Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՀԱՅԵԼԻՆ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
08:15, Суббота, 16 Сентября, 2017 года
ՀԱՅԵԼԻՆ /պատմվածք/

Վահրամը վերջին իրերն էր խցկում ճամպրուկը: Մնացել էր հայելին՝ էժանագին, մեկ ռուբլի արժողությամբ, որը գնել էր առողջարանային քաղաք գալու հաջորդ օրը, և երեք կենվորն էլ հավասար օգտվում էին: Գնել էին միասին, բայց փողը տվել էր Վահրամը, ու հիմա, երբ եկել էր գնալու ժամանակը, չգիտեր՝ վերցնի, թե՞ թողնի: Մյուս երկուսն իրենից մի քանի օր ուշ էին մեկնելու: Հայելին նրանց դեռ պետք էր գալու: Եղածը մի բան չէր, ինքը թքած ուներ մեկ ռուբլու վրա, բայց, դե, հայելի էր, էլի, գուցե ուրիշ անգամ ևս պետք գար: Բացի դա, ի՛ր հայելին էր: Ի՞նչ անենք, որ միասին էին գնել, փողը, հո, ի՞նքը տվեց: Թե որ այդքան առատաձեռն էին, թող առաջինը ձեռքները գրպանները տանեին: Թե չէ՝ սպասում էին: Այդպես էլ կա: Դիտմամբ ձգձգեցին, այնքան, մինչև ինքը փողը տար: Հետո նոր, երբ հանել էր ռուբլիանոցը, հիշեցին, որ ոչ մի վաճառող ձրի ապրանք չի տալիս:
     Հիմա էլ, կարծում են՝ միամիտ է: Պառկել են, անխռով տեսք ընդունել, մինչդեռ համոզված է, սրտերը տրոփում են, ու մի հարց է հուզում՝ Վահրամը հայելին կվերցնի՞: Աչքի պոչով էլ հետևում են, կարծում են՝ չի նկատում:
     Եվգենի Պավլովիչ, ասա մեծ մարդ ես, կարգին պաշտոն ունես, քո ինչի՞ն է պետք ռուբլիանոց հայելին: Ամոթ չէ՞, սուտ քուն ես մտել, թերթով էլ ծածկել ես դեմքդ: «Литературная газета» կարդացողը նման մանր հարցերին ուշադրություն կդարձնի՞: Ամոթ է, ամոթ: Կթողնեմ, հաստատ եմ ասում: Դրա եղա՞ծն ինչ է: Ոչինչ, մյուս տարի, որ կենդանի մնացի ու դարձյալ առողջարան եկա, նորը կառնեմ:
     Պակասը մյուսը չէ: Յուրկա, երիտասարդին վայե՞լ է: Մի ամիս առողջարանում մնացիր, ողջ օրը մազերդ պլպլացրած աղջիկների ետքից էիր վազում, կողքից նայողը կասեր՝ կարգին տղա ես: Ընկած-ելածն աչքն ուրիշի ապրանքին կգցի՞: Դա ի՞նչ սովորություն է, չեմ հասկանում: Հիմա որ վերցնեմ, դնեմ պայուսակս, ի՞նչ կանես, ինչպե՞ս պիտի մազերդ սղալես, հը՞: Դու չէի՞ր ինձ և Եվգենի Պավլովիչին ասողը, թե՝ ոչ զուգարանում հայելի կա, ոչ միջանցքում: Այդքանն իմանալով հանդերձ, խանութում ինչու՞ ձեռքդ չտարար գրպանդ ու չհանեցիր փողը: Կարծում ես գլխի չընկա՞, որ ժամանակ շահելու համար էիր թաշկինակով երկար-բարակ մաքրում քիթդ: Եթե այդպես է, հիմա ինչի՞ վրա ես դրել հույսդ: Ինչու՞ թողնեմ, որ հետո ասես՝ միամիտ է, հա՞: Որ իմանամ չունես՝ ուրիշ: Ինչու՞ աղջիկների վրա ծախսելու փող գտնում ես, հայելու համար՝ չէ: Չունե՞ս, թող ուղարկեն: Ամբողջ օրը պարծենում ես՝ սա ունենք, նա ունենք, հայրս այստեղ է աշխատում, զահրումար է անում: Լավ մարդ որ լիներ, քեզ նման փսլնքոտին այստեղ չէր ուղարկի:
     Վահրամը նայեց ժամացույցին: Ինքնաթիռի թռչելուն մնում էր երեք ժամ: Տասնհինգ րոպեից կժամանի տաքսին: Դեռ պետք է ցտեսություն ասի հերթապահ բժշկին, բուժքրոջը: Լավ է, անկողինն առավոտյան հանձնեց: Ինչևէ, հարկավոր է որոշում կայացնել: Ձեր հերն էլ անիծած: Գոնե ձայն հանեք, ասեք՝ Վահրամ Արտաշեսովիչ /հայրանունը ձեզ մնա, Վահրամ ասեք/, չմոռանաս հայելին ճամպրուկը դնել: Հեչ կասե՞ն: Բերանները ջուր են առել, լռել: «Литературка» ընթերցողիս տե՜ս, ման եկողիս մտի՜կ:
     Նա ձեռքը տարավ հայելուն, հետո կեսճամփին կանգ առավ: Լացն ուղղակի գալիս էր: Ճիշտը որ խոսենք, վատ մարդիկ չեն: Առողջարանում ձանձրույթից կմեռներ, եթե Ժենյան ու Յուրկան չլինեին: Կարգին ընկերություն էին անում: Վերջին պահին ի՞նչ եղավ: Գրողի ծոցը գնա հայելին: Եղածը մի ռուբլի չէ՞, արժե՞ դրա համար սուգ կապել: Արժե՛, արժե՛: Հետո՝ հարցը դրամը չէ: Լավ ընկերոջ համար ինքը պատրաստ է ամեն բանի, բայց…
     Դուռը թակեցին. հերթապահ քույրն էր:
     -Արդե՞ն:
     -Այո, տաքսին ներքևում սպասում է:
     Վահրամը կտրուկ շարժումով վերցնելով հայելին՝ արագ-արագ փաթաթեց վերնաշապկով և դրեց ճամպրուկը: Վե՛րջ: Հիմա կարող է ճամփա ընկնել:
     Մինչ այդ Ժենյան, Յուրկան ոտքի էին կանգնել:
     -Դե, գնացի, Եվգենի Պավլովիչ:
     -Բարի ճանապարհ, Վահրամ, թե բան է, մեր կողմերը եկար, չմոռանաս զանգահարել:
     -Կզանգեմ, հանգիստ մնա, Ժենյա, անպայման:
     Չէ, հայելին իզուր վերցրեց: Տխմար է ինքը, ավանակ: Եղածը մի բան չէր, բայց խայտառակ եղավ: Ի՞նչ կմտածեն իր մասին:
     -Գնում եք, էլի, Վահրամ Արտաշեսովիչ, մեզ լքում եք, -Յուրկան էր:
     -Հա, Յուրկա, այդպես է ստացվում:
     -Բարի ճանապարհ, Վահրամ Արտաշեսովիչ:
     Հուզվել էր: Գիտեր՝ Յուրկան սրտանց է ասում: Անմիջական է: Այդպիսիք, ճիշտ է, այնքան էլ խորք չունեն, բայց հաջողությունը նմաններին միշտ գտնում է: Ոչ թե իր պես՝ հայելիս, հա հայելիս: Կարծես կով լիներ, ոչ թե գրոշների ապրանք: Խայտառակություն, այլ կերպ չես բնութագրի:
     -Յուրկա, տես, հարսանիքիդ չմոռանաս ինձ ու Վահրամին հրավիրել, -կոշկաթելերը կապելով՝ հուշեց Ժենյան:
     -Ճիշտ, եթե հեռագիր տամ, կգա՞ք, Վահրամ Արտաշեսովիչ:
     -Սիրով, Յուրկա, -խռովքի մեջ պատասխանեց:
     --Բան չմոռացա՞ր, մեկ անգամ ևս նայիր:
     Ժենյան էր: Չլինի՞ պահն ընտրելով՝ խայթեց: Վահրամը թուլություն և սրտխառնուքի պես բան զգաց: Յուրկան գետնից կտրեց ճամպրուկը:
     -Պետք չէ, ինքս: Դուք սենյակից դուրս մի եկեք, -շփոթված՝ ասաց:
     -Չեղավ, չեղավ, Վահրամ Արտաշեսովիչ, ինչպե՞ս թե: Մեկ ամիս է միասին ենք, -նա ճամպրուկն ուսած՝ աստիճաններով թեթևաքայլ իջավ:
     Ժենյան ու Վահրամը հետևեցին: Բարակ անձրև էր մաղում: Տաքսու վրա հատիկ-հատիկ շարվել էին կաթիլները: Սոճիներն անգամ կուչ էին եկել անձրևի տակ: Սանդղահարթակին կանգած բուժքույրը ձեռքը մեկնելով Վահրամին՝ ժպտաց.
     -Մյուս տարի նույնպես եկեք, Վահրամ Արտաշեսովիչ, միայն թե ամռանը: Ամառը մեզ մոտ հրաշալի է:
     -Անշուշտ, անշուշտ: Աշնանն էլ վատ չէ, երախտապարտ եմ բոլորիդ: Իմ գոհությունը փոխանցեք հերթապահ բժշկին:
     -Անհոգ մնացեք, Վահրամ Արտաշեսովիչ: Նա հիմա մյուս մասնաշենքում է, անպայման կասեմ:
     Վարորդը մատնացույց արեց ետևի նստարանը: Յուրկան ճամպրուկը խցկելուց հետո ճարպիկ շարժումով փակեց դուռը: Վահրամը կրկին սեղմեց ճանապարհող տղամարդկանց ձեռքերը, գլխի շարժումով ցտեսություն ասաց բուժքրոջն ու բացեց վարորդի կողքի դուռը: Մեքենայում բենզինի թեթև հոտ էր կանգնած:
     -Դուռը լավ չծածկեցիք, -նկատեց վարորդն ու ձգվեց, որպեսզի փակի:
     Յուրկան վրա հասավ, բացեց և սահուն, մի տեսակ լողացող շարժումով հրեց: Դուռը շրխկոցով փակվեց:
     Ոլորանին չհասած՝ Վահրամը շրջվեց: Բուժքույրը, Ժենյան ներս էին գնացել, Յուրկան մուտքի խսրին կոշիկներն էր ցեխից մաքրում: Ահա, նա ևս մտավ: Հիմա կանցնի միջանցքով, կբարձրանա երրորդ հարկ /ձախից երկրորդն իրենց սենյակի դուռն է/, կբացի, կմտնի, կհանի սանրը…
     Վահրամը կուչ եկավ նստարանին: Դառնություն կար սրտում: Ամեն բան կտար, որ հայելին վերցրած ճլիներ: Ինչի՞ն էր պետք: Հարամվեց ամբողջ հանգիստը: Տես, թե կարճամտությունն ուր կարող է հասցնել մարդուն: Ի՞նչ կմտածեն իր մասին: Կասեն՝ мелочный մարդ էր:
     Նա տնքաց: Վարորդը կողքանց նայեց ուղևորին: Վահրամը չնկատեց. մտովի առողջարանում էր: Յուրկան հիմա դես-դեն ընկած հայելին է փնտրում, ապա կհարցնի Ժենյային: Հետո՞: Հետո նրանք գլխի կընկնեն, որ ինքը տարել է: Թյու՛, քեզ մարդ ասողի, Վահրամ: Եթե մինչևիսկ հարյուր ռուբլիանոց լիներ, իրավունք չունեիր: Բա դու հայ չե՞ս, վերցնես ու այդքան հեշտ պատիվդ գետնով տա՞ս: Ազգուտակդ խայտառակեցիր: Ինչու՞ Յալթայից Սիմֆերոպոլ տաքսի կվարձես, բայց հայելին ի՞նչ է, ափսոսացիր թողնել: Կարող էիր տրոլեյբուսով գնալ, ճի՞շտ է: Մինչև օդանավակայան հասցնում է: Երկուսի փոխարեն քսան ռուբլու ծախսի տակ մտար, ասա՝ ինչու՞: Պատասխանեմ՝ որ չասեն փող չունի, տրոլեյբուսով է գնում: Ապրես, լավ արեցիր, բայց թե տաքսու գումարով քանի՞ հայելի կառնեիր: Քսան, ճի՞շտ է: Էհ, Վահրամ Հովակիմյան, ուշ ես գլխի ընկնում, ու՛շ:
     Լավ, հանդարտվիր, ոչինչ էլ չի պատահել: Քոնն էր, վերցրիր, հապա ինչպե՞ս: Հո չէի՞ր թողնի: Տղաներին չգիտե՞ս, կվազեին ետքիցդ, հայելին կտային՝ զոռով, կստիպեին, ու ավելի անհարմար վիճակի մեջ կընկնեիր:
     Չէ, Վահրամ, իզուր արդարացուցիչ հանգամանքներ մի փնտրիր: Թքել ես, տեր կանգնիր: Միասին էիք գնել, ուրեմն՝ վերջ: Ի՞նչ անենք, թե դրամը դու էիր տվել: Իսկ երբ նրանք իրիկունները քեզ համար կինոյի տոմս էին վերցնում, հե՞չ: Իսկ երբ քաղաքից առողջարան դառնալիս տաքսի էիք բռնու՞մ: Դարձյա՞լ հեչ: Ի՞նչ: Ընկերության մեջ չգիտե՞ս, որ փողը հաշիվ չէ: Ճիշտ է, դու ավելի հաճախ էիր վճարում, ոչ ոք չի կարող ժխտել, բայց հանկարծ ի՞նչ եղավ քեզ, մեր տղա: Բախտդ բերել էր, կարգին մարդկանց էիր հանդիպել, ինչու՞ ամեն բան ջուրը լցրիր: Չամաչեցի՞ր, նրանք ո՞ր օրվա աչքն ուրիշի ունեցածի վրա գցող էին: Աշխարհում մեղք չմնաց, նրանց վրա բարդեցիր: Հայելուս են աչք դրել… Չէ մի՝ պոզեր: Այդպես չի կարելի, հարգելիս: Սովորիր մարդկանց մեջ տեսնել ոչ թե այն, ինչ ուզում ես, այլ՝ ինչ կա: Թե չէ՝ թունավորեցիր հոգիդ, նրանցն էլ հետը:
     Ինչ ուզում է լինի, հետ է ուղարկելու: Մի բան կհորինի, կգրի, որ պատահաբար է հայտնվել ճամպրուկում: Չեն հավատա՞: Կհավատան: Նրանք կարգին մարդ են, ոչ իր պես: Բայց, դե, մինչև ուղարկի, մինչև դես, մինչև դեն, գնացած կլինեն: Երկու օր անց Պավլովիչն է մեկնում, մեկ օր հետո՝ Յուրկան: Խրվեցիր, Վահրամ: Ով՝ ով, բայց դու այդ մարդը չէիր, ի՞նչ պատահեց, ի՞նչ սատանա մտավ մեջդ: Հասնի, թե չէ, կհանի հայելին, կտա ասֆալտին, ջարդուփշուր կանի: Մեկ է, սիրտը հանդարտեցնելու այլ միջոց չունի:
     Մութն ընկել էր, երբ հասավ Սիմֆերոպոլ: Օդակայանում հազարավոր ուղևորներ խռնվել էին իրար: Ճամփի միօրինակությունից, թրջված, լռիկ անտառից հետո անսովոր էին աղմուկը, հրմշտոցը, լույսերի առատությունը: Բարձրախոսն առանց ընդմիջման ազդարարում էր հերթական չվերթի ուշացումը. եղանակը թռիչքային չէր:
     Ժամանակ մեռցնելու համար մտավ ռեստորան: Ազատ տեղեր չկային: Մատուցողը սեղաններից մեկի մոտ աթոռ ավելացրեց: Նրա պատրաստակամությունը Վահրամին դուր չեկավ. պարզ էր մտքինն ինչ է: Տապակա պատվիրեց, հարյուր գրամ կոնյակ և սուրճ:
     Ե՞րբ պիտի Երևան հասնի - մի բաժակ կարգին սուրճ կըմպի: Եղածն ի՞նչ է, պատրաստել չգիտեն: Նոթերը կախ նստել էր: Դիմացի երիտասարդ զույգը գեղգեղում էր: Մյուս երկուսը Միջին Ասիայի կողմերից էին: Տղամարդը հիսունին մոտ էր՝ գեր, կախ ընկած կզակով: Լկտի հայացք էր գցում սիրունիկ աղջկա ուղղությամբ, հետո ժամանակ առ ժամանակ մտաբերելով, որ կողքին իր կինն է, ատամների արանքից ինչ-որ բառ էր նետում՝ շարունակելով մտովի մերկացնել դիմացը նստածին: Երիտասարդը, զրույցով տարված, չէր նկատում, մինչդեռ ընկերուհին ակնհայտորեն նեղվում էր ու, որպեսզի պաշտպանվի ցանկասեր հայացքից, ցուցադրաբար ժպտում էր տղային՝ այդ կերպ հավաստելով իր հավատարմությունը:
     Կոնյակը բերեցին: Կեսը մի ումպով խմեց: Լցրեց մնացածը: Հաստակզակն օշարակ առաջարկեց:
     -Շնորհակալություն, -չոր մերժեց:
     Նյարդայնացել էր: Եթե քիչ էլ մնար, վախենում էր նյարդերը տեղի տան: Շուն-շանորդի, մարդ եղիր: Կողքիդ կինդ է նստած:
     Խմեց մնացյալ կոնյակը, հետո, ներքին լարվածությանը չդիմանալով, գրպանից հանած տասը ռուբլիանոցը դնելով սեղանին՝ վերցրեց ճամպրուկն ու ելավ:
     Սրահներում նստելու տեղ բնավ չկար: Ոմանք ննջում էին, մի քանիսը տեղ էին զբաղեցրել պատուհանագոգերին, պառկել ոտքից հեռու խորշերում: Վահրամը, քանի որ թռիչքն ուշանում էր, վճռեց ճամպրուկը տեղավորել պահախցում: Այդ պահին էլ հիշեց հայելին: Հարկավոր է դեն շպրտել: Որոշեց մտնել զուգարան. Ավելի հարմար տեղ չկար:
     Նախասրահը լեցուն էր: Ծխախոտի ծուխը, դառնահոտը բռնել էին օդը: Մի անկյունում էժանագին գինի էին խմում: Երկմտեց, չգիտեր ուր դնի ճամպրուկը. հատակը կեղտոտ էր, թքոտած: Ստիպված հենեց կոշիկներին, շղթան ետ տանելով՝ հանեց վերնաշապկում փաթաթած հայելին, զգուշորեն բացելուց հետո վարանքոտ շուրջը նայեց: Քիչ այն կողմ մեկը սափրվում էր: Կոտրած, տեսքը կորցրած հայելու կտորը հենել ջեռուցման մարտկոցին, համբերատար քերթում էր դեմքը:
     Սրանից հարմար չկա: Կտամ, կպրծնեմ:
     -Առ, սափրվիր:
     Օտարականը վերցրեց պարզած հայելին, ուշադիր տնտղելուց, շուռումուռ տալուց հետո հենելով մարտկոցին՝ ժպտաց:
     -Չծխե՞նք, -առաջարկեց մարդը:
     Վահրամը հանեց ծխախոտի չբացած տուփը:
     -Օհո՛, ձերն ի՞նչ ծխախոտ է:
     -Հայկական՝ Արին Բերդ:
     -Երևում է, լավն է: Մեկը կարելի՞ է:
     -Կարելի է, խնդրեմ: Տուփը քեզ վերցրու, էլի ունեմ:
     Մարդը գնահատող հայացքով տուփը զննելուց հետո գրպանը դրեց:
     -Կտանեմ տուն, ափսոս է, չեմ բացի: Շնորհակալություն, այ թե կինս կուրախանա:
     Նա գրպանից հանելով ճմռթված «Դիմոկի» տուփը՝ ծխախոտ վառեց: Վահրամը ճամպրուկից նորը հանեց: Ծխող չէր: Հենց այնպես օրը մի քանիսը հավեսի համար կպցնում էր՝ առանց ծուխը ներս քաշելու: Հետը բոլ-բոլ տարել էր, մեծ մասն այլոց տվեց, մի քանիսը դեռ մնում էին:
     -Սրանից ծխիր, համեմատաբար անվնաս է, -ու բաց տուփը դեմ արեց:
     Մարդը մեկ անգամ ևս ծուխը ներս քաշելով՝ այրվող ծխախոտը շպրտեց ոտքերի տակ և, երկարելով ձեռքը, նորը վերցրեց:
     -Ֆիլտրո՞վ է:
     -Այո, էլի վերցրու:
     -Չէ, շնորհակալ եմ, -հրաժարվեց մարդը:
     Մի բանով հատուցելու համար չրթացնելով լուցկին՝ օգնեց, որպեսզի Վահրամը կպցնի, հետո իրենը վառելով՝ ներս քաշեց ծուխը, փչեց այրվող ծայրին:
     -Իրոք լավնէ: Վրացի՞ ես:
     -Հայ եմ՝ Երևանից:
     -Ճիշտ որ, գլխի չընկա: Ծխախոտն ասիր ինչպես է կոչվու՞մ, -հարցրեց ու, չսպասելով պատասխանին, գրպանից հանեց չբացած տուփը:
     -Արին Բերդ:
     -Արին Բե՞րդ: Դա ի՞նչ բան է:
     -Բլուր է, գագաթին՝ Էրեբունի-Երևան ամրոցի ավերակները:
     -Ճի՞շտ է, որ Երևանը հին քաղաք է:
     -Ավելի հներն էլ ունենք:
     -Ինչքա՞ն հին, Նովգորոդի՞ց էլ:
     -Հա:
     -Ծը՛, ծը՛: Այ թե բան ասիր, -մարդն օրորեց գլուխը:
     Վահրամն սկսեց ձանձրանալ:
     -Դե, դու շարունակիր սափրվել, ես գնամ:
     -Սպասիր, ես՝ հիմա: Գուցե վերջացնելուց հետո գնանք հարյուր-հարյուր գցե՞նք՝ կիսովի, տեղը գիտեմ:
     Վահրամը ժպտաց.
     -Չէ, ես այդպես սովոր չեմ: Բացի դա, ուշանում եմ: Զգացված եմ:
     Լավ էր, շուտ դուրս եկավ: Ականջին հասավ բարձրախոսի ձայնը, որն ազդարարում էր՝
     -Սկսվում է Սիմֆերոպոլ-Երևան երթուղու ինքնաթիռի ուղևորների հաշվառումը:
     Անձրևը դադարել էր:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
11397 | 0 | 0
Facebook