Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Դրախտագրություն. սին ու անհեթեթ հավատի զվարճալի արգասիքները

15:16, Вторник, 11 Июля, 2017 года
Դրախտագրություն. սին ու անհեթեթ հավատի զվարճալի արգասիքները

Նախորդ նյութում ես խոստացա անդրադառնալ դրախտի մասին ֆրանսիացի աստվածաբան Ժան Արնուի (1616 թվականին հրատարակել է «Հանդերձյալ կյանքի հրաշքները. դժոխքի սարսափելի տանջանքներն ու դրախտի հրաշալի հաճույքները» գիրքը) երևակայության պտուղներին: Արդ, թո'ղ նա մեր ուղեկիցը դառնա դրախտային հովիտներում:


     Ինչպես դժոխքի, այնպես էլ դրատի դեպքում թեպետ այս հոգևորականի երևակայությունը շատ բարձր է սավառնում, այնուամենայնիվ ինչ-որ մի բան նրան կապում է այս աշխարհին: Նա ոչ մի կերպ չի կարողանում կտրվել երկրային կերպարներից ու զգացողություններից: Նրա պատկերացրած ու նկարագրած դրախտն իսկը միջնադարյան Ֆրանսիայի կրկօրինակն է: Այս դրախտում Աստվածը թագավորն է, իսկ հրեշտակապետերը` նրա պալատականները: Կույս Մարիամը դրախտի թագուհին է, սուրբ կույսերը` նրա նաժիշտները: Հրեշտակային 9 դասերից հեղինակը մի ամբողջ «գահանամակ» է կազմել (1. հերցոգներ, 2. կոմսեր, 3. մարկիզներ, 4. բարոններ, 5. ազնվական դաս, որը կազմված է սրբերից, իսկ երանության արժանացածը ժողովուրդն է): Հիսուս Քրիստոսը գերագուն դատավորն է, ավետարանիչները` նրա քարտուղարները (ինչպես տեսնում եք, մաքուր ավատատիրական կառույց է, իսկ սահմանադրություն չկա): Տիրոջ պալատը բաղկացած է 7 հարկից (ըստ էության, սրանք երկնքի յոթ հարկերն են կամ յոթ երկինքները): Յուրաքանչյուր հարկի պահակախմբի ղեկավարը կապիտանի աստիճան ունեցող հրեշտակ է: Նրան ենթակա պահակախումբը բնակվում է ապակյա պալատում: Պալատը 1200 պատուհան ունի (այդ պատուհաններն աստղերն են), ամենամեծ երկու պատուհանները Արևն ու Լուսինն են: Այստեղի բնակիչները երկրային հոգսեր չունեն ու մահվան ահով չեն համակված:

Սա երանության և ուրախության թագավորությունն է: Այստեղ բոլորն ընդամենը մեկ հոգս ունեն` ինչպես առավել հաճելի անցկացնեն օրը և վայելել անվերջանալի հանգիստը: Երանության արժանացածների վայելքները երկրային ուրախություններից նույնքան են առավել՝ ինչքան ծովը կաթիլից: Երանելիների մարմինը շողարձակում է` ինչպես արև, միայն այն տարբերությամբ, որ այս շողարձակումը արևի շողարձակումից յոթ անգամ ուժգին է: Եվ այս շողշողուն մարմինները կատարելապես թափանցիկ են: Այս հոգևորականը հանկարծ մոռանում է, թե դժոխքի բաժնում ինչեր է գրել անբարոյական կանանց մասին, մոռանում է, թե ինչպես է նրանց ի ցույց դրել: Այն, ինչը իր բնականության մեջ այնտեղ խայտառակություն էր, այստեղ արևից յոթն անգամ պայծառ է շողշողում: Արնուն նույնիսկ հավելում է. «Տերը դրանով հասկացնում է, թե որքան է գնահատում իրեն գոհացնող մեր մարմնի փոքրագույն մասնիկն անգամ»: Փայլատակող այդ կերպարանքներն այնքան ուժեղ են, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է ձեռքն առնել երկրագունդն ու, որպես գնդակ, դրանով խաղալ:

Երանելիների աչքերը երկրաբնակների աչքերից հազարավոր և հազարավոր անգամ սրատես են: Նրանք կարող են տեսնել երկրի այն հատվածը, որտեղ ծնվել են, կարող են տեսնել իրենց տունը, ընտանիքը, ազգականներին, ծանոթներին (բնականաբար, եթե նրանք դժոխք չեն ընկել): Արդար բարեպաշտների մարմինը, ինչպես վարդերով, մեխակներով ու այլ ծաղիկներով լեցուն անոթը, բուրում է: Այդ նույն բուրմունքները, բայց մի քանի անգամ ուժգին, արձակում են Մարիամի և Հիսուսի մարմինները: Ի լրումն այդ ամենի՝ ամբողջ դրախտը ներծծված է Տիրոջ մարմնից հեղվող բուրմունքով: «Իսկ հնարավո՞ր է արդյոք նկարագրել քաղցր համբույրների, ազնիվ գրկախառնությունների և սուրբ հպումների պարգևած հաճույքը, որ Մարիամն ու նույնիսկ Փրկիչը չեն մերժում բարեպաշտներից ոչ մեկին:

Երանելիներն իրենց ուժը պահպանելու համար սնունդ ընդունելու և ջուր խմելու կարիքը չունեն, որովհետև նրանք առանց դրանց էլ անմահ են: Բայց որպեսզի դրախտում հայտնվածների լեզուն նույնպես կարողանա դրախտային վայելքները ճաշակել, այստեղ մատուցվում է հազարավոր ըմպելիքներին փոխարինող, անմահական բուրմունք արձակող մի ըմպելիք, որը լորձունքի նման է: Արնուն անդրադառնում է նաև այն փառահեղ խնջույքներին, որ սերովբեները, քերովբեները և այլ բարձրաստիճան հրեշտակներ կազմակերպում են բարեպաշտների պատվին: Այդ հանդիսավոր խնջույքները աներևակայելիորեն շատ են: Բացի շարքային բարեպաշտներից, այս խնջույքներին միշտ հրավիրվում են երկնքում բնակվող բոլոր սրբերը, տասնյակ հազարավոր մարտիրոսված նահատակներն ու նաև հանուն հավատի կամավորաբար նահատակության պսակն ընդունած 11 հազար կույսերը: «Օ~ արժանապատիվ հյուրեր, - ոգեշնչված բացականչում է աստվածաբանը, օ~աստվածային սեղան` Տիրոջն ու նրա ընտրյալներին արժանի»: Իսկ այդ աստվածային սեղանի միակ խորտիկը հազարաբույր փսլինքն է:

Դժոխքի ու դրախտի դրվածքին քաջատեղյակ կղերականը, բնականաբար, չի մոռացել, որ դրախտում բարեպաշտ ականջներին պատշաճող վայելք պետք է լինի: Նա հավաստիացնում է, թե դրախտում գործում է հազար միլիոն երգիչներից կազմված մի երգչախումբ, և այդ երգչախմբի դիրիժորն ինքը Հիսուս Քրիստոսն է: Նա չափն է տալիս, և նրա նշանի հանգույն վիթխարի երգչախումբը բյուրաձայնում է հենց այդ պահին հորինված մոտետը:

Աստվածաբանը պատմում է նաև այն մասին, թե ինչպես է տեղի ունենում դրախտային երանության արժանացած նոր հոգիների ընդունումը երկինք: Նրանց առջև լայնորեն բացվում են դրախտի դարպասները, և դարպասների մոտ կուտակված դրախտի բնակիչները տեսնում են նրանց մոտենալը: Երբ նորեկը ներս է մտնում, բոլորն ուրախությամբ գրկախառնվում են նրա հետ: Դրանից հետո հատուկ նշանակված հրեշտակները դրախտի նոր բնակչին տանում են Տիրոջ մոտ: Նա մտնում է գահասրահ, որի խորքում բարձր գահին նստած է Աստված: Նորեկը նրա առաջ ծնկի է գալիս, և այդժամ Աստված մոտենում է նրան, գրկում է նորեկին և նրա ճակատին համբույր է դրոշմում: Դրանից հետո նորեկը դառնում է երկնային կոլեկտիվի լիիրավ անդամ, և նրա բոլոր հինգ զգայարանները կարող են արբել դրախտային երանությամբ:

Թվում է, թե կրոնական կույր մոլեռանդության այս գրոտեսկային դրսևորման հավասարը աստվածաբանական գրականության մեջ հազիվ թե լինի, բայց, այդպես չէ:

1631 թվականին լույս է տեսնում իսպանացի ճիզվիտ աստվածաբան Էնրիկեսի՝ «Այն մասին, թե սրբերն ինչով են զբաղվում դրախտում» գիրքը: Հեղինակն ընթերցողներին վստահեցնում է, թե սրբերի ամենամեծ վայելքը դուրեկան ջրով լի ավազանն է: Երանելիները դրանում ձկների նման լողում են, իսկ հանդիսականները ափից մեծ գոհունակությամբ դիտում են նրանց: Կանայք դրախտում ճիշտ նույնպիսի գեղեցիկ զգեստներ են կրում և ճիշտ նույն կերպ են պճնվում, ինչպես իրենց երկրային կյանքում: Ամենագեղեցիկը հագնվում են հրեշտակները. նրանք կանացի` այն ժամանակաշրջանի նորաձևության «վերջին ճիչ» համարվող զգեստներ են կրում: Նրանց մազերը գանգրացված են, նրանց ներքնազգեստը ամենանուրբ վուշաթելով է գործված: Աշխարհիկ կյանքը դրախտում լիաբուռն է. ամեն օր տոնախմբություն է ու պարահանդես, ամբողջ դրախտը թնդում է երգերից, կանայք այնպես անուշաձայն են երգում, որ ոչնչով չեն զիջում սոխակներին ու արտույտներին:

Այսքանն իսկ, կարծում եմ, բավական է, որպեսզի հայր Էնրիկեն աշխարհիս ամենանշանավոր դրախտաբանների շարքը դասվի:

Նրան գրեթե ոչնչով չի զիջում շոտլանդացի հանրահայտ քարոզիչ Թոմաս Բոստոնը (1672 - 1732), որի՝ «Մարդու բնույթը չորս վիճակներում» գիրքը գերազանցել է այդ դարաշրջանում լույս տեսած գրեթե բոլոր աստվածաբանական գրքերի տպաքանակը: Հեղինակն այս գրքում անդրադառնում է նաև դրախտային ուրախություններին, խոսում է նաև այն մասին, թե նրա բնակիչներն ինչպիսի երանություն են զգում, երբ տեսնում են դժոխքից բարձրացող ծխի սյուները: Այսպիսի պահերին նրանք մտածում են մեղավորների տառապանքների մասին և, էլ ավելի գնահատելով իրենց երջանկությունը, «ալելույա» են երգում:

Տգեղ է, Աստվա'ծ վկա:

Կարճ ժամանակով վերադառնանք դժոխքաբանությանը: Այս ոլորտի մասնագետները ջանում են հաշվել, թե այնտեղ քանի մեղավոր մարդ կա: Մի բանում նրանք բոլորը համակարծիք են, և դա այն է, որ Ադամի ժամանակներից ի վեր մեղավորների թիվն աներևակայելիորեն աճել է և այժմ դժոխքում խիստ նեղվածք է: Մի դժոխքաբան նույնիսկ գտել է հանդերձյալ աշխարհի առավել մարդաշատ հատվածի բնակչության մարդահամար անցկացնելու ալգորիթմը, որի գործադրմամբ պարզել է, որ հրո ճիրաններում հավերժաբար տառապողների թիվը 1000 000 000 000 000 000 000 000 է: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա մոտ ապագայում դժոխքում ասեղ գցելու տեղ չի մնա:

Իսկ դրախտում տեղ շատ կա: Այստեղ առանց նեղվածքի տեղավորված են և' լողավազանը, և' թատրոնները, և' տարբեր զվարճալիքների ու հանդիսությունների համար նախատեսված դահլիճները: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ առաքինիները մեղավորներից չափազանց քիչ են:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9199 | 0 | 0
Facebook