Loading...

Articles

Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜ կամ «Ավոյի մոտ»

10:06, Wednesday, 08 August, 2018
Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜ կամ «Ավոյի մոտ»
    
    
    

Անտառի ու բացատի շոշափող գծից

Մի քիչ դեպի աջ մի հողաթումբ է,

Վրան անտաշ քար ու փայտե մի խաչ:


    

Քարի անհարթ մակերեսին կապտագույն ներկով

Գրված է մեկ բառ.

«Ավո…» կամ «Ավոյի մոտ» չի կարդացվում ոչ մի բան:


    

Քիչ հեռու երկաթե մի սեղան է,

Երկու զույգ նստարան…

Ոտքերի վրա մի ժանգոտ մանղալ է,

Ու դատարկ շշեր անհամար:


    

Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜:


    

Ո՞վ է քեզ այստեղ հուղակավորել,

Որ չի էլ իմացել թիվը ծննդյա՜ն, մահվա՜ն,

Թե՞, կապույտ ներկը չի բավականացրել,

…Հանգրվանդ դարձել է վայրի գերեզման:


    

Հողը դնելիս ի՞նչ երգ են երգել

«Դլե յամա՜ն» թե՞

«Օտար ամայի ճամփեքի վրա…»

Ավո՜, հետաքրքիր է ի՞նչ մարդ ես եղել,

…Երբեք չեմ տեսել նման գերեզման:


    

Տեսնես ինչ-որ մեկի աչքը

Թա՞ց է եղել այդ պահին,

Ինչ-որ մեկը կո՞ւրծքն է ծեծել,

Բղավե՞լ է լալագին,


    

Թե՞ համբերող համբերությամբ

Սպասել են լուռ

կապույտ բոցով մանղալի մեջ

Խորովածի ավարտին…


    

Ավո, տեսնես ո՞վ ես եղել,

Ազգի վերջին մի անհա՞տ,

դու հողածին Մա՞րդ ես եղել …

Թե՞, Սրբոց-Սուրբ մի անհայտ ….


    

Վստա’հ եմ, որ կամքդ է եղել

Քեզ հիշելու ձևը այս,

Աչքով արցունք հեղեղելը

Խո~րթ է եղել քեզ համար:


    

Ամեն դեպքում եղել ես Մա՜րդ,

Օղորմի՜ քեզ մարդ աստծո,

Հողը թեթև լինի վրադ,

Ավո, ՜ եղբա՜յր անծանոթ…


    

---------------------------------------------------------------

Վերջին բա՜ռս բա՛րձր ստացվեց,

Արձագանքը լսեցի,

Տարեց մի մարդ հայտնվեց

Չհասկացա որտեղից


    

- Ղուրբա՜նդ էղնիմ, ե՛ս եմ Ավոն

Տերն «Ավոյի մոտ» դուքանի,

Տե՜ս, թե հիմա ինչքա՜ն համով

Խորոված եմ քեզ տալի:


    

Զանգեմ հիմա տղես վռազ

Թադարուքը կբերի,

Մա՜րդ ենք ՝էլի, անգործ չոբան

Աստված շատ չհամարի:


    

Մի երկու խոսք քա՜ղցր-մաղցր

Ասա՛, ականջս լսի,

Մինչև հիմա տված հա՜ցս

Կենացներով զարդարվի:

-------------------------------

Խոսո՜ւմ էի Ադամի հետ

Ու հավա՜տս չէր գալիս,

Թե ո՞ւր կորավ ՄԱՐԴՆ անհետ…

Աստված ի՞նչ է մեզ տալիս…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4979 | 0 | 0
Facebook