Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Զրադաշտականությունը մեծ ազդեցություն է գործել հուդայականության ու քրիստոնեության վրա

21:31, Пятница, 23 Июня, 2017 года
Զրադաշտականությունը մեծ ազդեցություն է գործել հուդայականության ու քրիստոնեության վրա

Հին Իրանի կրոնն իր մեծ մարգարեի անունից ստացել է «Զրադաշտականություն» անունը: Այն նաև Ահուրա Մազդայի հավատ, «Մազդայականություն» է անվանվում: Քանի որ այս կրոնի ներկայացուցիչ քահանաներին «մոգ» էին անվանում, այդ իսկ պատճառով այն նաև «մոգական կրոն» անվամբ է հորջորջվել:


     Զրադաշտն ասել է, թե ինքը «կրոնը մաքրելու, զտելու է կոչված», ուրեմն սկզբնապես նա մտադիր է եղել ընդամենը բարեփոխել հին կրոնը, բայց ի վերջո նա նախ իր կապերը խզել է հին կրոնի սպասավորների հետ, ապա լիովին հեռացել է հին կրոնից:

Զրադաշտականության սկզբնավորման ժամանակը պարզորոշ չէ: Հին հույները Զրադաշտին համարել են Պլատոնից 8 հազար տարի առաջ ապրած անձնավորություն, բայց հետագայում գիտնականները նրա կյանքն ու գործունեությունը տեղավորեցին մ.թ.ա. 14 – 7 րդ դարերի միջև ընկած ժամանակաշրջանում: Համենայն դեպս հաստատ է, որ Աքեմենյան թագավորների, հատկապես Դարեհ 1-ինի (522 - 486) ժամանակ հին աստված Ահուրա Մազդայի մաշտամունքը մեծ տարածում էր ստացել պարսիկների մեջ: Դարեհի արձանագրություններից մեկում ասված է. «Ահուրա Մազդան մեծ աստված է, որ ստեղծել է այս երկիրը, մարդկանց և նրանց երջանկության համար թագավոր է դարձրել Դարեհին՝ միակ թագավորին շատերի գլխին, շատերի մեջ միակ հրամայողին»:

Զրադաշտը պարսիկ չի եղել: Նա ծնվել և գործունեություն է ծավալել Բակտրիայում՝ Պարսկական հսկայածավալ պետության արևելյան այն երկրամասում, ուր Հինդուքուշի լեռների և Կասպից ծովի միջև ընկած դաշտավայրի խստաշունչ կլիմայական պայմաններում (ամռանը՝ կիզիչ տապ, ձմռանը՝ սարսափելի ցուրտ, ամենաճոխ բուսականության կողքին՝ չոր անապատ) արիական նստակյաց երկրագործներ էին ապրում: Այդ երկրագործները քաջությամբ, թեև ոչ միշտ հաջողությամբ, դիմակայում էին անապատից եկած քոչվորների արշավանքներին, որպեսզի փրկեն մեծ դժվարությամբ կերտած իրենց քաղաքակրթությունը: Այս հանգամանքը մեծապես ազդել է զրադաշտական կրոնի՝ որպես դուալիստական կրոնի ձևավորման վրա: Ավազակաբարո ցեղերը կռվում էին իրենց «ստության քահանաների առաջնորդությամբ և ստության աստվածների (դևաների) պաշտպանությամբ», իսկ խաղաղ երկրագործների պաշտպանությունն ստանձնում է բարության և խաղաղության աստված Ահուրա Մազդան:

Այսպիսով, աշխարհը բաժանվում է երկու թագավորության՝ բարու կամ լույսի, չարի կամ խավարի թագավորությունների: Առաջինի գլուխը Ահուրա Մազդան, կամ Արամազդն է, իսկ երկրորդինը՝ Ահուրա Մազդայի ուրեմն նաև լույսի ու բարու թշնամի ոգին՝ Անգրա Մայինյուն Ահրիմանը: Ահուրա Մազդան համարվում է ամենաիմաստուն իշխան, մեծ և բարի աստված և բոլոր լավ բաների արարիչ: Նա է ստեղծել երկինքն ու երկիրը, արևն ու աստղերը, արշալույսը, ցերեկը և այլն: Իսկ նրա հակառակորդ Ահրիմանը, որ Ահուրա Մազդայի նման անսկիզբ է, չարության ամբողջ աշխարհի արարիչն ու թագավորն է: Բայց Ահրիմանը հավասար չէ իր մեծ հակառակորդին՝ ամենաիմաստուն Ահուրա Մազդային: Նա անմիտ է և տխմար, այդ պատճառով էլ նա ի վերջո պետք է պարտվի բարձրագույն զորությանը:

