Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հղիության շրջանում սեռական հարաբերության մասին

22:33, Среда, 18 Мая, 2016 года
Հղիության շրջանում սեռական հարաբերության մասին

Երկար ժամանակ, պայմանավորված քրիստոնեական գաղափարաբանությամբ, կնոջ հիմնական կոչումը համարվել է երեխա ծնելն ու մեծացնելը, իսկ սեռական հարաբերությունը դիտարկվել է սոսկ ցեղը շարունակելու միջոց: Հետևաբար, հղի կինը հետաքրքրություն չպիտի ցուցաբերի տղամարդու, իսկ տղամարդը՝ հղի կնոջ նկատմամբ: Ժամանակները փոխվել են, և արդի շատ ամուսնական զույգեր այլ կարծիքի են, ավելին, նրանք սեռական հարաբերություններ են ունենում հղիության բոլոր ինը ամիսների ընթացքում: Ինչ խոսք, նրանք որոշակի դժվարությունների են բախվում:

Ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու համար հղի և ոչ հղի վիճակներում սեռական հարաբերությունը էականորեն տարբեր է: Ապագա մայրերը տարբեր կերպ են արձագանքում ամուսնու սեռական ցանկությանը: Ոմանք առավել մեծ ցանկություն են դրսևորում ու ամուսնուն ուժասպառության աստիճանի են հասցնում, իսկ ոմանք էլ աշխատում են խույս տալ իրենց ամուսնական պարտականության կատարումից կամ ընդառաջ գնալով հանդերձ ամուսնու ցանկությանը՝ կարծես ընդգծում են, թե շնորհ են անում նրան:

Այս ամենի պատճառն առավել տարածում գտած այն հինգ խնդիրներն են, որոնց լուծման դեպքում դուք հաճույք կստանաք հղի վիճակում սեռական հարաբերությունից:


     Թիվ 1 խնդիր. հորմոնալ պոռթկում:


     Ձեր օրգանիզմը շատ հզոր հորմոնալ պոռթկում է ապրում, որը, բնականաբար, անդրադառնում է նաև սեռական կյանքին: Հղի կանայք ի վիճակի չեն վերահսկել իրենց հույզերը և ենթակա են տրամադրության կտրուկ փոփոխության: Սեռական գրգռվածության պահերին նրանք կարող են նույնիսկ արտասվել:

Խնդրի լուծումը: Ձեր ամուսնուն նրբորեն բացատրեք, թե ինչ եք զգում տվյալ պահին, չէ՞ որ նա, որքան էլ ցանկանա, չի կարող հղի կնոջ վիճակն հասկանալ և, ուրեմն, չի կարող «որսալ» ձեր ապրումները: Սեռական ներդաշնակության հասնել հնարավոր է միայն այն դեպքում, երբ ամուսիններն ուշադիր են մեկմեկու հոգեբանական ու ֆիզիկական պահանջներին: Այս փուլում տղամարդու համար ամենակարևորը կնոջ հոգեբանական անկայուն վիճակը չանտեսելն ու նրա անհիմն մեղադրանքներին չարձագանքելն է: Առաջիկա ինը ամիսների ընթացքում ձեր տրամադրությունը շարունակ փոխվելու է, և ամեն մի սեռական հարաբերություն ձեզ մի նոր հույզ է տալու: Այնպես որ սեռական հարաբերությունից մի խուսափեք զուտ այն պատճառով, որ նախորդ անդամ դա ձեզ դուր չէր եկել: Ինչպես սեռական հարաբերությունների ամենաառաջին օրերին՝ փնտրեք այն, ինչը ձեզ առավել մեծ հաճույք կպատճառի, և ոչ թե այն, ինչը ձեր մեջ բացասական հույզեր կծնի:


     Թիվ 2 խնդիր. երեքը՝ մեկ անկողնում:


