Ծերացե՜լ է նոյեմբերը, Հոդացավերը սրվե՜լ… Ծա՜փ են տալիս ծառերը՝ Մե՜րկ, անամո՜թ, անվայել… *** Ինչպես կնոջ մերկ մարմին Իրիկունն արևաքամ Գիշերվա սև պատգարակին Ծավալվե՜լ է ուժասպառ: *** Ծեր Լուսի՜նն է թափառում Հեռուներում ամպամած, Տեսնես թե ի՞նչ է փնտրում Սառն աչքերով կիսափակ: *** Աղավնինե՜ր են կարծես Ծվե՜ն-ծվեն ամպերը, Աստղիկներին են հառել Կարոտով լի աչքերը: *** Թափառո՜ւմ է քամին Աշնան անձրևը տանո՜ւմ, Հարվածո՛ւմ է ժայռին Ու սուլոցո՜վ ոռնում: *** Ու լքո՜ւմ են մեկմեկու Տերևները թափված, Ցրտից եղյա՜մ է ծնվում - Ասես մթան աղվամազ: *** Չկա ո՛չ մի պատուհան, Որ բա՜ց լինի այս ժամին, … Հո՜ւշն է այրվում մոռացման՝ Այրում տերև՜ը վերջին: *** Գիշերն ինչպես իջևա՜ն Աներաշխիք հավատի՜, … Ու սպասվում է մի խավար Երազների՜ ավարտին:
|