Loading...

Articles

Նահատակությունն ու քրիստոնյաների հալածանքները աստվածաբանական շահարկումներ են (նախորդի շարունակությունը)

09:22, Friday, 03 August, 2018
Նահատակությունն ու քրիստոնյաների հալածանքները աստվածաբանական շահարկումներ են (նախորդի շարունակությունը)

Տանջալի մահվան տառապանքն են կրել ստոիկ փիլիսոփա Պուբլիոս Կլավդիոս Տրեզեա Պետուսն ու իր համախոհները: Հռոմեացի փիլիսոփաներ Սենեկան ու Էպիկտետոսը ներկայացրել են հաստատակամ այս փիլիսոփայի կերպարը, որը, չնայած տանջանքներին ու մահվան սպառնալիքին, բռնակալ Ներոնի առաջ պաշտպանել է իր համոզմունքները: Սենեկան հիացմունքով է արտահայտվում նրա այն ճառի մասին, որն հետագայում դրվում են քրիստոնյա մարտիրոսների բերանը: «Այդ ի՞նչ ես ինձ սրեր, խարույկներ ու դահիճների ամբոխներ ցույց տալիս: Հեռացրու այդ զարդարանքներդ, որոնց տակ թաքնվում ես և որոնցով դու վախեցնում ես տխմարներին. դու ընդամենը մահն ես, որն արհամարհեց իմ ստրուկն ու վերջերս էլ իմ սպասուհին: Ի՞նչ են նշանակում տանջանքի այդ գործիքները, որոնք նախատեսված են անդամները պոկոտելու համար, և մարդուն մասնատելու այն հազարավոր գործիքները» և այլն: Նույն ոգով գրում է նաև Էպիկտետոսը` համոզմունք հայտնելով, թե, չնայած իր ամբողջ հզորությանը, բռնակալը, ըստ էության, անզոր է սասանել ճշմարիտ փիլիսոփայի քաջությունն ու համոզմունքները, ապա մեջբերում է Պետուսի խոսքը. «Նա ինձ կարող է, անշուշտ, գլխատել, բայց այդ դեպքում նա ինձ ավելին չի վնասի, քան չարորակ տենդը: Դահիճների երկար սրերն ավելի վատը չեն, քան դաժան հիվանդությունը կամ կտուրից պոկված պատահական աղյուսը: Չարժե վախենալ ինքնակալի շղթաներից. Ներոնը կարող է ինձ սպանել, բայց այլասերել չի կարող»:

Պետոսն իր բարեկամներին նաև հետևյալն է ասել.

«Եթե ես լինեի միակ մարդը, որին Ներոնը պատրաստվում է մահվան դատապարտել, ես կարող էի հեշտությամբ ներել նրան շողոքորթողներին: Բայց քանի որ նրան չափից ավելի գովաբանողների մեջ շատ են նրանք, որոնցից նա արդեն ազատվել է կամ ուզում է կործանել, ապա էլ ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է իրեն աննպատակ նսեմացնի ու ստրուկի նման մեռնի, երբ կարող է ազատ մարդու նման իր պարտքը կատարել: Ինձ ի՞նչ, թե ապագայում մարդիկ իմ մասին պատմելու են, իսկ նրանց մասին երբեք չեն խոսելու, կամ էլ ասելու են, թե նրանք մահվան են դատապարտվել»:

Վեց դար առաջ գրեթ նույնն ասել է Սոկրատեսը. «Անիտեսն ու Մելեթեսը կարող են ինձ սպանել, բայց նրանք ինձ վնասել չեն կարող»:

«Նահատակ» եզրը, որ «արյան վկա», «Աստծո փառքի վկա» է նշանակում (հունարեն «martys» -ը պարզապես «վկա» է նշանակում, իսկ այս եզրին «նահատակ» իմաստը տվել են քրիստոնյա աստվածաբանները), հույն փիլիսոփա գրողները վաղուց են գործածել: Հետագայում այն մուտք է գործել նաև ավետարանական գրականություն: Օրինակ` Հովհաննեսի «Հայտնություն» -ում խոսվում է սպանված Անտիպաս վկայի (հունարեն` «martys») մասին («Գիտեմ քո գործերը և թե որտեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. և իմ անունը պահում ես, և իմ հավատքը չուրացար այն օրերին, երբ իմ Անտիպաս հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ. ուր որ սատանան է բնակվում»: - «Հայտնություն 2, 13»), («Եվ տեսա այն կինը` արբած սրբերի արյունով և Հիսուսի վկաների արյունով» - «Հայտնություն» 17, 6):

Այս նույն իմաստով է Էպիկտետեսը բնութագրում փիլիսոփային («Աստծո կողմից կանչված վկա»):

Ճիշտ այնպես, ինչպես քրիստոնեական վարքագրություններում, փիլիսոփա աստվածաբան Հելվիդիոսը հակադարձում է կայսրին.

