Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ , ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Armenak Avetisyan
Автор:
Armenak Avetisyan
14:01, Суббота, 02 Декабря, 2017 года
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ , ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
    
    
     Մեր մայրաքաղաքում շատ են հայ ժողովրդի մաքառող ոգին պատմության քառուղիներում ցոլացնող խորհրդանիշները: Ահա սլացքի մեջ է մեր էպոսի Դավիթը, որ կարծես շաղկապում է Ջոջանց տան պատմության բոլոր ճյուղերը: Ավելին, աներևույթ մի ուժով ձիարձանն իր շուրջն է հավաքում հայոց էպոսն ասացողներին՝ կարծես պահանջելով, հորդորելով անընդհատ արթուն պահել մեծաց փառքը, որ չկտրվի սերունդների շղթան: Իրենց վարքով նույնն են քարոզում մայրաքաղաքի անդորրը տարբեր կողմերից հսկող Հայկ նահապետը, Նժդեհը, Անդրանիկը, Թումանյանը, Սարյանը, Կոմիտասը, բոլորը… և, վերջապես, մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
    
     «Մեծ էր նրա մարդկային հմայքը», - գրում են ժամանակակիցները: Ի վերուստ նրա մեջ ապրում էր դյուցազնական մի ոգի, որ, անշուշտ, ժառանգել էր նախնիներից: Նրա կյանքն էլ անցավ հրի ու սրի միջով: Նրան էլ դավադիր գնդակները չդիպան ո´չ առաջին, ո´չ էլ երկրորդ Համաշխարհայինի տարիներին: Նա հերոսացավ ճակատամարտից ճակատամարտ, նվաճեց զինվորական բոլոր տիտղոսներն ու մնաց իր ժողովրդի պատմության մեջ՝ որպես պանծալի մի անուն՝ մարշալ Հովհաննես Բաղրամյան: Եվ հիմա ցույց տալ, պատկերել Սովետական միության մարշալ Բաղրամյանի նկարագիրը, հիրավի, դժվարին խնդիր է, բայց և անհրաժեշտ ու պատվավոր աշխատանք, որովհետև շնորհակալ նպատակ ունի պատմել, թե ինչպես պետք է սովորել ու գործել, շարունակել մեծաց դասերը, աշխատել ու պայքարել, ծառայել Հայրենիքին ու ժողովրդին: Նրա կենսագրությունն արժանի է խորին հարգանքի ու սիրո: Հայ ժողովրդի քաջարի զավակը, իսկապես, տարեգրության նոր էջերով է հարստացրել մեր պատմությունը և պատվավոր տեղ ունի մեր մեծերի դասում:
    
     Մարշալ Բաղրամյանը ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլ (այժմ` Կիրովաբադ) քաղաքի երկաթուղային կայարանի բանվորական ավանում: Ըստ կենսագիրների (Ա.Մնացականյան, «Մարշալ Բաղրամյան. կյանքի և գործունեության ուրվագիծ», 1987 թ., «Հայաստան» հրատ.)` նրան կնքում են տեղի հայկական եկեղեցում, անվանում Իվան (հայոց թեմի կոնսիստորիայի փաստաթղթերում նշված է Հովհաննես անունը): Տանը նրան կոչում էին Վանյա:
     Ամառային տաք ամիսներին Բաղրամյանները տեղափոխվում էին հայրենի Չարդախլու գյուղը: Սա հարթավայրային Ղարաբաղի հենց այն բնակավայրն է, որտեղից Երկրորդ համաշխարհայինի տարիներին բանակ են գնացել 1200 զինվոր: Նրանցից 136-ը դարձան լեյտենանտ, ավագ լեյտենանտ ու կապիտան, 30-ը՝ մայոր, 3-ը՝ գնդապետ, 2-ը՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը և Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ գեներալ, ապա՝ մարշալ: Աշխարհից հեռու լեռնային այս գյուղում մարդիկ ի բնե մեծանում էին՝ ձեռք բերելով զինվորական բարձր հատկանիշներ՝ անկախություն ու վճռականություն: Մեծից փոքր քաջ ձիարշավորդներ էին և վտանգի պահին ետ էին մղում ամեն հարձակում: Հենց մանկության ու պատանեկության տարիներն էլ Հովհաննես Բաղրամյանի ռազմագիտության առաջին «համալսարաններն» էին:
    
     Մոտենում է Վանյայի դպրոցական տարիքը: Նրան տալիս են նոր բացված երկաթուղային երկդասյա դպրոցը, որտեղ նա սովորում է մինչև 1912 թվականը:
    
