Loading...

Articles

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունը՝ Բերձորում

22:10, Tuesday, 25 September, 2018
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունը՝ Բերձորում

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունը՝ Բերձորում

2017թ. նոյեմբ¬րի 20-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի ու Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի միջև տեսակապի միջոցով կայացավ բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիավոր արարողություն, որին Ալֆորվիլում ներկա էր Արցախի Նախագահը, իսկ Բերձորում՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:
     2018-ի սեպտեմբերի 25-ին Ալվորֆովիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, նախկին քաղաքապետ Լյուկ Կարվունասը, քաղաքապետի տեղակալներ, հայ համայնքի ներկայացուցիչներ՝ թվով 14 հոգի, այցելեցին Բերձոր: Հյուրերին ուղեկցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, նախարության աշխատակիցներ, լրագրողներ: Բերձորի մուտքի մոտ Ալֆորվիլի քաղաքապետին և նրան ուղեկցողներին բերձորցիները դիմավորեցին աղուհացով: Ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական ՍտեՓան Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Բերձորի քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, նախկին քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, այլ պաշտոնատար անձինք: Սկզբում կայացավ ծաղիկների խոնարհում Բերձորի Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված փառքի հուշահամալիրում: Այստեղ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը ֆրանսիացի հյուրերին տեղեկացրեց, որ խոնարհված 3 պատերին փորագրված են այն 300-ից ավելի քաջորդիների անունները, ովքեր ընկան քաշաթաղի շրջանի ազատագրման և պաշտպանության մարտերում: Տեղեկացրեց, որ նախատեսված էր նաև տոնական համերգ, սակայն սեպտեմբերի 22-ին թշնամու արձակած կրակոցից զոհվել է շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, Հայոց բանակի 20-ամյա կրտսեր-սերժանտ Արցախ Հովսեփյանը, ուստի համերգային մաս չի լինի, և խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել Արցախ Հովսեփյանի և բոլոր նահատակ-ազատամարտիկների հիշատակը: Այնուհետև Բերձորի քաղաքապետարանում 2 քաղաքների ղեկավարները կարևորեցին բարեկամության հաստատումը: Արտուշ Մխիթարյանը ներկայացրեց շրջանի պատմությունը և հույս հայտնեց, որ 2 քաղաքների միջև բարեկամական կապը կմնա ընդմիշտ: Բարեկամության հռչակագրի վերահաստատումը կայացավ շրջվարչակազմի նիստերի դահլիճում. ներկա էին ԱՀ ԱԳ նախարար Մ. Մայիլյանը, ԱԳՆ երկկողմ քաղաքական հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը, կցորդ Սամվել Սարյանը, պետական արարողության բաժնի պետ Արթուր Բաղրյանը, Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը, այլ պաշտոնատար անձինք: Մինչ հռչակագրի ստորագրումը՝ Բերձորի քաղաքապետի պաշտոնակատար Ա. Չարչյանը հանդես եկավ ելույթով. Անչափ ուրախ եմ Բերձոր քաղաքում ձեզ հյուրընկալելու համար: Իրապես հպարտ եմ, որ այսօր վերաստորագրվելու է Բերձոր և Ալֆորվիլ քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագիրը: Այնուհետև հավելեց, որ հռչակագրի վերաստորագրումը հնարավորություն կտա ավելի ամրապնդելու արդեն եղած բարեկամական կապերը: Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր ելույթում ասաց. Մեր պատվիրակության համար ուրախալի է՝ լինել Բերձորում և վերահաստատել համագործակցության հռչակագիրը: Այս երևույթով մենք օժանդակում ենք Արցախի ճանաչմանը: Հույս եմ հայտնում, որ կգա ժամանակը՝ աշխարհը կճանաչի Արցախի Հանրապետությունը, և այստեղ կհաստատվի խաղաղություն: Հավելեց նաև՝ իրենց քաղաքն ունի 133 տարվա պատմություն, իսկ Ալֆորվիլի կայացման ու բարգավաճման գործում մեծ է հայության գործոնը: Ելույթ ունեցավ նաև Ալֆորվիլի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Լյուկ Կարվունասը. կարևորեց նման հանդիպումը, հռչակագրի ստորագրումը: Նշեց՝ չնայած քաղաքական շատ խարդավանքներին՝ իրենք եկել են Արցախ և վերահաստատում են անցած աշնանը ստորագրված հռչակագիրը: Վստահեցրեց՝ Ֆրանսիան՝ որպես Մինսկյան համանախագահության անդամ երկիր, մշտապես սատարելու է Արցախին: Այնուհետև կայացավ օրվա ամենակարևոր իրադարձությունը՝ 2 պետությունների դրոշների ներքո բարեկամ քաղաքների քաղաքապետներն ստորագրեցին և վերահաստատեցին բարեկամության ու համագործակցության հռչակագիրը: Եղավ նաև հուշանվերների փոխանակում: Մինչ այդ հնչեցին մեր 2 պետությունների Օրհներգերը: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը ևս մեկ անգամ հայտնեց շնորհակալություն Բերձոր այցի առթիվ, կարևորեց մեր 2 ժողովուրդների բարեկամական կապը, նշեց՝ ֆրանսիացի ժողովուրդը հաճախ է սատար կանգնել դժվարության մեջ գտնվող հայ ժողովրդին և իր երկրում տեղ տվել Հայոց մեծ եղեռնից մազապուրծ եղած հայությանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնակա գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով տեղեկացրեց, որ հռչակագրի կայացման գործում մեծ է ՀՅԴ դերը: Սա Արցախի քաղաքական դերին նպաստող քայլ է, որով ավելի զսպված կլինի Ադրբեջանը, -հավելեց ճանաչված քաղաքական գործիչը: Հռչակագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ այց Բերձորի երկրագիտական թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան շրջանի պատմությանը և ներկային: Երեկոյան ֆրանսիացի մեր բարեկամները մեկնեցին Ստեփանակերտ, որտեղ կայանալու է հանդիպում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:
    
     Զոհրաբ Ըռքոյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3022 | 0 | 0
Facebook