Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՔՄԱՅՔ /մեկ արարով խաղ/

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
08:41, Суббота, 26 Ноября, 2016 года
ՔՄԱՅՔ /մեկ արարով խաղ/

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Լուսառատ սրահ: Առանձնացված սեղաններ՝ շուրջը մարդիկ, ցածրաձայն երաժշտության ներքո պարողներ, երբեմն-երբեմն նստածներին մոտեցող սպասավոր: Սրահի առաջամասում՝ գործող անձինք: Սեղանին՝ վիսկի, գինի, սուրճ, մրգեր: Սրահի կողապատերին դռներ, ժամանակ առ ժամանակ մտնող-ելնող զույգեր: Ներսում մարդ եղած ժամանակ ցուցանակը վառվում է, հուշումը՝ ԶԲԱՂՎԱԾ Է:

Բ տղամարդ - Իզուր եկանք, կարող էինք տանն էլ ժամանակ սպանել:

Ա տղամարդ – Խմենք, կաշկանդվածությունը կանցնի: ՈՒմ՝ ի՞նչ, -լցնում է գավաթները՝ բոլորին վիսկի:

Բ կին - Օյ, ի՜նչ արիր. վիսկի խմած չկամ:

Ա տղամարդ - Իսկ դու փորձիր: Պիտի՞ մի օր սովորես:

Բ կին – Չխեղդվե՞մ /հայացքն ուղղելով ամուսնուն՝ Բ տղամարդուն, պատասխան չստացած՝ ըմպում է/:

Բ տղամարդ – Առաջադիմությունն ակնառու է: Խոստովանեմ՝ ինձ չի հաջողվել համոզել:

Ա կին /հեգնանքով, որ հասցեագրված է ամուսնուն՝ Ա տղամարդուն// - Նման բաներից նա լավ է:

Ա տղամարդ /ուշադրություն չդարձնելով/ -Սա դեռ սկիզբն է:

Բ կին – Եթե խմելը նկատի ունես /տարուբերում է գլուխը/... Արդեն ազդում է: Շա՞տ էր թունդ:

Բ տղամարդ /հայացք գցելով պիտակին/ - Ընդամենը քառասուներեք աստիճան:

Բ կին – Ներսս այրեց:

Ա տղամարդ – Հրաշալի է: Տաք մարմնում հոգին ևս ջերմանում է:

Ա կին – Զգուշացեք. սկսում է սիրահետել:

Բ տղամարդ – Նա վաղուց կնոջս վրա աչք ունի:

Ա կին – ՈՒ դու հանդուրժու՞մ ես:

Բ տղամարդ – Եթե հինգ տարի առաջ լիներ...

Բ կին – Ի՞նչ, ուզում ես ասել՝ այլևս ինձ չե՞ս սիրում, քեզ համար միևնու՞յն է:

Բ տղամարդ – Դու ասացիր:

Բ կին – Ավետարանից ես էլ եմ գլուխ հանում:

Ա տղամարդ – Այսօր սիրո օր է, ոչ մի կշտամբել: Դրա համար չենք այստեղ:

Ա կին – Գուցե ասե՞ս՝ որտեղ ենք:

Ա տղամարդ – Երկրորդ գավաթից հետո՝ թերևս: Սա մեր գաղտնիքն է /աչքով է անում ընկերոջը/:

Բ տղամարդ – Գաղտնիք չկա. մայրաքաղաքի առաջին նորաբաց էլիտար ակումբում ենք; Թերթերը, հեռուստատեսությունը թեման շատ ծամեցին:

Բ կին –Ա՛խ, ձեր ինչն եմ ասել /խոսքն ուղղելով Ա կնոջը/: Մեր դեմ դավ են նյութել: Խորամանկներ...

Ա կին – Նախաձեռնությունն ամուսնունս կլինի: Խոստովանիր:

Ա տղամարդ – Ամենևին: Ես քեզնից դեռ չեմ հագեցել:

Ա կին – Այդուհանդերձ համաձայնեցիր:

Ա տղամարդ – Փոփոխությունները երբեմն անհրաժեշտ են:

Բ տղամարդ – Փրկելու, չէ՝ սխալ արտահատվեցի, նորոգելու համար հինը:

Բ կին – Ասացիր՝ հի՞նը:

Բ տղամարդ – Դարձյալ թերի եղավ, ներիր ինձ: Արժևորելու համար...

Ա կին /զմայլանքով/ - ՈՒրեմն՝ իսկապե՞ս քո ձեռնարկն է: Այդ դեպքում սրտովս է, միայն թե... Թերթերում տպածից գրեթե բան չեմ հիշում:

Բ տղամարդ – Ես ընդամենը պահի տակ միտքն եմ հուշել:

Ա տղամարդ – Չխորանանք: Եթե բոլորս ենք կողմ, պետք է փոխատեղում կատարենք:

Բ կին – Պարտադի՞ր է:

Ա տղամարդ – Որոշողը մենք ենք; Այստեղ թույլատրելի են երկուսն էլ. կարելի է թե՛ ձևական կողմը պահել ու թե՝ ըստ էության:

Ա կին – Հիմա եմ հասկանում, թե ինչ սիրո օրվա մասին էիր ակնարկում: «Էլիտար ակումբ»: Ի՜նչ անունի տակ են քողարկվել: Չենջ-քլաբ ասեք պրծեք /ծիծաղում է/։ Ես երկու ձեռքով կողմ եմ՝ թող տղամարդիկ փոխեն տեղերը:

/Ա տղամարդը նստում է Բ կնոջ կողքին, Բ-ն՝ Ա-ի: Առպահ լռում են, ապա՝ քրքջում/:

Բ կին – Հետո՞...

Ա տղամարդ – Հետո այն, որ պիտի խմենք:

Բ կին – Սիրո՞ կենացը:

Ա տղամարդ – Նոր սիրո:

Բ տղամարդ – Նոր սերերի:

Ա կին /գլուխը հենելով Բ տղամարդու ուսին/ - Ես խմում եմ ըստ էության:

/ըմպում են/

Ա տղամարդ – Հիմա կարող ենք պարել:

Բ կին – ՈՒրիշ... Էլ ի՞նչ է կարելի այստեղ: Տեսնում եմ՝ առաջին անգամ չեք:

Բ տղամարդ /փոքր ինչ խանդով/ - Կողքի դռները տեսնու՞մ ես: Ննջարաններ են: Կարող ես նոր ընտրյալիդ հետ առանձնազրույց վարել:

Ա տղամարդ / կատակի տալով՝ փորձում է փրկել դրությունը/ - Ի՞նչ ունենք իրարից թաքցնելու: Մեկ անգամ ևս հիշեցնում եմ՝ եթե մեկնումեկը տատանվում է, թող արտահայտվի: Ի վերջո, սրահը լի է այլ կանանցով, տղամարդկանցով:

Ա կին - Կարելի է նաև այլոց հե՞տ:

Ա տղամարդ - Եթե ի վիճակի ես գայթակղել, իհարկե՛: Ակումբ է, որի այցելուները, ցանկության դեպքում, կարող են ծանոթություններ հաստատել, թե հետո այն ինչ ընթացք կունենա, ցույց կտա կյանքը: Ամեն բան ազատ կամքին է թողնված:

Բ կին - Գործ չունենք ուրիշների հետ:

Բ տղամարդ - Դու կարող ես միայն քո անունից խոսել:

Բ կին - Այդ կերպ էլ վարվում եմ: Ես փնտրելու, առավել ևս նորն ընտրելու կարիք չունեմ:

Բ տղամարդ - Բնականաբար՝ ինձ նկատի չունես:

Բ կին – Ճիշտ այդպես:

Բ տղամարդ – Վիճակը նետված է: Ամեն բան բացորոշ է:

Ա կին – Կկարողանա՞նք: Այնքա՜ն անսովոր է:

Ա տղամարդ - Առանց վարանելու: Դու դա կարող ես:

Բ կին - Մենք շա՞տ վատ բան ենք անում:

Ա տղամարդ – Ավելի ճիշտ չէ՞ անթաքույց ընդառաջ գնալ ցանկությանը, քան ընտրել զարտուղի ճանապարհը: Շատ ժամանակ թվում է, թե կողքինը չի նկատում, մինչդեռ համարձակություն չունենալով խորանալ զգացածում՝ ինքներս մեզ խաբում ենք: Քեզ, գիտե՛մ, իմ ընկերը վաղուց է գրավում, նրա հանդեպ անտարբեր չես: Այդպե՞ս է:

Ա կին - Չե՞ս խանդի:

Ա տղամարդ - Ամենևին:

Ա կին - Առաջին իսկ օրից:

Ա տղամարդ - Գուցե տրվել է՞լ ես:

Ա կին – Խոստացար չխանդել:

Ա տղամարդ – Այնուամենայնիվ:

Ա կին - ...

Ա տղամարդ – Չեմ խորանա, լավ:

Բ տղամարդ – Երեկ, թե այսօր. քեզ համար նույնը չէ՞:

Ա տղամարդ – Իսկ քե՞զ:

Բ տղամարդ – Ինձ ի՞նչ:

Ա տղամարդ - Եթե իմանաս իմ ու կնոջդ հարաբերությունների մասին:

Բ տղամարդ - Դուք նույնպե՞ս: Մի՞թե /ձեռքն ակամա գնում է շշի կողմը, բռնում վզիկից/...

Ա տղամարդ - Ընդունիր, իբրև կատակ:

Բ տղամարդ - Իմը նույնպես /մատները թողնում են շիշը/:

Ա կին - Տղամարդիկ առավել խանդոտ են, երբ խոսքն իրենց սեփականությանն է վերաբերում, արժանապատվությանն սպառնացող վտանգ են տեսնում:

Բ կին - Ինձ թվում է՝ մարդու բնույթն է այդպիսին. բոլորս նույն կավից ենք հունցած:

Բ տղամարդ - Հունցած ենք... Հունցած էգ:

Բ կին - Մի վիրավորիր:

Բ տղամարդ - Ես ընդամենը հունցել բայը խոնարհեցի անցյալ կատարյալ ժամանակով; Տեսնու՞մ եք /բոլորին հայացքն ուղղելով/ հայերենը չեմ մոռացել: Առաջարկում եմ ուսուցչիս կենացը խմել, հանձին նրա՝բոլորինը /չսպասելով մյուսներին՝ ըմպում է/:

Բ կին –Եթե նրանք տեսնեն իրենց տարիների տքնանքի արդյունքը, կապշեն, լիովին կհիասթափվեն կյանքից, խաբված կզգան իրենց:

Ա կին – Նրանք դեռ ոչինչ՝ անցյալ են, հանդիպելու հավանականությունը՝ աննշան: Թատերականի ուսանողների աչքերը ճակատը կթռչեն, եթե մեզ տեսնեն այս միջավայրում:

Ա տղամարդ – Համոզված եմ՝ դասատուները մեզնից ավելի բարոյական չեն, իսկ նման հարցերում ուսանողների համեմատ մենք կաթնակեր ենք:

Ա կին – Այնքան վստահ ես այլոց մասին դատողություններ անում:

Ա տղամարդ - Ես կյանքի փուլեր եմ անցել, որպեսզի գոյի շուրջ դատեմ տեսանելի մասով, առավել ևս՝ եթե անձ է:

Բ տղամարդ - Հակադարձելու եմ քո իսկ զենքով. եթե աշխարհն այն չէ, ինչ տեսնում ես, բարի եղիր չափանիշներդ չտարածել դիմացինի վրա. Նա դու չես:

Ա կին - Բարդ բաներից մի խոսեք: Մենք մեզ չենք հասկանում, ուր մնաց՝ ուրիշին: Ես պարել եմ ուզում:

/տղամարդիկ շփոթված՝ իրար են նայում/

Ա տղամարդ /Բ տղամարդուն/ - Նա քեզ պարի է հրավիրում:

Բ տղամարդ - Կնոջս հետ մնալու հաճույքից քեզ զրկելու համար քիչ է մնում մերժեմ առաջարկը, բայց այնչափ ապուշ չեմ, որպեսզի բաց թողնեմ րոպե առաջ նախկին կնոջդ գրկելու հնարավորությունը /ելնելով՝ Ա կնոջ հետ թևանցուկ դիմում է պարողների կողմը/:

Բ կին – Բրավո... Անցավ ռուբիկոնը /ամուսնուն նկատի ունի/:

Ա տղամարդ – Վերջապես:

Բ կին – Դու դիտմամբ այդպես ասացիր՝ նրան գրգռելու համար, այո՞:

Ա տղամարդ – Ճշմարտությունից հեռու չեմ: Ես տարիներ շարունակ քո մասին եմ երազել: Մտքումս դու ես եղել, երազներում այցի ես եկել, մերկացրել եմ, գգվել ենք իրար /նա ձեռքը տանում է կնոջ ազդրի ուղղությամբ, սեղմում/: Ի՜նչ ողորկ մաշկ ունես:

Բ կին – Ինչու՞ էիր լռում:

Ա տղամարդ – Սպասում էի պատեհ առիթի, որը չէր գալիս: Բայց իմ հայացքը մի՞թե բան չէր ասում:

Բ կին – Անշուշտ, խոսուն էր:

Ա տղամարդ – Քեզ տեսնելիս կորցնում էի գլուխս, լեզուս կապ էր ընկնում:

Բ կին – Ինչպես հիմա՞ /ժպիտը հեգնալից է/:

Ա տղամարդ – Ինչպես բոլոր սիրահարները:

Ա կին – Չեմ հավատում, սակայն ճիշտ են ասում՝ կանայք ականջներով են սիրահարվում. բոլոր դեպքերում հաճելի է:

Ա տղամարդ – Այսուհետ իմն ես լինելու: Ես քեզ չեմ զիջի:

Բ կին – Նրանից պետք է զգուշանալ. խանդոտ է, կարող է բռնկվել և, մոռանալով ամեն նախապայման, գրողի ծոցը ճամփել մեզ:

Ա տղամարդ – Առաքինության բարձունքից գլորվելուց հետո այլևս չի կարողանա նույն պահվածքը դրսևորել: Նա արդեն կեսճամփին է, ընդունել է պայմանը՝ կամովին է եկել և բերել է քեզ: Նախաձեռնությունն էլ, հավատա, իրենն է:

Բ կին – ՈՒզում ես ասել, որ նրանք նախկինում իրար հետ չե՞ն եղել:

Ա տղամարդ – Վստահ եմ:

Բ կին – Այդ դեպքում կինդ ինչու՞ ջուր առավ բերանը:

Ա տղամարդ – Որովհետև ուզածը հենց դա է: Համոզված եմ՝ չորսիցս բոլորից լավ հիմա նա է զգում:

Բ կին – Նրանց ներկայությունն ինձ որոշ ճնշում է:

Ա տղամարդ – Իզուր: Տես՝ ինչպես են սեղմվել մեկմեկու: Բոլորովին վերացել են շրջապատից: Նկատեցի՞ր՝ երաժշտության ավարտից հետո անգամ ձևի համար չհեռացան իրարից: Տեսնես ի՞նչ է գեղգեղում ականջին:

Բ կին – Քո մեջ, կարծես, խանդն է գլուխ բարձրացնում:

Ա տղամարդ – Իմ տխմարը, երևի, վարտիքն արդեն թրջել է /բաժակը դատարկելուց հետո մոտ է հրավիրում սպասավորին, որն աճապարում է/: Մեզ համար է պետք:

Սպասավոր – Ո՞ր կարգի և՝ ի՞նչ տևողությամբ:

Ա տղամարդ – Միևնույն է, միայն թե արագ: Տևողությունը՝ կես ժամ:

Սպասավոր /ցածրաձայն ինչ-որ բան է ասում պատվիրատուին: Վերջինս գլխով հաստատական շարժումներ է անում: Խոսակցությունը փոքր ինչ երկարում է, այնուհետ՝ բարձրաձայն / - Աջակողմյան չորրորդ դուռը: Խնդրեմ /այնուհետ, իբրև արդարացում/: Ներող կլինեք աննրբանկատ պահվածքի համար: Մեզ հանձնարարված է հյուրերին մանրամասնել կարգը, եթե վերջիններս առաջին անգամ լինելով՝ չեն կամեցել անձամբ ծանոթանալ պայմաններին:

Ա տղամարդ - Գնանք, սիրելիս:

Բ կին - Նրանց զգուշացնելու կարիք չկա՞:

Ա տղամարդ - Եթե հետաքրքրվեն, սպասավորը կբացատրի:

Բ կին- Դրա շու՞րջ էիք գաղտնախոսում:

Ա տղամարդ - Հարցնում էր՝ լրացուցիչ ծառայության կարիք ունե՞նք:

Բ կին – Ի՞նչ նկատի ունեն:

Ա տղամարդ – Օրինակ՝ բժշկի. սեռավարակությունը բացառելու նպատակով:

Բ կին – Ես՝ ոչ:

Ա տղամարդ – Ես՝ նույնպես:

Բ կին – ՈՒրի՞շ:

Ա տղամարդ – Կարևոր չէ:

Բ կին /քնքշորեն/ - Ասա:

Ա տղամարդ - Բարձրակարգ համարի առավելություններն էր թվում:

Բ կին -Հարկ կա՞:

Ա տղամարդ - Հարկավ: Դու ավելիին ես արժանի:

Բ կին – Ես խոտ բառը լսեցի:

Ա տղամարդ – Հաշիշի մասին էր հիշատակում:

Ա կին – Մակարդակ եմ ասել, հո չպատվիրեցի՞ր:

Ա տղամարդ /աչքով է անում/ - Գնի մեջ է մտնում: Կարիքը չես զգում, չես գործածի:

/Ա տղամարդը և Բ կինը մտնում են չորրորդ դռնով/

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ


    

Նույն սրահն է; Երաժշտությունն ավարտվում է, հայտարարվում ընդմիջում: Բ տղամարդը և Ա կինը վերադառնում են սեղանի մոտ: Նրանք՝ երկուսով:

Ա կին - ՈՒ՞ր կլինեն գնացած:

Բ տղամարդ - Մինչև վերջին պահը նստած էին: Թվաց՝ պարելու են գալիս...

Ա կին - Ինձ գինի լցրու:

Բ տղամարդ - Գլխապտույտդ անցա՞վ:

Ա կին - Խմիչքից չէր:

Բ տղամարդ - Չասես՝ սիրուց:

Ա կին - Եթե իրոք այդպե՞ս է: Ես չեմ խաղում:

Բ տղամարդ –-Հավատում եմ, բայցևայնպես՝ դերակատար ենք բոլորս, ուղղակի ոմանք չգիտեն այդ մասին: Ի վերջո հասկանում են, իհարկե, եթե հանկարծաբար ընդհատում չլինի:

Ա կին - Անգիտակ վիճակը գերադասելի է խաղալիք լինելդ գիտակցելուց:

Բ տղամարդ - Թերևս: Ներիր շեղվածիս, վերստին մոռացա խնդրանքդ. կանանց հետ պիտի միայն սիրուց խոսել:

Ա կին - Այդքանն էլ բավական է:

Բ տղամարդ - Ինձ սկսնակի պես եմ պահում, ճի՞շտ է: Հակոտնյա հույզերը հանգիստ չեն տալիս: Շփոթված եմ՝ գլուխը կորցրածի պես:

Ա կին - Նույն կացության մեջ բոլորս ենք: Էլի կլցնե՞ս:

Բ տղամարդ – Գինի՞: Ես այլ առաջարկ ունեմ. մտնենք այն ազատ խուցը:

Ա կին /ծիծաղելով/ – Աղոթելու՞:

Բ տղամարդ – Դա՝ հետո:

Ա տղամարդ – Ի՞նչ կտա մեզ:

Բ տղամարդ – Մոռացություն, թոթափում կրքի:

Ա կին – Վայե՞լք:

Ա տղամարդ /լռիկ գլխով է անում/:

Բ կին – Ես քեզ մերժել չեմ կարող:

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Նույն սրահը՝ գրեթե ինչպես առաջին տեսարանում: Խորքում պարում են, սեղանների շուրջ՝ մարդիկ: Այն դռնից, որով մտել էին գործող անձինք, դուրս են գալիս, մոտենում իրենց սեղանին, սկզբում՝ Ա տղամարդը և Բ կինը, առժամանակ անց՝ Բ տղամարդը և Ա կինը: Դեմքերի արտահայտությունից, հագուկապից հնարավոր չէ գուշակել, թե ինչով են զբաղված եղել առանձնասենյակներում:

Բ տղամարդ – Դուք արդեն այստե՞ղ եք:

Բ կին – Ինչպես տեսնում ես:

Բ տղամարդ – Չե՞ք զլանա ասել, թե որտեղ էիք:

Ա տղամարդ – Որտեղ դուք:

Ա կին – Հուսով եմ՝ չձանձրացաք:

Ա տղամարդ – Դու, կարծեմ, իմ որակներին ծանոթ ես:

Ա կին /ծաղրանքով/ - Ի՜նչ ես ասում: Հավատա՝ այս անգամ ևս համեմատությունը քո օգտին չէր:

Ա տղամարդ – Նույնիսկ այդպե՞ս: Մինչ օրս չգիտեի, որ առաջնությունը խամրած գույներին ես տալիս:

Ա կին – Նա, հիրավի, փառահեղ էր:

Բ կին – Քեզ եմ ի խորոց սրտի ընծայում:

Ա կին – Ինչո՞վ վարձահատույց լինեմ:

Բ կին – Ես լիուլի բավարարված եմ /գլուխը հենում է Ա տղամարդուն/: Ինձ այլևս ոչինչ պետք չէ:

Բ տղամարդ – Այլևս, թե՞ առայժմ:

Բ կին – Դու ինչպե՞ս կկամենայիր:

Բ տղամարդ /անսպասելի/ - Ես չեմ ուզում քեզ կորցնել:

Ա կին – Իսկ ի՞նձ:

Բ տղամարդ – Քեզ նույնպես:

Ա տղամարդ – Ինձ բաժին չե՞ս թողնում:

Բ տղամարդ – Համատեղել հնարավո՞ր է:

Բ կին – Նա պարզապես հարբած է: Շատ խմեց:

Բ տղամարդ – Գոնե դու գիտես, որ խմիչքն ինձ վրա անջատվելու աստիճան չի ազդում:

Բ կին – ՈՒրեմն՝ ձեզ ևս հաշիշ են հրամցրել ու չեք հրաժարվել:

Բ տղամարդ – Ոչ, այդ հաճույքից ես վաղուց եմ մեկընդմիշտ հրաժարվել, երբ դեռ ուսանող էի:

Բ կին – Այդ դեպքու՞մ...

Ա տղամարդ – Նա քառակողմ սեքսի կողմնակից է:

Բ տղամարդ – Ես հիմա խորշում եմ արվամոլներից: Քեզ բացառում եմ:

Ա տղամարդ – Ցնորվեցի՞ր: Աշխատանքի համատեղումից ո՞վ էր խոսում:

Բ տղամարդ – Մի գռեհկացրու: Իմն աշխատանք չէ: Ես նրանց եմ սիրում:

Ա տղամարդ – Միաժամանա՞կ:

Ա կին – Իսկ ինչու՞ ՝ ոչ: Մինչևիսկ հետաքրքիր է:

Ա տղամարդ – Ներսու՞մ եք պայմանավորվել:

Ա կին – Ոչ: Սիրվելուն սակայն ո՞վ է դեմ:

Ա տղամարդ – Իսկ առանց պահպանակի կցվելու՞ն:

Բ տղամարդ – Եթե տիկնանց հետ չլինեինք, մռութդ կջարդեի:

Ա տղամարդ – Դա խաղի կանոններին դեմ է:

Բ տղամարդ – Չե՞ս ուզում ծեծ ուտել, ուրեմն՝ սուս կաց:

Ա տղամարդ – Դու ուզում ես երկուսին էլ ձեռքիցս խլել, ու լռե՞մ: Դրա համա­­՞ր առաջարկեցիր այս ապուշարանը գալ: Դուք ինչու՞ ձայն չեք հանում:

Ա կին – Ի՞նչ ես տաքանում: Բոլորովին քեզ նման չես: Մեզ այստեղ բերեց ձանձրույթը, իսկ առաջարկված տարբերակը հետաքրքիր է: Միայն ***** ֆիլմերում եմ տեսել:

Ա տղամարդ – Վախենամ՝ քեզ դա էլ չփրկի:

Ա կին – Իմ սառնության պատճառը քո մեջ փնտրիր: Մեղավոր չեմ, եթե կիրք չէիր արթնացնում:

Ա տղամարդ – Բոլորդ իմ դեմ եք. խոսքներդ մեկ եք արել:

Բ տղամարդ – Փշրանք կհասնի, այդչափ մի երկյուղիր: Հետո նորից քեզ կզիջեմ:

Ա տղամարդ – Ես սովոր չեմ կրճոնի:

Բ տղամարդ – Կվարժվես:

Ա տղամարդ – Դու ես իմ թերմացքով գոհացել:

Բ տղամարդ – Այդ ե՞րբ:

Ա տղամարդ – Կնոջդ հարցրու:

Բ տղամարդ – Դու հորինում ես, հարյուր տոկոսով ստում:

Ա տղամարդ – Եթե դա կօգնի անխռով ապրել, այդ համոզմունքին էլ մնա:

Բ տղամարդ /Բ կնոջը/ - Նա ճի՞շտ է ասում:

Ա կին – Հարկ կա՞ վերադառնալ անցյալին, երբ միակ իմաստը ներկայի մեջ է: Մեկընդմիշտ քանդիր հնին կապող կամուրջները:

Բ տղամարդ – Ներկան խարսխված է անցյալի վրա, պատճառահետևանքային կապ գոյություն ունի:

Ա կին – Խոստացել էիր միայն սիրուց խոսել:

Բ տղամարդ – Ես ընդամենը շարունակեցի:

Ա կին – Եկեք ատելությամբ չզինվենք: Սիրտս վկայում է՝ դա լավ հանգրվանի չի հասցնի: Առաջարկում եմ խմել՝ մտաբերելով, որ մենք ոչ միայն գործընկեր ենք, այլև ընկեր, ըստ որում՝ մտերիմ: Իսկապե՛ս մտերիմներ:

Բ կին – Առանց այդ էլ այս ամենի մեղավորը խմիչքն է: Գլուխ են բարձրացնում մութ բնազդները:

Ա տղամարդ / ձեռքով նշան է անում, մոտենում է սպասավորը/ - Էլի վիսկի բեր /սպասավորը հեռանում է/:

Բ կին – Մենք խցում չբացած շիշ թողեցինք:

Բ տղամարդ – Ձեր համարում մինչևիսկ խմի՞չք է եղել: Ես ուզում եմ լինել նույն որջում:

Բ կին – Այն հիմա զբաղված է:

Բ տղամարդ – Կհամբերեմ /ընթացքում մատուցողից վերցնում է վիսկիի շիշը/, շնորհակալություն, ինքս կլցնեմ:

Բ կին – Եվ ու՞մ հետ:

Բ տղամարդ – Քեզ:

Բ կին /հետաքրքրությամբ/- Բայց դու ինձնից հոգնել էիր /խոսքն ուղղում է սեղանակիցներին/: Մենք մի տարի կլինի նույն անկողնում չենք եղել:

Բ տղամարդ – Այսօր կխախտենք դրվածքը:

Ա տղամարդ – Դու ինձնից թույլտվություն պիտի ստանաս:

Բ տղամարդ –Կնոջս մերձենալու համար քեզնից թույլտվությու՞ն: Շատ չեղա՞վ:

Ա տղամարդ – Նա արդեն իմն է: Մենք համաձայնության էինք եկել: Հո չե՞ս ժխտի: Խոսք ասեք /դժկամ հայացքն ուղղում է կանանց/:

Ա կին – Այդպես է:

Ա տղամարդ – Տղամարդն ասածին տեր պիտի լինի:

Բ կին – Գուցե համաձայնե՞ս /փաղաքուշ հպվում է Ա տղամարդուն/:

Ա տղամարդ – Որքա՞ն ժամանակով: Իսկ եթե ընդհանրապես է զղջացե՞լ:

Բ տղամարդ – Կես ժամ՝ ոչ շատ:

Ա տղամարդ /Ա կնոջը/ -Դու հիմա որոշակի իրավունքներ ունես:

Ա կին – Ես արդեն ոչինչ չեմ ըմբռնում: Փոփոխական ամպամածություն, -կասեին օդերևութաբանները: Քիչ առաջ եռակողմից ու քառակողմից էր խոսք գնում:

Ա տղամարդ – Ինձ համար հարցը կարևոր դարձավ: Համաձա՞յն ես:

Ա կին – Կարող եմ զիջել: Եթե խնդրի...

Ա տղամարդ – Խնդրիր և կստանաս:

Ա կին /Բ կնոջը/ - Դու՝ նույնպես:

Բ կին – Ես քեզ նախկին ամուսնուդ հետ լինելու հնարավորություն եմ ընձեռում, բավական չէ՞:

Ա կին – Նա միշտ էլ իմն է. հերիք է կամենամ:

Բ կին – Թվում է:

Ա կին – Հարկադրում ես խառնել խաղաթղթերը:

Բ կին – Նոր խաղաղության հրեշտակ էիր ներկայանում, ի՜նչ արագ մոռացար:

Ա կին – ՈՒրեմն՝ չափավորիր քեզ:

Բ կին – Ի՜նչ ես ասում:

Ա տղամարդ – Մի խոցեք իրար: Գիտեմ՝ երկուսդ էլ սուսերամարտով տարվել եք, բայց սա մրցասպարեզ չէ, դուք՝ ախոյաններ:

Բ տղամարդ – Մենք բեմահարթակում ենք, ընդամենը՝ դերակատար...

Ա տղամարդ – Այո, բայց չափն անցանք:

Բ տղամարդ – Սա դեռ առաջին արարն է:

Ա կին – Փոքր ինչ ձանձրալի է՝ միշտ նույն միջավայրը: Տեղապտույտ ենք տալիս:

Ա տղամարդ – Չասեիր էլ, պահվածքիցդ նկատվում է:

Ա կին – Ակնարկներով մի խոսիր:

Ա տղամարդ – Համատեղ սեքսից հենց խոսք բացվեց, աչքերդ փայլեցին:

Ա կին – Ես ապրում եմ:

Ա տղամարդ – Մենք ևս գործող անձ ենք, ըստ որում՝ ոչ երկրորդական:

Ա կին- Այնպես ես մեղադրում, կարծես ինքս եմ հեղինակը:

Ա տղամարդ – Բայց շեղվել նախանշված ուղուց պատեհ առիթի դեպքում փորձում ես: Հիմա եմ հասկանում, թե ինչու միանգամից ոգևորվեցիր: Սյուժեն, երևում է, սրտովդ է:

Ա կին – ՈՒրիշ ժամանակ կշտամբում ես, թե իմպրովիզների չեմ դիմում:

Ա տղամարդ – Բայց ոչ այսպիսի:

Ա կին – Դու որպես ռեժիսոր ես դեմ իմ խաղին, թե՞ որպես ամուսին, չեմ հասկանում: Մի մոռացիր, արտիստն իր եսն է դնում՝ ձուլվելով կերպարին, միաժամանակ փոխելով այն: Նա ևս կերտում է, մարմնավորում, ձևում, ինչպես սկզբում՝ դրամատուգը, այնուհետ՝ ռեժիսորը: Եվ ապրում է թե կերպարով ու թե գործողությամբ:

Ա տղամարդ – Լավ է հիշեցիր, որ բեմադրությունն իմն է:

Ա կին – Մտադիր չեմ կաղապարներով առաջնորդվել: Ես ընդառաջ եմ գնում իմ զգացմունքներին. չեմ խեղդել ու չեմ խեղդելու:

Ա տղամարդ / նեղսրտած/ - Քո կամքին ոչ ոք չի բռնացել ոչ անցյալում, ոչ հիմա: Արա, ինչ սիրտդ կթելադրի, վարվիր, ինչ կերպ կկամենաս:

Ա կին – Տրամադրությանս վրա անընդհատ ազդում ես:

Ա տղամարդ – Ոչինչ, նա կբարձրացնի /գլխով ցույց է տալիս Բ տղամարդուն/: Դու դեռ չե՞ս մտքափոխվել:

Ա կին /չսպասելով Բ տղամարդու պատասխանին/ - Ես փոխեցի մտադրությունս. նրանց առանձնանալուն դեմ եմ:

Բ կին – Իսկ չորսո՞վ:

Ա կին – Երեքով՝ ես, դու, նա:

Ա տղամարդ – Պատժու՞մ ես: Կամենում եմ տեսնել, թե դու ինչպես ես քեզ դրսևորում այլոց հետ:

Ա կին – Քեզ դա չի փրկի, ինչպես, ի միջի այլոց, ***** ֆիլմերը:

Բ տղամարդ – Եկեք հստակենք՝ ով ինչ է ուզում:

Ա տղամարդ – Ո՞վ է սկսում:

Բ տղամարդ – Ես խնդրեցի թույլ տալ կես ժամ նախկին կնոջս հետ առանձնախոսել:

Ա տղամարդ – Դու ցանկություն հայտնեցիր, բայց չխնդրեցիր:

Բ տղամարդ – Թախանձագին աղաչում, պաղատում եմ:

Ա տղամարդ – Այդ ոգով էլ շարունակիր: Իսկ ումի՞ց:

Բ տղամարդ –Քեզնից՝ հարկավ, որովհետև կինս, համաձայն պայմանի, այժմ քոնն է:

Ա տղամարդ – Գիտեի, որ խելացի ես, համակերպվող:

Բ տղամարդ – Եվ նախկին կնոջդ, որովհետև հիմա նա իմն է:

Բ տղամարդ - Քո իսկ բառով փոխադարձեմ՝ հարկավ, հարկավ...

Բ տղամարդ – Եվ իմ նախկին կնոջը, որովհետև այլևս իմ կինը չէ: Ես ավարտեցի, հերթը ձերն է:

Ա տղամարդ – Կարտահայտվեմ կանանցից հետո:

Բ տղամարդ – Հուսով եմ՝ երկար չեմ սպասի:

Բ կին - Նախկին ամուսինս վերստին հետաքրքրություն արթնացրեց իր հանդեպ: Իմ հետագա քայլերը կախված կլինեն երկուսիս առաջիկա հանդիպումից: Ըմբռնողություն եմ հայցում /խոսքը հասցեագրում է Ա տղամարդուն/:

Ա կին –Նոր կողակցիս հետ ամեն մերձեցում ինձ համար տոն է: Եթե նախկին ամուսինս կկամենա մասնակցել, չեմ առարկում: Օժանդակ «բայը», մեկ էլ տեսար, եղանակ փոխեց: Հավելյալ գրգիռները կթանձրեն գույները; Կարճ՝ ես բազմակողմ հանդիպման կողմ եմ:

Ա տղամարդ – Դուք ինձ մղում եք ծայրահեղ քայլերի: Ձեր կարծիքով, ես ընդամենը պահեստային խաղացող եմ, որն այդպես էլ կարող է դաշտ դուրս չգալ, լավագույն դեպքում՝ փոխարինող է: Ոչինչ, ես այլ տեղ կորոնեմ բախտս /փորձում է ելնել տեղից/:

Ա կին - Ըմպենք հրաժեշտից առաջ:

Բ կին – Խոստացիր, որ չես լքի մեզ:

Բ տղամարդ – Չեմ ուզում քո ատելությանն արժանանալ: Մեր հարաբերություններում դու միշտ մակարդ ես եղել: Մնա:

Ա տղամարդ – Այլևս ուշ է:

Բ տղամարդ – Ընկերոջը կորցնելու գնով խաղը շահելն իմ խառնվածքին հարիր չէ:

Ա տղամարդ – Չէի ասի:

Բ տղամարդ – Դու իսկապե՞ս վրդովված ես, ցուցք չէ՞:

Ա տղամարդ – Թվում էր՝ քեզ ճանաչում եմ:

Բ տղամարդ – Ես չեմ փոխվել: Մեր հարաբերությունները կմնան նույնը, համոզված եղիր:

Ա տղամարդ – Լավ, լավ, գնացեք... Հավատարիմ ընկեր ունեմ /մատնահարում է վիսկու շիշը/:

Ա կին – Քեզ այսչափ ընկճված չէի տեսել: Գուցե մնա՞մ...

Ա տղամարդ – Ինձ տալ-առնել է պետք ողջը: Ինչ-որ բան ծրագրածի պես չի ընթանում:

Ա կին – Վճռված է՝ մենակ չեմ թողնի /խոսքն ուղղել է Բ տղամարդուն և Բ կնոջը/: Ինձ մի սպասեք՝ ես չկամ:

Բ կին /թևանցուկ է անում Բ տղամարդուն, երկուսով ուղղվում են առանձնասենյակ տանող դուռը/: - Առայժմ, առանց մեզ չտխրեք:

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Ա կին – Չափն անցա... Ներիր:

Ա տղամարդ /տարակուսանքով/ - Եթե մեղավոր կա, ես եմ:

Ա կին – Կտրվել էի իրականությունից: Խոստովանեմ՝ չէի հասկանում որտեղ է ավարտվում խաղը... Ամեն բան խառնվել էր իրար: Խմիչքն ազդեց, թե՞ այլ բան, չգիտեմ: Ես քեզ սիրում եմ:

Ա տղամարդ /նյարդային նայում է ժամացույցին/ -...

