Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

ԳՐԵԹԵ ԴԵՏԵԿՏԻՎ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
11:11, Пятница, 06 Марта, 2015 года
ԳՐԵԹԵ ԴԵՏԵԿՏԻՎ /պատմվածք/

Մարդը ոտքով պահեց դուռը՝ թույլ չտալով կնոջը մտնել: Անսպասելիությունից Անիկն ընկրկեց: Տեսավ՝ մյուսը նույնպես, թողնելով վերելակը, մոտենում է: Փորձեց դույլը, որ միջանցքում էր մնացել, ուժով ներս բերել: Փեղկը փոքր ինչ հետ գնաց: Բացվածքը բավական էր, որպեսզի քաշի, սակայն անծանոթը ևս ամանի հետ հայտնվեց միջանցքում, ետքից՝ ընկերը:

-Ի՞նչ եք…-չհասցրեց խոսքն ավարտել, երկրորդը նույնքան անսպասելի ափով փակեց բերանը և, մյուս ձեռքը թիկունքի կողմից անութի տակով անցկացնելով, պինդ գրկեց: Ջանաց ազատվել. դեսուդեն տարավ գլուխը, մատներով կառչեց տղամարդու դաստակից, բայց դիրքն անհարմար էր: Աղբամանով, որ շարունակում էր բռնած պահել, հարվածեց դիմացինին, ով ընթացքում կողպում էր դուռը: Գոցելուց հետո վերջինս շրջվեց, ու տանտիրուհին տեսավ նրա ձեռքում հայտնված դանակը: Շեղբը սուր եզրով դեմ անելով կնոջ պարանոցին՝ մարդը ցածրաձայն ասաց.

-Կսպանեմ, եթե դիմադրել, ձայն ես հանել:

Անիկը թուլություն, սրտխառնուք զգաց: Դեպքերի հանկարծակի զարգացումից միտքը հստակ չէր գործում: Կարծես այլ իրականության մեջ լիներ, ու այդ ամենն իրենց տանը, իր հետ չէր կատարվում: Ովքե՞ր են, ի՞նչ են կամենում: Այդպես միայն գրքերում, կինոնկարներում է պատահում: Կարո՞ղ է անգամ սպանեն: Բայց ի՞նչ է արել ինքը:

Գրպանից հանած պարանով առաջինը՝ նա, ով երբ աղբը թափելուց հետո ետ եկավ, հարցրեց, թե՝ Սողոն այս հարկու՞մ է ապրում, Անիկի ձեռքերը կապոտելուց հետո վարժ շարժումով կպչուն ժապավենն ամրացրեց բերանին:

-Հը՞, հո քիթդ փակ չէ՞: Շնչել լինու՞մ է…-նա թաղանթը ռունգների մոտ փոքր ինչ ծալեց: -Տանենք զուգարան:

Անիկը սահմռկեց. Չմորթե՞ն հանկարծ: Տուն խուժածները, սակայն, նման մտադրություն չունեին: Նրանցից մեկն Անիկին հրելով ներս տարավ, մյուսը լոգարանի դուռը բաց՝ սպասում էր: Սա արդեն դիմակ էր կրում: Թե երբ էր հասցրել գլուխը քաշել, անկարևոր էր: Երբ մյուսը սանհանգույցին հասնելով Անիկին շրջեց իր կողմը և ուսերից հրելով նստեցրեց կոնքին՝ տեսավ, որ երկրորդը նույնպես դիմակավորված է: Ապա առաջինը դանակի վարպետ հարվածով կտրեց լոգատաշտի վերևում մի քանի շարքով ձգված պարանը, դրանով տանտիրուհուն ամուր կապեց տակառիկից, կոյուղու ելուստից: Ցավից, վիրավորանքից Անիկը հեկեկում էր: Ձայն չկար, այտերն ի վար հոսող արտասուքները, գլխի տարուբերումներն անկարող էին լիովին արտահայտել այն, ինչ ապրում էր:

…Լավ է, հասցրեց թոռներին մանկապարտեզ տանել, թե չէ սրանք, ով գիտե՝ ինչ անեին: Չէ, ինչպես երևում է, բռնաբարելու մտադրություն չունեն, այլապես չէին կապկպի, համ էլ՝ վաթսունին մոտ կին է, սակայն ի՜նչ իմանաս:

Փորձեց շարժվել: Սրունքի մոտ պարանը մտել մսի մեջ, ցավացնում էր: Ու ոչ միայն այդտեղ. ցավ կար պետքարանին սեղմված ծնկածալում, տակառիկից թիկունքը սողոսկող սառնությունը՝ իր հերթին: Ականջին հատակին թափվող գրքերի ձայն հասավ, ապա, առժամանակ անց մեկը ստվերեց դռան բացվածքը՝ ձեռքին տարիներ առաջ Մոսկվայում գնած պայուսակը: Չխկոցից հասկացավ, որ մարդը բացեց ճամպրուկը. հավանաբար վերջին պահին որոշեց ճշտել պարունակությունը: Իսկ այնտեղ դեռևս պիտակները վրան սփռոցներ, երեսսրբիչներ, վերմակի, բարձի երեսներ էին՝ հանդիսավոր դեպքերի համար պահած:

Իհարկե կտանեն. դրանից լավ ապրա՞նք: Թե՞ նրանց ոսկեղենն է հետաքրքրում, կանխիկ դրամը: Զարդատուփը վերջին շրջանում որտե՞ղ է պահում հարսը: Տեսնես գործի գնալիս դրե՞ց ականջողերը: Դժվար. սովորական օրերի նա միայն ամուսնական մատանի է կրում: Ժամացույցը կապած կլինի. դպրոցում անհրաժեշտությունն ամեն պահ է զգացվում: Կանխիկ դրամը սպասքապահարանում է: Առանձնակի մեծ գումար չէ - ամսվա ծախսը: Օրը հինգշաբթի է, հոկտեմբերի տասը, թե՞ տասնմեկը… Գոնե վարձերը մուծած լիներ:

Երկյուղը տեղի էր տվել, ու Անիկը վերագտել էր դատելու, վերլուծելու ունակությունը, մանավանդ օտար անձանց պահվածքն այլ ենթադրության տեղիք չէր տալիս. աչքաթող էին արել տանտիրուհուն: Հետաքրքիր է՝ հիմա՞ ինչ բանի են: Եթե տունը լավ քրքրեն, տանելու ապրանք կգտնվի: Երևում է, այդպես էլ կա. չեն շտապում:

Դռան զանգը հնչեց: Անիկը հանկարծակիի եկավ: Տեսնես ո՞վ է: Հարևանուհին՝ Էլյան կլինի: Եկել է զանգելու կամ սուրճի հրավիրելու: Անամոթները սսկվել են, իհարկե, չեն բացի: Էլյան մի զանգով չէր գոհանա: Կա, չկա՝ ձուկ ծախողն է: Գալիս է ամենաանպատեհ ժամի: Բացում ես՝ կարծելով բարեկամ է, հարևան, իսկ դրանք՝ բարև, քուրո, թարմը ձուկ չե՞ս առնի: Մի անգամ չդիմացավ, դիտողություն արեց՝ ը-ն ո՞րն է, ասեք՝ թարմ: Տարավ-բերեց ու ի՞նչ ասի՝ թարմը, քուր ջան, ծովից նոր հանուգն ի:

Ստոծանու մոտ կապն այնքան ձիգ էր, լիաթոք շնչել չէր լինում: Ժամը քանի՞սը կլինի: Ինը դեռ չկար, երբ եկավ մանկապարտեզից: Հանկարծ հիշեց, որ չի սրսկվել: Ամենաուշը եթե մինչև տասնմեկն ինսուլին չընդունի, շաքարը կբարձրանա: Միայն այդ մտքից քրտինքի կաթիլներ հայտնվեցին ճակատին: Նույն պահին էլ մեկը բացեց դուռը: Մարդը կանգնած երկմտում էր, հետո մոտեցավ լվացարանին և, թիկունքով փակելով տեսադաշտը, արձակեց մաշված տաբատի շղթան: Անիկը չռռոցից հասկացավ, թե ինչ բանի է: Անասուն, -մտքում որակեց դիմացինի արարքը: Ավարտելուց հետո մարդը դեմքով շրջվելով դեպի Անիկը՝ աչքով արեց.