«Եթե ավել-պակաս խոսես, - ասում է կայսրը, - կսպանեմ»:

«Իսկ ե՞րբ եմ ես քեզ ասել, որ ես անմահ եմ: Դու քո գործն ես անում, ես` իմը. քո գործն սպանելն է, իմը` անվախ մեռնելը»:

Հին հույների գլխավոր աստվածը` Զևսը, ունեցել է իր «վկաներ» -ը, որոնք քրիստոնեական նահատակների նախատիպ են դարձել, իսկ հունական գրականության կերպարները նահատակների վարքագրության հիմք են հանդիսացել: Հեթանոսական նահատակ Ապոլոնիոս Թիանացու վարքագրությունը, որ կազմել է սոփեստ փիլիսոփա Փլավիոս Փիլոստրատոսը, օրինակ է ծառայել քրիստոնեական բազում վարքագրությունների համար: Եթե այս վարքագրությունը զետեղենք «Չետի Մինեի» -ում (վարքագրությունների ժողովածու) ՝ փոխելով միայն հեթանոսական անունները, բարեպաշտ քրիստոնյան չի էլ նկատի, որ կեղծիք, գրագողություն է տեղի ունեցել:

Հունական կերպարներն առկա են նաև Մակաբեականների երկրորդ գրքում (Սողոմոնիայի ու նրա որդիների մարտիրոսական մահվան հիմքում), որոնց պատվում է նաև քրիստոնեական եկեղեցին:

Ներկայացնում եմ այդ վարքագրությունը:

Հրեաստանում Եղիազար անունով մի ծեր հոգևորական-օրենսգետ է եղել: Մ.թ.ա. 166 թվականին այս իմաստուն ու շատ բարեպաշտ անձնավորությանը ստիպում են խոզի միս ուտել: Իսկ խոզի միս ուտելը Աստված արգելել է: Եղիազարը նախընտրել է հանուն Աստծո օրենքի տանջալի, բայց փառավորող մահով մեռնել, քան զանց առնել այդ օրենքն ու պատվազրկված ապրել: Նրան սկսում են տանջել, և երբ հասցված վերքերից Աստծո հոգևորականը մահամերձ էր արդեն, հավաքում է իր վերջին ուժերն ու ասում.

«Ամենատես Աստծուն հայտնի է, որ ես, մահվանից խույս տալու հնարավորություն ունենալով, Աստծո հանդեպ վախից ընդունում եմ դաժան տանջանքները և հաճույքով դրանց դիմանում»:

Բռնում են նաև Եղիազարի յոթ աշակերտներին՝ Մակաբեական եղբայրներին ու նրանց մորը՝ Սողոմոնիային: Նրանց բերում են անօրեն թագավորի մոտ ու ստիպում են, որ խոզի միս ուտեն: Այդժամ նրանցից մեկը, պատասխան տալով բոլորի փոխարեն, ասում է. «Մենք ավելի լավ է մեռնենք, քան օրենքը ոտնահարենք»: Թագավորն հրամայում է հարազատների աչքի առաջ նրա լեզուն կտրել, մաշկել, ոտներն ու ձեռները կտրել: Մարմնի բոլոր անդամներից զրկված, բայց դեռ շնչող պատանուն նետում են շիկացած հսկա թավայի մեջ: Երբ պատանին մեռնում է, բերում են երկրորդին, և նա էլ նույն տանջանքներին է ենթարկվում ու մեռնում՝ վերջին շնչում ասելով. «Դու մեզ ներկա կյանքից զրկում ես, բայց աշխարհի Թագավորը հանուն իր օրենքների մեռնողներիս հարություն կտա հավերժական կյանքի համար»: Երբ սկսում են տանջել երրորդին և ուզում են կտրել նրա լեզուն, նա անմիջապես լեզուն հանում է, համարձակորեն մեկնում է նաև ձեռները և ասում. «Սրանք ես Աստծուց եմ ստացել, և հանուն նրա օրենքների հրաժարվում եմ դրանցից, և հույս ունեմ, որ դրանք Նրանից էլ կստանամ»: Նույնիսկ կտտանքների ենթարկողներն են ապշել պատանու այս խիզախությունից: Հետո փառալի մահ են ընդունում նաև մյուս երեք եղբայրները: Յոթերորդին՝ ամենափոքրին, մայրն ասում է. «Աղաչում եմ քեզ, զավակս, նայիր երկնքին ու գետնին ու իմացիր, որ ամենն Ասված արարել է ոչնչից և որ այդպես է եղել նաև մարդկային ցեղի հետ: Մի՛ վախեցիր այդ մարդասպանից, այլ արժանի եղիր քո եղբայրներին և ընդունիր մահը, որպեսզի ես, Աստծո ողարմածությամբ, նորից քեզ ու եղբայրներիդ ստանամ»:

Որդիներից հետո մահանում է նաև մայրը՝ զվարթորեն երախտագիտություն հայտնելով Աստծուն՝ այն բանի համար, որ ինքն ու իր զավակները կարողացան Ամենակալ Աստծո օրենքին իրենց հոգին նվիրաբերել:

(շարունակելի)


     Նկարում`
Քվեստորը Պետուսին մահվան դատապարտելու վճիռն է կարդում, որից հետո Պետուսը կտրում է իր երակը և քվեստորին ասում է. «Մենք Ազատարար Յուպիտերին հեղում ենք կատարում. երիտասարդ, նայիր և հիշիր: Թող աստվածները քեզ պաշտպանեն սրանից, բայց դու այնպիսի ժամանակ ես ծնվել, երբ օգտակար է ոգին հաստատակամության օրինակներով կոփելը»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5498 | 0 | 0
Facebook