     Մ.Մերժանովի «Զինվոր, գեներալ, մարշալ» (1975 թ., «Հայաստան» հրատ.) գրքում կարդացածը փորձենք համառոտ ներկայացնել:
    
     1912 թվականի գարունն էր: Երկաթուղային բանվոր Խաչատուրը Հովհաննեսին տանում է Թիֆլիս:
     «Հայրս շատ ուրախացավ իմ ընդունելության համար, - պատմում է Հ.Բաղրամյանը: -Իսկույն ինձ համար գնեց համազգեստ` սև գույնի կոստյում, շինել` փայլուն կոճակներով, և բոտինկաներ, որ ես առաջին անգամ էի հագնում:
     Թիֆլիսի տարիները, նոր պայմաններն ու միջավայրն իրենց կնիքը դրեցին մեր սրտի ու հոգու վրա, նոր մտքեր ու գաղափարներ մտցրին մեր գիտակցության մեջ: Թիֆլիսում մենք սովորում էինք ոչ միայն ուսումնարանի պատերի ներսում, լսարաններում, այլև դասեր էինք առնում երկաթուղային բանվորների շրջապատում, գլխավոր արհեստանոցում, վագոնային ու շոգեքարշային դեպոներում, ուր անցնում էին մեր գործնական պարապմունքներն ու տեխնիկական ուսուցումը»:
    
     Պայթում է Առաջին համաշխարհայինը…
    
     1914 թվականի աշնանը պատերազմն ավելի ու ավելի մեծ ծավալ է ընդունում՝ ընդգրկելով նոր երկրներ: Թիֆլիսում համառ լուրեր էին պտտվում, թե Թուրքիան՝ որպես Գերմանիայի դաշնակից, պետք է շուտով մտնի պատերազմի մեջ:
     Նոր էր լրացել Բաղրամյանի 17 տարին, երբ դիպլոմ է ստանում և նշանակվում Անդրկովկասյան երկաթուղու 9-րդ (Գանձակի) գծամասի տեխնիկ, մեկնում հարազատ վայրերը: Հարազատներն ուրախ էին, որ Վանյան արդեն ավարտել է ուսումը և նորից իրենց մոտ է եկել: Ամբողջ օրը նա լինում էր գծերում, բանվորների մեջ, ռազմաճակատից եկող զինվորներից լսում էր լուրեր, տեղեկանում, թե ինչ է կատարվում ռուս-թուրքական ճակատում:
    
     Երկաթուղային տեխնիկին հայտնի են դառնում նաև արևմտահայերի տագնապալի վիճակի մասին տեղեկություններ: Վերհիշելով այդ օրերը՝ նա պատմում է. «Եկավ 1915 թվականի գարունը: Կարսից եկող գնացքները բերում էին հազարավոր գաղթականների, գլխավորապես՝ հայերի, ծերունիների, կանանց, մանուկների»:
    
     Ինչպե՞ս, ինչո՞վ օգնել պատերազմի զոհերին: Կարելի է մեկնել ռազմաճակատ, բայց Բաղրամյանը 17 տարեկան էր և դեռևս չէր լրացել նրա զորակոչման տարիքը:
    
     «Իմ տեղը ռազմաճակատում է», - որոշում է Հովհաննես Բաղրամյանը և 1915 թվականի սեպտեմբերի 16-ին դիմում ներկայացնում ռուսական բանակի կամավորների հավաքագրման շտաբ: Նրան ուղարկում են Ախալցխա՝ 116-րդ պահեստային գումարտակը: Երեք ամիս շարքային զինվոր Բաղրամյանը ռազմական պատրաստականություն անցնելուց հետո 1915 թվականի դեկտեմբերի վերջին էքսպեդիցիոն կորպուսի կազմում մեկնում է Պարսկաստան: Սակայն զինվորականի ջիղը հուշում է, որ պետք է կատարելագործվի: Եվ չի ուշանում հնարավորությունը:
    
     1917 թ. փետրվարի 13-ին Բաղրամյանը ընդունվում է կովկասյան բանակի Թիֆլիսի պրապորշչիկների դպրոցը և դասակի հրամանատար նշանակվում Ուրմիո լճի շրջանում նոր կազմավորվող հայկական 3-րդ հրաձգային գնդում:
     Հետաքրքիր փաստեր է ներկայացնում Ա.Մնացականյանը «Մարշալ Բաղրամյան. կյանքի և գործունեության ուրվագիծ» ուսումնասիրության մեջ:
    
