Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Բյուրեղավանի առաջին բնակիչը. Ժորժիկ Գրիգորյան

12:06, Среда, 24 Января, 2018 года
Բյուրեղավանի առաջին բնակիչը. Ժորժիկ Գրիգորյան
     Այս տարի օգոստոսին կլրանա Ժորա պապի 85 ամյակը: Մարդ, ով իր կյանքի երիտասարդ տարիները նվիրել է Բյուրեղավան քաղաքի կառուցմանը:
     Պատշարի արհեստը ժառանգել է հորից: Հոր հետ միասին քարը քարին դնելով կառուցել են տասնյակ շենքեր: 76 տարի ապրում ու աշխատում է Բյուրեղավանում՝ կիսելով բյուրեղավանցիների ուրախությունն ու տխրությունը: Մեր կայքի «Քաղաքի մարդիկ» էջն այս անգամ որոշեց անդրադառնալ Ժորա պապին:
     Ժորժիկ Սամսոնի Գրիգորյան՝ ծնվել է 1933թ-ի օգոստոսի 2-ին Հրազդանի շրջանի Մեղրաձոր (Թեժառույք) գյուղում: Մեծացել է արհեստավորի ընտանիքում: Երբ սկսում է Հայրենական Մեծ պատերազմը նրա հայրը մեկնում է բանակ, մոր հույսին թողնելով 4 երեխա: Մայրը, միայնակ չկարողանալով հոգալ ընտանիքի հոգսը, երեխաների հետ տեղափոխվում է Բաքու՝ ծնողների մոտ: Տեղափոխվելուց 6 ամիս անց նորից վերադառնում են Մեղրաձոր, որտեղ հայրն արդեն ոտքից վիրավոր նրանց սպասում էր տանը: Մեր հերոսը 8 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Երևան, հետո՝ Արզնի բանավան: «Երբ եկանք այստեղ, դա 50-ական թվականների վերջն էր, ոչինչ չկար: Իմ հայրը բյուրեղավանի առաջին բնակիչն էր: Էստեղ երկու շենք կար՝ մեկը կլուբ էր ու ճաշարան, էն մեկն էլ՝ բնակելի տարածք: Մեզ տվեցին երկու սենյակ: Էտ շենքը ժողովուրդը կոչում էր «Բելի դոմ»: Հայրս ինձ սովորեցրեց պատշարություն, սկսեցինք միասին առաջին շենքի հիմքը գցել ու մասնակցել կառուցման աշխատանքներին: Էդպես կամաց-կամաց տեղավորվեցինք ու հաստատվեցինք այստեղ: 1952թ-ին մեկնեցի սովետական բանակ: Ծառայել եմ Սուխումի քաղաքում՝ 3տարի 8 ամիս: Բանակից վերադարձել եմ ու սկսել աշխատել: Հորս հետ սայլերով քար էինք կրում: Երկու գոմեշ, երկու սայլ կար, դրանով քարեր էինք բարձում ու կամաց-կամաց Բյուրեղավանում շենքեր, գործարաններ կառուցում: Այն ժամանակ, երբ շշերի գործարանը ստացավ տրակտոր, բուլդոզեր, ավտոպագռուզչիկ (ամբարձիչ), դրանք ես էի աշխատացնում: 1966թ-ին գնացել եմ Ղազախստան՝ խոպան, մեկ տարի անց վերադարձել եմ: Բազմաթիվ պատվոգրեր ու Լենինյան շքանշաններ ունեմ, բայց հիմա դրանք չկան, կինս չգիտեմ ինչ ա արել (ժպտում է): Աբովյանի ավազի հանքը մենք ենք փորել, այնտեղից ավազ էինք հանում, բերում մեր զավոդներն էինք կառուցում: Մատոռիստ եմ աշխատել, «Ուրալ» ՚՚ եմ քշել երկար տարիներ» -իր հուշերով կիսվում է Ժորա պապը: Մեկ ժպիտով, մեկ տխրությամբ պապը պատմում էր իր անցած տարիների մասին: Ամուսնացել է 1958թ-ին. «Տիկինս՝ Ֆենյան աշխատում էր Հանքավանի զավոդի լաբորատորիայում, ես էտ տարիներին ստեղից շիշ էի տանում լաբորատորիա: Տեսա, դուրս եկավ, ուզեցի: Արդեն 60 տարի միասին ենք: Գոհ եմ շատ իրանից, որ գոհ չլինեի 60 տարի միասին կապրեի՞նք» - ծերունին սիրահարված պատանու նման պատմում էր սիրելի տիկնոջ մասին: Տարիներն ու դժվարությունները նրան չեն փոխել, կյանքից շատ բան է քաղել: Հիմա ապրում է սիրով, ջերմությամբ շրջապատված՝ 3 երեխաների, 8 թոռների և 13 ծոռների հետ: Գոհ է, որ Բյուրեղավանում է բնակություն հաստատել, սակայն նեղսրտում է մարդկանց ներկա ապրելակերպից. «Բյուրեղավանը ապրելու համար լավ տեղ ա: Հանգիստ քաղաք ա: Մենակ ես ջահելները, որ աշխատանք ունենան շատ լավ կլինի: Ես սովետական մարդ եմ ու շատ եմ ցանկանում, որ էն ժամանակվա նման լավ ապրենք» - ավարտեց իր խոսքը 85 ամյա Ժորա պապը:
     Պապին մաղթենք առողջություն, երկարակեցություն, ջերմություն ու ժպիտ: Սպասենք նրա և տիկին Ֆենյայի ադամանդե հարսանիքին:
    
    
    
    
    

Բյուրեղավանի Քաղաքապետարան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3319 | 0 | 0
Facebook