Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԸՆԹԱՑԻԿ ՃԵՊԱՆԿԱՐ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
06:30, Четверг, 06 Июля, 2017 года
ԸՆԹԱՑԻԿ ՃԵՊԱՆԿԱՐ /պատմվածք/

-Սպասիր, չգնաս, -կինը ձեռնափով զարկեց ավտոբուսի կողին, ապա մուտքի միջնաձողից կախվելով՝ մտավ ուղևորասրահ: -Չէ, դու չէիր, -թիկունքով նստած ուղևորի ուսը բավական կոպիտ ցնցելուց հետո դարձավ մյուսներին: -Այստեղ մեկը կար՝ երեխայի հետ, չտեսա՞ք ուր գնաց:

-Նոր իջավ՝ ձեր ետևից:

-Ձեռքին բա՞ն կար, -նա ընթացքում հայացքն ուղղեց խմբված մարդկանց, սակայն քայլ չարած՝ վերստին դիմեց ուղևորներին.

-Ո՞ր կողմ:

Հարցին արձագանքող չեղավ: Այդ պահին շարժիչը հռնդաց, և ավտոբուսը ճոճվեց տեղում:

-Կանգիր, պայուսակս տարել են, -նրա ճակատին քրտինքի կաթիլներ հայտնվեցին:

Այդ էր. ավտոբուսում աշխուժացան՝ մանավորապես սրահի միջնամասում եղողները:

-Ձեր բարեկամը չէ՞ր:

Կինը տարուբերեց գլուխը:

-Պիտի վարորդին տված լինեիք, -պատուհանի տակ կանգնած աղջկան դիտողություն արեց նստածներից մեկը:

-Ի՞նչ իմանայի: Ուզում էի հետևից կանչել, էդ մարդը, թե՝ ես կտամ:

-Ճիշտ է աղջիկը: Ասաց, որ ձեզ ճանաչում է, իր ազգականն եք:

-Խաբել է: Ես քաղաքում երկու բարեկամ ունեմ. մեկը հիվանդանոցում է՝ նրա մոտից եմ գալիս, մյուսը Նորագավթում է ապրում:

Ուրիշ ժամանակ նման անկեղծությունը, հավանաբար, ծիծաղ շարժեր, բայց հիմա առաջին պլանում կարեկցանքն էր:

-Պայուսակումդ փող կա՞ր:

-Ոնց չէ, տալիցս եմ պարտք վերցրել՝ հիսուն հազար, քառասունը մնում էր:

-Շարժվիր, վարպետ, շոգից գժվեցինք, -լսվեց առաջին շարքերից. այնտեղ դեռ չգիտեին ինչն ինչոց է:

-Տնաշեն, փող են գողացել, չմեռար:

-Անգութ ժողովուրդ են, հո զոռով չէ՞:

-Իրենցը որ լիներ…

Ուժգին ապրումից կինը կարկամել, այլևս ձայն չէր հանում: Տպավորությունն այնպիսին էր, թե կորցրել է խոսելու ունակությունը:

-Ջուր ծեծելով ի՞նչ օգուտ: Քուրս, իջիր, իջիր քանի չի չքվել:

-Այնպես չքվեր, ես իմանայի, սրտախորովը, -կողքից մեկն էր:

Կնոջ հայացքում կրկին կյանքի նշաններ հայտնվեցին, խորհուրդը տեղ հասավ. թանկագին վայրկյանները գնում էին: Նա մեկ անգամ ևս անթաքույց կասկածով նայեց սրահում խմբված ուղևորներին, կարծես աչքերին վստահելիս, հավատալիս չլիներ, ապա իջավ:

-Շուկայի կողմը գնա, որտեղ մարդը շատ է, -ետքից հուշեցին:

Կինը պարանոցը երկարած՝ սկսեց շուրջը դիտել, բայց կանգառած տրոլեյբուսին վրա տված մարդկային հորձանքը նրան իր մեջ առավ: Խեղճը փորձեց չենթարկվել հոսանքին, դիմադրեց, սակայն արդյունքը եղավ այն, որ տեղապտույտից հետո երկու ոտքով հայտնվեց նոր ջրած ծառափոսում: Ծեծկված հողը ջուրը չէր հասցրել ****, ու դեղնավուն հեղուկը՝ երեսին ծխախոտի կոթուններ, այլ աղտեղություն, մինչև կոճերը թրջեց նրան:

-Դրա նմաններին պիտի քացու տակ գցես, էնքան տաս, վրան ողջ տեղ չմնա: Տեսնեմ մյուս անգամ…

-Բայց ինչ մարդիկ կան…

-Էն էլ երեխայի հետ, է՜…

Ավտոբուսը չէր հանդարտվում:

-Կարճ-կարճ մարդ էր՝ բարալիկ բեղերով…

-Կարճերին չեմ սիրում՝ դրանց կեսը գետնի տակ է…

-Թե չէ նրանք քեզ համար գժվում են, -հակադարձողը վստահ, որ նետն անվրեպ է արձակել, ճոճելով գլուխը՝ ժպտաց:

-Պահ, պահ, թիզուկեսդ էիր պակաս մնացել, -կինն այնպես քամահրանքով վերից վար չափեց տղամարդուն, որ վերջինիս ինքնավստահությունից հետք չմնաց. շեկլիկ երեսին կարմիր հայտնվեց, դողէրոցքի մեջ չգիտեր ձեռքերն ուր թաքցնի:

-Երևում է՝ ինչ պտուղն ես, -միայն կարողացավ սրդողած նետել:

-Ո՞վ, -կնոջ հայացքը դարձավ շամփուր, -էդ ու՞մ պատվի հետ ես խաղում: Քո իմացածներից չկարծես, հա՜…

-Լավ, լավ, չասինք կռվեք, -նկատողություն արեցին:

-էլ չգիտի, որ իջել ենք…-կինը նոր-նոր արագություն էր հավաքում: -Ստալինն էլ էր կարճ…

Դրությունը փրկեց վարորդը: Նա դիմացն անսպասելի հայտնված մեքենային չբախվելու համար կտրուկ արգելակեց, և մարդիկ մի վայրկյանի չափ իրար վրա եկան, ապա ետհարվածից ուղղվեցին: Ժողովուրդն ուրիշ պարագայում վայնասուն կդներ, բայց վերջին միջադեպը զվարթացրել էր բոլորին: Խոսքուզրույցը վերստին կնոջ շուրջ էր, սակայն չկար նախկին լարվածությունը, բացի դա՝ նոր ուղևորներ էին ավտոբուս բարձրացել, ում համար թեև հետաքրքիր էր, սակայն ոչ ապրված:

-Ինքն է մեղավոր, թող ուշքը վրան պահեր, -առաջին շարքերից եկող ձայնը նյարդային հնչեց, բարկացկոտ:

-Էհ, ասում ես, էլի, -այս մեկը, ըստ երևույթին, շատ բան էր տեսել, դժվար կյանքով ապրել: -Մարդ է՝ իր մտքերի, հոգս ու ցավի հետ: Չլսեցի՞ր, հիվանդանոցից էր գալիս:

Սևեր հագած մի տատիկ ու էլի ուրիշ համախոհներ գլխով հաստատեցին:

-Կյանքը կողերը դեռ չի ջարդել:

Փողկապավոր տղամարդու տեսքը /թե՞ ասածը/ չգիտես ինչու, դուր չեկավ երիտասարդ զույգին:

-…Ասել է Հեմինգուեյը, -ձայնում թեթև ծաղր, մարտահարվեր՝ լրեց տղան:

Փողկապավորը չլսեց, կամ այնքան կիրթ էր, որ չվերցրեց նետած ձեռնոցը:

Բեմահարթակում դարձյալ տարեց կանայք էին:

-Էն քորփեն ի՞նչ պիտի սովորի:

-Պարզ չէ՞. ինչ տեսավ:

-Տղա էր, թե՞ աղջիկ:

-Ո՞վ, գողացո՞ղը: Նա մա՞րդ էր, որ տղա կամ աղջիկ ես հարցնում:

-Հետի երեխան:

_Ջանը՜մ, հիմա աղջիկները տղաներից առաջ են անցել, նրանցից վերան են գողություն անում, մյուսից, հո, էն գլխից են արել, -թեմա առաջարկեց երրորդ մի ձայն:

Վերջին շարքերում երիտասարդական կենսախինդ հռհռոց լսվեց: Կինը, ուշադրություն չդարձնելով, շարունակեց.

-Էն օրը շուկա եմ գնացել: Իրիկվա էլ կողմ էր: Գազար պիտի առնեի: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե: Ծառին ասած, թե դրան՝ չի պատասխանում: Ա՛յ կնիկ, ականջներդ բամբակ ե՞ս խոթել, ձեն հանի՝ քանիսո՞վ ես ծախում: Ինչ սիրտդ կուզի, -ասում է: Տեսա՝ չէ, սրա կամ ծալն է պակաս, կամ մի բան եղել է: Հիվանդ հո չե՞ս, ա՛յ քուրո, -հարցնում եմ: Տեսնեմ՝ աչքերից թափեց: Մեղա քեզ: Վերջը, ի՞նչ երկարացնեմ: Էդ խեղճ կնիկն ամբողջ օրը ոտքի վրա ինչ ծախել էր, տարել էին: Երդում կերավ: Երկու աղջիկ էին, ասում է, -քսված-կրասկված: Էս ջրատարիս, ուրեմն խոսեցրել են ու թե ոնց՝ խալաթի գրպանից… Որտեղի՞ց էլ իմացել են, որ փողն հենց էդտեղ է… Բա՜, -կինը դարձավ կողքին նստածին, -իսկ դու ասում ես՝ չէ:

Վերջինս, որ ոչ պատմելու շնորհք ուներ, ոչ շարժուն միտք, ուղեղը չարչրկելուց հետո ուշացումով արձագանքեց.