     Ստեղծվում է հայկական կորպուս, որի զորագնդերը տեղադրվում են Ալեքսանդրապոլ-Երևան-Ղարաքիլիսա շրջաններում: Կորպուսի հրամանատար է նշանակվում գեներալ Թովմաս Նազարբեկյանը, դիվիզիաների հրամանատարներ` գեներալներ Սիլիկյանը, Արեշյանը և ուրիշներ: Բացի դրանից՝ Էրզրումի ճակատը պաշտպանելու համար կազմակերպվում է երկրապահ զորամիավորում, որի հրամանատար է նշանակվում Անդրանիկ Օզանյանը: Աշխատանք է ծավալվում սպաներ ու մարտիկներ հավաքագրելու և Անդրանիկի երկրապահ զորամիավորումը համալրելու նպատակով: Թիֆլիսում մոբիլիզացվածների թվում էր նաև Բաղրամյանը:
    
     Հայկական երկրապահ զորամիավորումն Անդրանիկի հրամանատարությամբ մեկնում է Էրզրում, ճակատ բռնում թուրքերի դեմ: Անդրանիկի տրամադրության տակ միավորված զորամասերում հաշվվում էր մինչև 4.500 զինվոր. նրանց հետ պետք է համագործակցեին նաև մի քանի այլ ջոկատներ:
    
     Հայկական 1-ին հեծյալ գնդի դիվիզիոնը, որի կազմում գործում էր Բաղրամյանը, առաջադրանք է ստանում՝ արագորեն դուրս գալ մարտական երթի Կարսից Սարիղամիշ և Էրզրումի շրջանում միանալ Անդրանիկի առաջապահ ջոկատներին: Բաղրամյանի դասակը կազմված էր 25 հեծյալներից: Հաղթահարելով ձմռան սառնամանիքը և ճանապարհի դժվարությունները՝ Բաղրամյանն իր հեծյալների հետ հույս ուներ 2 օրում հասնել Էրզրում և միանալ Անդրանիկի զորամասերին: Այդ ճանապարհներին էլ Բաղրամյանի աչքերի առջև բացվում են հայոց գաղթի տխուր տեսարանները: Այդ սրտաճմլիկ պատկերները ծանր տպավորություն են թողնում: Եվ ինչպես խոստովանում էր զորավարը, «Հաճախ էին աչքերիցս արցունքներ թափվում»:
    
     Ծանր դեպքերը հաջորդում են իրար: Զորավար Անդրանիկը հուսահատված հրաժարական է տալիս: Եվ պարտության ժամերին էլ երբեք չպարտվող ֆիդայապետը փոքրիկ ջոկատով հեռանում է ճակատից: Զորավարի հայրենասիրական հորդորները, նրա վճռական խառնվածքը և գործողությունները դրական ու անջնջելի տպավորություն են թողնում Բաղրամյանի վրա:
    
     Շատ տարիներ անց մարշալ Բաղրամյանը, գտնվելով Փարիզում, հատուկ այցելում է Պերլաշեզի գերեզմանոց, ծաղկեպսակ դնում Անդրանիկի հուշարձանի պատվանդանին և զինվորական զգաստ կեցվածքով պատվի առնելով` լուսանկարվում: Այդ լուսանկարի տակ կատարված է հետևյալ մակագրությունը` «Հավերժ հիշատակ Հայաստանի լեգենդար հերոս Անդրանիկին, ում զինվորը լինելու բախտն եմ ունեցել հայրենիքի համար ծանրագույն՝ 1918 թվականին: Հ. Բաղրամյան»:
    
     Այստեղ անհնարին է չանդրադառնալ Բաղրամյանի սարդարապատյան մարտական գործողություններին:
    
     Կիմ Ղալաչյանը «Տասնչորս օր մարշալ Բաղրամյանի հետ» (1978 թ., «Հայաստան» հրատ.) գրառումների մեջ պատմում է, որ հայկական գնդի հետախույզների հեծյալ դասակը գործում էր հենց Սարդարապատ գյուղի և կայարանի շրջանում:
    
     Հեծյալ դասակի հրամանատար Բաղրամյանը Սարդարապատի հերոսամարտի կրակների մեջ էր: Գործում էր որպես հետախույզ, կատարում բարդ ու վտանգավոր առաջադրանքներ: Ճակատը բաց կանգնում էր հեծյալ գնդի հրամանատարի առջև՝ սպասելով նոր առաջադրանքների:
    
