Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Փնտրտուքների ճանապարհին

23:28, Вторник, 29 Ноября, 2016 года
Փնտրտուքների ճանապարհին
     Իսպանիայի Վալենսիա քաղաքում է ապրում Արարատ Ղուկասյանը։ Ստեղծագործել սկսել է դեռ պատանության տարիներից։
     Ընթերցողին ենք ներկայացնում հեղինակի «» գրքից մի քանի բանաստեղծություն։
    

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանը ...
     Ճանաչո՞ւմ ես Հայաստանը,
     Ուր ամեն ոք զգում է իրեն՝ ինչպես տանը:
     Աստվածների սուրբ Ոստանը,
     Որտեղ նրանք արարեցին իրենց հոգուն՝
     Ադամորդուն,
     Եվ որտեղից գետն է հոսում՝
     Դրախտային ու կենսատու:

Ճանաչո՞ւմ ես երկիրն այս հին,
     Որտեղ իրար ողջագուրվում են կաթոգին
     Իրականը հեքիաթային
     Եվ հեքիաթը դյուցազնածին,
     Իսկ սահմանը նրանց միջև
     Խոյանում է երկինք մինչև՝
     Եդեմական սուրբ պարտեզեն
     Սլանալով մինչև երկիր Հաբեթաշեն:

Ծանո՞թ է քեզ տաճարն այս գեղ,
     Որ կերտել է Տորքը Անգեղ,
     Անգեղների տոհմից ահեղ,
     Եվ որի պես դու չես տեսել և ո՛չ մի տեղ:
     Կամ այս վանքը,
     Երկնայինի երազանքը,
     Որի խաչին կաթացել է Քրիստոսի տառապանքը,
     Նրա հոգու հառաչանքը:

Արարատը...
     Դու տեսե՞լ ես ճերմակափայլ այս գագաթը,
     Որից նորեն իջավ մարդը՝
     Մեր աշխարհի կենաց զարդը...
     Նա իր մեջքին՝ ծե՜ր, հինավո՜ւրց,
     Դեռ կրում է հպարտորեն ու անթաքույց
     Մի սուրբ խորհուրդ՝
     Երկնքին ու Երկրին ի ցույց:

Իսկ պտուղը այս քաղցրահամ
     Համտեսե՞լ ես գեթ մեկ անգամ,
     Որին խնձոր են անվանում՝ արմենական,
     Իսկ մենք՝ ծիրան:
     Կամ ըմպե՞լ ես գինին անուշ,
     Որ ծորում է անմիջապես վազից նուշ-նուշ՝
     Լցոնելով մառան ու կուժ,
     Եվ խմողին պարգևելով եռանդ ու ուժ:

Քո ողջ կյանքում,
     Գեթ մեկ անգամ, դու եղե՞լ ես Հայաստանում,
     Այն Ոստանում,
     Որտեղ հոգիդ հարստանում
     Ու լցվում է խաղաղությամբ,
     Կենաց շնչով ու ջերմությամբ,
     Որից հետո դու կարող ես հպարտությամբ
     Ազդարարել, որ ապրել ես կյանքն այս անձամբ:

Թե չե՛ս եղել Հայաստանում,
     Այս լեռների տաքուկ գրկում,
     Անտառներում կանաչապատ ու դաշտերում մրգապատում...
     Էլ ինչո՞ւ ես ժամանակդ իզուր վատնում:
     Վե՛ր կաց, եղբա՛յր, տանեմ ես քեզ
     Դրախտային մի սուրբ պարտեզ՝
     Համտեսելու անուշ մրգեր արևակեզ
     Եվ ըմպելու անմահական ջուրը անտես:

Արի՛, եղբա՛յր,
     Արի՛ երթանք մի սրբավայր,
     Գոյի՜, կյանքի՜ ու մարդկության ծննդավայր,
     Որտեղից հանց սկիզբ է առել Երկիրը Մայր:
     Այնտեղ են քո արմատները,
     Այնտեղ է քո ապուպապի տունուտեղը՝
     Թեև փոքրիկ, բայց միշտ կանգուն Սուրբ Ոստանը՝
     Հայաստանը...

***

ՄՈՄԸ

Մոմը իր վերջին ճիգերն է անում,
     Ուր որ է, ահա, շունչը կփչի...
     Մի սեր էլ դանդաղ անցյալ է դառնում,
     Հալվո՜ւմ է, մարո՜ւմ լույսի հետ մոմի:

Մթին անդորրում անձրևն է երգում,
     Լալիս մոտալուտ բաժանման համար:
     Երկու զույգ աչքեր իրար են նայում,
     Զրուցում անձայն գիշերում խավար:

Գիշերն է վերջին սիրահար զույգի,
     Հուշերն են լողում մտքերում նրանց...
     Անմոռաց հուշե՜ր՝ արժանի գովքի,
     Բայց... ավա՜ղ, նրանք լուռ էլ հեռացան:

Մոմը իր վերջին ճիգերը արեց,
     Հալվե՜ց ու մարե՜ց՝ ծխալով տխուր...
     Մի սեր ծխի հետ վերև համբարձեց,
     Դարձավ անձրևոտ օրերի մի հուշ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6746 | 0 | 0
Facebook