Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր

Yerevan info
Автор:
Yerevan info
16:40, Среда, 14 Февраля, 2018 года
Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է խորացնելու երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես առանձնացրել է քաղաքային տրանսպորտի բարելավման, ճանապարհաշինական, թափոնների կառավարման, այդ թվում նոր աղբավայրի և վերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակում հնարավոր փոխգործակցության հնարավորությունները:
     «Մենք բաց և պատրաստակամ ենք հնարավոր արդյունավետ համագործակցություն ծավալելու և, հաշվի առնելով ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, կարևորում ու ողջունում ենք օտարերկրյա ներդրումների իրականացումը Երևան քաղաքում: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է քննարկելու և աջակցելու բրիտանական ընկերություններին՝ շահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում» , - նշել է Տարոն Մարգարյանը՝ համագործակցության զարգացման գործում կարևորելով ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի դերը:
     Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը, շնորհակալութուն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Երևանը տպավորիչ քաղաք է և ունի ներդրումային մեծ ներուժ:
     «Երևանը զարգացող քաղաք է, և այն ծրագրերը, պարոն քաղաքապետ, որոնք այսօր դիտարկում եք առաջնահերթ, իսկապես շատ կարևոր են քաղաքի համար: Հատկապես վերջին տարիներին Երևանը հանդես է եկել մի շարք հետաքրքիր գաղափարներով, որոնցից կուզեի առանձնացնել «Խելացի քաղաք» հայեցակարգի ստեղծումը, որի շուրջ կարելի է գործակցային տարբեր եզրեր գտնել: Այս տարվա հունիս ամսին նախատեսում ենք բրիտանացի գործարարների այց կազմակերպել Երևան, ինչը, կարծում եմ, շատ օգտակար կլինի քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու առումով» , - նշել է Մարկ Փրիթչարդը՝ Երևանի քաղաքապետին առաջարկելով «Խելացի քաղաք» հայեցակարգի շրջանակում ներառել նաև «Անաղմուկ քաղաք» -ի գաղափարը, որին միտված գործնական քայլեր արդեն իսկ տարվում են աշխարհի առաջատար քաղաքներում:
     Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ իր հերթին արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին իսկապես շոշափելի քայլեր են կատարվում, ինչն, անշուշտ, ներդրումներ ներգրավելու և շահավետ փոխգործակցություն ծավալելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:
     Քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին, նկատել է, որ 2017 թվականին 2016-ի համեմատ կրկնապատկվել է Երևան այցելած զբոսաշրջիկների թիվը և, հաշվի առնելով, որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ: Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ակտիվացման մի շարք այլ հարցեր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1882 | 0 | 0
Facebook