-Զուգարանը զավթել ես, -և կատակից գոհ գնաց՝ դուռը թողնելով բաց:

Տխմար, գոնե ձեռքերը լվանա, ապա՝ նոր միտք ծնվեց. դրա նմանները, իբր, սովորական օրերի շատ են մաքրության մասին հոգում, որ հիմա…

Նրա գնալուց հետո դուռն այդպես էլ կիսաբաց մնաց, և քչից-շատից Անիկը տեսնում էր, թե օտարականներն ինչ բանի են: Միջանցքում ծանոթ պայուսակից բացի էլի երկուսը կար՝ բացվող, նրանցից, որ վերջերս են գործածության մեջ մտել, այն էլ մանր առևտրականների շնորհիվ: Շատ և հապճեպ լցնելուց մեկի շղթան կիսով չափ էր փակ, և բացվածքից ցցվել էր կարմիր ստվարաթղթի ծայրը. Գդալ-պատառաքաղների տուփն էր, է՜, տարիներ առաջ գնած: Քանի՜ ժամ հերթ կանգնեց: Չի էլ գործածել: Երանի դստերը նվիրած լիներ:

Որպեսզի լույսն առատ լինի, ամուսինը միջանցքից մեծ սենյակ տանող դուռը բնակարան ստանալու առաջին իսկ տարին ծխնիներից հանել էր: Սպասքապահարանի բաց խորշերից մեկում ժամացույցն էր: Անիկը լարեց տեսողությունը: Մեծ ու փոքր սլաքները մեկ գծի վրա էին, թե՞ մյուսը վայրկենաչափն է…

Ննջարանից միջանցք ելնողը փակեց տեսադաշտը: Գրկին բան կար:

-Ա՛շ, կապելու բան գտիր:

Հյուրասենյակից մյուսը, որ կապույտ ջինսով էր, մատը շուրթերին, սաստող դեմքով ընդառաջ եկավ, ապա, նկատելով տանտիրուհու հայացքը, վրա բերեց դուռը: Խավարը պարուրեց Անիկին, ձայները միանգամից անլսելի դարձան: Մեկի անունը, ուրեմն Աշ է, Աշիկ, Աշոտ: Գորգն են պատից իջեցրել՝ հարսի բերածը: Այսպես եթե գնաց, տունը կսրբեն: Օ՜ֆ, միայն թե գրողիծոցվեն…

Վատ էր զգում: Թեթև դող էր եկել վրան, բերանում դառնություն կար: Գոնե մի ժամ ուշ մտնեին, սրսկված կլիներ: Բա որ չհասցներ հաց ուտե՞լ: Այդ դեպքում ավելի վատ. ինսուլինը կսկսեր ազդել, ու հաստատ կընկներ հիպոյի մեջ, կկորցներ գիտակցությունը: Հիմա եթե շաքարը բարձրանա էլ, առժամանակ կդիմանա: Այ քեզ փորձանք…

Լոգարանի դուռը վերստին բացվեց: Աշիկն էր՝ ձեռքին շաքարի պարունակությունը չափող գործիքը: Անգամ սա են տանում, անզգամներ…

Նա վառեց լույսը:

-Տանը շաքար ունեցող կա՞:

Անիկը գլխով արեց, նույն պահին՝ իր համար իսկ անսպասելի, աչքերից ցայտեց արցունքը: Օտարականը դանակ հանեց:

-Եթե փորձել ես օգնություն կանչել, վատ կլինի:

Երկյուղած՝ բնազդով թեքեց պարանոցը:

-Չշարժվես, -Աշիկը դանակի ծայրը մտցնելով բերանը գոցած թաղանթի մեջ՝ լայնությամբ կտրեց փաթույթը, այնուհետ բավական հոգատար անջատեց մաշկից:

Անիկը շարունակում էր հեծկլտալ՝ արդեն բարձրաձայն:

-Միայն առանց աղմուկի, -շրխկոցով փակված դանակը թաքցրեց ծոցագրպանում: -Ի՞նչ հիվանդ ես:

Անիկն ուսերը թոթվեց, բայց ընթացքում գլխի ընկավ.

-Առաջին կարգ եմ:

-Վաղու՞ց:

-Յոթերորդ տարին է:

-Առանց ինսուլինի, պարզ է, չես կարող: Վերջին սսրսկումդ ե՞րբ է եղել:

-Գիշերը:

-Արդեն ժամանակն է, թե՞ ուշացրել ես:

-Տասնմեկին պետք է սրսկված լինեի:

Այցվորը նայեց ձեռքի ժամացույցին.

-Ինսուլին ունե՞ս, տեղն ասա:

-Սառնարանի դռան վրա է՝ ամենաներքևում:

-Ասե՞ղ:

-Միասին եմ պահում՝ տոպրակի մեջ է:

Նա գնաց: Քիչ անց շշուկ հասավ Անիկի ականջին. մյուսի հետ էր խոսում: Հավանաբար հիվանդության մասին է պատմում, -որոշեց Անիկը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս գլխի ընկավ, ինչ գործիք է:

-Ես սրսկել չեմ կարող, դու ինքդ…-նա վերստին հանեց դանակը:

-Մի կտրի, հետո ինչո՞վ ենք կապելու, -մյուսն էր, ով ևս մոտեցել ու հիմա, շեմին կանգնած, հետևում էր ընկերոջը:

Աշիկը դանակը մի կողմ դնելով՝ արձակեց տանիտիրուհու ձեռքերը:

-Մենք դուրս կգանք, -նա գոցեց դուռը՝ չմոռանալով վառել լույսը:

Անծանոթի նրբանկատ պահվածքը վերստին հուզեց Անիկին: Կոպերի տակ հայտնված արցունքը սրբելուց հետո բացեց դաստակը, այնուհետ, որքան հնարավոր է քշտեց զգեստի թևքը: Սրսկվելն առօրյա էր՝ կարճաժամկետն առավոտյան, երկարաժամկետը՝ երեկոյան - այդպես էր յոթ տարի անընդմեջ: ժամանակ առ ժամանակ փոխում էր տեղերը, որպեսզի մարմնի ծակծկած հատվածի մկանունքը հանգստանա: Ճակատագիր էր…

Ինսուլինի չափաքանակն ազդել կսկսի կես ժամ անց: Ընթացքում ուտել է պետք:

-Կբացե՞ք դուռը, -Անիկն ականջը ձայնի՝ սպասեց արձագանքի ու, երբ այն ուշացավ, դարձյալ կանչեց՝ավելի բարձր: -Խնդրում եմ, բացեք:

Դուռը հետ գնաց:

-Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, -մյուսն էր՝ լվացարանում միզողը:

-Եթե հիմա չուտեմ, կվատանամ, -արդարացավ Անիկը:

-Շատ չեղա՞վ, -մարդն ինչ-որ բանից բորբոքված էր:

-Ես՝ հիմա, - Աշիկը գնաց խոհանոց:

-Հիվանդապահ է դարձել, -քրթմնջալով՝ երկրորդն անցավ մեծ սենյակ:

Քիչ անց Աշիկը վերադարձավ՝ ափսեում հաց, երշիկ, մի շերտ պանիր: Բերածը դնելով լվացքի մեքենային՝ անխոս հեռացավ: Անիկը ճմլկոտեց: Մարմինը կոտրատվում էր: Ցավն առանձնակի ուժեղ էր ոտքերի, փորի հատվածում, որոնք շարունակում էին կապված մնալ սանհանգույցին: Բացուխուփ արեց մատները, շարժեց ծնոտը, այնուհետ երկարելով ձեռքն ու հաց-պանիր վերցնելով՝ սկսեց ծամել: Ուտում էր, հետն էլ փորձում լսել, թե մեծ սենյակում ինչ են խոսում: Բառերը զատորոշել դժվար էր, այդուհանդերձ երբեմն նրանցից մեկը բարձրացնում էր ձայնը, ավելի հաճախ՝ մյուսը. ղեկավարն ասես լիներ, թե՞ առավել փորձառու էր, տեսակն էր այդպես՝ բիրտ:

-Ախպե՛ր, կվառվենք:

Աշիկի բացատրությանը հետևեց ընկերոջ բորբոք ձայնը.

-Էլի իրենն է զոռում: Բայց խի՞…

Պատասխանը դարձյալ չլսվեց:

-Պրծի, հա՞, Կոլիկ:

-Փորձանք է էս տղեն, մերը…

-…

-Հա՛, ախպեր, քրֆում եմ, բան ես ասու՞մ:

Միջանցքում երևաց Աշիկը: Հասնելով լոգարանին՝ վրա բերեց փեղկը: Զայրագին հարվածից դուռը կրկին կիսաբաց մնաց:

-Հանգիստ, հա՞:

-Ի՞նչ հագիստ, արա՛, հանգիստ ե՞ս թողնում:

-Ես կխոսեմ հետը:

-Ու՞մ հետ, էս կնկա՞… Ի՞նչ պիտի ասես: Ինքն ո՞վ ա…

-Հետո կբացատրեմ:

-Հետոն ո՞րն ա, չհասկացանք:

-Կոլիկ, հաշվի՝ էս տունը չենք մտել:

-Բայց ո՞նց…

-Ի՞նչ օր է՝ տասներկու՞սը. մինչև ամսվա վերջ ինչ գործ կպցրինք, քոնն է:

Զիջումը, երևի, ազդեց: Կոլյան տեղում պտույտ տվեց, ապա թե՝

-Մեղքը քո վիզը: Իսկ ցած տարա՞ծը…

-Կհանեմ վերև:

-Հարևան-բան կա, կտեսնեն: Արի քարը փեշիցդ թափիր, Ա՛շ:

-Դու քշի գնա, մնացածն ինձ վրա:

-Դե, տես… Եղած-չեղածը հանի, գոնե մեր ապրանքը տանեմ:

Առժամանակ աղմուկ էր լսվում: Ըստ երևույթին, ճամպրուկներն էին դատարկում, ապա նրանք գնացին: Անիկի համար դեպքերի նման շրջադարձը և սպասելի էր և անակնկալ: Չէր հասցրել տալ-առնել կատարվածը, երբ մուտքի դուռը բացվեց, և ներս մտավ մեկը, ենթադրաբար՝ Աշիկը: Այդպես էլ կար: Իրերը միջանցքում թողնելով՝ մոտեցավ լոգարանին և, նախքան խոսելը, փորձեց շունչը ետ բերել՝ ընթացքում հանելով դիմակը:

-Ընկերս գնաց:

-Գիտեմ:

-Հիմա ձեր կապերը կարձակեմ, բայց խոստովանեք, որ մինչև հեռանալս հարևաններին օգնության չեք կանչի:

-Իսկ ձեր ելումուտը ոչ ոք չի՞ նկատել:

-Կարծում եմ՝ չէ, -նա ընթացքում Անիկին ազատեց կապերից: -Տեսեք՝ ինչ վերցնելու էինք, միջանցքում է:

Անիկը փորձեց առաջանալ: Ընդարմացած մարմինը չէր ենթարկվում, ասես իրենը չլիներ:

-Օգնե՞մ:

-Չէ՝ ինքս:

-Տեղերը լավ չեմ հիշում, թե չէ կդասավորեի, նոր…

-Հարկ չկա:

-Աղջիկս էլ շաքար ունի, -անսպասելի խոստովանեց գողը:

-Կարծեցի՝ դուք եք հիվանդը, -Անիկն ընթացքում ցույց տվեց գորգը: -Սա տարեք ննջարան: Մնացածը կամաց-կամաց կտեղավորեմ:

-Ներող կլինեք: Ընտանիք պահելու խնդիր է:

Անիկը չարձագանքեց: Չարություն չկար անգամ Կոլիկ կոչված անզգամի նկատմամբ:

-Թողնելու եմ, սա գործ չէ:

-Ճիշտ էլ կանես:

-Ես գնամ, եթե կարելի է, -նա ակնհայտորեն նեղվում էր, ամաչում, ապա շփոթմունք հայտնվեց դեմքին: -Փողը մնաց ընկերոջս մոտ… Ես հետո կբերեմ, հավատացեք:

-Ի՞նչ փող: Եթե դարակից եք վերցրել, տան ծախսի գումարն է, երևի, 20-25 հազար:

-Իրիկունը կբերեմ, ճիշտ եմ ասում:

-Լավ, լավ… Եթե չտա էլ, չպնդեք: Իսկ ձեր աղջիկը քանի՞ տարվա հիվանդ է:

-Երրորդ տարին է՝ հարսանիքից հետո… Գնացել էին հանգստանալու… Կիսատ թողած եկան:

-Պատճա՞ռը: Ինչի՞ց սկսվեց:

-Վախից: Վթարից հետո նիհարում էր, գլխի չէինք:

-Իսկ այս սարքից, երևում է, ունի, -Անիկը ձեռքն առավ արյան մեջ շաքարի տոկոսը որոշող սարքը, որ էլեկտրոնային փոքրիկ չափիչի պես բան էր:

-Չէ, հիվանդանոցում եմ տեսել:

-Սա կտաք ձեր աղջկան՝ իմ կողմից…

Աշիկն ընկրկեց.

-Ի՜նչ եք անում, -նրա աչքերում արտասուք հայտնվեց:

-Եթե ուզում եք ամեն բան խաղաղ վերջանա, վերցրեք: Տղաս հաճախ է արտասահմանում լինում, կասեմ՝ նորը կբերի: Իսկ հիմա գնացեք, մեկ էլ տեսար զանգը տվեց, տուն եկավ:

-Դուք իսկապե՞ս մեզ ներում եք:

-Այդպես է ստացվում:

-Ես աղջկաս կպատմեմ ձեր մասին:

-Ու կասե՞ք ինչպես ենք ծանոթացել, -հետո խոսքը փոխեց: -Միասի՞ն եք ապրում:

Աշիկը խոնարհեց հայացքը:

-Ձեր հեռախոսահամարը թողեք, ես կզանգեմ:

Դիմացինի աչքերում կասկածանք հայտնվեց:

-Մի վախեցեք, ոստիկան չեմ կանչի: Իսկ խորհուրդ տալ կարող եմ: Ասի, չէ՞, յոթերորդ տարին է:

-Եթե դեմ չեք, ես նրա հետ կգամ: Կասեմ՝ համակուրսեցի ենք:

-Դուք մինչևիսկ բարձրագույն կրթությու՞ն ունեք: Ինչու՞ ձեր մասնագիտությամբ չեք աշխատում:

-Կրճատեցին:

-Գուցե որդուս ասեմ՝ մի բանով օգնի՞:

-Ի սեր Աստծո, պետք չէ: Ինքս գլուխ կհանեմ:

-Լավ, այդ մասին հետո կխոսենք, իսկ հիմա գնացեք, Աշո՛տ:

-Ցտեսություն, -վերելակին չհասած՝ հապաղեց.

-Անունս որտեղի՞ց գիտեք:

-Կոլյան՝ Կոլիկն ասաց, -ժպտաց Անիկը


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8468 | 0 | 0
Facebook