Այսպիսով, ամբողջ աշխարհը երկու մասի է բաժանված, և նրանց միջև կենաց ու մահու կռիվ է մղվում, և այդ կռվին մասնակցում են նաև կենդանիները, որոնք համարվում են գաղտնի զորություններով լցված արարածներ: Աքաղաղը, որ լուսաբացն է ազդարարում, և շունը, որ պաշտպանում է հոտը, բարու կողմնակիցներ են, իսկ օձն ու գայլը, հացահատիկը գողացող մրջյունը օգնում են չարի թագավորության ընդլայնմանը: Չարի թագավորության հզորացմանը օգնում են նաև հասարակությանը մոլորեցնողները, կախարդները, անառակ կանայք: Բայց նրանք հանդերձյալ կյանքում շատ վատ դրության մեջ են հայտնվելու, ապրելու են «Ստության տանը», քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքում սուտ են խոսել ու չարիք են գործել: Երկու հակամարտ ուժերի միջև պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բարին չի հաղթել չարին:

Ե՛վ Ահուրա Մազդան, և՛ Ահրիմանը ունեն իրենց շքախումբը, որոնք նրանց հլու կամակատարներն են: Ահուրա Մազդայի շքախմբի անդամները «Ամեշասպենտաներ» (վեց անմահ օգնականներ) անունն են կրում: Դրանցից յուրաքանչյուրը մեկ անձնավորյալ կրոնական գաղափար է («ամենալավ կարգ ու կանոն», «լավ միտք», «ցանկալի իրավունք», «կատարյալ իմաստություն», «անմահություն» և այլն): Շքախմբի երկրորդ շարքում «Յազատաներ» -ի խումբն է. նրանց անվանում են «պատկառելիներ», և նրանց շարքում են ժողովրդական բազմաթիվ աստվածություններ, ինչպես, օրինակ, «կրակի ոգի» -ն, հնդիրանական լույսի աստված Միթրան (Միհրը), որը զրադաշտականության մեջ դառնում է միջնորդ մարդկանց և աստծու միջև, մարդկանց հոգիներին առաջնորդում է դեպի հանդերձյալ աշխարհ և այնտեղ դատում է նրանց՝ ինչպես նույն պաշտոնը վարող «հնազանդության ոգի» -ն՝ Սրաօշան: Սրանց շարքին են դասվում նաև պատմական հերոսների և սրբերի հոգիները, օրինակ, Զրադաշտի հոգին: Երկրորդ կարգի մեջ են «ֆրավաշի» -ները՝ բարեպաշտ մարդկանց հոգիները:

Իսկ Ահրիմանի շքախմբի մեջ մտնում են չար ոգիները կամ դևաները: «Դևա» բառն առաջ աստված է նշանակել, իսկ զրադաշտականության մեջ սատանայի (դև) իմաստ է ստացել՝ ինչպես և հայոց լեզվում է:

Զրադաշտական կրոնում աստված և բարեպաշտ մարդը չարի դեմ կռվում դաշնակից են դառնում: Թե՛ անհատից, թե՛ ամբողջ ժողովրդից աստվածահաճո գործ է պահանջվում՝ և ո՛չ թե ճգնավորական ծույլ մտահայեցողություն՝ ինչպես, օրինակ, քրիստոնեության կան բրահմայականության մեջ է: Զրադաշտականությունն այդպիսի աստվածահաճո գործեր է համարել անասնապահությունն ու երկրագործությունը; «Ով որ հացահատիկ է ցանում, սրբություն է սերմանում», որովհետև պտղաբեր երկիրը պատկանում է Ահուրային, իսկ անպտուղը՝ դևերին: Բարի գործերի առումով զրադաշտականությունը մեծապես արժեվորել է մաքուր ընտանեկան կյանքը, շատ զավակներ ունենալն ու նրանց ճիշտ դաստիարակելը: Դրան հակառակ՝ դատապարտելի է անառակությունը, իսկ անձնական ցանկությունները մահացու հանցանքներ ու աններելի սատանայական գործեր են: Զրադաշտականությունը գլխավոր ընկերային առաքինություններ է համարել ճշմարտասիրությունը, ճշմարտախոսությունը, հավատարմությունը, արդարությունը, բարեգործությունը և ողորմությունը, իսկ ամենամեծ մոլորություններ է համարել ստախոսությունը, խաբեբայությունը, երդմնազանցությունը, պարտքեր անելը (որովհետև դա առանց ստի չի լինում), ժլատությունն ու քարսրտությունը: Բարեպաշտ մարդու կյանքի նպատակը պետք է լինի, այդ բոլորի հետ միասին, բոլոր հնարավոր միջոցներով կռվել չարի դեմ. որպեսզի բարին հաղթանակի բարեպաշտ մարդը պետք է խոսքով, մտքով և ձեռքերով աշխատի վնաս հասցնել չարին, պաշտպանել օգտակար կենդանիներին, ոչնչացնել մրջյուններին, օձերին և մյուս «վնասակար» կենդանիներին:

Սակայն զրադաշտականությունը թույլատրում և նույնիսկ սրբագործում է մոտիկ ազգականնների, անգամ քրոջ և եղբոր, հոր և դստեր ամուսնությունները: Այսպիսի ամուսնությունները սովորական էին Աքեմենյան արքայական տան մեջ, բայց պատահում էին նաև Սասանյանների արքայատոհմում: Օրինակ՝ Հազկերտ 2-րդը ամուսնացած էր իր դստեր հետ, որին հետագայում սպանում է:

Զրադաշտականությունը խիստ ժուժկալ է եղել պաշտամունքում: Հանդիսավոր պաշտամունք գրեթե գոյություն չի ունեցել, և եղածն էլ կապ չի ունեցել տաճարների հետ: Այդ պաշտամունքը սկզբում կատարվել է բացօթյա, բարձունքներում կամ տանը: Իրանական կրոնի պաշտամունքային համակարգում կենտրոնական տեղն ամենահին ժամանակներից զբաղեցրել է Արևի և նրա նյութական ներկայացուցիչ կրակի երկրպագությունը: Զրադաշտականությունը բարեպաշտ մարդու ամենասուրբ պարտականությունն է համարել կրակն անշեջ պահելը, որի համար, ինչպես գրում է Եղիշեն, այնքան ջանք էին գործադրում դրա համար հատուկ նշանակված մոգերը, որ փայտ կոտրելու ընթացում նրանց ձեռքերը կոշտանում էին կացին բանեցնելիս, մեջքները քոս էր կապում փայտ կրելիս, աչքերը ջրակալում էին ծխի առատությունից և երեսները մրոտվում էին ծխի թանձրությունից (Եղիշե, 8-րդ գլուխ):

Բացի արեգակի և կրակի պաշտամունքից, զրադաշտական կրոնում մեծ տեղ են զբաղեցրել մաքրության զանազան պատվիրանները: Ինչպես կրակը, այնպես էլ մարդը, հողը, ջուրը և այլ բաներ կարող են պղծվել, եթե ենթարկվեն զանազան չար ոգիների հարձակմանը կամ դիակի դիպչեն: Ուրեմն, եթե այդպիսի բան լինի, պետք է վերստին մաքրվեն և սրբվեն: Սրբվելու միջոցներն են օրհնված ջուրը կամ կովի օրհնված մեզը (գումիզ), չորսաչքանի շան (եթե շան աչքերի վերևը մեկական բիծ է եղել, դրան չորսաչքանի են համարել) հայացքը, որ սրբում է ամեն ինչ: Մաքրության միջոցները տվել են մոգերը, և այս հանգամանքը մեծապես նպաստել է նրանց ազդեցության աճին:

