Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿ

Hakob
Автор:
Hakob
21:45, Среда, 12 Апреля, 2017 года
ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿ
    
    

Հերոս… ազգասեր… մեծահոգի…

Էդգարին ճանաչեցի 3-րդ դասարանում, վարդավառի տոնին, նրանց գյուղում հյուր էի գնացել, քեֆ ուրախություն, ջրոցի, եկավ գնալուս ժամանակը նա մեքենայի կողքով վազում ու կրկնում էր «էլի կգաս»:

Անցան տարիներ, ու տարվա ընթացքում մեկ երկու անգամ տեսնվում էինք, խաղում Կռիվ-կռիվ, Հայ թուրք, և հիշում եմ, թէ ինչ ոգեվորությամբ իմ համար զենքեր էր պատրաստել՝ իր իսկ ձեռքով, սովորական ալյումինե մետաղալարից:

Մեր մանկությունն էլ այդպես անցավ, չկային չինական խաղալիքներ, սմարթֆոններ ու պլանշետներ, չկար համակարգիչներ ու համակարգչային խաղեր, խաղում էյինք բակի խաղեր. «Էշ միլիցա, հավալա, պախկվոցի»:

Էդգարին վերջին անգամ տեսա հիվանդանոցում զինվորական հաշվառման ժամանակ, զրուցեցինք ու հասկացա ինչքան հպարտություն ու ոգևորություն կար նրա աչքերում, անհամբերությամբ անցնում էր բոլոր բժիշկների սենյակներով ու սպասում, թե երբ կուղարկեն ծանուցագիր:

Էդգարն իր ծառայությանն անցավ Արցախի պաշտպանության բանակում:

Ամեն ամիս երկու նամակ էր ուղարկում զորամասից՝ մեկն ինձ, մյուսն ծնողներին:

Էդգարին այդպես էլ ծնողները չտեսան արձակուրդ գալուց, զոհվեց դիրքերում՝ թշնամու դիպուկահարի գնդակից:

Հետմահու պարգևատրեցին Արիության և մարտական ծառայության մեդալով:

Անցյալ տարի ապրիլը տխրությամբ ու ցավով բացվեց: Այդ անհանգիստ ու լարված օրերը չափազանց ծանր էր բոլորիս համար, բայց առավել դժվար էր բանակում զինվոր զավակ ունեցող ծնողների համար: Անհնար է բառերով նկարագրել այն տագնապները, մտատանջությունները, բոլոր այն զգացողությունները, ինչ ապրեցին զինվորների ծնողները: Էդգարի ծննդյան օրը գնացի նրանց հյուր, նայեցինք լուսանկարների ալբոմը և խնամքով պահված Էդգարի վերջին նամակը, գնացինք գյուղի գերեզմանոց, խունկ ծխեցրինք, հիշեցինք նրա խոսքերն ու կատակները: Գյուղի դպրոցում մի դասարան անվանակոչեցին Էդգարի անունով:

Միջոցառման ժամանակ Էդգարի ծառայակիցներից մեկը, սպիտակ վարդերը ձեռքին մոտեցավ տիկին Իվետային և մի քառատող արտասանեց:

«…Կներես դու ինձ, մա՛յր, քո որդուն,

Ես խաղաղ երկնքով կգամ տուն:

Թող գրկի քեզ ընկերս հիմա,

Իմ կողմից ասի քեզ` «Մամա…»:

Այս տողերը լսելիս մայրական արցունքները կաթ-կաթ թափվում էին վարդի թերթերի վրա:

Ուրախությա՞ն արցունքներ էին, հպարտությա՞ն, թե հուզմունքի: Չգիտեմ` մեկ մայրը գիտեր, մեկ էլ` Աստված…


    
    
    

Վերջին Նամակը.