Ա կին – Մոռացիր նրանց... Հիշու՞մ ես մեր առաջին հանդիպումը; Պատուհանի ապակիներն էի մաքրում, ձեր դուռը թակեցի, խնդրեցի բռնել աստիճանը: Բարձրությունից, գիտես, վախենում եմ: Դու ներկոտ ձեռքերով էիր: Ի՞նչ կտավ էր, մինչև հիմա չեմ հարցրել:

Ա տղամարդ – Հերթական նատյուրմորտ:

Ա կին – Երբ տուն գնանք, ցույց կտաս, հա՞:

Ա տղամարդ – Խորդանոցում կլինի: Գտնել է պետք... Ե՜րբ էր:

Ա կին – Այնուամենայնիվ, հիշու՞մ ես՝ դու աստիճանը թողած՝ իմ ոտքերը գրկեցիր: Հետո մայրս հարցնում էր՝ ներկը որտեղի՞ց, ո՞վ է քսել:

Ա տղամարդ – Դու հրաշալի ազդրեր ունեիր, ուղիղ սրունքներ: Ես չդիմացա գայթակղությանը: Մինչևիսկ բաժինը՝ նկարչականից փոխեցի ռեժիսորական՝ նստելով մի կուրս ցածր, որպեսզի քեզ հետ լինեմ:

Ա կին – Իսկ հիմա՞:

Ա տղամարդ – Դու գեղեցիկ ես, հրապուրիչ:

Ա կին – Ասում ես, իսկ մտքերդ այլ տեղ են: Անհանգիստ ես, ինչու՞:

Ա տղամարդ – Կարծում ես հնարավո՞ր է շտկել եղածը՝ փրկելու նախկինը:

Ա կին – Հետդարձ միշտ էլ կա, թե՞ այլ բան նկատի ունես:

Ա տղամարդ – Իմ դերը նոր քայլ կատարելն է, գործողությունը չքնցնելը:

Ա կին – Դու խնդրի լուծու՞մ ունես:

Ա տղամարդ –Քեզ ճանապարհելուց հետո կվերադառնամ:

Ա կին – Հետո՞...

Ա տղամարդ – Եթե դուրս եկած չեղան, պիտի մտնեմ:

Ա կին- Նպատա՞կը, որ ի՞նչ...

Ա տղամարդ – Շարունակությունը ճշտիվ չգիտեմ: Նայած՝ ինչ կտեսնեմ: Մտքովս վատ բան է անցնում. Այդ խենթը խեղդած չլինի՞ կնոջը, ապա՝ իրեն դանակահարած:

Ա կին - Անկարելի բան ես ասում, թեև դա կլիներ նրա կյանքի մեծագույն սխրանքը: ՈՒղղակի սեքսով են զբաղված:

Ա տղամարդ – Կսպանեմ:

Ա կին /ժպիտով/ - Դու՞:

Ա տղամարդ /անպատասխան է թողնում հարցը/ - ...

Ա կին – ՈՒ՞մ:

Ա տղամարդ – Նրան:

Ա կին – Ավելի կոնկրետ:

Ա տղամարդ – Ընկերոջս:

Ա կին – Հանուն նրա կնո՞ջ:

Ա տղամարդ – Ոչ՝ հանուն սիրո:

Ա կին –Դու նրան սիրու՞մ ես:

Ա տղամարդ – Կնոջը՝ չէ:

Ա կին – Այդ դեպքու՞մ...

Ա տղամարդ – Մենք իրար սիրում ենք:

Ա կին /հայացքը հարցում է պարունակում/ ...

Ա տղամարդ – Ես ու ընկերս:

Ա կին – Դուք՝ տղամարդի՞կդ...

Ա տղամարդ /լռում է/ - ...

Ա կին – Երբվանի՞ց:

Ա տղամարդ – Վաղուց:

Ա կին – Որքա՞ն վաղուց:

Ա տղամարդ – Հինգ տարի:

Ա կին – Այ քեզ բա՜ն: Ապշած եմ: Եվ ո՞վ՝ ում...

Ա տղամարդ – Անկարևոր է:

Ա կին – Սրիկա, ստոր, պիղծ անասուն...

Ա տղամարդ – Իրավունք ունես:

Ա կին – Իրավունք... Կթույնեմ, ողորմելի: Ես էլ ասում եմ՝ ինչու՞ է անհանգիստ, ու՞մ է խանդում: *******...

Ա տղամարդ – Փոքր ինչ կամաց, խնդրում եմ:

Ա կին – Ամաչու՞մ ես, տականք...

Ա տղամարդ /ծիծաղում է/ – Ամենևին:

Ա կին –Եվ դեռ կարողանում ես ժպտա՞լ:

Ա տղամարդ – Ես հասա իմ նպատակին: Եթե դու հավատում ես ողջին, հանդիսատեսը ևս կգրավվի՝ իմանալով հանդերձ, որ ներկայացում է դիտում, քանզի հոգու խորքում գիտի՝ դա նույն կյանք ասվածն է՝ թատրոնում, արտացոլանքն արարչական քմայքի, որին հասու չենք խամաճիկներս՝ ոչ բեմում, ոչ դահլիճում, ոչ այլուր:

Ա կին/հայացքն անորոշ է, թերահավատ/ -…

/վարագույր/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13395 | 0 | 0
Facebook