-Դարը փոխվել է, դարը:

Ավտոբուսը դարձյալ կանգառեց, մարդիկ սեմվեցին, տեղ բացվեց նորերի համար, բայց, միևնույն է, մի մասը խցկվել չկարողացավ: Դռները շրխկոցով զարկվեցին մսակույտին, դեմ առան, մեքենան փնչաց, ծուխը լուսամուտների բաց օդանցքերից, այլևայլ ճեղքերից լցվեց սրահ:

-Առաջացեք, մի փոքր էլ…

-Չեք տեսնու՞մ, հնար չկա…

-Մեջտեղն ազատ է…

-Թողեք փակի, այ ընկե՛ր…

-Ի՞նձ ես ասում, ես ե՞մ բռնել…

-Վարպե՜տ…

Վարորդը փակելու նոր փորձ արեց, տեսավ՝ անօգուտ է, անջատեց շարժիչը:

-Եվ ճիշտ է անում:

-Ժամերով չեն երևում, գալու դեպքում էլ…

-Նա է…

Ժխորի մեջ աղջկա ձայնը չլսվեց:

-Ժողովուրդ նա է, ես ճանաչեցի:

-Ո՞վ:

-Պայուսակը տանողը: Հորս արև, հրեն… երեխան…

Մարդիկ ձգվեցին դեպի պատուհանները: Անտեղյակները վարանքոտ՝ տեղի տվեցին:

-Երեխան հե՞տն է:

-Բա ի՞նչ. Առաջ-առաջ գնում է:

-Բայց ո՞նց հասավ էս կանգառը:

-Պարզ չէ՞. հետևի դռնից իջել, առաջինով բարձրացել էր:

-Ուրեմն ամբողջ ընթացքում ավտոբուսու՞մ է եղել, լսե՞լ է խոսքուզրույցը:

-Երևի…

-Այ քեզ սիրտ, ոնց էլ արագ կողմնորոշվել է:

-Էլ ի՞նչ եք սպասում, ոստիկան կանչեք: Վարորդ, դռները բաց:

Առանց այդ էլ հրմշտվելուց, մի ոտքի վրա երկար կանգնելուց հոգնած մարդիկ իջել էին, և ելքն ազատ էր:

-Երկու տղամարդ, թող վազեն, էլ ի՞նչ օրենքի մարդ: Ու՞ր պետք է գնա, փոքրին, հո, չի՞ թողնի:

-Դե, ձեզ տեսնեմ, ջահելներ: Քիչ առաջ ոտքի տակ էիք գցում, -փողկապավորն էր:

Ակնարկն ուղղված էր Հեմինգուեյ կարդացածին: Ավտոբուսում մնացել էին երիտասարդ զույգը, մի քանի աղջիկ և, ովքեր վախենալով տեղը կորցնել, պինդ էին նստած:

-Չիջնե՛ս:

Տղան, չանսալով հորդորը, դիմեց ելքի կողմը, սակայն ընկերուհու ձայնն այս անգամ մետաղի սառնությամբ հնչեց.

-Հե՛տ արի:

Երիտասարդը դժգոհ՝ սրահ բարձրացավ:

-Չգիտե՞ս՝ հետո դատարան կկանչեն: Մեկ էլ տեսար վրադ շուռ տվին, բարեկամները վատություն կանեն, -արդարացավ օրիորդը:

-Ի՞նչ անում եք, արեք, բայց միլիցիա պետք չէ: Համ էլ լավ օրից չի գողություն անում, -շուկայի դեպքը պատմող կինն էր: -Ճիշտ չե՞մ ասում:

Կողքի նստածն այս անգամ սպասեցնել չտվեց:

_Էլ մի ասա…

Վարորդը գործի դրեց շարժիչը: Հռնդյուն լսելով՝ մայթին, մուտքերին մերձ ուղևորները խառնվեցին իրար. ամեն մեկը կամենում էր վայրկյան առաջ բարձրանալ: Միայն մի տղա մատները բերանը տանելով՝ ուժգին սուլեց: Մարդը, սակայն, չլսեց: Քիչ անց հասնելով անկյունադարձին՝ նա մտավ մեկ այլ փողոց, իսկ ավտոբուսն արագություն հավաքեց:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13626 | 0 | 0
Facebook