Բարև, մամ ջան։ Երեկ իջա դիրքերից։ Ցուրտ չի, մամ, տաք, արևշող աշուն է։ Չես պատկերացնի՝ էնքան սիրուն է բնությունն այստեղ։ Հրաշք է։ Անտառում ինչ գույն ասես չկա՝ կարմիր-դեղին-կանաչ։ Դու բնություն շատ ես սիրում, մեկ-մեկ էնքան եմ ուզում կողքիս լինես, միասին շրջենք անտառում, քեզ ցույց տամ դիրքերը, լեռները, գետը, աղբյուրները։ Այստեղ մարդիկ պարզ են, բարի, հյուրասեր։ Զինվորներին էլ շատ են սիրում։ Երբ քայլում ենք գյուղի փողոցներով, տնամերձ այգիներում աշխատող մարդիկ մեզ հրավիրում են տուն, ցանկանում են հյուրասիրել, ինչ-որ լավ բան անել զինվորի համար։ Ասում են՝ մեր հույսը, հավատը վաղվա օրը, դուք եք։ Մամ, մեր մոտ ուրիշ է. պատերազմը հիշողություն է դարձել, մնացել է անցյալում, իսկ այստեղ՝ այս փոքրիկ սահմանամերձ գյուղում երբ զրուցում ես մարդկանց հետ, թվում է՝ պատերազմը երեկ է ավարտվել։ Անընդհատ պատերազմից են խոսում, հիշում են, պատմում։ Այնպիսի պատմություններ են պատմում, որ ապշած ես մնում։ Հոգիդ ալեկոծվում է, արյունը եռում է երակներիդ մեջ, սիրտդ լցվում է վրեժով։ Միևնույն ժամանակ հպարտանում ես, որ այդպիսի խիզախ հայրենակիցներ ունես։Այստեղ 13-14 տարեկան տղաները սահման են պահել պատերազմի ժամանակ, ապրել են մշտական ռմբակոծությունների տակ, գնացել դպրոց, բայց չեն լքել գյուղը։ Մնացել են իրենց հողին կպած, իրենց տան դուռը չեն փակել, իրենց օջախի լույսը չեն մարել ու թուրքի առաջ իրենց գյուղի դարպասները դարձրել են անսասան։ Երբ դիրքերում եմ լինում, սիրում եմ հեռվից նայել գյուղին, գիշերը համատարած խավարի մեջ գյուղի լույսերը պայծառ կայծկլտում են։ Այն մտքից, որ մարդիկ իրենց տներում խաղաղ ապրում են, և դու ես պաշտպանում նրանց անդորրը, սիրտդ լցվում է ոգևորությամբ ու հպարտությամբ։ Ու պատասխանատվությունդ կրկնապատկվում է։
     Դո՞ւ ոնց ես, մամ ջան, շատ չե՞ս հոգնում։ Ես անընդհատ իմ մասին եմ պատմում, որովհետև գիտեմ՝ քեզ հետաքրքրում է ամեն ինչ, ամեն մանրուք։ Քեզ լավ պահի, մամ ջան, շատ մի չարչարվի ու ինձ համար էլ մի անհանգստացի։
     Մենակ չեմ, մամ, ընկերներս, հրամանատարներս կողքիս են։ Դիրքերում մարդկային հարաբերությունները ուրիշ են՝ ավելի ջերմ ենք, հարազատ, միասնական։ Վտանգը, թշնամու ներկայությունը մտերմացնում է մեզ, ստիպում հասկանալ հավատարմության արժեքը, գնահատել ընկերոջ նվիրվածությունը։
     Մամ, քեզ շատ եմ կարոտել։ Հրամանատարս ասաց՝ եթե շարունակեմ բարեխիղճ ծառայել, շուտով արձակուրդ կստանամ։ Անկեղծ ասած, հույս ունեի ծննդյանդ օրը տուն գալ, բայց չստացվեց։ Ոչինչ, մամ ջան, ծնունդդ երկու անգամ կնշենք։ Չտխրես մամ ջան։ Շնորհավոր ծնունդդ, մամ ջան։ Չգիտեմ՝ ինչ գրեմ։ Աշխարհում ամենից շատ քեզ եմ սիրում։ Երջանիկ եղիր, մամ ջան, թող ամեն ինչ քո սրտով լինի։ Քեզ աշխարհի չափ կարոտել եմ։
     Քո որդի՝ Էդգար:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
8896 | 0 | 0
Facebook