Պարզվում է՝ գլոբալ տաքացման հետեւանքներն Արկտիկայի համար շատ ավելի վատ են գիտնականների ամենավատատեսական կանխատեսումների համեմատությամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ելույթ ունենալով «Արկտիկական շրջան» ասամբլեայում: Նրա խոսքով՝ արկտիկական սառույցները հալվում են «տառացիորեն մեր աչքի առաջ»:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսվա սկզբին, նախատեսում է Ցելսիուսի երկու աստիճանով տաքացման սահմանափակում: ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ գործելու ժամանակն է: Նա կոչ է արել մոբիլիզացնել պաշարները, որպեսզի զարգացող երկրներին օգնեն սահմանափակելու մթնոլորտ վնասակար արտանետումները:
Բան Կի-Մունը նաեւ կոչ է արել աշխարհի երկրների կառավարություններին աջակցելու Մոնրեալի արձանագրության ուղղմանը, որը թույլ կտա կրճատել ֆտոր-ածխաջրածինների արտանետումները, որոնք քայքայում են օզոնի շերտը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում Արկտիկայի վիճակի վրա: