Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Հին հունական զվարճապատումների մի փունջ

21:22, Четверг, 30 Ноября, 2017 года
Հին հունական զվարճապատումների մի փունջ

Թեպետ 16-րդ դարում ապրած ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» երգիծական վեպի նախերգական ոտանավորում ենք մենք կարդացել «Մարդուն է բնորոշ ծիծաղելը» խոսքը, բայց այս մտքի հեղինակը հույն փիլիսոփա Արիստոտելն է: Նա առաջինն է ասել, որ բոլոր կենդանի արարածներից միայն մարդը կարող է ծիծաղել: Հույները երբեք չեն մոռացել, որ ծիծաղելը մարդու բնորոշ հատկանիշներից մեկն է: Ահա' մեկ օրինակ դրանում համոզվելու համար: Հին հույները զվարճալի պատմությունների մի ժողովածու են կազմել: Այդ ժողովածուի անունը «Ֆիլոգելոս» (այս բառի հայերեն մոտավոր համարժեքը «Ծաղրաբան» -ն) է: Այս ժողովածուի սիրված հերոսը տարօրինակ, զարմանալի տրամաբանություն ունեցող գիտուն «պեդանտն» է՝ ծայրահեղորեն բծախնդիր, մանրախնդրորեն ճշտակատար, տառակեր անձնավորությունը:


     Ահա՛ այս պեդանտը զբոսանքի ժամանակ նկատում է իրեն բուժող բժշկին ու փորձում է նրանից թաքնվել: Ծանոթները հարցնում են թաքնվելու պատճառը, և նա պատասխանում է. «Ես վաղուց չեմ հիվանդացել ու նրանից ամաչում եմ»:

*****
     Պեդանտի կոկորդը վիրահատում են, և բժիշկը նրան արգելում է խոսել: Պեդանտն իր ստրուկին հանձնարարում է իր փոխարեն պատասխանել ծանոթների ողջույններին և ամեն անգամ յուրաքանչյուրին անձամբ ասում է. «Մի՛ նեղացեք, որ իմ փոխարեն ստրուկս է ձեզ բարևում. պատճառն այն է, որ բժիշկն ինձ արգելել է խոսել»:
     *****

Պեդանտի որդին գնդակն անզգուշորեն գցում է ջրհորը: Նայելով այնտեղ՝ նա ջրի հայելում տեսնում է իր պատկերն ու բացականչում է. «Տո'ւր գնդակս»: Երբ պատկերը նրա պահանջը չի կատարում, նա վազում է հոր մոտ ու գանգատվում է: Հայրը մոտենում է ջրհորին, տեսնում է իր պատկերն ու ասում է. «Բարի՛ մարդ, վերադարձրո՛ւ երեխայի գնդակը»:
     *****

Պեդանտն ուզում է քնել, բայց քանի որ բարձը տեղում չի լինում, ստրուկին կարգադրում է գլխի տակ կճուճը դնել: Երբ ստրուկն հիշեցնում է, որ կճուճը կոշտ է, նա հրամայում է այն փշրել ու այնքան մանրատել, որ փոշու վերածվի:
     *****

Ցանկանալով իմանալ, թե քնած ժամանակ ինքն արդյո՞ք լավ տեսք ունի՝ պեդանտը պառկում է հայելու առաջ ու փակում է աչքերը:
     *****

Երազում պեդանտը ոտքը դնում է մեխին, ու մեխը ոտքը ծակում է: Արթնանալով՝ նա ոտքը վիրակապով փաթաթում է: Ծանոթն հարցնում է, թե ինչո՞ւ է ոտքը փաթաթել: Իմանալով, թե բանն ինչումն է, նա ասում է. «Մեզ՝ հիմարներիս, այդպես էլ պետք է. ինչո՞ւ ենք ոտաբոբիկ քնում»:
     *****

