբեցողը, երբ քեֆը, ինչպես ասում են, լավանում է, սկսում է հայտարարել, որ ինքը, հավանաբար, հոգի չունի, որ հոգու գոյության մասին բոլոր խոսակցություններն ընդամենը զառանցանք են, որովհետև ոչ ոք երբևէ հոգի չի տեսել: Նրա բաժակակիցներից մեկն առաջարկում է իր հոգին վաճառել մեկ շիշ գինով: Հարբեցողը հաճույքով համաձայնում է, և հենց որ այդ առևտուրը տեղի է ունենում, գնորդը հոգին վաճառողին հափշտակում է ու բոլոր ներկաների աչքից անհետանում:

Մեկ այլ հեղինակ, որի անունը Կրեպե է, մի դեպք է պատմում հացավաճառ մեկի մասին: Երբ հացի առևտուրը ինչ-որ ժամանակ մասնակիորեն կանգ է առնում, այս հացավաճառը օգնության է կանչում սատանային: Սատանան անմիջապես հայտնվում է, հափշտակում է իրեն կանչողին, բարձրացնում է կաղնու կատարին ու այնտեղից գետնին է նետում: Խեղճն անմիջապես մեռնում է:

Մեկ ուրիշ հեղինակ էլ, որի անունը Լելուայե է, իր գրքում հետևյալն է պատմում: Դեպքը Լեհաստանում է տեղի ունեցել: Մի անաբապտիստ իր հետևորդներին քարոզի է հավաքում` խոստանալով, որ իր քարոզի ժամանակ նրանց վրա Սուրբ Հոգին կիջնի: Սակայն այլ բան է տեղի ունենում, որովհետև, ասում է հեղինակը, Սուրբ Հոգին, հերետիկոսների վրա չի իջնում: Դրա փոխարեն, անաբապտիստի վրա սատանան է հակվում, և դա տեսնում են բոլոր ներկաները: Սատանան քարոզչին օդ է բարձրացնում, ապա գլխիվար ջուրն է իջեցնում ու այնքան է այդ դիրքում պահում, մինչև որ նա ջրահեղձ է լինում:

Չափազանց վատ պատահար է «տեղի ունենում» Ֆրանսիայի Մակոն քաղաքի դատավորի հետ: Ըստ այս և այլ իրադարձությունների մասին պատմող Ժան Դեկորի` այս դատավորը կախարդ է եղել: Բայց սրա հարաբերությունները դևերի հետ ինչ-որ անհարթ են եղել, և վերջինները ճաշի ժամանակ նրա վրա են թափվել, հափշտակել են, հանել են դուրս, բարձրացրել են վեր, երեք անգամ սուրացել են քաղաքի շուրջը` սարսափի մատնելով խեղճ քաղաքացիներին, որոնք լսել են նրա ողբաձայն կանչը՝ «Օգնեցե'ք, օգնեցե'ք»: Բայց հեղինակը չի ասում, թե հետո ինչ է լինում:

Վերոհիշյալ Գուլարը ներկայացրել է բավականին ընդարձակ մի պատմություն մի զինվորի մասին: Բրանդենբուրգում ճանապարհորդելու ժամանակ այս զինվորն իջևանում է հյուրանոցում: Նա իր մոտի փողերը տալիս է հյուրանոցի տիրուհուն` նրան խնդրելով այն պահի, քանի դեռ ինքը հիվանդ է: Մի քանի օր անց զինվորն առողջանում է ու հյուրանոցի տիրուհուն խնդրում է վերադարձնել իր փողերը: Բայց վերջինս արդեն հասցրել էր խորհրդակցել իր ամուսնու հետ, ու նրանք որոշել էին յուրացնել փողը: Ահա թե ինչու նրանք զինվորին պատասխանում են, թե ոչ մի փող էլ իրենց չի տրվել ու իր պահանջն իրենց հեղինակազրկում է: Զայրացած զինվորը գոռգոռում է հյուրանոցի տիրուհու վրա ու նրան գող է անվանում: Կինը ճչում է, հայտնվում է նրա ամուսինը և զինվորին հյուրանոցից դուրս է նետում: Սա էլ սուրը հանում ու հարվածում է դռանը: Ամուսինը ձայնը գլուխն է գցում, դրացիները հավաքվում են, ու հյուրանոցի տերը նրանց ասում է, թե զինվորը փորձել է ներխուժել իրենց տուն ու թալանել իրենց ունեցվածքը: Զինվորին անմիջապես ձերբակալում են ու բանտ են նետում, հետո դատում են ու մահվան են դատապարտում: Եվ, ահա, այն նույն օրը, երբ զինվորին պիտի հայտնեին դատավժիռը, նրան այցի է գալիս սատանան ու տեղեկացնում է, որ նա մահվան է դատապարտված, բայց եթե նա ցանկանա վաճառել իր հոգին, ապա ողջ կմնա ու բանտից դուրս կգա: Բայց զինվորն իրեն գայթակղողին պատասխանում է, թե ինքը կնախընտրի մեռնել, քան իր կյանքն այդ միջոցով փրկել: Սատանան դարձյալ ասում է զինվորին, որ իրեն անխուսափելի մահ է սպառնում, ու եթե նա չի ուզում հանձնել իր հոգին, միևնույն է, ինքը նրան ձրի կօգնի: Նա զինվորին ներշնչում է, որ երբ իրեն դատավորների առաջ կանգնեցնեն, ասի, որ ինքը դատապաշտպան է ուզում: Իսկ դատապաշտպանն այդ նույն սատանան է: Նա այնտեղ է լինելու, և զինվորն իրեն կարող է ճանաչել իր կապույտ գլխարկով: Զինվորը համաձայնում է: Դատն սկսվելուց առաջ զինվորը դատապաշտպան է պահանջում, և նրան թույլատրվում է: Սատանան անմիջապես փաստաբանի դերում է հանդես գալիս ու բոլոր մանրամասներով պատմում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել ու նույնիսկ ասում է, թե հյուրանոցի տերերը որտեղ են թաքցրել զինվորի փողերը: Հյուրանոցի տերը, տեսնելով, որ իր բանը բուրդ է լինելու, երդվում է, թե թող ինքը սատանայի բաժին դառնա, եթե յուրացրել է զինվորի փողը: Այս խոսքի վրա կապույտ գլխարկավոր փաստաբանը նրան խտտում է, դուրս է հանում դատարանի դահլիճից, այնքան է վեր բարձրանում, մինչև ներկաների աչքից կորչում է: Այս պատմության հեղինակը վկայաբերում է ինչ-որ մեկին` փորձելով հավատացնել, թե դեպքը տեղի է ունեցել 1541-ին, և որ այդ զինվորն էլ Հունգարիայից էր վերադարձել:

Այս նույն հեղինակը նաև պատմում է մի կալվածատիրոջ մասին, որը սովորություն է ունեցել ամեն մի դժվարության դեպքում սատանայի օգնությանը դիմել: Մի անգամ, գիշերը, ամայի ճանապարհով իր ծառայի հետ գնալիս, հանկարծ շրջապատվում է չար ոգիների բազմությամբ, որոնք նրան բռնում են և ուզում են տանել: Բայց ծառան խղճում է իր տիրոջը ու, գրկելով նրան, սկսում է աղոթել: Սատանաները պահանջում են, որ նա բաց թողնի իր տիրոջը, բայց իզուր, որովհետև նրանք չեն կարողանում հաղթել ծառային, ու տերը փրկվում է:

Եվս մեկ պատմություն Գուլարի ժողովածուից: Սաքսոնացի մի շատ հարուստ կույս երդվում է ամուսնանալ գեղեցիկ, բայց շատ աղքատ երիտասարդի հետ: Փեսացուն, սակայն, այնքան էլ չի հավատում նրա խոստմանն ու հաճախակի ասում է նրան, թե նա այնքան հարուստ է, որ կարող է հեշտությամբ դրժել իր երդումը և ամուսնանալ իրեն համապատասխան մեկ այլ երիտասարդի հետ: Աղջիկը շատ է խոցվում իր սիրեկանի խոսքերից, ու նա մի անգամ նրան ասում է. «Եթե ես մեկ ուրիշի հետ ամուսնանամ, ապա թող հենց հարսանիքիս օրը սատանայի բաժին դառնամ»: Եվ, ահա, տեղի է ունենում այն, ինչից վախենում էր խեղճ փեսացուն: Հարուստ օրիորդը հիասթափվում է իր սիրեկանից ու խոստանում է մեկ ուրիշի հետ ամուսնանալ: Նախկին փեսացուն նրան հիշեցնում է իր սարսափելի երդման մասին, բայց աղջիկն ընդամենը ծիծաղում է ու սկսում է նախապատրաստվել հարսանիքի: Բայց հարսանեկան խնջույքի ժամանակ երկու անծանոթ հեծյալ տան բակ են մտնում: Նրանց սիրով ընդունում են ու տանում են հարսանեկան սրահ: Երբ բոլորը պարելու են ելնում, տանտերերը հյուրերից մեկին խնդրում են պարել նորահարսի հետ: Հյուրը բռնում է հարսի ձեռքը և սրահով մեկ պտտեցնում է, այնուհետև, հարսի ծնողների, հարազատների ու բարեկամների ներկայությամբ, բարձր ձայն արձակելով գրկում է հարսին, հանում է բակ ու նրա հետ օդ է բարձրանում: Հետո մեկ ակնթարթում նա աչքից անհետանում է, ու նույն պահին էլ անհետանում է նրա ուղեկիցն ու նրանց ձիերը: : Ենթադրելով, որ իրենց աղջիկը մի տեղ նետված կլինի` ծնողներն ամբողջ օրը որոնում են նրան, որպեսզի թաղեն, բայց չեն գտնում: Հաջորդ օրը ծնողներին երևում են այդ նույն հեծյալները, նրանց են հանձնում հարսնացուի զգեստներն ու զարդերը` ասելով, թե Աստված իրենց է հանձնել միայն աղջկա մարմին ու հոգին, իսկ հագուստն ու մնացյալ իրերը իրենք պարտավոր են վերադարձնել: Դրանից հետո հեծյալները նորից անհետանում են:

Մի մարդ Նեապոլում հյուրընկալված է իր բարեկամի տանը: Մի անգամ գիշերը նա հուսահատ աղաղակներ է լսում. ինչ-որ մեկը օգնություն էր խնդրում: Նեապոլցու հյուրը վառում է մոմը և վազում է օգնության ճիչի ուղղությամբ: Հասնելով այն տեղը, որտեղից օգնության կանչն էր գալիս, նա մի սարսափելի կերպարանք է տեսնում: Այդ այլանդակ կերպարանքը մի երիտասարդի էր քարշ տալիս: Դժբախտը ճչում էր ու հուսահատորեն դիմադրում: Երբ նա տեսնում է օգնության եկածին, կարողանում է մի կերպ ազատվել իրեն քարշ տվողից, վազելելով մոտենալ օգնության եկածին ու կառչել նրա հագուստից: Նրանք երկուսն էլ սկսում են բարձրաձայն աղոթել, ու սարսափելի ուրվականն անմիջապես անհետանում է: Փրկիչը փրկվածին իր տուն է տանում ու երկար ժամանակ չի կարողանում խաղաղեցնել: Երբ, ի վերջո, փրկվածը վերագտնում է իրեն, իր փրկչին խոստովանում է, թե ինքն իր ամբողջ կյանքում իրեն լավ չի դրսևորել, հաճախ կոպիտ է եղել իր ծնողների նկատմամբ, ոթրոնք էլ իրեն նզովել են ու տնից վտարել: Հենց հայրական տնից դուրս է եկել, չար ոգին անմիջապես հարձակվել է իր վրա:

Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի մի բնակիչ մի անգամ հարևան քաղաքներից մեկն է գնում, ու երբ տուն է վերադառնում, հայրենի քաղաքի մոտակայքում մի հեծյալի է տեսնում: Նրանք զրույցի են բռնվում, և հեծյալը նրան առաջարկում է իր հետ միասին ձի հեծնել: Հեծնելուց հետո հեյդելբերգցին փորձում է բռնել հեծյալից, որպեսզի ձիուց չընկնի, բայց հեծյալն ակնթարթորեն անհետանում է: Այդ նույն պահին ձին ծառս է լինում, օդ է բարձրանում ու զգալի բարձրությունից մարդուն գցում է: Խեղճը մի քանի ժամ շարունակ չի կարողանուն ձեռքերն ու ոտքերը շարժել, բայց հետո ամեն ինչ անցնում է:

Նմանատիպ մի դեպք էլ «տեղի է ունեցել» Սիցիլիայում, որին անդրադարձել է Ժան Դեկորը: Այս կղզու մի երիտասարդ բնակիչ մշտապես անառակ կյանքով է ապրել: Նա ծառայելիս է եղել Սիցիլիայի փոխարքային, որը նրա մի անգամ նրան մի բանի համար մի տեղ է ուղարկում: Ճանապարհին այս երիտասարադին ինչ-որ մի աներևույթ ուժ բռնում է, բարձրացնում օդ և անհետանում: Շատ չանցած այդ վայրի մոտով մի նավ է անցնում: Երկնքից որոտալի ձայն է հնչում: Այդ ձայնը նավատիրոջ անունն էր տալիս: Սարսափահար նավատերը լռում է, չի արձագանքում երկու անգամ կրկնված կոչին: Տեսնելով, որ նավատերը չի արձագանքում, ձայնը երրորդ անգամ էլ է աղաղակում՝ միաժամանակ սպառնալով, որ եթե նավատերը չարձագանքի, նավը ջրասույզ կարվի: Այդժամ նավատերը վախվորած հարցնում է, թե ով է իրեն կանչում և ինչ է իրենից ուզում: Ձայնը պատասխանում է. «Ես սատանան եմ: Փոխարքային ասա, որ նա իզուր չփնտրի այսինչին (այսինքն՝ առևանգված երիտասարդին): Ես նրան տարել եմ, հիմա նա այստեղ է, մեզ հետ: Այս գոտին այդ մարդու կնոջ գոտին է: Հանձնիր նրան»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5782 | 0 | 0
Facebook