     Գալիս է վճռական նշանակություն ունեցող գործողությունների օրը: Սարդարապատի մոտ սկսվում է հայկական ուժերի հակահարձակումն ամբողջ ճակատով. 5-րդ գունդը աջից` Թալինի լեռնային լանջերից գրոհում է թուրքերի ձախ թևը և թափանցում թիկունք: Բաղրամյանի հեծյալները հարձակվողների ավանգարդում էին, սլանում էին առաջ և թրատում օսմանցիների թիկունքը: Թուրքերի զորագնդերը չեն դիմանում հայերի գրոհներին, թողնում են Սարդարապատը և խուճապահար նահանջում, փախչում են դեպի Ալեքսանդրապոլ: Բախտորոշ այս ճակատամարտում Բաղրամյանը նոր փորձ է ձեռք բերում: Նահանջի և հարձակման, պաշտպանվելու և գրոհելու վարպետության դասեր է առնում ապագա զորապետը: «Սարդարապատի ճակատամարտի նշանակությունը շատ մեծ է, - գրել է մարշալ Բաղրամյանը, - եթե այնտեղ չջախջախեինք թուրքերին, նրանք կգնային Էջմիածին և Երևան: Հայաստանից ոչինիչ չէր մնա, ոչինչ չէր փրկվի… Հայերը հաղթեցին, որի շնորհիվ կա այսօրվա ծաղկուն Հայաստանը»:
    
     Այդ տարիների մասին խոսելիս անհնարին է չհիշատակել նաև Թումանյանի և Բաղրամյանի բարեկամության մասին, որով ամբողջ կյանքում հպարտանում էր մարշալը: «Շատ են մեծ հայերը, սակայն նրանց մեջ առանձնանում է Թումանյանը: Նա մեծ է բոլորից, իսկական մի ողջակեզ, ով ճերմակ դրոշը ձեռքին՝ անցնում էր գյուղից գյուղ, չէր վախենում գնդակներից և խաղաղություն ու բարեկամություն էր քարոզում»:
    
     Շարունակվում էր զինվորականի ճակատագիրը: Մեծանում էր վստահությունը Հովհաննես Բաղրամյանի հանդեպ: Ա.Մնացականյանն իր գրքում գրում է, որ 1923 թվականին Բաղրամյանը նշանակվել է հայկական դիվիզիայի հեծելազորային գնդի հրամանատար: Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարությունը 1931 թվականին նրան ուղարկում է Մոսկվա` Ֆրունզեիանվան ռազմական ակադեմիայում սովորելու, որն ավարտում է 1934 թվականին, ապա ուսումը շարունակում կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտելուց հետո՝ մինչև 1940թվականի կեսերը, դասավանդում է նույն ակադեմիայում: Սակայն Բաղրամյանի տեղը գործող բանակն էր, իսկ աշխարհում տագնապ կար, պատերազմի վտանգ: Այս կապակցությամբ մարշալն իր «Այսպես է սկսվել պատերազմը» գրքում գրում է. «Մենք հասկանում էինք, որ աշխարհը տիրելու ծարավից խելագար ֆաշիզմը ռումբեր է նետում Անգլիայի խաղաղ քաղաքների վրա և կարող էր վաղն էլ ավելի մեծ դաժանությամբ դրանք նետել մեր գլխին: Տագնապալից մտքերն ինձնից չէին հեռանում, և հենց դրա համար էլ ուզում էի շտապ նորից բանակ վերադառնալ»:
    
     Ստացվում է Կիևի զինվորական օկրուգի հրամանատար, Բաղրամյանի ուսանողական տարիների ընկեր, այն ժամանակ բանակի գեներալ Ժուկովի հեռագիրը: Գնդապետ Բաղրամյանը նշանակվում է Կիևի զինվորական Օկրուգի 12-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի պետ:
    
     1941 թվական, հունիսի 22: Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այդ տարիներին էլ փայլատակեց Բաղրամյանի զինվորական տաղանդը: Ստեղծվեց Հարավ-Արևմտյան ռազմաճակատը: Բաղրամյանը նշանակվեց այդ ռազմաճակատի զորքերի շտաբի պետի տեղակալ:
    
     1941 թ. օգոստոսի 12-ին գնդապետ Բաղրամյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում: Հովհաննես Բաղրամյանը Կիևի համար մղված մարտերում ցուցաբերեց մեծ արիություն և ռազմական բարձր ունակություն:
    
     Բաղրամյանը մարտեր ղեկավարելու մեծ հմտություն է դրսևորում նաև Ռոստովի մատույցներում, որի համար 1941 թվականի դեկտեմբերի 27-ին նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտի կոչում: Նա նշանակվում է ռազմաճակատի զորքերի շտաբի պետ:
    
     1942 թվականի հուլիսին Բաղրամյանն արդեն 16-րդ բանակի հրամանատարն էր: 1943 թ. փետրվար-մարտ ամիսներին 16-րդ բանակի զորքերը ճեղքեցին թշնամու պաշտպանությունը և մեծ կորուստներ պատճառեցին նրանց: Այդ գործողությունների համար կառավարությունը գեներալ-լեյտենանտ Բաղրամյանին պարգևատրեց Կուտուզովի առաջին աստիճանի շքանշանով:
    
     «Զինվոր, գեներալ, մարշալ» գրքի (1975 թ., «Հայաստան» հրատ.) հեղինակ Մ.Մերժանովը մեծ ոգևորությամբ է պատմում Բաղրամյան հմուտ զորավարի մասին, ով գիտեր, որ մարտի հաջողությունն անհնար է առանց մանրակրկիտ, խնամքով կատարված նախապատրաստության: Նա անձամբ այցելում էր զորամասերը, ներկա էր լինում նրանց վարժություններին, փոխանցում հաղթանակի հասնելու գաղտնիքները: 1943 թ. հուլիսի 12-ին թշնամու գլխին իջավ նրա գլխավորած բանակի հուժկու հարվածը: Հարձակումը սկսելուց 12 օր հետո Բաղրամյանի գվարդիականներն արդեն առաջացել էին 160-180 կմ և հասել Օրյոլ-Բրյանսկ երկաթուղուն: 1943 թ. օգոստոսի 5-ին Օրյոլն ազատագրվեց:
    
     Այդ ճակատամարտում բարձր գնահատվեցին Բաղրամյանի գլխավորած բանակի գործողությունները: Նրա ձեռք բերած փայլուն հաջողությունների համար ՍՍՀՄ ժողկոմսովետը Բաղրամյանին շնորհեց գեներալ-գնդապետի կոչում և արժանացրեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանի, իսկ չորս ամիս հետո՝ 1943 թվականի նոյեմբերի 17-ին, ՍՍՀՄ ժողկոմսովետը գվարդիայի գեներալ-գնդապետ Բաղրամյանին շնորհեց բանակի գեներալի կոչում և նույն օրը նշանակեց Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերի հրամանատար: Մեծ էր հաղթանակի հույսը: Արդեն ապացուցվել էր՝ որտեղ Բաղրամյանն է, այնտեղ չի ուշանում հաղթանակը: Եվ այս անգամ էլ բանակի գեներալ Բաղրամյանը արդարացրեց ժողովրդի վստահությունը:
    
     1943 թ. դեկտեմբերի 19-ին Սովինֆորմբյուրոն հաղորդեց. «Օրերս Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերը` բանակի գեներալ Բաղրամյանի հրամանատարությամբ, հարձակման անցան գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ և մոտ 80 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ ճեղքեցին հակառակորդի խիստ ամրացրած պաշտպանական գոտին… Լարված մարտերի 5 օրվա ընթացքում մեր զորքերն ազատագրեցին ավելի քան 500 բնակավայր: Մարտերում ջախջախեցին գերմանացիների 87-րդ, 129-րդ, 211-րդ հետևակային դիվիզիաներրը, 20-րդ տանկային դիվիզիան և մի քանի պահակային զորամասեր»:
    
     1944 թ. ամառային հարձակումների ժամանակ սովետական բանակն ահեղ մարտերով օկուպանտներից մաքրեց Բելառուսիան, Լատվիան, Լիտվիան, Էստոնիան: Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերը Բաղրամյանի հրամանատարությամբ լարված հարձակողական մարտերից հետո թշնամուն ավելի քան 300 կմ քշեցին արևմուտք: Բաղրամյանի զորքերը Բելառուսիայում ոչնչացրին հակառակորդի 40 հազար և գերի վերցրին 16 հազար զինվոր ու սպա, շարքից հանեցին 600 թնդանոթ ու ականակիր, ավելի քան 2000 ավտոմեքենա, 78 ինքնաթիռ և այլն:
     Այդ մարտերի մասին Բաղրամյանի զինակից, գեներալ-գնդապետ Սանդալովը (Ի.Ք.Բաղրամյան, «Մեծ ժողովրդի զավակները», 1987թ., «Հայաստան» հրատ.) գրում է. «Հովհաննես Բաղրամյանը իր զորավարական տաղանդով փայլեց Բելոռուսիայի ազատագրման համար մղված մարտերում: Այստեղ թշնամու զորքերի ջախջախման օրերին ռազմաճակատի հրամանատարի անունը լայնորեն հայտնի դարձավ սովետական ժողովրդին… Արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման»:
    
