Անդրադառնալով Հայաստանի Գրողների միության անդամ, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի բանաստեղծական արվեստի նրբերանգներին, Մարի Բարսեղյան-Խանջյանը ֆեյսբուքյան էջում գրառել է.՛՛Այս դիմատետրը, այս կախարդական, հեքիաթային աշխարհը մի կոճակի սեղմումով քեզ մի քանի ակնթարում միացնում է երկրագնդի ամենահեռավոր քաղաքում ապրող քո սրտակից հարազատի ու բարեկամի, հոգեհարազատ ընկերոջ ու նոր ծանոթացած ֆբ օգտատիրոջ հետ:
Դու կարդում ես նրանց` սեր ու կարոտ, թախիծ ու վիշտ, ուրախություն ու բերկրանք, բողոք ու զայրույթ արտահայտող բանաստեղծություններն ու պատմվածքները, խոհերն ու խոկումները...և նրանց հետ հավասար հուզվում ես և բերկրում, տխրում, բայց չես հուսահատվում, նրանց մեջ դու գտնում ես քեզ հոգեհարազատ մեկին, ում գրառումներին` բանաստեղծություն, պատմվածք, խոհ-մեկնաբանություն, սպասում ես անհամաբեր:
Եվ այդ ընկերները դառնում են ամենօրյա քո հյուրը քո համակարգչային Օջախում: Մենք` հայերս, մեր հոգու ջերմությամբ ու անմիջականությամբ երևի շատ ենք տարբերվում ուրիշ ազգերից: Դա ապացուցելու կարիք էլ չունի:
Մենք, այս լայն ու նեղ եթերային աշխարհում պարփակվելու փոխարեն, իջնում ենք դիմատետրի էջերից և ստեղծում ենք իրական` միս ու արունուվ զգայուն, հարգանք-համակրանքով լեցուն ընկերություն` հաճախակի հանդիպելով մեզնից որևէ մեկի գրքի շնորհանդեսների ժամանակ, կամ հանդիպում ենք պարզապես նստել- զրուցելու գրականությունից, արվեստից, մեր երկրից ու ժողովրդից:
Ահա ՖԲ-ն ինձ հիշեցրել է, որ երկու տարի առաջ ընկերացել եմ Եթերային այս կախարդական աշխարհում մեր տաղանդավոր և բոլորի սիրելի պոետի` Հովհաննես Ղազարյանի հետ: Նրա բանաստեղծությունները ծովի լույսն իր մեջ առած սադափ են ու մարգարիտ` ուլունքաշարում առկայծող շողակնի փայլով:
Հովհաննես Ղազարյանը նուրբ զգացմունքների բանաստեղծ է: Նրա պեոզիան մեր այս բիրտ ժամանակներում, փողի ու ճղճիմ վայելքների մութ բավիղներում մոլորված մարդու համար իսկական փրկության փարոս է...Հովհաննես Ղազարյանի բանաստղծությունները հղկում են մարդկային զգացմունքները...՛՛
՛
Ներկայացնում ենք Հովհաննես Ղազարյանի վերջին բանաստեղծություններից .
***
Ամեն իրիկուն կալանում է ինձ մի թանձր թախիծ
Ու պաշարում է մի հեգ հոգնություն,
Այնպե՜ս, որ նույնիսկ հրաժարվում եմ իրիկնահացից
Ու ներսուզվում եմ խորխորատները փրկարար գինուս:
Է՛հ, որովհետև դու ես ինձ մղել խորշը մենության,
Կամ՝ անհնար է թուլությանս դեմ մի բան հնարել,
Քո քմայքները այնքա՜ն նման են ստույգ բռնության
Եվ սերդ այնքան հմտորեն է ինձ... ինձնից վտարել:
Այստեղ եմ հիմա ես մեն ու մենակ,
Ու երկու գավաթ՝ դատարկությամբ լի,
Աղետիս առաջ կանգնած... անհենակ-
Քո արցունքներն եմ խմում... անալի:
Ես ցնորքներիդ մեջ եմ նավարկում,
Օտար ջրերում աննավարկելի,
Դու իմ կարոտին ջուր ես ներարկում,
Ի՜նչ լավն ես դու ինձ քեզնից... զրկելիս...
ՍԻՐՈ ԴԱՍ
Թավշե գիշեր է: Բուրավետ անուրջ:
Ու... քո մասին եմ պատմում թոռնիկիս,
Գուցե մեկն եմ ես երիցս... անլուրջ,
Բայց սերը պիտի մանկուց... բռնկվի:
Եվ նա լուսեղեն աչքերը չռած-
Ո՜նց է թալկանում իմ ամեն խոսքից,
Նա չի՜ ընկալույմ սիրո վերքը... բաց,
Բայց սփոփում է վերքը պապիկի:
Ինչպե՞ս, չգիտենք, ոչ՝ ես, ոչ էլ՝ նա,
Բայց ինչ-որ հույզ կա լուսե աչքերում,
Լոկ շատ եմ ուզում սիրով մեծանա
Եվ սիրով լցվի սիրտը... երկնաթույր...
Որ սիրով լցվի տակավին մանկուց,
Որ անդարձ սուզվի սիրո բույրերում,
Ընդունի սիրո տագնապները ցուրտ-
Որպես Արևի արբեցում ու... հուր...
Ճի՞շտ եմ, թե՞ սխալ, Աստված իմանա,
Բայց չե՛մ զգացել կյանքում ես ոչինչ,
Որ լինի սիրուց առավել... անմահ
Եվ քաղցր լինի սիրո... տանջանքից...
***
Ես ցնդել էի կարծես, վերստին,
Հեծկլտում էին աստղերը լճում,
Կոհակների խայտ, կաթնաթույր լուսին,
Եվ մի հրաշեկ, երգեցիկ թռչուն:
Ես, որ դրախտում չե՛մ եղել երբեք,
Հիմա այնտեղ եմ, հույզի բևեռում,
Ու գիտե՞ս, ո՜նց եմ սպասում ես քեզ,
Որ ամբողջանա... հրաշքի հեռուն...
***
Քո մերկությունից... ես չեմ ամաչում,
Շողա՛, ցոլցլա՛ իմ դեմ մորեմերկ,
Որպես եթերի անորս առնչում,
Որպես գիշերվա աստղային սիրերգ:
Ծուփը ծածանիր հյութեղ կրծքերիդ,
Զիստերիդ դողը հաղորդիր իմ մեջ,
Որ ես խոյանամ տարթփանքիդ երկինք,
Որ ընդարմանամ, փշրվեմ, հալվեմ:
Մեկնի՜ր շուրթերդ ալ ու վարդացոլ,
Որ արբեմ նրանց գրգաեռ գինուց,
Սիրահողմեր կան իմ մեջ մերկացող,
Քո սերն իմ ներսում դառնում է... նժո՛ւյգ:
Ու չե՜մ հանդարտվի, մինչև չմեռնեմ
Ալեբախության ցնորքում քո բիրտ,
Չկա՛ ինձ համար ոչինչ առավել,
Քան մաքրությո՛ւնը... մեղանչումներիդ:
Ու ոչի՛նչ, որ դու ինձ չես հասկանա,
Կամ՝ կհասկանաս ուշ ափսոսանքով,
Ճամփորդությո՛ւն էր սերդ ինձ համար-
Կյանքս ջարդելու... պարտադրանքով...