Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Ոչ միայն խոսքով, այլև` գործով». Սոս և Նորիկ Էլոյաններ .«Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Пресс-секретарь:
Հայորդի ամսաթերթ
09:17, Суббота, 05 Августа, 2017 года
«Ոչ միայն խոսքով, այլև` գործով». Սոս և Նորիկ Էլոյաններ .«Հայորդի» ամսաթերթ

Բեղ ու մորուքի մեջ կորած, կոշտ ու կոպիտ, անփույթ արտաքինով, շուտ բռնկվող, մտազբաղ․․․

Ահա այսպիսին էր միայնակ գայլը՝ Սոս Էլոյանը։

Ծնվել է 1962 թ. հուլիսի 22-ին Այգեպատ գյուղում։ 4 եղբայր էին:

1988 թվականին, երբ ռուսաստանյան դեգերումներից վերադառնում է Հայաստան, անսպասելիորեն հայտնվում է սումգայիթյան արհավիրքի կիզակետում: Փրկվում է Աստծո նախախնամությամբ։ Տուն է վերադառնում ցնցված, խառնված ներաշխարհով։ Գլխում շարունակ պտտվում է մեկ և միևնույն միտքը` պետք է զինվորագրվել։ Իսկ ժամանակը չէր սպասում: Անհրաժեշտ էր միայն դստերը՝ Արմինեին, մանկապարտեզ ընդունել և լիովին նվիրվել շարժմանը։

…Մասնակցում է Երասխի, Կոռնիձորի, Վայքի, Նոյեբերյանի պաշտպանությանը։ Սկզբում զենք չուներ։ Նրա ուշքն ու միտքը միայն աշխատում էր այն ուղղությամբ, թե որտեղից զենք գտնի։

Սոսի մայրը պատմում է, թե ինչպես է որդին ամուսնական մատանի ձեռք բերելու պատրվակով գումար վերցրել իրենից և… զենք գնել։ Նման մի դեպք էլ հիշում է տիկին Զենֆիրան` Սոսի եղբոր՝ Նորիկի կինը, թե ինչպես ամուսինը որդու ծնվելու առթիվ ստացած գումարը ամբողջությամբ վերցրել և զենք է գնել։

Սոսը որևէ ջոկատի անդամ չի եղել. մշտապես հայտնվել է այն վայրում, որտեղ զգացել են իր օգնության կարիքը։

Նա մի սուր ուներ` պատրաստված սեփական ձեռքով: «Տիգրան Մեծ» ջոկատի բոլոր տղաները երդվել են այդ սրի վրա, որ եթե հանկարծ հայը հայի վրա ձեռք բարձրացնի, այդ սրով ձեռքը կկտրեն։ Այսօր այդ սուրը պահվում է «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանում և կոչվում է «Սոսեթուր» ։

Սիսիանի Սոֆլու գյուղը այժմ ի պատիվ Սոս Էլոյանի կոչվում է Սոսեբերդ։

Սոսը զոհվում է մարտական առաջադրանքի կատարման ժամանակ՝ 1992 թ. հուլիսի 16-ին։

2002 թ. հետմահու պարգևատրվում է Արիության մեդալով։

Պատերազմի բովում իր կյանքն է «այրել» նաև Սոսի եղբայրը` Նորիկը։ Մեծ ցավով և կսկիծով են հարազատները խոսում երկու անձանազոհ եղբայրների մասին։ Իսկ Սոսի ամենամոտ մարտական ընկերը՝ Գևորգ Ավագյանը (Էրիկ), չէր էլ ուզում խոսել, հիշել ու պատմել։Նրա պնդմամբ` կռվի մասնակցած մարդը չի՛ ուզում հիշել այդ ամենը և կրկին վերապրել։

-Կարելի է խոսքով լինել հայրենասեր, իսկ ինքը ո՛չ միայն բառերով, այլև գործով էր ապացուցում իր հայրենասիրությունը, - Սոսի մասին պատմում է ընկերը։- Նա իր ընկերների համար լեգենդ է:

Երկու եղբայր էին` Սոսը և Նորիկը: Երկուսն էլ անժամանակ հեռացան կյանքից։ Բայց իրենց հետևից թողեցին հերոսական պատմության մեծ մի դաս։

Սոսը և Նորիկը թեպետև շատ տարբեր էին միմյանցից, բայց ունեին մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ մեծ հայրենասեր էին. երկուսն էլ պայքարում էին հանուն ազատության, անկախության։

Նորիկն ուներ հանդարտ բնավորություն` ի տարբերություն Սոսի, ով շուտ բռնկվում էր, կոպիտ էր ու չոր։

Սոսի միակ ժառանգը` Արմինեն, արդեն ամուսնացել է։

Նորիկն ունի 4 որդի, որոնցից յուրաքանչյուրը կազմել է իր ընտանիքը։

-Հիշում եմ` հայրս և հորեղբայրս ընկերների հետ միասին գալիս էին մեր տուն, -պատմում է Նորիկի ավագ որդին` Կարենը: - Պառկում էին սառը գետնին` կոշիկներն իբրև բարձ դնելով գլխների տակ, և սպասում էին կանչի, որ հասնեն օգնության։ Շատ էի ուզում խաղալ նրանց զենքերի հետ, բայց թույլ չէին տալիս» ։

Արսենը՝ Նորիկի ամենափոքր որդին, տաքարյուն, կրակոտ երիտասարդ է։ 6 ամսական էր, երբ հորը կորցրեց։ Հիմա նա բոլորից խնդրում է, որ պատմեն ազատամարտիկ հայրիկի մասին:

40 օրում երկու որդի կորցրած կինը` Սոսի և Նորիկի հերոսածին մայրը, հպարտությամբ և պատվով է կրում իր կորստյան մեծ ծանրությունը։ Այսօր նրա կենսասիրության ակունքը թոռներն են, որոնք ինչ-որ չափով լրացնում են նաև որդիների բացը։ Նա Աստծուց միայն մի բան է խնդրում, որ ոչ մի մայր չտեսնի իր զավակի մահը, ինքը լինի վերջին սգացող մայրը։

Այս է ողջ պատմությունը: Յուրաքանչյուրիս պարտքն է խոնարհվել ազգի հերոսների առաջ ու չմոռանալ նրանց։ Նրանք արյուն են թափել հանուն այս հողի, իրենց կյանքն են զոհել հանուն մեր երկրի ազատության և խաղաղության։


    

Մանե ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5435 | 0 | 0
Facebook