     Հաղթանակը հաջորդում էր հաղթանակին: Այդ մարտերի մասին բանակի գեներալ Շտեմենկոն գրել է. «Շաուլյայի և Մեմելի գործողություններում ցայտուն կերպով դրսևորվեցին Բաղրամյանի ինքնօրինակ զորավարական տաղանդը, նրա ռազմական լայն գիտելիքները և գործնական մեծ փորձառությունը: Նրա մասին արդեն խոսվել է, սակայն Հովհաննես Բաղրամյանի բնութագիրն անավարտ կմնա, եթե այստեղ չհիշատակենք նաև մարդկանց նկատմամբ նրա ուշադիր վերաբերմունքը, անձնական հմայքը, սրտաբացությունն ու հարգանքն ընկերոջ նկատմամբ: Հավանորեն այդ բոլոր հատկությունների երջանիկ զուգորդությունն էլ հենց հնարավորություն են տալիս նրան այդպես բնականորեն ձուլվել ամեն մի զինվորական կոլեկտիվի հետ, այդպես վստահ զգալ իրեն ամեն մի պոստում: Արդեն պատերազմից հետո, գլխավոր շտաբի ակադեմիայի պետ եղած ժամանակ Հովհաննես Բաղրամյանը շատ նշանակալից աշխատանք է կատարել զինվորական ղեկավար կադրեր պատրաստելու ասպարեզում, իսկ այնուհետև գլխավորելով սովետական զինված ուժերի թիկունքը՝ ներդրել և շարունակում է ներդնել շատ օգտակար ավանդ մեր բանակի, ավիացիայի և նավատորմի մարտական պատրաստությունն ապահովելու գործում»
     1944 հուլիսի 28-ի առաջնորդողում «Պրավդան» գրում է. «Շավլի քաղաքի ազատագրումը բանակի գեներալ Բաղրամյանի հրամանատարությամբ գործող Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հաղթանակն է»:
    
     Հուլիսի 27-ին Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերը հարձակման անցան և 31-ին գրավեցին Արևելյան Պրուսիան Մերձբալթիկային կապող հիմնական հանգույցները, Իելգավա քաղաքը և սլացան դեպի Ռիգայի ծովածոցը՝ զարգացնելով առաջխաղացումը: Բաղրամյանի գլխավորած ռազմաճակատի զորքերը գրավեցին 2000-ից ավելի բնակավայր: Այդ նշանավոր հաղթանակի առթիվ «Պրավդան» 1944 թ. հոկտեմբերի 9-ի առաջնորդողում գրում է. «Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերի հաղթանակը մի անգամ ևս ցույց տվեց մեր գեներալների, հատկապես Հովհաննես Բաղրամյանի զորավարական բարձր արվեստը…»:
    
     Մարշալ Վասիլևսկու և բանակի գեներալ Բաղրամյանի զորքերը 1945 թ. մարտ-ապրիլ ամիսներին բացառիկ խնամքով պատրաստեցին Քյոնիգսբերգ ամրոց-քաղաքի գրոհը: Չորս օրում զորքերը գրավեցին Քյոնիգսբերգը, (Մ.Մերժանով, «Զինվոր, գեներալ, մարշալ») ՝ գերի վերցնելով 93 հազար գերմանական զինվոր, սպա և մեծաքանակ ռազմավար: Այդ նշանավոր ծառայության համար բանակի գեներալ Բաղրամյանը 2-րդ անգամ պարգևատրվեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով:
    
     «Քյոնիգսբերգի գրոհի նախապատրաստությունները, - գրում է Սովետական Միության մարշալ Վասիլևսկին իր «Կյանքի գործը» գրքում, - տարվում էր թշնամու Հայլսբերգյան խմբավորումը լիկվիդացնելու հետ միաժամանակ: Զորքերի նախապատրաստությունը գրոհին ղեկավարում է բանակի գեներալ Բաղրամյանը»:
    
     Հետաքրքիր է, որ ռազմաճակատի շտաբում հարցաքննության ժամանակ Քյոնիգսբերգի պարետ, գերի ընկած գեներալ Լաշը ասում է. «Երբեք չէր կարելի ենթադրել, որ Քյոնիգսբերգի նման ամրոցն այդքան արագ կընկներ. ռուսական հրամանատարությունն այդ օպերացիան լավ էր մշակել»:
    
     Զորավար Բաղրամյանի և նրա ղեկավարած Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերի յուրաքանչյուր հաղթանակով սովետական բոլոր ժողովուրդների հետ միասին ուրախանում և նաև հպարտանում էր Խարհրդային Հայաստանի աշխատավորությունը: Նրանք արտակարգ սեր ու հոգատարություն էին ցուցաբերում Բաղրամյանի քաջարի զորքերի հանդեպ և ցույց տալիս բարոյական ու նյութական աջակցություն: Աշխատավորներն իրենց անձնական խնայողությունից առատորեն գումարներ մուծելով ռազմական ֆոնդերին` խնդրում էին սովետական կառավարությանը, որպեսզի իրենց նվիրած միջոցներով լրացուցիչ սպառազինություն արտադրվի Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերի համար: Մերձբալթյան առաջին ռազմաճակատում ֆաշիստական զորքերին ջախջախում էին նաև գեներալ Բաղրամյանի անվան գրոհող ինքնաթիռների էսկադրիլիաները և տանկային ստորաբաժանումները: Հայրենիքից հեռու, օտարության մեջ ապրող հայերը ևս իրենց խնայողություններով ստեղծեցին «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյունը:
    
     Տաղանդավոր զորավար Բաղրամյանին 1954 թ. տեղափոխում են Մոսկվա և նշանակում ՍՍՀՄպաշտպանության նախարարի տեղակալ: Որոշ ժամանակ հետո` 1956-58 թվականներին Բաղրամյանին տեսնում ենք գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիայի պետի պաշտոնում: Ապա դարձյալ նշանակվում է ՍՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը 1955 թ. մարտի 11-ի հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանին շնորհում է Սովետական Միության մարշալի կոչում:
    
     Ահա թե ինչ է գրում Սովետական Միության մարշալ Վասիլևսկին Հովհաննես Բաղրամյանի մասին. «Անտարակույս, տաղանդավոր զորավար է Հ.Ք.Բաղրամյանը: Նա ունի և´ հրամանատարական, և´ շտաբային աշխատանքի փորձ, և դա նրան օգնում էր հաջողությամբ լուծելու ինչպես զորքերի կառավարման, այնպես էլ օպերացիաների պլանների մշակման հարցերը, ըստ որում, նա անպայման աշխատում էր գտնել հաղթանակի հասնելու ամենակարճ ուղին: Հովհաննես Բաղրամյանը բնավորությամբ հաստատակամ է ու աներեր»:
    
     Շարքային զինվոր և կրտսեր սպա, դասակի հեծյալ, էսկադրոնի և գնդի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետ, հրամանատար, օկրուգի ռազմաճակատի շտաբի օպերատիվ վարչության, ապա շտաբի պետ, բանակի հրամանատար և ռազմաճակատի հրամանատար: Ռազմական արվեստի խոր իմացությամբ, կազմակերպական մեծ ընդունակություններով, ռազմաքաղաքական իրադրությունների խորաթափանց, ճշգրիտ գնահատումով, ռազմավարական ճիշտ որոշումներ առաջադրելով և դրանց վճռական, հետևողական իրագործումով Հ.Ք.Բաղրամյաննը առաջնակարգ տեղ գրավեց Մեծ հայրենականի ականավոր զորավարների փայլուն համաստեղության մեջ. նրա անունը դրոշմվեց խորհրդային ժողովրդի պատմական հաղթանակը կերտողների շարքում:
    
     Հարուստ է նրա գրական ժառանգությունը: Հ.Բաղրամյանը գրել է տասից ավելի գրքեր և մոտ 200հոդված, որոնք գիտական խորությամբ լուսաբանում են սովետական ռազմական գիտության տարբեր հարցեր: Նա հեղինակել է «Այսպես է սկսվել պատերազմը», «Ռազմաճակատային ճամփաներով» գրքերը:
    
     Իր վավերագրական հուշագրություններում մարշալը հաճախ է հիշատակում հաղթանակի առաջին զորահանդեսի մասին:
     …1945 թվականի հուլիսի 24: Կարմիր հրապարակ: Ամպամած օր է: Զարկում են Կրեմլյան կուրանտները:
     Սպասսկայա աշտարակի դարպասներից բաց գորշագույն նժույգին նստած դուրս է գալիս Սովետական Միության մարշալ Գ.Կ.Ժուկովը: Սևաթույր նժույգի վրա ընդառաջ է գալիս հաղթանակի օրվա առթիվ զորքերի շքահանդեսի հրամանատար Սովետական Միության մարշալ Կ.Կ.Ռոկոսովսկին: Ապա և անցնում են համահավաք գնդերը, որոնց մեջ հպարտ կեցվացքով առանձնանում էր Բաղրամյանի գունդը:
    
     Խաղաղ տարիներ: Հովհաննես Բաղրամյանը բազմաթիվ ոլորտներում աշխատեց՝ միշտ մնալով պատվախնդիր զինվորական ու մարդ: Զրահատանկային զորքերի մարշալ Պ.Ա.Ռոդմիստրովուն այդ տարիներին վիճակվեց աշխատել հայազգի մարշալի հետ:
    
     «Նրա ղեկավարությամբ աշխատելը հեշտ էր, - ասում էր նա (Ի.Ք.Բաղրամյան, «Մեծ ժողովրդի զավակները», 1987 թ., «Հայաստան» հրատ.), - նա երբեք նախաձեռնությունը չէր կաշկանդում, իր կարծիքը չէր պարտադրում և համոզելը գերադասում էր հարկադրելուց: Ինձ հաճախ վիճակվում էր ռազմագիտության տարբեր հարցերով բանավիճել ակադեմիայի պետի հետ, բայց մեր վեճերը երբեք չէին փոխանցվում անձնական փոխհարաբերությունների վրա, այլ, ընդհակառակը, փոխադարձ հարգանքը մեծանում էր»:
    
     1958 թվականի հունիսին Սովետական միության մարշալ Հ.Բաղրամյանը նշանակվեց ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի թիկունքի գծով տեղակալի բարձր պաշտոնում և աշխատեց 10 տարի:
    
     Հովհաննես Բաղրամյանը զբաղվում է մեծ հասարակական աշխատանքով: Նա բազմիցս ընտրվել է Խորհրդային միության գերագույն խորհրդի, ինչպես նաև Լատվիական ու Հայկական հանրապետությունների պատգամավոր:
    
     Անվերջ կարելի է պատմել Հովհաննես Բաղրամյանի մասին: Դրվագներով կարելի է հիշել նրա այցերը Հայրենիք, մասնավորապես՝ Սարդարապատի հուշահամալիր, որտեղ հանդիպել է իր նախկին զինվորներին, զրուցել նրանց հետ, հուզվել: Կարելի է պարզապես մտնել Հաղթանակի թանգարան և մեկ առ մեկ պեղել Մեծ հայորդու կյանքի պատմության էջերը: Իսկ ովքեր եղել են Սարյանի տուն-թանգարանում, պետք է հիշեն վրձնի վարպետի «Հովհաննես Բաղրամյան» կտավը (Մ.Մերժանով, «Զինվոր, գեներալ, մարշալ»): Թիկունքին կանաչ երանգն է, փայտյա թիկնաթոռի մեջ, երկու ձեռքերն արմնկակալներին հենած, նստած է փոքր-ինչ ժպտացող մարդը, ում դեմքը ողողված է սարյանական արևով: Դիտում ես դիմանկարը: Գույն առ գույն, գիծ առ գիծ հետզհետե բացահայտվում է հավասարակշիռ ու խոհական, հանգիստ ու սառնարյուն մարդու բնավորությունը: Կյանքի «համալսարանները» ապացուցեցին, որ նրա մեջ հաշտ էին ապրում պահանջկոտությունը, զգացմունքայնությունը, բարեսրտությունը և կամք:
    
     Բաղրամյանի կենսագիր Մարտին Մերժանովը գրում է, որ խաղաղ կյանքը զորավարին վերադարձրեց, վերածնեց սերը դեպի արվեստը, դեպի գեղանկարչությունը: Հայտնի է նրա բարեկամությունը Մարտիրոս Սարյանի հետ: Հովհաննես Բաղրամյանին հարազատ էին Ռեպինի, Լևիտանի, Կրամսկոյի, Նալբանդյանի ստեղծագործություները: Նա նաև թատրոնապաշտ էր, համարյա բաց չէր թողնում Մոսկվայի Գեղարվեստական, Ակադեմիական ու Փոքր թատրոնների ներկայացումները: Գերադասում էր պատմական սյուժեներով բեմականացումները: Նրա գրադարանը լի էր առավելապես ռազմապատմական գրականությամբ, որոնք պատմում էին Սուվորովի, Բագրատիոնի, Կուտուզովի և այլ փառավոր անունների ու նրանց գործերի մասին:
    
     Ստացվե՞ց արդյոք Բաղրամյանի դիմանկարը, իհարկե՝ ո´չ: Անհնարին է վերարտադրել նրա փոթորկուն կյանքը: Ավելին, աշխարհի բոլոր կողմերում ապրող ամեն հայ իր Բաղրամյանն ունի: Եվ այդ դիմանկարի մեջ տեսնում է հայրենի Չարդախլու գյուղի պատանի հեծյալին, Մեծ եղեռնը հոգու ու աչքերի մեջ պահող զինվորին, հայ մարդուն: Տեսնում է նրան Սարդարապատի կռիվների մեջ:
    
     «Միշտ խորհեցեք հայրենիքի մասին», – սարյանական կտավից ամեն օր համբերանքի ու հերոսության դասեր է տալիս տաղանդավոր զորավարը, Բաղրամյան պողոտայի հեծյալը՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13893 | 0 | 0
Facebook