Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Կարապետ Գուլոյան. «Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել են զգալի դրական ցուցանիշներ»

20:49, Суббота, 10 Февраля, 2018 года
Կարապետ Գուլոյան. «Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել են զգալի դրական ցուցանիշներ»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
     Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
     «Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2018-ին ձևավորել է մարզերի կառավարման վերջնական կառուցվածքը, ճարտարապետությունը, որում բառացիորեն ընդգրկվելու են բոլոր ոլորտները», - նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մարզպետարաններն արդեն իսկ մշակել են 2017-2025 թվականների զարգացման ծրագրերը:

«Դրանք Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գնահատել է որպես շատ լուրջ փաստաթղթեր, որոնք ընդգծում են մարզերի զարգացման հորիզոնները: Այնպես որ, 2018-ին մեզ սպասում է բավականին հետաքրքիր, և վստահ եմ, արդյունավետ աշխատանք», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ «ունենք բավականին լավ հեռանկարներ, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ, ինչը մեզ հիմք է տալու իրականացնել լուրջ բարեփոխումներ կառավարման ոլորտում՝ բոլոր օղակների առումով»:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել են զգալի դրական ցուցանիշներ: Ընդհանուր առմամբ, մարզում իրականացվել են 60 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր, որոնցից 25, 5 մլրդը՝ արդյունաբերության, 5-ը՝ գյուղատնտեսության, 10, 9-ը՝ զբոսաշրջության, 0, 5-ը՝ էներգետիկայի, 6, 2-ը՝ առևտրի և սպասարկման, 9, 9-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների: Ընդհանուր առմամբ, մարզում ստեղծվել է շուրջ 2000 նոր աշխատատեղ: 2018-ին ակնկալվում է իրականացնել 66 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլոտներում, որոնց արդյունքում կստեղծվի 2100 նոր աշխատատեղ:
     Կարեն Կարապետյանն անդրադառնալով բիզնեսի խթանմանը՝ նշել է, որ պետք է դիտարկել նաև պետական և համայնքային չգործող գույքերը մասնավորին նույնիսկ անվճար տրամադրելու հարցը՝ կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:
     Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը: Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում ջերմոցների թիվն ավելացել է 20 հեկտարով. առկա ջերմոցների թիվը հասել է 81 հեկտարի: Նախատեսվում է՝ 2018-ի ընթացքում ջերմոցների թիվը հասցնել 115, 4 հեկտարի: 2017-ին ինտենսիվ այգիների թիվն ավելացել է 200 հեկտարով՝ հասնելով 912 հեկտարի: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ինտենսիվ այգիների թիվը կհասնի 1137 հեկտարի: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսում են առաջիկա տարիների ընթացքում ինտենսիվ այգիների թիվը տարեկան ավելացնել 200-250 հեկտարով: Համապատասխան աշխատանքների արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվն ավելացել է 5 հազար հեկտարով. 2018-ին նախատեսվում է այն ավելացնել ևս 12 հազարով, ինչի արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվը կհասնի 116 հազար հեկտարի: Այս կապակցությամբ, վարչապետն ընդգծել է, որ պետությունը հետևողականորեն գնում է ոռոգելի հողատարածքներն ավելացնելու խնդրի կարգավորման ուղղությամբ և անհրաժեշտ համարել մասնավոր ջրամբարաշինության խթանմանն ուղղված քայլերի իրականացումը:
     Նշվել է, որ մարզում 2017-ին նախատեսվում է տոհմային տնտեսությունների թիվը, որոնք ներկայումս երկուսն են, ավելացնել 1-ով, անասնագլխաքանակը 1810-ից դարձնել 2070-ի:
     Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս տարի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու անասնապահությանը՝ իրականացնելով սուբսիդավորման ծրագրեր, քանի որ «շուկայի խնդիր մեր երկիրը չունի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ունեցած առևտրային հատուկ ռեժիմները»: Այս առումով, վարչապետը հորդորել է գյուղոլորտի մարզային պատասխանատուներին ավելացնել տոհմային տնտեսությունների զարգացման ծրագրերը և բարձրացնել 2018թ.-ի համար սահմանած նշաձողը:
     Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 5, 8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և ստեղծվել 400 նոր աշխատատեղ: Ընթացիկ տարում ոլորտում ակնկալվում է նույնքան ներդրումային ծրագրերի իրականացում և 450 նոր աշխատատեղի ստեղծում: Զեկուցվել են նաև սպանդանոցների ստեղծման, գյուղտեխնիկայի, տոհմային տնտեսությունների հիմնմանն ուղղված աշխատանքները:
     Արդյունաբերության բնագավառում 2017-ի ընթացքում արձանագրվել է 162 մլրդ դրամի արտադրանք՝ 2016-ի 136 մլրդ դրամի դիմաց: Նախորդ տարվա ընթացքում Կոտայքում իրականացվել են նաև 43 մլրդ դրամի շինարարական աշխատանք. 2016-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 350 տոկոսով: Վարչապետը կարևորել է շինարարության ոլորտի զարգացումը և հանձնարարել կոնկրետ քայլեր ձեռնարկել շինթույլտվությունների տրամադրումը պարզեցնելու ուղղությամբ:
     Մարզում գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը, գործում է 80 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր: 2016-ի ընթացքում մարզ է այցելել 420 հազար զբոսաշրջիկ, իսկ 2017-ին այդ թիվն ավելացել է 70 հազարով և հասելով 490 հազարի:
     Անդրադառնալով համայնքային ցուցանիշներին՝ մարզպետ Գուլոյանը տեղեկացրել է, որ համայնքների սեփական եկամուտները 2017-ի ընթացքում միջինը ավելացել են 30 տոկոսով: Մեկ շնչի հաշվով 2017-ին սեփական եկամուտները կազմել են 12, 5 հազար դրամ՝ 2016-ի 9, 5 հազարի դիմաց: Ակնկալվում է, որ 2018-ին սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով կհասնեն 14, 7 հազար դրամի: Համայնքներում սեփական եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուր եկամուտների մեջ 2017-ին կազմել է 42, 3 տոկոս՝ 2016-ի 35, 5-ի դիմաց: Նախատեսվում է ընթացիկ տարում այդ ցուցանիշը հասցնել 46, 7 տոկոսի:
     «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում փակվել է 165 աղբանոց և աղբակույտ: Նախատեսվում է ընթացիկ տարում փակել ևս 9 աղբանոց: Մարզպետի խոսքով, ևս 10 աղբանոց նախատեսվում է փակել Հրազդանում աղբի վերամշակման գործարանի կառուցման արդյունքում: Զեկուցվել է, որ ֆիզիկական անձանցից նախորդ տարվա ընթացքում 2016-ի համեմատ հավաքագրվել է 57 մլն դրամով ավելի աղբահանության վճարներ՝ այդ թիվը հասցնելով 297, 1 մլն դրամի: 2018-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարներն ավելացնել շուրջ 100 մլն դրամով: Աճել են նաև իրավաբանական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները: Ակնկալվում է հավաքագրված 110 մլն դրամի դիմաց ընթացիկ տարում այդ թիվը հասցնել շուրջ 160 մլն դրամի: Կարապետ Գուլոյանի խոսքով, նախատեսվում է, որ 2018-ին մարզում աղբահանության ընդհանուր ծախսը կկազմի 579 մլն դրամի, իսկ հավաքագրված գումարները կհասնեն 558 մլն-ի:
     Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության վճարների հավաքագրման տեմպերից և նկատել, որ այս պարագայում Կոտայքի մարզը հասնում է ինքնածախսածածկման: «Աղբահանության համար տրամադրվող պետական սուբսիդիաները հետ չենք վերցնելու՝ քննարկեք, թե այդ միջոցներն ինչ ուղղությունների եք ծառայեցնելու», - նշել է կառավարության ղեկավարը:
     Մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի շրջանակներում ՀՀ պետբյուջեից 2017-ին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են մարզի 18 համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը և ներկա պահին իրականացվում են համապատասխան շինաշխատանքներ: Նշվել է, որ տնտեսվել է 168 մլն դրամ և վերադարձվել պետբյուջե:
     Կրթության ոլորտում նախորդ տարվա ընթացքում օպտիմալացվել է մեկ դպրոց. նախատեսվում է ընթացիկ տարում օպտիմալացնել ևս մեկը: Զեկուցվել է, որ մարզում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը կազմում է 11, 8 տոկոս, իսկ աշակերտների թիվը 2017-ին ավելացել է 600-ով: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ նշվել է, որ Կոտայքում գործող 90 դպրոցներից 21-ում ներկայումս պարտադիր դասավանդվում է երեք օտար լեզու, պարբերական կազմակերպվում են նաև տեսադասեր, այդ թվում արտերկրի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:
     Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների կշիռը ընդհանուր մատուցված ծառայությունների մեջ 2017-ին կազմել է 40 տոկոս՝ 2016-ի 31-ի դիմաց: Ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 49, 2 տոկոսի: Մատուցված վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը հասել է 376, 1 մլն դրամի՝ 2016-ի 331 մլն-ի դիմաց: 2018-ին նախատեսվում է էապես ավելացնել այդ ցուցանիշը՝ հասցնելով շուրջ 450 մլն դրամի:
     Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «2018 թվականին շատ բան ունենք անելու, համայնքապետերից, մեր մյուս գործընկերներից ակնկալում եմ շատ արդյունավետ աշխատանք: Պետք է մեր բոլոր խնդիրները, դրանց լուծումները հաշվառենք, կարողությունները հասկանանք, մեր ռեսուրսները հավաքենք և աստիճանաբար շարժվենք առաջ: Ով բեռ է վերցնում՝ մենք միշտ լինելու ենք նրա կողքին, որպեսզի միմյանց օգնելով գնանք առաջ»:
    
    
    
    

http://www.tert.am/am/news/2018/02/10/gov/2611403


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3810 | 0 | 0
Facebook