Երկու պեդանտ ճանապարհով գնում են, և նրանցից մեկը, բնական կարիքի հարկադրանքով, ընկերոջից հետ է մնում: Կարիքն հոգալուց հետո վերադառնալով՝ նա ճանապարհի սյունին տեսնում է ընկերոջ թողած հետևյալ գրությունը. «Հասի՛ր ինձ»: Եվ նա «Դու էլ սպասի՛ր ինձ» պատասխանն է գրում ընկերոջ գրության տակ:
     *****

Գետով ընթանում է ծանրաբեռնված նավակը: Պեդանտն ասում է. «Եթե ջուրը մի քիչ էլ բարձրանա, նավակը ջրասույզ կլինի»:

Պեդանտը ծովում նավարկում է: Փոթորիկ է սկսվում: Նրա ստրուկներն սկսում են ողբալ: «Մի՛ ողբացեք, - ասում է պեդանտը, - կտակումս բոլորիդ ազատություն եմ շնորհել»:
     *****

Կնքված կարասում պեդանտը բարձրորակ գինի է պահել: Ստրուկը ծակել է կարասի տակն ու քիչ-քիչ մի մասը խմել: Տեսնելով, որ կարասը կիսադատարկ է, պեդանտը զարմանում է, թե կնքված կարասից ինչու է գինին պակասել: Ընկերը նրան խորհուրդ է տալիս. «Ստուգի՛ր, գուցե կարասի տակը ծակե՞լ են»: «Հիմա՛ր, - պատասխանում է պեդանտը, մի՞ թե չգիտես, որ գինին կարասի վերևից է պակասում»:
     *****

Պեդանտը երկվորյակ եղբայրների է տեսնում: Նրանց արտակարգ նմանությունը զարմացրել էր բոլորին, իսկ պեդանտն ասում է. «Ո՛չ, առաջինը երկրորդին ավել է նման, քան երկրորդն առաջինին»:

*****
     Պեդանտը զրույցի էր բռնվել իր երկու ընկերների հետ: Նրանցից մեկն ասում է. «Ոչխարներին մորթելը ճիշտ չէ, որովհետև նրանք բուրդ են տալիս»: Մյուսն ասում է. «Կովերին մորթելը ճիշտ չէ, որովհետև նրանք մեզ կաթ են տալիս»: Իսկ պեդանտն ասում է. «Խոզերին մորթելն էլ ճիշտ չէ, որովհետև նրանք մեզ միս են տալիս»:

*****
     Երբ պեդանտին ասում են, թե ագռավները 200 տարուց ավելի են ապրում, նա մի ագռավ է գնում ու սկսում է կերակրել, որպեսզի հավաստիանա:

*****
     Պեդանտի տան մուկը կրծոտել էր բոլոր գրքերը: Կենդանուց վրեժ լուծելու համար նա սկսում է միսը կծոտել ու մութ անկյուններում դնել:

*****
     Պեդանտը նոր գնած տուն է մտնում, գլուխն հանում է պատուհանից ու անցորդներին հարցնում է, թե այդ տունն իրեն սազո՞ւմ է:

*****
     Պեդանտն ուզում է տունը վաճառել: Գնորդ գտնելու համար նա քաղաքով մեկ շրջում է՝ բոլորին ցուցադրելով մի օրինակն այն աղյուսների, որոնցով շարվել են տան պատերը:

*****
     Պեդանտն այցելում է հիվանդ ընկերոջը: Նրան ընդառաջ է գալիս ընկերոջ լացակումած կինն ու ասում. «Նա այլևս չկա»: Պեդանտն ասում է. «» Երբ վերադառնա, ասա՛ նրան, որ ես այցելել եմ:

*****
     Մեռնում է պեդանտի որդին: Հանդիպելով նրա ուսուցչին՝ պեդանտն ասում է. «Ներեցե՛ք, ուսուցիչ, որ որդիս դպրոց չի եկել. նա մահացել է»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10125 | 0 | 0
Facebook