     Կարևոր դեր ունի նաև հոգեբանական գործոնը, չէ՞ որ անկողնում դուք արդեն ոչ թե երկուսով եք, այլ՝ երեքով: Այս մտքին համակերպվելու համար ժամանակ է պետք: Հենց այս պատճառով է, որ որոշ տղամարդիկ իրենց հղի կնոջն արդեն ո՛չ թե որպես կին, այլ մայր են ընկալում: Երբեմն կանայք սեռական հարաբերությունից հրաժարումը բացատրում են հետևյալ կերպ. «Ինձ թվում է, թե երեխան արգանդից ինձ անընդհատ հետևում ու գնահատում է իմ վարքը, և հարաբերության ժամանակ ես չեմ կարողանում թուլանալ՝ ասես մարդկանց ներկայությամբ եմ դա անում»:

Խնդրի լուծումը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երեխան կաղամբից չի ծնվում: Յուրաքանչյուր կյանք սկզբնավորվում է սեռական հարաբերությամբ: Անբարո է սեռական հարաբերությունը երեխայի ներկայությամբ, բայց հղիության 9 ամիսների ընթացքում դուք և երեխան մի եք, և երեխայի համար լավ է այն, ինչը լավ է իր մայրիկի համար: Հեշտանքի (օրգազմ) պահին զուգընկերները միմյանց հզոր լիցքեր են փոխանցում, և, բնականաբար, պտուղն զգում է այն փոփոխությունները, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում կնոջ ու երեխայի վրա: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ արգանդում գտնվող մանկիկն արձագանքում է ծնողների սեռական հարաբերությանը: Ուլտրաձայնային հետազոտությամբ դիտարկվել է, որ երեխան մոր հեշտանքին անկանոն շարժումներով ու սրտի աշխատանքի արագացմամբ է արձագանքում: Սեռական հարաբերության ժամանակ արգանդն սկսում է կծկվել, ու երեխայի համար մայրական հեշտանքը վերահաս երկունքին նախապատրաստվելուն ծառայող յուրօրինակ վարժանք է:


     Թիվ 3 խնդիր. թունավորում (տոքսիկոզ):


     Սրտխառնոցը, գլխապտույտն ու հոգնածությունը նույնպես ընկճում են սեռական ցանկությունը: Առավոտյան ձեր սիրտը խառնում է նախաճաշին կերածից: Հենց թունավորումն անցնում է, քնել եք ցանկանում, հետո նորից եք ուտում ու երեկոյան այնքան եք հալումաշ լինում, որ քնից բացի այլ բանի մասին մտածել անգամ չեք ուզում: Ի հավելումն դրան՝ ձեզ բարկացնում է այն հանգամանքը, որ ձեր ամուսինը չի կարող ձեզ հետ կրել հղիության բոլոր տհաճ դրսևորումները:

Խնդրի լուծումը: Անկողնային հարաբերությունները ձեզ համար առավել հարմար ժամանակ տեղափոխեք, չէ՞ որ ձեր սիրտը օրվա բոլոր ժամերին չի խառնում: Ապագա մայրերի մեծամասնությունը խոստովանում է, որ սեռական հարաբերության ամենահարմար ժամանակը առավոտ կանուխ է՝ նախաճաշից առաջ կամ ցերեկային քնից հետո: Ամենավատն այն վիճակն է, երբ ձեր սեփական ամուսնուց եք զզվում ու դրա հետ մեկտեղ սեռական հարաբերության ցանկություն ունեք: Այս դեպքում փորձեք հասկանալ, թե հատկապես ինչն է նրա նկատմամբ հակակրանք ծնում (օծանելիքը, խոզամազը, ծխախոտի հոտը և այլն), և աշխատեք վերացնել հակակրանքի աղբյուրը:


     Թիվ 4 խնդիր. հղի մարմին:


