Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Կինը, օձը և վիշապը

13:57, Четверг, 20 Июля, 2017 года
Կինը, օձը և վիշապը

Գիտե՞ք, թե ինչ վիշապի մասին խոսում է Հովհաննեսն իր «Հայտնություն» - ում: Սա մի հետաքրքրական պատմություն է, որը, երբեմն մտածում ես, լավ կլիներ Գրիմ եղբայրների հեքիաթների շարքում դասել: Բայց բավական է աստվածաշնչական խորհրդանշաններին ծանոթանալ՝ հասկանալու համար, թե «Հայտնություն» -ը ինչ է ուզում ասել օձի ու վիշապի մասին հիշատակելով:


     Օձը՝ իմաստության խորհրդանիշ


     Ժամանակին վիշապը…օձ է եղել:

Քրիստոսից առաջ առաջին հազարամյակում Մերձավոր ու Միջին Արևելքի բոլոր երկրների ժողովուրդներն օձին համարել են իմաստության խորհրդանիշ, որովհետև, ըստ հին հավատալիքների, օձն իշխանություն է ունեցել կյանքի ու մահվան վրա, նա կյանք է պարգևում և մահվան է դատապարտում` ում ցանկանում է: Եգիպտական փարավոնի թագին ծառացած ու հարձակվելու պատրաստ էգ կոբրան ասվածի լավագույն հաստատումն է: Եգիպտոսի թագավորն իր ժողովրդի իմաստության ուսուցիչն է՝ օժտված կյանք շնորհելու և մահվան դատապարտելու իշխանությամբ: Համարվելով Ռա աստծո աչքը՝ օձը ներկայացնում է փարավոնին հովանավորող Ուաջեթ աստվածուհուն՝ խորհրդանշելով կյանքի համար անհրաժեշտ ողողումը: Արդ՝ օձի գործառույթները երկուսն են ավերումը և հովանավորումը:

Օձով խորհրդանշված այս իմաստությունը կամ զորությունը Հին կտակարանը, ի հակադրություն «Աստծո իմաստության», «Ազգերի իմաստություն» կամ «Աշխարհի իմաստություն» է անվանել:

Այս երկու իմաստություններն անընդհատ պայքարի մեջ են Բարու և Չարի ճանաչողության պայքարում, այսինքն՝ կյանքի ու մահվան վրա իշխանություն ունենալու պայքարում: Այս պայքարն իշխանության համար պայքար է, ինչպես փարավոնի թագի օձը նրա համար է, որպեսզի «փարավոնը ճանաչի բարին ու չարը», այսինքն՝ լինի «աստվածների նման» ՝ իրեն շնորհելով ամեն ինչի նկատմամբ կյանքի ու մահվան իրավունքը:

Ահա այս բացարձակ հարցի շուրջն է ծավալված իշխանության պայքարը, պայքարն օձի և Աստծո միջև:

Այն, ինչն Աստվածաշունչը «Մեղք» է անվանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ գործողություն, որի միջոցով «ազգերի իմաստությամբ գայթակղված» մարդն ինքն իրեն ազատագրում է Աստծո պատվիրանից.

«…որովհետև գրված է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»: Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է բանգետը, ո՞ւր է այս աշխարհի քննողը: Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը. քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստությամբ: Աստված էլ հաճեց ապրեցնել հավատացյալներին այդ քարոզության հիմարությամբ:

Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների, բայց նրանց համար, որ կանչված են, հրեաներ, թե հեթանոսներ, Քրիստոսը Աստծու զորությունն ու իմաստությունն է, որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, և Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը…Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին. և Աստված աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծու առաջ» (Պողոս առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին 1: 19-29) :

Ըստ քրիոստոնեական դավանաբանության` մեղքն իր ձեռքը խոթում է մի կյանքի մեջ, որը նա միայն կարող է մահվան տանել: Մեղքը չի կարող կյանք պարգևել: Մարդը չի կարող կյանք պարգևել. Նա ընդամենը կարող է կյանք փոխանցել: Միայն Աստված է կյանք պարգևելու և այդ կյանքին հենարան լինելու ունակ: Բայց մեղքի սիրտը հակված է դա հերքել, ինքն իրեն խաբել ու իրեն կյանքի տեր երևակայել: Հենց սա է Դանթեն անվանել «Աստվածային կատակերգություն»: Հռչակելով իր իշխանությունը կյանքի ու մահվան վրա՝ մեղքը դառնում է մահացու՝ այն պատճառով, որովհետև ցանկանում է օրինականացնել, արդարացնել այդ իշխանությունը նրա հանդեպ, որին ընդդիմանում է: Հենց սա է ուզում ասել Պողոս առաքյալը՝ գրելով. «…ինչպես մեկ մարդու ձեռքով մեղքն աշխարհ մտավ, և այդ մեղքով էլ մահը. և այսպես մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, ընդ որում բոլորը մեղանչեցին» (Հռոմեացիներին 5: 12): Ուրեմն օձն ամենևին էլ չեզոք չէ…Հովհաննեսը նույնիսկ ասում է. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեև նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր» (Հովհաննես 8: 44) :

Այսօր էլ նույն մարտը մղվում է «իրավիճակային բարոյականություն» հորջորջվող հասկացության ներքո: Անհատի մտածողությունն ասում է. «Հաստատուն բարոյականություն գոյություն չունի, չկա միակ ճշմարտություն, կան միայն իրավիճակներ, որոնք էլ թելադրում են, թե որն է բարին և որն է չարը: Ըստ ժամանակաշրջանների, ըստ հանգամանքների` ճշմարտությունը միշտ բոլորի համար նույնը չէ, և, ուրեմն, բարին ու չարը կարող են փոխվել»:

Այստեղից էլ հղիության արհեստական ընդհատման օրինականացումը, էվտանազիայի պահանջ…: Այս ամենը Հովհաննես-Պողոս 2-րդ պապն անվանել է «մահվան մշակույթ», որի համաձայն միայն մարդը պիտի որոշի, թե ինչն է Բարին և ինչն է Չարը: Նա իրեն աստված է համարում Աստծո փոխարեն:

Այս է Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը փորձել արմատավորել «Բանականության մշակույթ» -ի միջոցով:

Կինը վիշապին պարտության է մատնում, որովհետև նա է կյանքի ճշմարիտ կրողը, և որ նորածին երեխան անգամ միշտ «մահվան մշակույթ» -ի համար պարտություն ու մղձավանջ է լինելու: Հիրավի, երեխան մնալով ազատ ապագայի գրավական, կրելով հույսն իր մեջ, միշտ Աստծո շնորհի խորհուրդն է հանդիսանում:

Երեխայի այս նշանը տրված է Եսայի մարգարեի ժամանակից ի վեր.

«Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել (այսինքն` Աստված մեզ հետ) .

յուղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին» (Եսայի 7: 14 - 15):

Մի՞թե պիտի այնքան սպասենք, մինչև այդ երեխան հաղթի «Աշխարհի իմաստությանը»:

Սուրբ Ծնունդի մեջ դրված է այդ գաղափարը. մանուկը, որին քրիստոնյաները պաշտում են, մանկացած Աստվածն է, և նրա ծնունդով արդեն «Ազգերի իմաստություն» -ը պարտվելու ընթացքի մեջ է:

«Մահվան մշակույթ» -ը միշտ հպվում է կնոջը մայրանալու ամբողջ ընթացքում: Դա պատահական չէ. կինը այն տեղն է, որտեղ կյանքի սերմն է: Ուրեմն, նա կյանքին ծառայելուն է նշանակված: Աստվածաշունչը նրա նրա կոչումը դնում է նրա որովայնի խորքում՝ կինը «Աստծո իմաստության պահապանն է»: Նա, ուրեմն, գտնվում է երկու իմաստությունների պայքարի կիզակետում:

Ուրեմն, օձը նրան է մոտենալու ու նրան է փորձելու գայթակղել, ինչպես պատմվում է Ծննդոց գրքի 3-րդ գլխում: Եվ եթե թվում է, թե առաջին ճակատամարտում օձը հաղթել է, ապա «Հայտնություն» -ն ազդարարում է ու հռչակում, որ Աստված հաղթելու է պատերազմում՝ փրկելով հղի կնոջը:

Մենք լավ ենք հասկանում, թե ինչպես է «Ազգերի իմաստության» մասին այս խոսքն առճակատվում «Աստծո իմաստության» հետ, որն է եկեղեցին՝ Աստծո կինը՝ կանացի էությունը, որպիսին և է:
     «Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ և անարատ: Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը եկեղեցին. Քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից: Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ ետևից. Եվ երկուսը պիտի լինեն մեկ մարմին: Այս խորհուրդը մեծ է, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ»:

Բայց նորից…Ինչպե՞ս հուսալ, որ կինը գործադրելու է այն անհավատալի հզորությունը, որն Աստված ցանկացավ դնել նրա մեջ որպես իր առաջին կոչում:

Հարկավոր է, որ նա իրեն զգա խորապես սիրված: Դա բոլոր հայրերի, բոլոր ամուսինների դերակատարումն է: Նրանք պիտի կնոջը հեղեն այն սիրով, որի կարիքը նա ունի, սեր, որը նրա մեջ կարթնացնի սեփական արժանապատվությունն ու հարգը:

Տղամարդու գլխավոր կոչումն է լինել այդ նախաստեղծ սիրո պահապանը, այսինքն լինել ներկա և միշտ կատարել սիրո առաջին քայլը: Ադամը ներկա չէր, երբ օձը եկավ: Այս բացակայության պատճառով էր, որ կինը գայթակղության հանդեպ խոցելի դարձավ:

Երբ կինն զգում է, որ սիրված չէ, նա ուզում է ապստամբել, թեպետ այդ ապստամբությունը խենթություն է, որովհետև այն կնոջը խորասուզում է իշխանության, ռևանշի փնտրտուքի մեջ, որը շատ համահունչ է «Աշխարհի իմաստության» մահաբեր ծրագրին: Խորապես սիրված կինը չի ընկնի այդ որոգայթը: Բայց նրան հարկավոր է լինելու իր հոր սերն ու իր ամուսնու կողմից իր արժանապատվության հաստատումը: Ե՛վ մեկը, և՛ մյուսը ամբողջացնելու են իրենց առաքելությունը, երբ նա նրանց միջոցով բացահայտի, որ իրեն Աստված սիրում է:

Կնոջը «Աստվածային իմաստության» գահին մոտեցնողը Կույս Մարիամն է: Աստծո սիրուն արժանացածները, այդ անսահման սիրո մեջ ապրողները նրա միջոցով տրվում են Նրան առանց վախի, որպեսզի կարողանան Որդի աստված ծնել և նրա միջոցով` մարդկության համար լուսավոր ապագա:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
11512 | 0 | 0
Facebook