Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Շողոքորթության գլուխգործոց

13:18, Четверг, 12 Октября, 2017 года
Շողոքորթության գլուխգործոց

Բոլոր ասիացիները ազատության մասին ոչ մի գաղափար չեն ունեցել ու հիմա էլ չունեն ՝ սկսած աշխարհի սկզբից: Դրա ապացույցն այն ընդարձակ երկրներն են, որոնք կառավարվել են ու այժմ էլ կառավարվում են բռնակալների ձեռքով, բռնակալներ, որոնք վայրի գազանների պես հոշոտել են իրենց հպատակներին ու այնպիսի պայմանների մեջ դրել, որ նրանք ստրուկների նման հնազնդվեն ու փառաբանեն իրենց:

Պարսկաստանի Սուլեյման շահին (գահակալել է 1666 – 1694 թվականներին) այսպես են մեծարել.


     -Վեհագույնը կենդանի մարդկանցից,

-աղբյուր վեհափառության,

-աղբյուր մեծության, զորության և փառքի,

-համահավասար արեգակին,

-պետ մեծ թագավորների, որոնց գահը երկնքի ասպանդակն է,

-երկնքի գործակալ երկրի վրա,

-կենտրոն հողագնդի,

-բոլոր կենդանի մարդկանց ուխտադրության առարկա,

-բարիքների և մեծ անունների բաշխող,

-տեր ճակատագրի,

-տիեզերքի ամենագերազանց վարդապետության գլուխ,

-ամենամեծ և ամենաշողշողուն մարմնավոր էակի (Մուհամեդի) կայսերական գահին բազմող,

-վեհապետ ուղղահավատների,

-ծնված և ծագած այն գահից, որն աշխարհի միակ գահն է,

-թագավոր առաջին կարգի,

-միապետ տիեզերքի ինքնակալների և հրամանատարների,

-մեծագույն աստծո ստվեր՝ սփռված ամբողջ տեսանելի երկրի վրա,

-առաջին ազնվականը և ամենամեծն ազնվականներից,

-թագավոր, թագավորի որդի և շառավիղ վեհագույն թագավորների,

-վեհապետ, որդի վեհապետի, զավակ ամենահին վեհապետների,

-կայսր բոլոր ժամանակների և բոլոր մարմնեղեն էակների,

-տեր հույզերի և աշխարհների,

-հայր հաղթությունների,

-երջանկագույն Սուլեյման փադիշահ, շառավիղ Սեֆիի, Մուսայի, Հուսեինի,

-վեհապետ հզոր պետերի, բաժանող թագերի ու գահերի:

Եվ պատահական չէ, որ արևելյան բռնապետություններում, ամենահին ժամանակներից սկսյալ, նույնիսկ բարձր պաշտոններ վարողների վիճակը նմանեցրել են մեկ օրվա արևին, որն առավոտյան ծագում է իր ամբողջ փայլով ու փառահեղությամբ, իսկ երեկոյան խավարում է: Մեծ բռնակալները, իբրև շնորհ, բարձրացնում էին իրենց անդադար, գետնատարած ու շողոքորթաբար փառաբանող բարձրաստիճան ստրուկներին ու, դարձյալ իբրև շնորհ, հանդիսավորությամբ խավարեցնում էին նրանց կյանքը: Եվ երկրորդ շնորհը նույնպես փառավորում էր նրանց մեծությունը:

Երբ սուլթանն սկսում էր կասկածել, թե իր սատրապներից մեկը կա´մ չափազանց հարստացել է, կա´մ ապստամբական ծրագրեր է կազմում, այդպիսի կուսակալին ձի, սուր և ճոխ զգեստ էր ընծա ուղարկում: Դա մահվան դատավճիռ էր, և դահիճն առանց որևէ հարցաքննության ու բացատրության պարանի օղակը գցում էր ամենազոր սատրապի վիզը և խեղդում էր նրան:

Միևնույն արարողությունը Պարսկաստանում առավել մեծ շուքով է կատարվել: Շահի ընծան «Խալաթ» է անվանվել: Այն բաղկացած է եղել ակնազարդ զգեստից, սրից և դաշույնից:

Խալաթը տարել է շահի պալատականներից մեկը՝ վեց կամ յոթ ծառայի ուղեկցությամբ: Երբ մեկ օրվա ճանապարհ է մնացել մինչև խանի բնակության տեղը, պալատականը կանգ է առել և տեղեկացրել է խանին, թե թագավորական շնորհ է բերում: Բուն նպատակը չի հայտնվել, և խանի աստղագետները փորձել են գուշակել, թե ինչ տեսակ խալաթ է դա՝ արքայական պարգև՞, թե՞ մահվան զգեստ: Երկու դեպքում էլ խանը պարտավոր էր շահի սուրհանդակին քաղաքից դուրս դիմավորել: Հավաքվել է մեծ բազմություն, երաժիշտները նվագել են, և պաշտոնական ուրախությունն արտահայտվել է արևելյան ամբողջ ճոխությամբ: Խալաթը մեծ հանդիսավորությամբ բերվել է նշանակված վայրը, խանն այն հագել է, և այդ միջոցին պալատականը, եթե հրահանգ է ունեցել սպանել նաhանգի կառավարչին, իսկույն կատարել է հրամանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7901 | 0 | 0
Facebook