     Կնոջ մարմնի ձևն օրեցօր փոխվում է. փորը աներևակայել չափերի է հասնում, ստինքները շատ զգայուն են դառնում, ու գրգռման դեպքում դրանցից կարող է կաթնանման հեղուկ հոսել: Նախընտրելի սեռական դիրքերն ընդունելու փորձերը ոչ միայն ծիծաղելի են դառնում, այլև, բացի անհարմարավետությունից, ուրիշ զգացողություն չեն հարուցում: Ամուսնու փաղաքշանքները վայելելու փոխարեն` ձեր մեջ նրան խփելու ցանկություն է առաջանում:

Խնդրի լուծումը: Սիրեք ձեր հղի մարմինը: Այն արտաքին փոփոխությունները, որոնցից այդքան վախենում է կինը, տղամարդու համար հավելյալ «անուշեղեներ» են: Շատ տղամարդկանց հղի կնոջ տեսքն իսկ ուժեղ գրգռում է: Մեծ փորի պատճառով մի՛ բարդույթավորվեք: Դուք աստիճանաբար եք գիրանալու, և ձեր ամուսինը կհասցնի հարմարվել ձեր նոր չափսերին: Առաջիկա 9 ամիսների ընթացքում դուք կարող եք ձեր փորով հպարտանալ, որովհետև ձեր ամուսնու փաղաքշանքների հիմնական մասը ձեր մարմնի հենց այդ հատվածին է «բաժին հասնելու»: Ինչ խոսք, ձեր փորի մեծացմանը զուգընթաց` հարկ է լինելու, որ դուք մտահղանաք սեռական հարաբերության առավել հարմար դիրքեր, իսկ բազմազանությունը սեռական հարաբերություններում միշտ էլ խրախուսվում է: Հղիությունը նուրբ ու անշտապ սեռական հարաբերությունների ժամանակաշրջան է, բայց եթե ստինքների փաղաքշանքը ձեզ ցավ է պատճառում, թույլ մի տվեք: Ձեր սիրելիին բացատրեք, թե ինչպես պետք է վարվել դրանց հետ: Եթե գրգռման ժամանակ ստինքներից կաթնահեղուկ հոսի, ներքնազգեստով անկողին մտեք:


     Թիվ 5 խնդիր (հիմնական) . սեռական հարաբերությունը վտանգավոր է երեխայի համար:


     Կարծրացած կարծիք կա, թե հղիության ժամանակ սեռական հարաբերությունը կարող է հանգեցնել վիժման կամ էլ վնասել երեխային: Թեպետ կինն ուզում է հաճույք պատճառել ամուսնուն, բայց երեխայի համար մտահոգությունը թույլ չի տալիս, որ ինքը լիակատար հաճույք ստանա: Փոխանակ կյանքի պարգևած այդ հաճույքը վայելի, երիտասարդ մայրն ամուսնուն կա՛մ զրկում է լիարժեք սեռական կյանքից, կա՛մ հանուն ամուսնու համաձայնվում է սեռական հարաբերության և տանջվում է երեխային սպառնացող վտանգից:

Խնդրի լուծումը: Հղիությունը կրկնակի պատասխանատվություն է և զգուշություն է պահանջում: Ահա թե ինչու որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Հղիության շրջանում սեռական հարաբերությունը ռիսկի լրացուցիչ գործոն է: Եթե կինն առողջ է, և հղիությունն առանց բարդությունների է ընթանում, կարելի է չհրաժարվել լիարժեք սեռական կյանքից՝ միաժամանակ չանտեսելով սեփական զգացողություններն ու աննշան կասկածի դեպքում բժշկի դիմել: Մի՛ վախեցեք, թե սեռական հարաբերության ժամանակ երեխան կարող է պատահականորեն վնասվել, որովհետև նա լավ պաշտպանված է պտղաթաղանթով և արգանդով, իսկ պտղաջրերը հուսալիորեն չեզոքացնում են ուժեղ «հարվածները»: Միայն պետք է համոզվել, որ ձեր ամուսինը սեռավարակակիր չէ:


     Ո՞ր դեպքերում է սեռական հարաբերությունը հակացուցված


     Հարկավոր է հետևել բժշկի խորհրդին, որը պետք է բացատրի, թե սեռական հարաբերությունը հղիության որոշակի փուլում ինչու է հակացուցված: Եթե նա թույլատրի, արդեն ինքներդ պետք է որոշեք ձեր անելիքը: Եթե սեռական մերձեցումից հետո փորի ստորին հատվածում կամ գոտկատեղի շրջանում ձգող ցավեր են սկսվում ու արնախառն արտազատուկներ են ի հայտ գալիս, ապա սեռական հարաբերությունից պետք է հրաժարվել ու բժշկից խորհուրդ հարցնել, թե որքան ժամանակ պետք է խուսափել սեռական հարաբերություններից:

Բայց եթե ձեր հղիությունը «բարձր ռիսկային» է, ապա պետք է հրաժարվել ոչ միայն սեռական հարաբերությունից, այլև խույս տալ սեռական գրգռում հարուցող իրավիճակներից:
    
     Մի շարք դեպքերում սեռական հարաբերությունից պետք է խույս տալ:


     Բազմապտուղ հղիության դեպքում բժիշկները, անկախ ապագա մոր ինքնազգացողությունից, հանձնարարում են հղիության 20-րդ շաբաթից հետո հրաժարվել սեռական կյանքից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմապտուղ հղիության դեպքում միշտ մեծ է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը, իսկ սեռական գրգռումը խթանում է ծննդաբերական գործընթացը:

Եթե արգանդի տոնուսը միշտ բարձր է, ապա անկախ հղիության ժամկետից, սեռական հարաբերությունը կարող է արգանդի կծկանք հարուցել ու հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:

Եթե գերձայնային հետազոտությամբ պարզվել է, որ ընկերքը ցած է տեղակայված, սեռական հարաբերությունը կարող է արնահոսություն հարուցել: Այս դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել հարաբերության այնպիսի դիրքերից, որոնց դեպքում խորը ներթափանցում է տեղի ունենում (տղամարդը՝ հետևից, կինը՝ վերևում և այլն):

Արնահոսության կամ էլ այրոց, քոր հարուցող արտադրության դեպքում նույնպես հանձնարարվում է ձեռնպահ մնալ սեռական հարաբերությունից:

Եթե նախկինում վիժել եք կամ վիժելու սպառնալիք է եղել, հղիության հատկապես վտանգավոր փուլում պետք է հրաժարվել սեռական հարաբերությունից: Ընդ որում վտանգավոր են համարվում ենթադրյալ դաշտանի օրերը, այսինքն յուրաքանչյուր չորրորդ շաբաթը (4-րդ, 8-րդ, 12-րդ, 16-րդ, և այլն), ինչպես նաև նախորդ վիժումների ամսաթվերը:

Սեռական հարաբերություն չի կարելի նաև վեներական ցանկացած հիվանդության և այն դեպքում, երբ հղիությունը համընկել է վեներական հիվանդության բուժման ժամանակաշրջանին:

Բժիշկների մեծ մասը հանձնարարում է ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ հրաժարվել սեռական մերձեցումից: Սեռական գրգռման դեպքում կնոջ օրգանիզմն արգանդի կծկումը խթանող «աքսիտոցին» անվանյալ հորմոն է արտադրում: Նմանատիպ ներգործության հորմոն է արտադրում նաև տղամարդու օրգանիզմը: Դա սերմնահեղուկում գտնվող «պրոստագլանդին» հորմոնն է: Այնպես որ, ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցող սեռական հարաբերությունը կարող է ծննդաբերական գործընթացի ազդակ դառնալ: Բայց երբ երկունքն ուշանում է, բժիշկները խորհուրդ են տալիս սեռական փաղաքշանքով խթանել դրա «մեկնարկը»:


     Հղիության շրջանում սեռական հարաբերության արժանիքները


     Սա այն ժամանակաշրջանն է, երբ դուք վերջապես կարող եք չլարվել ու միայն հաճույք ստանալ: Սեռական հարաբերության ամենահարմար շրջանը հղիության երկրորդ եռամսյակն է, որովհետև արդեն անցել է տոքսիկոզը, վիժելու վտանգ չկա, դուք հարմարվել եք ձեր նոր վիճակին, ձեր փորը դեռ շատ մեծ չէ, և մինչև ծննդաբերությունը բավականին շատ ժամանակ կա:

Կարևոր է հիշել, որ հղիների հետ սեռական հարաբերությունը պետք է լինի միայն պահպանակի օգտագործմամբ: Դա միայն սեռավարակներից պաշտպանվելու համար չէ: Նախ՝ սեռական գործողությունը կարող է շատ սովորական կանդիդոզի (սնկային հիվանդություն է) սրացում հարուցել, որը առանց սեռական հարաբերության էլ հաճախ սուր ընթացք է ունենում հենց հղիության ժամանակ: Երկրորդ՝ «սովորական» մանրէները, որոնք կարող են սերմնահեղուկի հետ ներթափանցել կնոջ օրգանիզմ, թեպետ վեներական հիվանդություններ չեն «ծնում», բայց երբեմն բորբոքումներ, օրինակ, փուչիկաբորբ, են հարուցում: Սեռական ակտի դեպքում մանրէները հայտնվում են արգանդի պարանոցում, որը հղի է ներարգանդային վարակի վտանգով: Այնպես որ հղիության ժամանակ անհրաժեշտ է բծախնդրորեն պաշտպանվել վարակներից:

Հղիության առաջին իսկ շաբաթներից արգանդի և հեշտոցի արյան մատակարարումը կտրուկ աճում է: Որոշ կանանց մոտ հեշտանքի բացակայությունը պայմանավորված է գրգռման դեպքում դեպի արգանդ և հեշտող լրացուցիչ արյան հոսքի մեխանիզմի խաթարմամբ: Այսպիսով, անոթային համակարգում տեղի ունեցած փոփոխություններն ու արգանդում արյան ինտենսիվ շրջանառությունը կնոջն հնարավորություն են ընձեռում հեշտանք զգալ: Ի լրումն դրա՝ սեռական հարաբերությունից անմիջապես հետո հավելյալ արյան հետհոսքը ձգձգվում է՝ դրանով իսկ արգելակելով սեռական լարվածության անկումը: Այնպես որ հղիության շրջանի հեշտանքը ոչ միայն հաճախադեպ է, այլև ժամանակային առումով առավել տևական:

Եթե ինչ-որ պատճառով դուք չեք ուզում ավանդական եղանակներով սեռական հարաբերություն ունենալ, նույնիսկ ամուսնու ցանկության դեպքում մի՛ համաձայնեք: Առողջ երեխա ծնելուն միայն դրական հույզերն են նպաստում, իսկ 9 ամիս հետո բոլոր տարբերակները հարմար են:

Բայց չի կարելի ամուսնուն սեռական կյանքից ամբողջովին զրկել: Միշտ էլ կարելի է փոխզիջման գնալ ու գտնել սեռական լիցքաթափման ու փոխադարձ բավարարման եղանակներ՝ նաև առանց ավանդական սեռական հարաբերության:

Հղիությունն ամուսնական զույգերի կյանքում առանձնահատուկ ժամանակաշրջան է: Հենց այս ժամանակաշրջանում է ապագա ծնողներին անհարաժեշտ փոխադարձ աջակցություն: Հաճախ վստահություն ներշնչող զրույցները, նուրբ հպումներն ու համբույրներն ավելի մեծ գոհացում են պարգևում, քան ավանդական սեռական հարաբերությունը: Ձեր ամուսնուն պատմեք ձեր ապրումների մասին, զրուցեք երեխայի հետ ու ապագայի ծրագրեր կազմեք: Եթե դուք բարեհաջող եզրափակեք իննամսյա շրջանը, ապա ձեր հոգևոր մերձությունն առավել կզորանա, և ձեր ընտանիքն առավել կամրապնդվի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
1
23678 | 4 | 1
Facebook