Զրադաշտական կրոնի վախճանաբանությունը հնագույն երգերի մեջ կրոնի սկզբնավորման շրջանում բավականին տարտամ է: Համեմատաբար ուշ շրջանում զրադաշտականության մեջ ծնունդ է առնում այն գաղափարը, որ կրակում ու եռացող մետաղի գետում պիտի տեղի ունենա աստվածային դատաստանը: Մազդան պիտի գա իր սուրբ հոգու հետ, և բարեպաշտը պիտի փրկության արժանանա: Հետագա ժամանակներում իրերի այդ վախճանը հետաձվում է հեռավոր ապագայում: 6000 տարի տևող մի ժամանակաշրջան լի է բարու և չարի կռվով, այդ մեծ ժամանակաշրջանի մեջտեղում՝ անցման կետում, գտնվում է ինքը՝ Զրադաշտը՝ իր հայտնությամբ: Այժմ արդեն նրա ճշմարիտ խոսքը աստծո մարտիկների ձեռքին մի հաղթական զենք է մահվան ու ստի զորությունների դեմ: Բայց նրանից 3000 տարի հետո պետք է երևա նրա սաղմից հրաշքով ծնված փրկիչ Սաոշիանատը, որը բոլոր մեռելներին հարություն պիտի տա: Այնուհետև մի հսկայական տիեզերական հրդեհ պիտի հալի բոլոր տարրերը, և այդ հալվածքի մեջ բարեպաշտները պիտի առանց ցավի մաքրվեն, իսկ չարերը պիտի պատժվեն երեքօրյա տանջանքներով, բայց չպիտի ոչնչանան, այլ պիտի կրակից մաքրված դուրս գան: Միայն Ահրիմանն ու իր դևերը մի վճռական ճակատամարտում պիտի պարտվեն ու ամբողջովին ոչնչանան: Դրանից հետո սկսվելու է մի նոր աշխարհ՝ «ուր ծերացում ու մահ չի լինելու, ուր մարմինը չի ոչնչանալու և նեխելու, ուր հավիտենական կյանքն է թագավորելու»: Այդ աշխարհում երջանկության մեջ պիտի ապրեն մաքուր արարածները՝ Ահուրա Մազդայի բացառիկ իշխանության ներքո:

Այս կապակցությամբ առանձին հոգիների դրության մասին ասվածը շատ նման է արևելյան ժողովուրդների, նաև հայերի, ժողովրդական հավատալիքներին (բարեպաշտի հոգին մահվանից հետո երեք օր շարունակ մնում է մարմնի մոտ՝ նախազգալով, որ ինքը դրախտային երջանկության է արժանանալու): Ապա նա մոտենում է «Չինվատ» անունով երկնային կամրջին, որտեղ դատաստան է արվում: Արդարության ոգին անաչառությամբ կշռում է մարդկանց բարի ու չար գործերը: Եթե բարի գործերը գերակշռում են, հոգին կարող է անցնել կամրջի վրայով: Նրան ընդառաջ է գալիս դրախտային անուշահոտություն արձակող մի մեղմ քամի և մի գեղեցիկ աղջիկ է երևում, որը նրա հարցին, թե՝ «ո՞վ ես դու», պատասխանում է. «Ես քո սեփական գործն եմ, քո բարի խոսքերի, մտքերի և գործերի մարմնացումը, քո բարեպաշտ հավատը»: Դրանից հետո, իհարկե, Միթրան նրան առաջնորդում է դրախտ, ապա՝ Ահուրայի լուսավոր աշխարհը, իսկ չարերն ուղարկվում են դժոխք, ապա՝ Ահրիմանի խավար բնակարանը՝ «ստության տուն» -ը:

Զրադաշտականության քահանաները երկու խմբի են բաժանվել: Ստորին հոգևորականունը կրել է «հերբեդ» (հերբետ) անունը, իսկ ավելի բարձր հոգևորականներին «մոբեդ» կամ «մոգպետ» են անվանել: Առավել բարձրաստիճան հոգևորականները կամ տաճարների ավագ հոգևորականները «դաստուր» անունն են կրել: Եվ այս բոլորի գլուխը մոգպետների մոգպետն է եղել, որ Սասանյանների ժամանակ «Զրատուշտրոտեմա» է անվանվել և պետության մեջ արքայից արքայից հետո երկրորդ մարդն է հանդիսացել:

Զրադաշտական կրոնը առավել բարգավաճման է հասնում Սասանյանների օրոք, երբ այն դառնում է պետական կրոն և պետության գործերում մեծ դեր է հատկացվում մոգերին ու մոգպետներին, որոնք էլ իրենց հերթին ամեն կերպ օժանդակում էին Սասանյան հարստության ամրապնդմանը և հակակշիռ էին կազմում Հռոմեական կայսրությունում պետական կրոնի վերածված քրիստոնեությանը:

Ալեքսանդր Մեծի բերած հունական մշակույթին տուրք տված քաղաքակրթությունների մեջ միայն զրադաշտականությունն անմասն մնաց այդ քաղաքակրթության ազդեցությունից: Այն Սասանյանների պետության մեջ մետ 400 տարի գերիշխեց, և միայն իսլամին զիջեց իր դիրքերը:

Պետք է նաև իմանալ, որ Պարսկական պետությունում տիրապետող դիրք և պաշտոնական հեղինակություն է ունեցել ո՛չ թե դասական զրադաշտականությունը, այլ դրա մի յուրօրինակ ճյուղավորումը, որ «Զրվանականություն» անունն է ստացել:

Զրադաշտականությունը մեծ ազդեցություն է գործել հուդայականության ու քրիստոնեության վրա: Զրադաշտը կանխատեսել է իր աշակերտներին ու հետևորդներին, որ ժամանակների վերջում «Կույսը կհղիանա և այդ ժամանակ երկնքում մի փայլուն աստղ կհայտնվի, և այդ աստղի կենտրոնում Կույսը կերևա»:

Մ.թ.ա. մոտավորապես 600 թվականին Պարսկաստանում սկիզբ է առնում Արևի աստծո՝ Միթրայի (Միհրի) պաշտամունքը: Այս աստծո հոգևոր սպասավորները նրան պատարագ են մատուցել հացով ու գինով, որովհետև, ինչպես Զրադաշտն է ասել, «Նա, ով կկլանի իմ մարմինը և կխմի իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ կբնակվեմ նրա մեջ»: Միթրայի քահանաները հավատացյալների լեզվին մեղր են դրել, և այս աստծո պաշտամունքը ներառել է ընթրիք և մկրտություն:

* Միթրան (Միհրը) ծնվել է կույսից, դեկտեմբերի 25-ին (natalis solis invicti), քարանձավում:

* Նրա ծննդյան լուրն առել են իմաստուններն ու հովիվները (որոնք նրան գառներ ու հունձք են մատուցել):

* Նա մեծ գիտուն ու շրջիկ ուսուցիչ է եղել:

* Նրան «Բարի հովիվ» են անվանել:

* Նա համարվել է «Փրկիչ» ու «Մեսիա»:

* Նա նույնացվել է «Գառ» -ան ու «Առյուծ» -ի հետ:

* Նրա սրբազան օրը եղել է կիրակին՝ «Տիրոջ օր» -ը:

* Նա 12 աշակերտ է ունեցել:

* Նա հրաշքներ է գործել:

* Նա թաղվել է դամբարանում:

* Երեք օր անց նա հարություն է առել:

* Նրա հարությունն ամեն տարի տոնանշվել է:

Միհրի պաշտամունքի կարևոր բաղկացուցիչն է եղել սուրբ պատարագը, որի ժամանակ քահանաները հաց ու գինի են մատուցել. քուրմը հայտարարել է. «Նա, ով կկլանի իմ մարմինը և կխմի իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ կբնակվեմ նրա մեջ»: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուսի խոսքը, ինչպես դժվար չէ նկատել, փոխառվել է Միթրային պաշտողներից:


     Նկարում՝ Զրադաշտն ըստ Ռաֆայելի (1509 թ.)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12643 | 0 | 0
Facebook